Անկեղծ երազելու ուժն ու Գրեբենշիկովից «գողացված» ժպիտը - Mediamax.am

Անկեղծ երազելու ուժն ու Գրեբենշիկովից «գողացված» ժպիտը
2653 դիտում

Անկեղծ երազելու ուժն ու Գրեբենշիկովից «գողացված» ժպիտը


Մեզ բաժանում է մի քանի մետր ու երեք շարք մարդ։ 65-ամյա մարդը սահեցնում է մատները կիթառի լարերի վրայով, դահլիճը լցնում իր «հյուսիսային» ձայնով, եւ այդ ընթացքում ժպիտս այնքան լայն է բացվում, որ մտածում եմ՝ առավոտյան դեմքիս մկանները, հաստատ, ցավելու են։

Ես նայում եմ իմ երազանքին՝ ընդամենը մի քանի մետր հեռավորությունից, երազանքին, որը կատարվում է ճիշտ այդ պահին եւ հոսում ժամանակի միջով, իմ երակներով ու բոլոր զգայարաններովս։

Բորիս Գրեբենշիկովին ու նրա «Ակվարիում» խմբին կենդանի լսելու մասին երազում, բայց սրտիս խորքում էլ թաքուն վախենում էի, որ այդպես էլ չեմ հասցնի. Բորիս Բորիսովիչն արդեն բավական մեծ է։ Տանը, մետրոյում, Երեւանի փողոցները չափչփելիս, աշխատանքի ընթացքում եւ քնելուց առաջ այդ մարդը տարիներ շարունակ ինձ հետ է եղել հեռախոսիս փոքրիկ էկրանից, ականջակալներիս մեջ ու, անգամ, երազներումս։

Երեխայական անկեղծությամբ տարիներ շարունակ սրտումս փայփայած երազանքիս կատարմանը հետեւում եմ նույն երեխայական ուրախությամբ։ Հիմա նա իմ առաջ է։ Իր 65-ամյակին նվիրված համերգներից մեկն է, ամբողջ խմբով ու սիրելի երգերով։

-Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ,- ամեն երգից հետո կրկնում եմ մտքումս, երբեմն էլ՝ բարձրաձայն։

Եվ, միթե՞, ես գիտեմ բառերը, որպեսզի պատմեմ քո մասին ©։ Բորիս Բորիսովիչը երգում է իր հայտնի երգը, ու ես այդ ընթացքում մտածում եմ՝ միթե՞, կարողանալու եմ հետո պատմել այն ամենը, ինչ զգացել եմ մի քանի ժամի ընթացքում, երբ նա երգում էր այդ փոքրիկ դահլիճում լցված մարդկանց եւ հենց հատուկ ինձ համար։ Եթե անկեղծ, մինչեւ հիմա էլ չեմ կարողանում գտնել այդ ճիշտ բառերը։

Առաջին մեկ ու կես ժամի ընթացքում, երբ մեզ բաժանում էին այդ մի քանի մետրն ու երեք շարք մարդիկ, ինձ թվում էր, թե պարզապես Youtube-ում միացրել եմ նրա համերգը, եւ այդպես էլ կշարունակեր թվալ, հավանաբար, եթե երկրորդ մասում ավելի առաջ չգնայինք ու չորսայի նրա հայացքները։

Մեզ բաժանող տարածությունն ավելի է կրճատվում, իրականության զգացողությունն՝ ավելի ուժեղանում։

-Քեզ ժպտաց, տեսա՞ր,- ասում է ընկերս։

-Տեսա,- պատասխանում եմ ես՝ ուրախանալով, որ միայն ես չեմ տեսել այդ ժպիտը եւ նրա աչքերն իսկապես ուղիղ աչքերիս են ուղղված եղել։

Մոտ 35 երգ ու անսահման երջանկություն, որ ես ապրում էի երեք ու կես ժամում։

Այս սյունակում այսպես անկեղծանում եմ, որովհետեւ կարծում եմ՝ կան շատ կարեւոր բաներ, որոնց մասին մենք մոռանում ենք «վազքով ապրելու» արանքում։ Մեզ, իսկապես, անհրաժեշտ է լինում կանգ առնել ու վայելել պահը մարմնի բոլոր բջիջներով։ Եվ որպեսզի մեր կյանքում գույների պակաս չլինի, պետք է շատ երազանքներ հյուսենք մեր սրտերում։

Ամենափոքրից մինչեւ ամենամեծ՝ մեր երազանքները մեզ թեւեր են տալիս, ու դրանց ընդառաջ գնալու ճանապարհին մենք ավելի սիրուն ենք տեսնում աշխարհը, մենք ենք ավելի սիրունանում։

Ոչինչ չի համեմատվի այն երջանկության հետ, որն ապրում ենք մեր երազանքների կայացման ընթացքում։ Ու պետք չէ վախենալ նույնիսկ ամենաանհավանական թվացողներից։ Մենք մենակ չենք լինի դրանք կյանքի կոչելիս, եւ կլինեն մարդիկ, ովքեր թեւեր կտան մեր երազներին, որովհետեւ ինչպես Բորիս Բորիսովիչն է երգում՝ «ամենակարեւորն այս կյանքում քեզ թեւեր տալն էր ու հետեւելը քո թռիչքին»։

Ու չէ՞ որ մենք ավելի ուժեղ ենք, երբ գիտենք, թե ուր եւ դեպի ինչն ենք գնում։ Իսկ բանալին այնտեղ է, որտեղ այն ոչ ոք չի փնտրում։ Այդ բանալին մեր երազանքների մեջ է պահված։

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին