Դու այն ես, ինչ գրում ես - Mediamax.am

Դու այն ես, ինչ գրում ես
2459 դիտում

Դու այն ես, ինչ գրում ես


«Դու այն ես, ինչ կարդում ես» բանաձեւն իր «երկվորյակն» ունի՝ «դու այն ես, ինչ գրում ես»։ Հաճախ մեդիայի ներկայացուցիչները, հղում անելով առաջինին, մոռանում են երկրորդի մասին ու այդպես փորձում արդարացնել ցածրորակ բովանդակության արտադրությունը։ Բայց, իրականում, գործընթացը երկու ուղղությամբ է ընթանում, եւ դու իսկապես դառնում ես այն, ինչ գրում ես։

Հեշտ ճանապարհով գնալու եւ արագ լսարան հավաքելու կողմնակիցները նախընտրում են «լաբորատորիաներում» բրիտանացի գիտնականների անհավանական արկածների արդյունքում ծնված սենսացիոն բացահայտումները, գինովցած աստղերի մերկ լուսանկարներն ու նմանօրինակ բովանդակությունը։ Իհարկե, հեշտ է առանց սկզբնաղբյուր փնտրելու թարգմանել փոքրիկ լուրն ու դիտումների «շլացուցիչ» թիվ վաստակել, բայց մեդիան, եթե ուզում է երկար ապրել, պետք է մտածի արժեք ստեղծելու մասին։

Ընթերցողին թերագնահատելը ճիշտ չէ, քեզ ընթերցողից վեր դասելը՝ նույնպես։ Ի վերջո, անկախ այն բանից, թե ով է քեզ կարդում, մտքումդ միշտ պետք է ունենաս համոզմունքը, որ ընթերցողներիդ մեջ կան այնպիսիք, ովքեր գտնելու են սխալներդ, մատնացույց են անելու թերություններդ ու էլ չեն վստահելու քեզ, չեն վերադառնալու քեզ մոտ։ Ընթերցողը մի օր հոգնելու է «ֆասթֆուդից» ու, ի վերջո, գնալու է որակյալ եւ առողջ սնունդ փնտրելու, իսկ այդ ժամանակի գալուստի մասին մոռանալը, մեդիայի համար, մեղք է։

Մեդիայի մատուցած բովանդակության մասին խոսելիս հաճախ մոռանում ենք, որ նույն մեդիան մի շարք գործառույթների շարքում, ունի նաեւ կրթական ֆունկցիա։ Եթե մենք պարբերաբար գրենք, որ հասարակությունը կրթական ցածր ցենզ ունի, վստահաբար, այդ ցենզը դրանից չի բարձրանալու, այնինչ մենք էլ կարող ենք ստանձնել հասարակությունը կրթելու պատասխանատվության մեր բաժինն ու հաջողության հասնել։

Ես համոզված եմ, որ մեդիայի առաջարկը կարող է գտնել հասցեատերեր, կարող է ձեւավորել պահանջարկ, ու այդ վստահությունն իմ մեջ նաեւ ամրապնդում է Մեդիամաքսի լսարանի հետազոտության մի փոքրիկ արդյունքը, որն ինձ, որպես լրագրողի, իսկապես ուրախացնում է։

Մեդիամաքսն ունի «Գրքերի տաղավար» շարք, որտեղ մենք պարբերաբար պատմում ենք Հայաստանում լույս տեսած գրքերի ու դրանց հեղինակների մասին։ Շարքը հստակ պարբերականությամբ թարմացվում է 2015 թվականից։

Լսարանի հետազոտությունները թույլ են տալիս պարզել ընթերցողների հետաքրքրությունները։ Այսպես՝ որոշեցի հասկանալ, թե ինչ փոփոխություններ են եղել Մեդիամաքսի ընթերցողների հետաքրքրությունների շրջանում «Գրքերի տաղավար» շարքի հրապարակումից հետո՝ վերջին երեք տարվա ընթացքում։
2016թ-2017թ․-նն ընկած ժամանակահատվածում Google Analitycs-ի հաշվարկած՝ ընդհանուր ընթերցողների մոտ 60%-ի հետազոտության արդյունքում ընթերցասերներ, առհասարակ չկան, մինչդեռ մեկ տարի անց արդեն ընդհանուր ընթերցողների մոտ 60%-ից 3.64%-ն ընթերցասերներ են։ 2018թ․-2019թ․-ին Մեդիամաքսը կարողացել է պահպանել լսարանի այս զանգվածին եւ նրանց թիվը կազմում է 3.50%։ 

Սա ընդամենը փոքրիկ հետազոտություն է, որը շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեդիան ձեւավորել կայուն լսարան՝ թիրախային բովանդակություն մատուցելով, եւ այդ բովանդակության՝ բնավ, «ֆասթֆուդային» չլինելով։ Սա իրականում երկար ճանապարհ է, բայց եթե լրագրողն, իսկապես, սիրում է իր աշխատանքը, իսկապես հաճույք է ստանում դրանից, չի վարանի անցել այդ ճանապարհը։

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին