2025 թվականի 15 գրքերը՝ կարեւոր զրույցը սկսված է - Mediamax.am

Դեկտեմբեր 27, 2025
exclusive
281 դիտում

2025 թվականի 15 գրքերը՝ կարեւոր զրույցը սկսված է



2025 թվականի ընթացքում՝ ինչպես եւ նախորդ տարիներին, Մեդիամաքսը «Գրքերի տաղավար» խորագրում ներկայացնում էր Հայաստանում լույս տեսնող գրքերը: 

Ընդհանուր առմամբ, հրապարակումներ ենք ունեցել 44 գրքի մասին, որոնցից առանձնացրել ենք 15-ը: Դրանք շատ տարբեր են, բայց միավորող մի առանցք ունեն. փորձում են դժվարին հարցերի պատասխաններ գտնել, այլ ոչ թե փախչել դրանցից:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բուդը». Համբարձում Համբարձումյանի պաստառ-պատմվածքները

«Դաջվածքն» ու դրան հաջորդած հինգ պատմվածքներն ընդգրկված են Համբարձում Համբարձումյանի «Բուդը» ժողովածուում։


Հեղինակը գիրքը սկսել է 44-օրյայի մասին պատումով, ավարտել 90-ականների անդրադարձով։ Այսպես է բացատրում.

«Հատուկ իմաստ չեմ դրել դրա մեջ։ Իրականում գիրքը նախատեսել էի գրել Արցախի թեմայով։ Ուզում էի վերաիմաստավորել Արցախյան շարժման անցած ճանապարհը, Հայաստանի հետանկախության շրջանը՝ ոչ միայն գեղարվեստական գրականության՝ ինչպես ենք անդրադարձել եւ հիմա ինչպես ենք ուզում անդրադառնալ, այլ մեր գործած քաղաքական սխալներն ու ձեռքբերումները վերաիմաստավորելու տեսանկյունից։ Բայց Արցախի բռնի տեղահանումից հետո մի տեսակ զգացողություն առաջացավ, որ այդ վերաիմաստավորումներն էլ են ժամանակավրեպ, գուցե ժամանակ է պետք հասկանալու համար՝ ինչ եւ ինչպես տեղի ունեցավ։ Դրա համար, շատ գաղափարներ, կիսատ պատմվածքներ, որ նշել էի ինձ մոտ, չավարտեցի։ Ըստ էության՝ գրքի ստեղծման նախնական գաղափարը փոխվեց։ Մնացած թեմաները եկան լրացնելու բացը, որ գիրքը կազմվի»։

Գրիշայի կյանքը Թբիլիսիի «Աֆրիկայում» ու վերադարձն արմատներին

Անրի Գրիգորյանի «Սուլոց աֆրիկացու մասին» վեպի գործողությունները ծավալվում են անկախության շրջանի Վրաստանում։ Գլխավոր հերոսը՝ Գրիշան, հայ է, ապրում է Թբիլիսիի «Աֆրիկա» թաղամասում։ Արձակագրի խոսքով՝ վեպը փորձ է ցույց տալու, թե ինչպես է անհատը բախվում ու հակադրվում իրողությանը։


Հերոսը՝ Գրիշան, ազգությամբ հայ է`ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, որի բախումը շրջապատի՝ իր վրացական կեսի հետ սկսվում է այն պահից, երբ հայրը որոշում է որդուն տանել տեղի հայկական դպրոց՝ ի հակադրություն այն ժամանակվա վրացական իշխանությունների որդեգրած ազգայնական քաղաքականության։

«Ուրիշի օրագրերը» եւ անշեղորեն դեպի պատմություն գնացող մարդը

Մհեր Արշակյանի «Ուրիշի օրագրերը» գիրքը խոհագրություն է՝ զերծ ավանդական օրագրային ձեւաչափից։ Հեղինակն ասում է, որ այն «արտաժամանակյա գիրք է, դա կարող էր գրվել մ․թ․ա․ 2-րդ դարում եւ կարող էր գրվել 20-րդ դարի առաջին կեսին»։


