Արեւիկ Թովմասյան. «Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին» - Mediamax.am

2603 դիտում

Արեւիկ Թովմասյան. «Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին»


Արեւիկ Թովմասյան
Արեւիկ Թովմասյան

Ինչո՞ւ եմ երկրպագում Շախտյորին: Առհասարակ կարծում եմ ամենաբարդ հարցերը սկսվում են հենց այս հարցական դերանունով ` ինչո՞ւ: Չնայած ինչպես ասել է մեծն Էյնշտեյնը «Եթե չես կարողանում մի բան հեշտորեն բացատրել, ապա այն չես հասկանում բավական լավ», և քանի որ ես իրականում հասկանում եմ հենց այս ակումբին երկրպագելու ինչո՞ւ-ի իմ պատճառները, ապա կփորձեմ հնարավորինս պատկերավոր բացատրել: Անվիճելի է` «հանքափորները»  այսօր ամենաուժեղներից են Եվրոպայում: Թիմում են խաղում մի շարք բարձրակարգ ինչպես ուկրաինացի, խորվաթ,  բրազիլացի և այլ ազգի ֆուտբոլիստներ, այնպես էլ ՀԱՅ ֆուտբոլիստ: Հենց Հենրիխի շնորհիվ էլ թերևս հայ ֆուտբոլասերները , այդ թվում նաև ես դարձանք «Շախտյոր»ի երկրպագուներից: Մենք բաց չենք թողնում ոչ մի խաղ, ոչ մի հարցազրույց կամ եթեր կապված այս թիմի հետ: Սիրելով այս ակումբը` ես սկսեցի ուսումնասիրել նրանց պատմությունը, ֆուտբոլիստների կարիերայի զարգացումն ու գրանցած հաջողությունները: Այո', Շախտյորը այսօր հզոր թիմ է, և քանի որ ես էլ իմ տեսակով պահանջկոտ մարդ եմ , ապա ակամայից իմ սիրելի թիմից միշտ պահանջում եմ դիտարժան խաղ, շատ գոլեր և իհարկե հաղթանակներ: Սակայն սա չի կարող երբեք նշանակել, որ պարտության կամ որևէ այլ խնդրի դեպքում ես չեմ լինի այս թիմի կողքին: Ես սիրում եմ «Շախտյոր»-ին որպես կայուն, սեփական ձեռագիր և տեսակ ունեցող թիմ: Բայց իհարկե դժվար  գտնվի մի հայ, որ այս հարցը պարզաբանելիս չվկայակոչի հետևյալ փաստը. Հենրիխը ուկրաինական թերևս ամենաուժեղ և եվրոպական առաջատար ակումբներից մեկի բառիս ամենալայն իմաստով առաջատար ֆուտբոլիստներից է: Այո, սրա մասին են խոսում բոլորը: Եվ որպեսզի ազգային պարծենկոտություն չթվա պետք է նշել, որ «Հենրիխ» ֆենոմենի մասին խոսում են ոչ միայն տեղական և ուկրաինական, այլ նաև եվրոպական մամուլում: Այս խոստումնալից երիտասարդին համարում են մի շարք տրանսֆերների կենտրոնական դեմք , համեմատում  համաշխարհային ֆուտբոլի հենասյուն համարվող ֆուտբոլիստների հետ և փայլուն ապագա կանխատեսում: Սիրել «Շախտյոր» և չսիրել Հենրիխ Մխիթարյան և հակառակը, գրեթե անհնար է:

 Իմի բերելով բոլոր մտքերս` պետք է ասեմ, որ ես իսկապես այս թիմի երկրպագու եմ: Ես նույնիսկ անկախ ինձանից դարձել եմ այս թիմի գիտակ: Հաճելի է գիտակցել սա:  Հասարակ փաստ. իմ շրջապատում բոլորը Շախտյորի հետ կապված յուր. հարցով դիմում են ինձ:  Շա~տ կուզենայի հանդիպել Շախտյորի ֆուտբոլիստներին կամ թեկուզ մի քանիսին և կիսվել նրանց հետ իմ տպավորություններով, հույզերով, որոնց ձեռքը իմ շնջապատում արդեն կրակն են ընկել:

 




Մեր ընտրանին