Կորյուն Ասլանյան. «Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին» - Mediamax.am

1877 դիտում

Կորյուն Ասլանյան. «Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին»


Կորյուն Ասլանյան
Կորյուն Ասլանյան

Ուզում եմ մի պահ լինել ուկրաինացի, ուզում եմ գլուխ գովալ, մեծամտությունս ցույց տալ ու հպարտանալ իմ Շախտյորով, որովհետև արժանի են ու ես ունեմ այդ իրավունքը: Ուզում եմ զգալ ինձ որպես Շախտյորի բնական երկրպագու: Ուզում եմ, որ ականջներս ցավեն Դոնբասի դղրդյունից, երբ գնդակը կհայտնվի Հյուրերի դարպասում: Ուզում եմ երկրպագել այնպես, ինչպես կերկրպագեի Հայաստանի ազգային հավաքականին, երգել Շախտյորի երգը այնպես, ինչպես կերգեի իմ հայրենասիրական երգերից: Իսկ ինչու Շախտյոր, ինչու ոչ Բարսելոնա կամ Ռեալ, Չելսի կամ Արսենալ: Հենց Շախտյոր անվանումով ամեն ինչ արդեն ասված է, հենց խաչվող մուրճերով ամեն ինչ արդեն խորհրդանշվում է, անգամ մարզաշապիկի գույներից կարելի է պատկերացում կազմել այդ ակումբի երկար ու հաղթական, բայց միևնույն ժամանակ դժվարություններով լի անցած ուղու մասին. նարնջագույն և սև, յուրաքանչյուր ֆուտբոլիստ մի հանքափոր է , մի հանքափորից դուրս եկած կրակ, որ անկախ ամեն ինչից, իր ջերմությամբ բոլորին քաշում է դեպի իր կողմը:

Նրանք՝ Շախտյորի նվիրված երկրպագուները, (ես նախանձում եմ նրանց հաճելի նախանձով) այնպես են երկրպագում իրենց ակումբին, այնպես են սիրում, որքան հայն է սիրում իր հայրենիքը: Այնքան սրտացավ են իրենց յուրաքանչյուր խաղացողի համար, որքան ամեն մայր կարող է սրտացավ լինել իր որդու համար, ով կռիվ է տալիս մեր խաղաղության համար: Հասնում են բարձունքների միայն աշխատասերները, իսկ Շախտյորը դեռ ունի չնվաճված բարձունքներ: Տեսնելով Շախտյորի երկրպագուներին վախենում եմ անգամ ինձ վերագրեմ այդ <<երկրպագու>> կոչվածը, որովհետև Շախտյորի իրական երկրպագուների կողքին (իսկ նրանք շատ շատ են ու դեռ կշատանան) ես մրջյուն եմ, ես չեմ երևում ու մեծ ցանկություն ունեմ նմանվել նրանց: Ես պարզապես ուզում եմ ի սրտե երկրպագեմ Շախտյորին իրականում` այլ ոչ մտքով ու թղթի վրա:




Մեր ընտրանին