990 «ծեծի արժանիները» ու մնացած «ավելի լավերը» - Mediamax.am

990 «ծեծի արժանիները» ու մնացած «ավելի լավերը»
1390 դիտում

990 «ծեծի արժանիները» ու մնացած «ավելի լավերը»


Վերջերս նոր գործընկերներիս հետ արտագնա հանդիպման էինք: Ընթացքում մարդիկ ներկայացնում էին իրենց ու գրեթե բոլորն ասացին, որ «սիրում են մարդուն»: Մեր գործում՝ սոցիալական պաշտպանության ոլորտում, այլ տարբերակ պատկերացնելը բարդ է: Բայց ես հանկարծ հասկացա, որ ես չեմ սիրում մարդուն կամ, գոնե, ոչ բոլորին: 

 

Մեզ հետ աշխատող փորձագետներից մեկը հարցրեց՝ ի՞նչ սկզբունքներ պետք է լինեն մեր աշխատանքի առանցքում: Բոլորն ինչ-որ կարեւոր, համամարդկային բաներ նշեցին: Երբ հերթը հասավ ինձ, ասացի, որ մեր աշխատանքի հիմքում սկզբունք չպետք է լինի, պետք է լինի օրենք, որովհետեւ սկզբունքը՝ չսահմանված, չձեւակերպված, պայմանական հասկացություն է:

 

Մերոնք՝ գրեթե բոլորը, ասացին, որ իրենց աշխատանքի հիմքում մարդակենտրոնության սկզբունքն է: Բայց դա հասկացություն է, որ ապակոդավորվում է շատ տարբեր ձեւերով: Մեկի համար «մարդ»-ը բոլորն են, մյուսի համար՝ միայն քրիստոնյաները, երրորդի համար՝ միայն առողջները, չորրորդի ու գրեթե բոլորի համար «մարդ»-ը, որ կենտրոնում է, ինքն է: 

 

Այսօր նյութ եմ գրել այն մասին, որ պետությունն առաջին անգամ ֆինանսական աջակցություն կտրամադրի ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ 150 հազար դրամի չափով: Այս գումարը տրամադրելու որոշումը կայացնելու է բազմամասնագիտական խորհուրդը, զոհի հետ անցկացված աշխատանքների հիման վրա: Գումարը տրամադրվելու է ոչ միայն պետական բյուջեի միջոցներից, այլեւ՝ նվիրատվությունների:

 

Թվում է՝ մարդակենտրոն մոտեցում է: Ընտանեկան բռնությունը լատենտ երեւույթ է, չբարձրաձայնվող՝ տարբեր պատճառներով: Մեր երկրում, հասարակական խարանից բացի, այլ, տարածված պատճառ էլ կա՝ տնտեսական ինքնուրույնության բացակայությունը: Նյութի մեկնաբանությունները հիմնավորեցին միտքը, որին եկել եմ ծանր, դժվար ճամփեքով. մարդկանց սիրելու համար ուղղակի պետք է չճանաչել նրանց: 

 

Մեկնաբանողները՝ 90 %-ով կանայք, նույն կարծիքին են՝ ծեծվել է, ուրեմն արժանի է, չի ծեծվել, փողի համար կծեծվի: Իսկ գումարը, որ տրվելու է «ծեծի արժանիներին», կարող էր ուղղվել ավելի կարիքավորներին, ավելի լավերին, ավելի արժանիներին՝ իրենց: 

 

2017 թվականի վերջին Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որ անգամ անվանմամբ փորձում է մեղմել հանրային խարանը: Օրենքի ընդունումը զուգորդվեց լուրջ քննադատությամբ, թե, իբր, մեր երկրում այս օրենքի «շահառու» չկա, «թվային հիմնավորում չկա»: 

 

Հիմնավորմամբ. 2018 թվականի հունիսի 30-ից մինչեւ հունվարի 31-ը Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 990 դեպք: Սրանք միայն ոստիկանության ամփոփագրերում արձանագրվածներն են: 

 

Իմ իմացած սկզբունքի կենտրոնում մարդն է՝ ես եմ ու ոստիկանության ամփոփագրերում գրանցված 990 մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի կյանքի համար արժե պայքարել: 

 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է: Ներկայում ղեկավարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին