Ռուզաննա Թովմասյան. Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին - Mediamax.am

2257 դիտում

Ռուզաննա Թովմասյան. Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին


Ռուզաննա Թովմասյան
Ռուզաննա Թովմասյան

-Պա~պ, ախր, ես էլ եմ ուզում ֆուտբոլի գնամ, բա ոնց ա մյուս աղջիկների պապաները թողում են, դու`չէ՞:

- Բալես, ախր, հասկացի, աղջիկները չպետք ա ֆուտբոլ խաղան: Դու ավելի լավ ա լավ երկրպագու եղի: Ֆուտբոլը տղաների խաղա, իսկ իրանց միշտ ուժ պետք ա տան երկրպագուները:

Ժամանակին հայրիկիս` սեռական խտրականություն հիշեցնող այս խոսքերն էլ թերևս ձևավորեցին իմ մեջ գրագետ երկրպագուի ոգին: Հայ լինելս պարզապես պարտավորեցնում է անմոռաց սիրել և երկրպագել Հայաստանի ազգային հավաքականին, բայց այ Դոնեցկյան Շախտյորին երկրպագելս թվում է, թե ոչ մի կապ չի կարող ունենալ ազգությանս հետ, բայց արի ու տես, որ ոչ: Շախտյորում է խաղում հայ ազգի քիչ թվով պարծանքներից մեկը ` Հենրիխը` մեր Հենոն: Սա արդեն իսկ բավական է:

Գերժամանակակից մարզադաշտ, յուրօրինակ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն և գրագիտություն ունեցող մարզիչ, մրցունակ ֆուտբոլիստներ և շատ նվիրված երկրպագուներ ունեցող այս թիմը այսօր չի զիջում և նույնիսկ որոշ ասպեկտներով գերազանցում է մի շարք եվրոպական գրանդ ակումբների: Նրանցից շատերն են այժմ զգուշանում այս թիմի` դաշտում ցուցաբերած կամային հատկանիշներից, գրագետ փոխանցումներից, և մարզչական խորամանկ կիրառումներից: Եվ, իհարկե, այս ամենին իր յուրօրինակ համն ու հոտն է փոխանցում Հենրիխն ու նրա շնորհիվ եվրոպական բարձր հարթակներում հնչող «Սուսերով պարը»: Հենրիխի գործոնը շատ մեծ է Շախտյորին երկրպագելուս հարցում, բայց և չի պարտավորեցնում դադարել երկրպագել այն Մխիթարյանի ակումբը լքելուց հետո: Այս յուրօրինակ թիմին ես թերևս միշտ կհետևեմ: Ես միայն այժմ եմ գիտակցում, թե ինչ նկատի ուներ հայրս` ասելով, որ ֆուտբոլիստներին միշտ ուժ պետք է տան երկրպագուները: Ֆուտբոլիստ-երկրպագու մեխանիզմը չպետք է երբեք շարքից դուրս գա: Եվ ճիշտ է` չդարձա ֆուտբոլիստ(ուհի), բայց ես դարձա երկրպագու, որը ոչ պակաս կարևոր է,հավատացե'ք:




Մեր ընտրանին