«Եվ որ հիմա գրվել է, ինչ-որ իմաստով անախրոնիկ է, որովհետեւ այն հարցերը, որոնց մասին գրում եմ, իրականում այլեւս մարտահրավերային չեն», - պնդում է Մհեր Արշակյանը:

Պատմության ընթացքը ճանաչող ապագայի գրող Մաթեւոսյանը

Հրանտ Մաթեւոսյանի գրքերի ռետրո-ֆաքսիմիլե վերահրատարակություններից երկրորդը 2025 թվականին լույս տեսած «Մեր վազքը» ժողովածուն է (1978)։


«Մաթեւոսյանը մեր գրականության հավերժական գրողների շարքին է դասվում, որովհետեւ դուրս է ցանկացած ժամանակից, ժամանակաշրջանից, նաեւ քաղաքական կառավարման ձեւից։ Խորհրդային Միությունը չկա, կոմունիզմը չկա, բայց մարդու գոյապայքարը միշտ կա, եւ կա այն, ինչ մեզ մարդ է դարձնում՝ բարությունը, մարդասիրությունը։ Մենք այսօր ունենք դրա կարիքը, եւ կարիք ունենք, որ մեր գրողները մեզ հիշեցնեն այդ մասին», - ասում է «Մագաղաթ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Սեւակ Ղազարյանը։

Հովիկ Աֆյանի «Խոզի տարի»-ն. երազակեր Գոճին ու մենք բոլորս

«Խոզի տարին» Հովիկ Աֆյանի յոթերորդ գիրքն է։ Գրքի մասին այսպես է ասում.


«Այս վեպը գրելու շարժառիթներիցս մեկն այն էր, որ հանկարծ նկատեցի, թե որքան երիտասարդ տղաներ ու աղջիկներ են նետվում ոչ թե իրար, այլ քաղաքականության գիրկը: Լավ, բա այս ամեն ինչ տեսած աշխարհում այլ հետաքրքրություններ չկա՞ն, մի ծով չկա՞, որ հոգիդ ու մարմինդ հանձնես նրան ու փրկես ինքդ քեզ՝ դրանով իսկ երկիրդ ու աշխարհը: Հա, «երկիր փրկողները»... Գիտե՞ք, երկիրը ու ոչ միայն մերը, երբեք չի փրկվում, քանի որ շատ մարդկանց համար փրկությունը ափ դուրս գալն է, իսկ ուրիշների համար՝ անափ ծովը»:

Կյանքի ու մահվան սահմանը՝ Հովհաննես Երանյանի «Բրուտի երկրորդ աշակերտը» գրքում 

Ժողովածուն ընդգրկում է Հովհաննես Երանյանի նոր պատմվածքներն ու «Դաշնակից կանայք» վիպակը։ 


«Նախանձում եմ, երանի եմ տալիս այն ստեղծագործողներին, որոնք կարողանում են շրջանցել մեր շուրջը, մեր երկրում ու ժողովրդի հետ կատարվածն ու կատարվողը։ Ինքս չեմ կարողանում։ Դուք ճիշտ եք, հոգեբանորեն ու ֆիզիկապես չափազանց դժվար է այդ ամենը վերածել գրականության։ Չափազանց դժվար է վերածել արժեքավոր գրականության։ Հեշտ գրվող ցավի, ողբի ու պաթոսի տեքստերն են տիրապետողը։ Ցավը դրանցում հաղթահարված չէ արվեստով։ Ամենամեծ բարդությունն այստեղ է։ Ինչպես վարվել ցավի հետ, որ արվեստի ամոքիչ լույսը չմարի։ Կեղծ լավատեսության արհեստական լույսի մասին չեմ ասում, այլ տրոփող սրտով կենդանի, շնչող տեքստի գրական լուսավոր արժեքի։ Ինձ ու էլի մարդկանց համար, որոնք ցավը վերապրելով են գրում, անհնարինության չափ ծանր է այդպիսի տեքստի հասնելու ճանապարհը, առողջության ու նյարդերի քայքայումով տրվող մի բան», - ասում է հեղինակը:

Մարջանագույն դարպասն ու աշնան 24-րդ օրը Լուսինե Հովհաննիսյանի վեպում

Լուսինե Հովհաննիսյանի «Աշնան քսանչորսերորդ օրը» վեպը գրվել է պատմելու մարջանագույն դարպաս-ականատեսի պատմությունը, որովհետեւ ինչ-որ ժամանակ, ինչ-որ մեկն անմասն ու անհաղորդ կանգնել է դրա մոտ եւ լուսանկարվել՝ առանց հարցեր տալու ... իսկ այդ դարպասից ներս ապրած մարդկանց ճակատագրերը հյուսվել են խորհրդայնացման արհավիրքների, Արցախի բռնակցման, երկրաշարժի, հետո պատերազմի, պատերազմի ու նորից պատերազմի բովում։ 


«Գրելուս խթանը հենց դա էր, երբ համացանցում հանդիպեցի մարջանագույն դարպասի մոտ նկարված կնոջը։ Մենք բոլորս երեւի մի այդպիսի տեղ կանգնում, լուսանկարվում ենք ու երբեք չենք պատկերացնում, թե այդպիսի նկարի հետեւում ինչեր են կատարվել, ինչ ողբերգություններ, ինչ մարդիկ են եղել»,- բացատրում է հեղինակը:

«Երեւանում՝ Երեւանը կարոտելով». Գուրգեն Խանջյանի «Ինչկաչկա» վեպ-էսսեն

2025 թվականի նոյեմբերին լույս տեսավ Գուրգեն Խանջյանի «Ինչկաչկա» վեպ-էսսեն, որն ինքնակենսագրական պատում է։ 


«Գիրքը մասամբ Երրորդ Հանրապետության մասին է։ «Մի ցուրտ տաք օր՝ Սիփանի հետ», «Երկի՛ր, վե՛ր կաց»-ում 90-ականներն են, թե ի՞նչ դժվարությամբ ենք կառուցել, ու ո՞նց են փորձում էդ դժվար կառուցած, իրար վրա դրած քարերը փլցնել։ Երկիրը մենք ենք, երբ ասում եմ՝ երկի՛ր, վե՛ր կաց, մեր մասին է խոսքը», - նկատում է Գուրգեն Խանջյանը:

***

ՓԱՍՏԱ-ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ԳՐՔԵՐ

«44. Պարտություն». «Չենք կարող փոխվել, քանի չենք գիտակցել՝ ինչ է եղել»

Փետրվարին տեղի ունեցավ «44. Պարտություն» գրքի շնորհանդեսը։

Գրքի առանցքում Ժնեւի համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս, դոկտոր Վիգէն Չըթըրեանի վերլուծությունն է ։
Հարցազրույցների ընթացքում բարձրացվող հարցերը կազմել է պատմաբան-միջազգայնագետ, «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։ Գրքի մյուս համահեղինակը՝ փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը, անդրադարձել է ստեղծված իրավիճակում հասարակության ճգնաժամին։


«44.Պարտություն»-ում ներառվել է նաեւ պատերազմի մանրամասն ժամանակագրությունը, որի հեղինակը հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանն է, եւ ռազմական գործողությունների քարտեզը, որը կազմել է փաստեր ստուգող եւ հետաքննող լրագրող Հայկ Հովհաննիսյաննը, ով 2020թ. պատերազմի մասնակից է։

«Կոտրված վահան». փորձագիտական պատասխաններ «ինչո՞ւ պարտվեցինք» հարցին

Մարտին կայացավ «Կոտրված վահան. Արցախյան 44-օրյա պատերազմի բազմակողմ վերլուծություն» գրքի շնորհանդես-քննարկումը։ Գրքում ներկայացված են հայ եւ օտար 17 հեղինակների աշխատանքներ, խմբագիրը Վիգէն Չըթըրեանն է։


«Պատերազմի մասին զրույցը նոր է սկսվում, եւ ես կարծում եմ, որ այդ զրույցը, թեեւ շատ դանդաղ, պատասխանատուների առայժմ լռության պայմաններում, բայց տեղից շարժվում է», - ասել է գիրքը հրատարակած Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը

Պատերազմի մասին զրույցը բառիս բուն եւ փոխաբերական իմաստով շարունակվել է 2025թ. սեպտեմբերին լույս տեսած «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գրքում: Այն Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի եւ պաշտպանության նախկին նախարարի երկխոսությունն է:


Այս գրքի նպատակը ոչ թե Դավիթ Տոնոյանի «դիմանկարի», այլ հնարավորինս ամբողջական պատկերի ստացումն էր, ինչը կարող է օգտակար լինել 44-օրյա պատերազմի դասերն ավելի լավ հասկանալու համար։

«Դոն Կիխոտն» ու «վիշապները», անհայտ նամակները եւ Ռուբեն Վարդանյանի տարբեր կյանքերը

Մարտին Մեդիամաքսի կողմից հրատարակված այս գիրքը եւս կապ ունի 2020 թվականի պատերազմի եւ դրան նախորդած իրադարձությունների հետ: 


Հանրությանը ներկայացվել են վկայություններ եւ նամակներ, որոնք փաստում են, որ առնվազն 2015 թվականից ի վեր Ռուբեն Վարդանյանը կանխազգում էր հավանական ավերիչ պատերազմի վտանգը եւ կոչ էր անում միջոցներ ձեռնարկել՝ վատագույն սցենարը կանխելու համար:

«Գրկած պահել» Արցախից բերած հիշողությունները. Գաբրիել Գեւինի գրքի քննարկումը

Սեպտեմբերին Մեդիամաքսը եւս մի գիրք ներկայացրեց. բրիտանացի լրագրող, Politico պարբերականի թղթակից Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքի հայերեն հրատարակությունը:


«Կարծում եմ՝ նման գրքերը մեր աղետալի ժամանակահատվածն ամփոփելու միջոց են: Արդյունքում, շատ հաճախ ինքդ քեզ հարց ես տալիս՝ «իսկ ամեն ինչ ճի՞շտ ենք արել»: Պատասխանը՝ եթե իրավիճակն այսպիսին է, ուրեմն՝ սխալներ շատ են եղել: Հեղինակն այդ սխալների առանցքում դնում է միջազգային կառույցները, դրանց անտարբերությունն ու լռությունը, բայց կարծում եմ՝ սխալները բոլոր կողմերից էին, ու դրանց հետեւանքը տեսնում ենք այսօր», - գրքին շնորհանդեսին ասել էր Արցախի Ազգային Ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Առաքելությունը կատարված է». հրատարակվել է Տիգրան Հայրապետյանի վերջին գիրքը

Ապրիլին Newmag-ը ներկայացրեց քաղաքագետ, լրագրող Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգության հինգերորդ եւ վերջին հատորը։


«Տիգրանը ասում էր՝ պետությունները պետք է ունենան ազգային միտք, որպեսզի ունենան հեռանկար։ Տիգրանը փորձում էր միտք ստեղծել. որքան շատ մարդ կարդա այս գրքերը, այնքան միտքը արժեքավոր կդառնա։ Այս գրքերը, Տիգրանի տասնամյակների վաղեմության հոդվածները, մեր անցյալի մասին չեն, դրանք ելքեր գտնելու, այսօրվա իրավիճակից դուրս գալու մասին են», - շնորհանդեսին ասել էր քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը:

«Մտածելու կարողությունը չկորցրած մարդիկ պարտավոր են չլռել»

Ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին է նաեւ քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի «Ազգայնականության մուրճի ու ազատականության սալի արանքում» հուլիսին լույս տեսած գիրքը:


«Մտածելու կարողությունը չկորցրած մարդիկ հիմա առավել քան երբեւէ պարտավոր են չլռել, որպեսզի, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց մի առիթով` ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի։ Ես հույս ունեմ, որ այս ժողովածուն այդ ճրագին ավելացրած մի կաթիլ յուղ կլինի», - շնորհանդեսին ասել է Արման Գրիգորյանը: 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին