Հայկ Խալաթյան. Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին - Mediamax.am

2626 դիտում

Հայկ Խալաթյան. Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին


Հայկ Խալաթյան
Հայկ Խալաթյան

Դոնեցկի «Շախտյորի» խաղին հետևում եմ 90-ականներից, երբ ճակատագրի բերումով մի քանի տարի ապրեցի Ուկրաինայում: Հենց այդ ժամանակ, երբ Ռինատ Ահմետովը եկավ ակումբ, «Շախտյորը» սկսեց հզորանալ և մարտահրավեր նետեց Կիևի «Դինամոյի» հեգեմոնիային: Այդ ժամանակ շատերի նման սկսեցի երկրպագել «Շախտյորին» թաքուն ցանկությամբ, որ գոնե ինչ-որ մեկը վերջապես կարողանա կանգնեցնել Դինամոյի «մեքենան» մեծն Վալերի Լոբանովսկու գլխավորությամբ, ինչը վերջ ի վերջո հաջողվեց անել 2002-ին:

Ընդ որում «հանքափորների» խաղում հատկապես դուր էր գալիս այն, որ ի տարբերություն Լոբանովսկու պրագմատիկ ֆուտբոլի, նրանք երբեք չէին մոռանում գեղեցիկ, դիտարժան խաղի մասին, որը միշտ ցանկացած երկրպագուի սրտով է: Դրան առաջին հերթին նպաստեցին ակումբի կողմից ձեռք բերված բարձր տեխնիկայով օժտված լեգիոներները, մասնավորապես բրազիլացիները: Գեղեցիկ ֆուտբոլը բրազիլացիների արյան մեջ է, որի շնորհիվ նրանք հաճախ «Շախտյորի» խաղերը վերածում են showtime-ի, ինչպես ասում են NBA-ում:

Միաժամանակ, չանհետացավ նաև «Շախտյորին» բնորոշ գավաթային ոգին, որը խորհրդային տարիներին դարձել էր նրա այցեքարտը:

Ընդհանրապես, խոսելով «Շախտյորի» մասին, չի կարելի անտեսել «Դինամոյի» հետ նրա մշտական մրցակցությունը, և երկու ուկրաինական գերակումբների պայքարը ինչ-որ առումով նման է «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակցությանը: Ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ, մայրաքաղաքային ակումբին՝ կենտրոնական իշխանության խորհրդանիշին, հակազդում է ուժերով չզիջող (իսկ հիմա կարելի է ասել գերազանցող) ակումբ, որը ներկայացնում է յուրօրինակ և հարուստ տարածաշրջան`Դոնբասը: Ընդ որում, ինչպես «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակցության պարագայում, այնպես էլ «Դինամոյի» և «Շախտյորի», վերջին տարիներին զգալի առավելությունը «գավառի» կողմն է:


Դե, իհարկե, չի կարելի շրջանցել նաև Հենրիխ Մխիթարյանի գործոնը: Հայաստանի հավաքականի լավագույն ներկայացուցիչը, հետխորհրդային տարածքի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը, դարձել է «հանքափորների» առաջատարներից մեկը: Երբ Մխիթարյանը Դոնեցկի մի թիմից անցավ մյուսը, ողջ Հայաստանը սկսեց երկրպագել իր սիրելիին, հետևաբար «Շախտյորին»: Դե էլ ինպես չերկրպագես, երբ Հենրիխի գոլերից հետո «Դոնբաս Արենայում» հնչում է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» կամ դոնեցկյան երկրպագուները սկսում են վանկարկել՝  «Самый лучший из Армян, это Генрих Мхитарян»:




Մեր ընտրանին