Ձայնը, որ ցավեցնում է ձեզ - Mediamax.am

Ձայնը, որ ցավեցնում է ձեզ
2290 դիտում

Ձայնը, որ ցավեցնում է ձեզ


Ամիսներ առաջ Ստրասբուրգում էի: Գնացել էի դիպլոմ ստանալու եւ մասնակցելու «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին»: Մի քանի օր տեւող այս միջոցառման ընթացքում տասնյակ մարդիկ են ելույթ ունենում` հայտնի եւ ոչ այնքան: Դեռ Հայաստանում նկատել էի, որ բանախոսներից մեկը թուրք գրող Էլիֆ Շաֆաքն է: Ես շատ էի ուզում տեսնել նրան` այդ խիզախ-խիզախ «Ստամբուլի բիճին»: Արդեն Ստրասբուրգում հանկարծ պարզվեց, որ նա չի գալու: Ամբիոնում հայտնվեց մեկ այլ բանախոս` նիհարիկ, շեղաչք, անասելի սիրուն: Հիասթափված` գլուխս կախեցի համակարգչիս վրա:

«Բարեւ ձեզ: Ես Ճապոնիայից եմ: Լրագրող: Այսօր ապրում եմ Լոնդոնում: Բայց այդ ամենն այդքան էլ կարեւոր չէ... Բարեւ ձեզ: Ես կին եմ եւ ինձ բռնաբարել են»,- լսվեց ամբիոնից:

Ես բարձրացրեցի գլուխս ու նայեցի նրան` նիհարիկ, շեղաչք, անասելի սիրուն այդ ջահել կնոջը, որ երեւի հազիվ իմ տարիքին լինի: Ցածր, դանդաղ խոսքն ասում է աչքերը գրեթե փակ վիճակում:

«Ես աշխատում էի տեղական հայտնի պարբերականում: Մի անգամ հրավիրված էի միջոցառման, երբ վարչապետի մտերիմ, կենսագիր, հայտնի գործընկերս հրավիրեց ինձ առանձնասենյակ: Դրանից հետո հիշում եմ միայն անտանելի ֆիզիկական ցավը: Երբ վերադարձա տուն, պատմեցի ծնողներիս ու ասացի, որ պատրաստվում եմ ոստիկանություն դիմել: Ծնողներս խնդրեցին չգնալ այդ քայլին: Ասում էին` դու չես պատկերացնում դրանից հետո: Ես չէի հասկանում` ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան այն, ինչ արդեն պատահել էր ինձ: Ես միայնակ գնացի ոստիկանություն: Եթե ձեզ թվում է, որ մղձավանջն այն էր, ինչ պատահել էր նախորդ երեկոյան, ապա սխալվում եք: Դժոխքը սկսվեց հաջորդ օրվանից»,- պատմում էր կինը:

Բռնաբարության այս պատմության հանրայնացումից հետո կնոջը եւ նրա ընտանիքին սկսել էի հալածել. ազատել էին աշխատանքից, փոքր եղբորը հեռացրել դպրոցից: Իր առջեւ փակվել էին բոլոր դռները: Բանը հասել էր անգամ մահվան սպառնալիքներին.

«Մի անգամ դուրս էի գալիս ոստիկանությունից, մի կին մոտեցավ ու թքեց վրաս: Ասաց` ես վատաբանում եմ հարգելի մարդու, խաղում անվան հետ: Դա վերջին կաթիլն էր»,- պատմում էր կինը:

Որոշ ժամանակ անց կնոջ ընտանիքը տեղափոխվել էր Մեծ Բրիտանիա, ապաստան ստացել: Երբ բրիտանացի գործընկերներն իմացել էին պատմության մասին, խորհուրդ էին տվել հեռվից պայքարել: Բրիտանացի գործընկերների հետ այս կնոջ պայքարը նոր փուլ էր մտել.

«Ես հասկանում էի, որ նա չի պատժվի: Ես հասկանում էի, որ իմ հայրենիքի իշխանությունները թույլ չեն տա դա, բայց ես ուրիշ նպատակ ունեի: Մեր երկրում բռնաբարության համար պատիժը ընդամենը 2 տարի ազատազրկում էր, մինչդեռ գողության համար` մինչեւ ութ տարի: Հանրային, միջազգային ճնշումը, որ եղավ ինձ հետ պատահած աղետից հետո, ստիպեց իմ երկրի իշխանություններին խստացնել պատիժը` մինչեւ 6 տարի ազատազրկում»,- ասում էր կինը:

Երբ ելույթն ավարտվեց, սրահում նստածները ձեռք բարձրացրեցին` հարցեր տալու: Առաջին հարցը, որ հնչեց Եվրոպայի խորհրդում, ապշեցրեց ինձ. «Իսկ ինչպե՞ս հավատանք, որ այս ամենն ուղղակի քաղաքական հաշվեհարդարի մի մաս չէր, հորինվածք»:

Հարց տվողը տղամարդ էր, ում, երեւի, երբեք չէին փորձել բռնաբարել: Կինը լուռ ժպտաց եւ անցավ հաջորդ հարցին:

Ամիսներ շարունակ ես վերադառնում եմ այս պատմությանը ու փորձում հասկանալ` ինչպե՞ս է լինում, երբ մեկը որոշում է ցավեցնել մյուսին` նախ բռնանալով, հետո ստիպելով լռել այդ մասին: Ինչպե՞ս է լինում, երբ հասարակությունը պատժում է զոհին, ոչ թե դահիճին: Ինչպե՞ս է լինում, որ զոհը ստիպված է պաշտպանել իր` զոհ լինելու իրավունքը:

Ամիսներ հետո, հերթական սիրուն, զով երեկոյան ընկերուհուս հետ նստած ենք սրճարանում: Մի բաժակ գինի, ժլատ ուտելիք ու մեր անսպառ քննարկելիքը: Հանկարծ զրույցի կեսից ընկերուհիս, ում մասին, թվում էր, ամեն ինչ գիտեմ, հանկարծ ասում է` «ինձ բռնաբարել են»: Ես` խիզախս, օգնության համար միշտ պատրաստս, հանկարծ հասկանում եմ, որ կարկամել եմ, որ չգիտեմ` ինչ ասել հետո: Ես չգիտեմ` ինչո՞ւ հենց այդ պահին, ինչո՞ւ հենց ինձ որոշեց պատմել, բայց ես գիտեմ` չպատմել ուղղակի այլեւս չէր կարող:

Ես հիշում եմ իմ առաջին արձագանքը, երբ փորձեցի ուղղակի չլսելու տալ, ինչպես չտեսնելու ես տալիս մուրացիկ մարդկանց, որովհետեւ նրանց կողքին քո անխնդիր գոյությունը հանկարծ ծանրանում է շատ:

Դրանից հետո մենք երբեք հետ չեկանք այդ խոսակցությունը: Բայց ես գիտեմ` այդ բեռն այլեւս կիսել ենք իրար հետ, այդ բեռն այլեւս այդքան ծանր չէ միայն իր համար: 

Հիմա հետեւում եմ «բռնության ձայնը» արշավի ընթացքին ու տեսնում նրանց, ովքեր հեգնում են, ծաղրում, կասկածում: Հասկանում եմ` ծանր է բեռը, որ ակամայից դրվում է բոլորիս վրա, բայց պիտի կիսենք, չթողնենք նրանց, ովքեր մենակ են եղել երկար ժամանակ: Ձեզ ցավեցնում է անգամ այդ ձայնը, իսկ նրանք ապրում են դրա մեջ ամեն օր: Եվ, որովհետեւ, պարզից էլ պարզ է. ձեւացնելով, թե չեք լսում, այն չի խլանա: 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է: Ներկայում ղեկավարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին