Գարիկ Արաբյան. Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին - Mediamax.am

2211 դիտում

Գարիկ Արաբյան. Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին


Գարիկ Արաբյան
Գարիկ Արաբյան

1991 թվականի օգոստոսի 17-ն էր: Հայրս տուն մտավ մի քանի մարզաշապիկ ու դրոշներ ձեռքին: Սիրտս թպրտաց. միթե մարզադաշտ եմ գնալու ու կյանքում առաջին անգամ ֆուտբոլ եմ դիտելու իսկական երկրպագուի նման՝ տրիբունայից: Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ էինք  խաղալու: Թեև, անկեղծ ասեմ, այն ժամանակ ինձ համար միևնույն էր, կարևորը մարզադաշտում ֆուտբոլ դիտելն էր ու, հանդիպման ընթացքում, ամեն անգամ, երբ թիմերից որևէ մեկը գոլային պահ էր ստեղծում, տեղիցս վեր էի թռչում և ոգևորված  բղավում: Հայրս ու եղբայրս փորձում էին լռեցնել ինձ, կամ էլ համոզել , որ  գոնե հակառակորդի հարձակման ժամանակ ուրախանալու փոխարեն սուլեմ: Բայց լսողն ո՞վ էր: Ինչևէ, հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ մեր հաղթանակով:

Եթե այն ժամանակ մեր օրերի պես տարբեր նոմինացիաներ լինեին ու որոշվեր , ասենք, ամենակտիվ կամ ամենատարօրինակ երկրպագուն, ապա մրցանակն, անշուշտ, իմը կլիներ: «Շախտյոր»-ի այլ խաղերին, իհարկե, ներկա չեղա: Բայց այդ օրը, վստահաբար, ֆոտբոլի նկատմամբ իմ մեծ հետաքրքրության հիմքը  դարձավ ու ես վարակվեցի այդ խաղի նկատմամբ անմնացորդ սիրով: Գուցե նաև այդ օրն էր պատճառը, որ <<Շախտյորի>> նկատմամբ առանձնակի վերաբերմունք ունեմ ու անկեղծ ուրախանում եմ՝ դիտելով թիմի հատկապես վերջին տարիների օր օրի գեղեցկացող խաղը: Պատանեկան նույն անկեղծ ոգևորությամբ եմ երազում «Շախտյորի» խաղը մարզադաշտում դիտելու, թիմին ու հատկապես նրա հայազգի աստղին երկրպագելու մասին: Համոզված եմ, որ այդ օրը թիմն անպայման կհաղթի ու Հենրիխն էլ կամ մեր Հենոն գոլի հեղինակ կդառնա:

Եվրոպական լավագույն ակումբների ցանկը համալրած Դոնեցկի «Շախտյորի» մեզ համար այնքան դժվար հայթհայթվող պաստառները ննջասենյակիս պատերին վաղուց չկան, փոխարենը համակարգչիս էկրանին Ուկրաինայի ֆուտբոլի անդրանիկ առաջնության ժամանակ արված «Շախտյորի» թիմային լուսանկարն է:




Մեր ընտրանին