Իմ բարուրված անճարությունը - Mediamax.am

Իմ բարուրված անճարությունը
4056 դիտում

Իմ բարուրված անճարությունը


Ինձ դուրս եմ նետում աշխատասենյակից` հերթական հարցը կարգավորելու: Նախարարության երկար ու նեղ միջանցքի փոշոտ, հին գորգը թաքցնում է շտապ ու լսելի ոտնաձայներս: Ինձանից մի քանի քայլ առաջ փոքրամարմին աղջիկ է` մեջքով դեպի ինձ, ձեռքին բարուր: Հասկանում եմ, որ դուրս է եկել ընտանիքի վարչությունից ու վախենում եմ մտածել հետո: Քայլում եմ հետեւից, փորձելով ցրել չար կասկածներս, մինչեւ այն պահը, երբ աղջիկը լուռ ձեռքը տանում է դեպի այտերը:

Ես առաջին անգամ եմ տեսնում կնոջ, որ եկել է` հրաժարվելու իր երեխայից: Ես քայլում եմ նրա հետեւից ու մտածում լուռ` ի՞նչ ասեմ, ի՞նչ անեմ, ինչպե՞ս համոզեմ: Իսկ նա քայլում է չափազանց դանդաղ, ասես ձգելով որոշման պահը: Քայլում է դեպի աշխատասենյակ, ուր մտնելուց հետո իր կյանքն այլեւս նույնը չի լինի:

Հանդիպում ենք նախասրահում: Երեխա է` գրկին երեխա: Ու այս երեխան բերել է իր երեխային պետությանը տալու, որովհետեւ իր ընտանիքի երազած թոռը չէ, հայր չունի, տեր չունի, տեղ չունի իրենց մեջ: Ու այս երեխան գլուխը կախ ու բացարձակ անձայն միայն լալիս է, բարուրը սեղմած բարակ թեւերի մեջ:

Աշխատասենյակի դուռը փակվում է նրանց հետեւից: Մենք` նախասրահում հավաքվածներս, փորձում ենք գուշակել կնոջ տարիքը` երեւի 18, մենակ լինելու պատճառները ու ընտանիքը, որում ինքն այլեւս ոչ մի տեղ չունի: Ես մտածում եմ այս կնոջ մասին, որ ծննդատնից մեզ մոտ է եկել, ու այս որոշման, որն իրենը չէ: Ես մտածում եմ այս կնոջ մասին, որ երեխա է ու հիշում եմ ինձ` այդ նույն տարիքում:

Դուրս է գալիս աշխատասենյակից, աչքերը կարմիր, այտերը թաց: Ու ո~նց է ժպտում, երբ հավաքվում ենք իր որդու գլխին ու երբ ասում ենք, որ շատ սիրուն է: Ու ո~նց է լալիս, երբ որ ասում ենք` կհաղթահարես, կօգնենք, կանցնի: Ու միայն վերջում նայում է ուղիղ ու ցածր ասում` ես շուտ հետ կգամ նրա հետեւից, խոստանում եմ:

Երեկոյան` մարզասրահում, ես քայլում եմ 6 կմ/ժ արագությամբ, քայլում եմ երկար, առանց դադարի, հույս ունենալով, որ մկաններիս ցավը կշեղի սեղմված կոկորդիս մասին մտքերից, ճակատիս ցցված կապույտ երակից: Ես քայլում եմ 6 կմ/ժ արագությամբ, որ մոռանամ նախարարության երկար ու նեղ միջանցքի փոշոտ, հին գորգի վրա չափազանց դանդաղ քայլող կնոջը` բարուրը ձեռքին: Ես քայլում եմ, որ մոռանամ իմ բարուրված անճարությունը:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է: Ներկայում ղեկավարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին