2025թ. մարտի 18-ին տեղի է ունեցել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գրքի շնորհանդեսը։
Շնորհանդեսը վարել է լրագրող, առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը։
«Ճանաչել Ռուբեն Վարդանյանին եւ հետո միայն դիրքորոշում արտահայտել»
Արա Թադեւոսյան
Գրեթե 6 տարի՝ 2013թ.-ից մինչեւ 2019թ.-ի սկիզբը, սերտ աշխատել եմ Ռուբեն Վարդանյանի հետ։ Ունեի բավականին շատ նյութեր, հիշողություններ ու երբեք չէի մտածում, որ դրանք պետք է հանրայնացնել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Իրադարձությունների զարգացումը, սակայն, ստիպեց մտածել, որ այս նյութերի մի մասի հանրայնացումը ճիշտ եւ օգտակար կլինի Ռուբեն Վարդանյանի կերպարը, նրա հայացքների էվոլյուցիան ներկայացնելու համար։ Սա է գրքի գլխավոր նպատակը։ Բացի այդ, կարծում եմ, որ այն նոր լույսի ներքո է ներկայացնում մեր նորագույն պատմության կարեւոր ժամանակահատվածը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօր տարաբնույթ քննարկումներ կան Ռուբեն Վարդանյանի անձի շուրջ եւ գրքի վերջաբանում նշել եմ՝ նպատակս է, որ մարդիկ այս գրքի միջոցով նրան ճանաչեն։ Ոչ թե սիրեն, հիանան կամ երկրպագեն, այլ՝ պարզապես ճանաչեն, եւ հետո միայն դիրքորոշում արտահայտեն։ Կարծում եմ՝ գիրքը կօգնի շատ մարդկանց պատասխանել հարցին՝ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ եւ մնաց այնտեղ մինչեւ վերջ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ուղերձներից մյուսը, որ անուղղակիորեն կա գրքում՝ ժամանակին գնահատելն է ընձեռվող հնարավորությունները, ոչ թե տարիներ անց հուսահատ ասել, որ ինչ-որ բան կարող էր ավելի լավ ստացվել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե ներքուստ զգայի, որ կարող էի չգրել այս գիրքը, միանշանակ չէի գրի։ Գիտեմ`երբ Ռուբեն Վարդանյանը հնարավորություն ունենա կարդալ այն, նրան հաստատ դուր չի գա: Միեւնույն ժամանակ, հասկացել եմ՝ եթե ունեմ այդ փորձառությունը, այս փուլում կարեւոր է կիսել այն ու փոխանցել հասարակության մտածող մարդկանց։
Գրքի երեք նամակը
Նամակ առաջին. «Անհայտ ընկերոջը»
Աննա Իսրայելյան
Գրքում տեղ է գտել երեք նամակ, որոնցից առաջինը պայմանականորեն կոչվում է՝ «Նամակ անհայտ ընկերոջը»։ Այն գրվել է 2015թ. փետրվարին եւ ուղարկվել տասնյակ մարդկանց Հայաստանում եւ Սփյուռքում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նամակից մի քանի մեջբերում կանեմ, որոնք կզարմացնեն հատկապես նրանց, ովքեր շարունակում են Ռուբեն Վարդանյանին համարել ռուսամետ գործիչ։ Նա գրում է.
«Ինչքան էլ որ Ռուսաստանը մեզ բարեկամաբար վերաբերվի, նա մեզ չի հարգում որպես կարեւոր եւ անհրաժեշտ գործընկեր։ Մեզ ավելի շատ ընկալում են որպես առանց այդ էլ ազդեցության գոտում գտնվող երկիր։ Վլադիմիր Պուտինի վերջին այցելությունը Թուրքիա ցույց տվեց, որ մեր հարցը ընդհանրապես նրա օրակարգում չկա։ Այդ պատճառով կա վտանգ, որ մեր ճակատագիրը հերթական անգամ կորոշեն առանց մեր մասնակցության՝ մեզ ուղղակի փաստի առաջ կանգնեցնելով։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փոխենք նման վերաբերմունքը մեր հանդեպ...
...Ամենայն հավանականությամբ, մեզ չի հաջողվի խուսափել Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունից։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ամեն վայրկյան պատրաստ լինենք դրան»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Փաստորեն՝ նա կանխատե՞սել էր այն՝ ինչ կատարվելու է։ Բայց 2015թ.-ին արդեն շատ ուշ չէ՞ր որեւէ բան փոխելու համար՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը պատերազմին նախապատրաստվում էր շատ վաղուց։
Արա Թադեւոսյան
Այս նամակում եւ այլ դրվագներում կան շատ բաներ, որոնք այսօր մարգարեություն են թվում։ Կարծում եմ՝ դրանք խորը վերլուծության եւ ուսումնասիրության արդյունք էին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ինչ վերաբերում է ուշացած փոփոխություններին՝ եթե անգամ ուշ էր, կարծում եմ՝ դրա մասին պետք էր բարձրաձայնել։ Քանի որ այս նամակն ուղարկվել էր որոշումներ կայացնող մարդկանց՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, նամակը, կարծում եմ, ինչ-որ կերպ զգոնության կոչ անելն էր։
Նամակ երկրորդ. Կարեն Կարապետյանին
Արա Թադեւոսյան
Շատ անկեղծ կասեմ՝ այս գիրքը գրել-չգրելու հիմնական հարցերից մեկն էր՝ արդյո՞ք կարելի է հրապարակել Ռուբեն Վարդանյանի այս նամակը Կարեն Կարապետյանին։ Ռուբենն այն ինձ ուղարկել էր՝ նորանշանակ վարչապետին ուղարկելուց հետո:

Լուսանկարը` Մեդիամաքս
Գիտեմ, որ կարդացել են նաեւ այլ մարդիկ։ Ըստ էության, սա անձնական նամակ չէր։ Բացի այդ, կարծում եմ՝ դրանում չկան բաներ, որոնք կարող են «ռումբի» ազդեցություն ունենալ, ինչպես նաեւ արդեն 9 տարի է անցել եւ վաղեմության ժամկետը թույլ է տալիս հրապարակել այն։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վստահաբար, նամակից բացի, նրանք այդ փուլում շատ են շփվել ու ավելի բաց ձեւով քննարկել բազմաթիվ հարցեր։

Լուսանկարը` Մեդիամաքս
Բոլորս գիտենք՝ ինչ էր նախատեսված. Կարեն Կարապետյանը դարձել էր վարչապետ եւ պետք է շարունակեր մնալ վարչապետ՝ արդեն պետության ղեկավարի կարգավիճակում: Ինչ-որ փուլում, սակայն, այս ծրագիրը փոխվեց եւ Սերժ Սարգսյանը որոշեց ինքը դառնալ վարչապետ։
Արամ Արարատյան, Կարեն Կարապետյանի նախկին մամուլի քարտուղար
Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանի եւ Ռուբեն Վարդանյանի շփումը շատ անկեղծ էր։ Հասանելիություն ունենալով վարչապետի գրաֆիկին՝ տեսնում էի, որ ամիսը մի քանի անգամ ունենում էին ոչ հրապարակային հանդիպումներ։ Միեւնույն ժամանակ, նրանք տարբեր խառնվածք ունեն։ Ռուբեն Վարդանյանն, իմ տպավորությամբ, շատ հարցերում իդեալիստական մոտեցում ուներ։ Կարեն Կարապետյանի մոտեցումն ավելի պրագմատիկ էր։

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարծում եմ՝ այս հարաբերությունները շատ կարեւոր էին Կարեն Կարապետյանի համար։ 2018թ.-ի ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդից վերադառնալով Կառավարություն, Կարեն Կարապետյանը մի շարք հանդիպումներ անցկացրեց։ Դրանցից առաջինը Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի հետ էր։ Սա փաստում է, որ այս մարդկանց կարծիքն այդ ճգնաժամային փուլում նրա համար շատ կարեւոր էր։
Նամակ երրորդ. Հեղինակի նամակը Ռուբեն Վարդանյանին
Աննա Իսրայելյան
Գրքում հրապարակված երրորդ նամակը Ռուբեն Վարդանյանին գրել է Արա Թադեւոսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Դրանում ասվում է.
«Ավելի ու ավելի եմ համոզվում, որ Ձեր՝ ներքեւից վերեւ փոփոխությունների մոդելը չի աշխատում կամ, գուցե, աշխատում է, բայց իրական փոփոխությունների կբերի տասնյակ տարիներ հետո, իսկ մենք այդ ժամանակը չունենք։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ եթե չկարողանանք իրական փոփոխությունների հասնել առաջիկա տարիներին, հետո արդեն ուշ կամ անիմաստ է լինելու։ Ցավոք, այն «օազիսները», որ ստեղծվել են Հայաստանում (Դիլիջանի միջազգային դպրոցը, «Թումո»-ն, «Այբ»-ը), չնայած մեծ արժեքին՝ ի վիճակի չեն ապահովել հասարակության փոխակերպման համար անհրաժեշտ մասշտաբը»։
Արա Թադեւոսյան
2016 թվականին գրված այս նամակում, որը վերնագրել էի «Ընդլայնել «Վարդանյանի էֆեկտը», նաեւ նշել էի.

Լուսանկարը` Մեդիամաքս
«Եթե Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում «Ռուբեններ» լինեին, ովքեր ծրագրեր կանեին՝ համադրելի այն ամենի հետ, ինչ Դուք անում եք Դիլիջանում եւ Տաթեւում, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ։ Բայց մյուս պարադոքսն այն է, որ այսօրվա պայմաններում միայն Դուք կարող եք խթանել նոր «Ռուբենների» ի հայտ գալը»։
Դոն Կիխոտությունը, ոգու կարեւորությունն ու մի կյանքում երեք-չորս կյանք ապրելը
Արման Ջիլավյան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախկին ղեկավար
Դժվար է Ռուբենին ներկայացնել մեկ գրքում, հատկապես, որ մասշտաբային մարդկանց մոտ տարիների ընթացքում լինում են մասշտաբային փոփոխություններ։ Ամեն դեպքում այստեղ հրապարակված տեղեկատվությունը լիովին համապատասխանում է իրականությանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես Ռուբենի հետ աշխատել եւ ընկերություն եմ արել տասը տարի ու այդ ամբողջ ընթացքում տեսել եմ տարբեր Ռուբենների։ Նույնիսկ ինքն էր իր մասին ասում՝ «իմ այս մի կյանքում», «մյուս կյանքում», «ապագա կյանքում»։ Ինքն իր մի կյանքում միանգամից երեք-չորս կյանք է ապրում։
Արա Թադեւոսյան
Դոն Կիխոտության հետ կապված ցանկանում եմ ասել, որ մեզ համար, գուցե, դժվար է հասկանալ Ռուբեն Վարդանյանի որոշ քայլեր, բայց այդ մարդն այդպիսին է։ Ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչպե՞ս է հնարավոր լինելով շրջափակված Արցախում՝ հավաքել մարդկանց ու գնալ, ձեռքով նորոգել Հակոբավանքը, երբ արդեն զգում ես՝ ամեն ինչ կորած է։
Զոյա Բարսեղյան, հաղորդակցության եւ հանրային կապերի մասնագետ
2014-2016 թվականներին աշխատել եմ IDeA հիմնադրամում, 2017-2018-ին՝ Կարեն Կարապետյանի կառավարությունում եւ 2022թ. սկզբին վերադարձել եմ Ռուբեն Վարդանյանի մոտ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հետագայում նրա հետ տեղափոխվել եմ Արցախ եւ այնտեղ մնացել վեց ամիս, որից երեքը՝ բլոկադայի փուլում։ Այս ամբողջ ընթացքում Ռուբեն Վարդանյանի մեջ, այո՛, տեսել եմ տարբեր մարդկանց։ Այս գրքում իսկապես երեւում է այն էվոլյուցիան, որն էլ հանգեցրել է Արցախ գնալու որոշմանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հակոբավանքի նորոգման օրինակն ինձ չի զարմացրել, որովհետեւ Ռուբեն Վարդանյանի համար շատ կարեւոր էր ամրացնել մարդկանց ոգին։ Նա գիտեր՝ եթե ոգին կոտրվի, մարդուն ֆիզիկապես կոտրելը շատ ավելի հեշտ կլինի։
Տիգրան Ջրբաշյան, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր, կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար
Կարծում եմ՝ գործարարությունը ենթադրում է ռացիոնալ որոշումների ընդունում, իսկ Ռուբեն Վարդանյանն իր բազմաթիվ քայլերում, այդ թվում՝ բիզնես որոշումներում, հաճախ եղել է իռացիոնալ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Միեւնույն ժամանակ, հենց սա էր պատճառը, որ նա ունենում էր անժխտելի ձեռքբերումներ։ Մեծ հաջողությունը հաճախ ենթադրում է նաեւ իռացիոնալ որոշումների կայացում։ Այս առումով Ռուբեն Վարդանյանը միշտ տարբերվել է։
Վարուժան Գեղամյան, թուրքագետ
Կարծում եմ՝ առանց իռացիոնալության հատիկի եւ հավատի մեր պայմաններում որեւէ բանի հասնել հնարավոր չէ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես Արցախից եմ եւ մանկության տարիներից տեսել եմ իռացիոնալության այնքան դեպքեր, որ երբ ինձ ասում են՝ որեւէ բան հնարավոր չէ, ի հակադրություն կարող եմ բազմաթիվ պատմություններով կիսվել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռուբեն Վարդանյանի տեսակի գործիչներ, միանշանակ, պետք են։ Միայն նրանցով հնարավոր չէ, բայց առանց նրանց էլ անհնար է։ Սա առիթ է, որ ինքներս մեզ հիշեցնենք՝ մեր պայքարը ոչ միայն Ռուբեն Վարդանյան անձի, այլեւ հայկական անկախ քաղաքական գործիչներ ունենալու համար է եւ այն անպայման հաջողելու է։
«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը կարող եք գնել «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» ցանցերի գրախանութներում, ինչպես նաեւ առցանց այս հղումով https://premium.mediamax.am/am/books/ruben-vardanyan:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: