Անահիտ Սարգսյան. «Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին» - Mediamax.am

2089 դիտում

Անահիտ Սարգսյան. «Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին»


Անահիտ Սարգսյան
Անահիտ Սարգսյան

Ընդամենը մեկ տարի առաջ մի հոլովակ տեսա, թե ինչպես են Շախտյորի ֆուտբոլիստները հուսահատվում՝ հանկարծակի իմանալով, որ իրենց խաղ է սպասվում ամենահզոր ֆուտբոլային ակումբի՝ Բարսելոնայի դեմ: Խաղն, ինչպես սպասվում էր, ավարտվեց Շախտյորի պարտությամբ:

Անկեղծ կլինեմ,եթե ասեմ, որ Շախտյորի հանդեպ հետաքրքրություն առաջացավ միայն Հենրիխ Մխիթարյանի այդ ակումբ տեղափոխվելուց հետո, որովհետեւ առհասարակ քչերն են առանց որեւէ պատճառի երկրպագում ուկրաինական որեւէ թիմի. Հայաստանում հիմնական ֆավորիտները եվրոպական ակումբներն են:

Բայց, քանի որ մեր առաջատարը Շախտյորում էր, սկսեցի հետեւել նրա խաղերին: Սկզբում թվում էր՝ Շախտյորը միայն ուկրաինական ակումբների համեմատությամբ է լավը համարվում: Բայց հետզհետե սկսվեց ակումբի աստեղային ժամը. կարծես ինչ-որ ուժ էր նրանց առաջ մղում դեպի այնպիսի բարձունքներ, ինչպիսիք չէինք կարող պատկերացնել: Խաղին հետեւելիս կարելի է զգալ Շախտյորի ոգին, անգամ էկրանի մյուս կողմից: Մի տեսակ խելացի ու համերաշխ ընտանիքի եմ նմանեցնում այս ակումբը, որտեղ յուրաքանչյուրը առաջին հերթին աշխատում է ընտանիքի ընդհանուր նկարագրի, նոր արդեն ինդիվիդուալ որակների բարելավման համար: Ընտանիքի հայրը՝մի փոքր խիստ թվացող Միստերը՝ Լուչեսկուն, ամեն դժվար պահի իր սաների կողքին է. պատրաստ եւ՛ սաստելու, եւ՛ գոտեպնդելու յուրաքանչյուրին:

ՈՒրախ եմ, որ նախկինում հասարակ ուկրաինական ակումբ թվացող Շախտյորը, այսօր այդքան լավ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում՝մեգաակումբների կողքին: Առավել եւս հպարտ եմ, որ հենց այս ակումբում է խաղում իմ հայրենակիցը՝ Հենոն, եւ համարվում թիմի գլխավոր ռմբարկուն, ով պատրաստ է մինչեւ ավելացված վերջին վայրկյաններն անգամ աշխատել, պայքարել թիմի խաղը բարելավելու եւ, իհարկե, գլխավոր «գոլի»՝ հաղթանակի համար (իզուր չէ, որ անգլերենից հենց «goal»՝ նպատակ բառը ընտրվեց որպես խաղի նշանակետ):
Իսկ որպես վերջաբան կանդրադառնամ շարադրության սկզբին. հիմա, երբ հնարավոր է, որ Շախտյորը կրկին կխաղա Բարսելոնայի դեմ, համոզված եմ, որ պատկերը միանգամայն այլ կլինի, որովհետեւ սա այն պահն է, երբ Շախտյորը պատրաստ է ,եթե ոչ առավել, ապա միանշանակ հավասարը հավասարի խաղալ Բարսայի դեմ: Ես միայն հաղթանակ եմ մաղթում, թող ֆուտբոլային բախտը Շախտյորի կողմը լինի, որովհետեւ թիմն իսկապես արժանի է:

Հետգրություն. Իհարկե, ամենից շատ սպասում եմ Հենրիկի գոլերին:




Մեր ընտրանին