Անրի Գրիգորյանի «Սուլոց աֆրիկացու մասին» վեպի գործողությունները ծավալվում են անկախության շրջանի Վրաստանում։ Գլխավոր հերոսը՝ Գրիշան, հայ է, ապրում է Թբիլիսիի «Աֆրիկա» թաղամասում։ Արձակագրի խոսքով՝ վեպը փորձ է ցույց տալու, թե ինչպես է անհատը բախվում ու հակադրվում իրողությանը։
Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը։
- Ինչո՞ւ, ինչպե՞ս եւ ե՞րբ է գրվել «Սուլոց աֆրիկացու մասին» գիրքը։ Թերեւս ինքնակենսագրական տարրեր եւ նախապատմությո՞ւն ունի վեպը։
- «Սուլոցի» վրա սկսել եմ աշխատել «Դմբո Ջոյսը» պատմվածքների ժողովածուիս (2017) հրատարակությունից անմիջապես հետո։ Տարօրինակ կհնչի, բայց, որպես ընթերցող, պատմվածքի ժանրն այնքան էլ չեմ սիրում։ Չեխովն ու Բակունցը բացառություն են։ Ասում էի՝ պատմվածք եմ գրում, որովհետեւ պատմվածք կարդալ չեմ սիրում, իսկ այ վեպն իմ ամենասիրելի ժանրն է, դրա համար էլ երբեք վեպ չեմ գրի։ «Սուլոցն» էլ սկսեցի գրել որպես ծավալուն պատմվածք։ Մտածում էի՝ գուցե վերջում պատմվածաշար դառնա։ Ինքնախաբեություն էր՝ իբր պատմվածք եմ գրում, որ վեպ ստացվեր։

Լուսանկարը` «Գրանիշ»
Վեպը ինքնակենսագրական չէ, թեեւ կան բազում փաստեր իմ եւ ինձ շրջապատող մարդկանց կյանքից: Հերոսները, իհարկե, նախատիպեր ունեն։ Գրական տեքստի համար կենսագրությունը յուրօրինակ հումք է, որն ինքնին հետաքրքիր չէ, գրողը այդ հումքը փոխակերպում է ու ստանում լրիվ ուրիշ բան։ Ինձ՝ որպես գրողի, այդ ուրիշ տեքստն է հետաքրքրում, եւ ոչ թե մերկ կենսագրական փաստերը։
- Աֆրիկան իրակա՞ն բնակավայր է։ Ենթադրում եմ՝ «երեւանյան Բանգլադեշի» պես է ստացել իր անունը՝ իբրեւ քաղաքի կենտրոնից հեռու գտնվող վայր։
- Երեւանյան զուգահեռը ճիշտ է. Աֆրիկան իրական թաղամաս է Թբիլիսիի ծայրամասում՝ օդանավակայանի մոտ։ Թաղամասի պատերից մեկի վրա մի բնակիչ գրաֆիտիանման գրառում էր արել. «Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես աֆրիկացի...»։ 90-ականներին Աֆրիկան բավականին կտրված էր քաղաքից։ Գիտեինք, որ կա հեռու մի տեղ, որը կոչվում է Աֆրիկա։ Ավելի ուշ՝ ուսանող տարիներին եմ բնակվել այդ առասպելական թաղամասում։

Լուսանկարը` ToryStellar
Վեպը տեղայնացրել եմ Աֆրիկայում, եւ ոչ թե ավելի լայն կամ հանրահայտ տարածքում, որովհետեւ ինձ գրավեց հենց այն փաստը, որ Աֆրիկան զուգորդվում է անհայտ, բոլորից մոռացված, սահմանային տեղանքի հետ, համարյա ոչ մի բանով աչքի չընկնող։
- Աֆրիկան նաեւ անհատի օտարացմա՞ն մասին է։
- Վեպի սահմաններում՝ անհատի օտարացման, բայց ավելի նեղ կամ որոշակի իմաստով՝ ազգային ինքնության տեսանկյունից։ Հերոսը՝ Գրիշան, ազգությամբ հայ է`ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, որի բախումը շրջապատի՝ իր վրացական կեսի հետ սկսվում է այն պահից, երբ հայրը որոշում է որդուն տանել տեղի հայկական դպրոց՝ ի հակադրություն այն ժամանակվա վրացական իշխանությունների որդեգրած ազգայնական քաղաքականության։
- Հարեւան երկրում ինքնությունը, լեզուն պահպանելու խնդրին գրեթե մեկ դար առաջ անդրադարձել է նաեւ Լեւոն Շանթը «Երազ օրեր» վիպակում։ Ավելին՝ պարզվում է ՝ ծպտյալ հայ բնորոշումը կենսունակ է նաեւ Վրաստանում։ «Սուլոց աֆրիկացու մասին» վեպը խնդիրը բարձրաձայնելո՞ւ, տեղ հասցնելո՞ւ փորձ է։
- Անկեղծ ասած՝ ինչ-որ բան տեղ հասցնելու խնդիր չեմ դրել։ Նպատակ էլ չեմ ունեցել խորությամբ բացել խտրականության թեման ու ցույց տալ ազգային փոքրամասնության ապրելակերպը կամ խնդիրները։ Վեպը փորձ է ցույց տալու, թե ոնց է անհատը՝ Գրիշան, բախվում ու հակադրվում իրողությանը, ոնց է իրողությունը անդրադառնում իր վրա, ինչի հետեւանքով էլ ոնց է իր ինքնությունը դրսեւորվում անձնական հարաբերությունների ու կապերի հարթությունում։

Լուսանկարը` անձնական արխիվ
Այդ տարիներին Վրաստանի առաջին կառավարության քաղաքականությունն աչքի էր ընկնում սուր ազգայնական հռետորաբանությամբ, երբեմն նույնիսկ այն բնութագրում են որպես շովինիստական։ Այդ ժամանակ Վրաստանի հայերից ոմանք փոխեցին իրենց ազգանունները՝ «յան» վերջածանցը փոխարինելով վրացական «շվիլի» վերջածանցով՝ հասարակությանը ձուլվելու եւ հատկապես աշխատանքի շուկայում խտրականությունից խուսափելու նպատակով։ Ի դեպ, այս թեման միշտ հուզել է ինձ. Լոնդոնի համալսարանում ուսանելիս հոդված էի գրել Վրաստանում ազգանվան փոփոխության մասին, որը հետո ընդգրկվեց համաշխարհային ոչ ֆորմալ պրակտիկաների հանրագիտարանում։
Վեպը գրելիս ամենեւին ցանկություն չունեի բացելու առաջին նախագահի՝ Զվիադ Գամսախուրդիայի կերպարը։ Անդրադառնում էի մյուս նախագահներին՝ Շեւարդնաձեին, Սաակաշվիլուն, բայց Զվիադին շրջանցում էի։ Հասկացա, որ համոզիչ չէ նրա մասին չխոսելը, որովհետեւ ի վերջո վեպի կոնֆլիկտը սկսվում է հենց նրա վարած ազգայնական քաղաքականությունից։ Հասկացա, որ ինքս խորշում եմ Զվիադի պատմական կերպարից՝ ունենալով կանխակալ կարծիք՝ ձեւավորված գնահատականից բխող, որը գուցե ավելի շատ զգայական է, ինչ-որ տեղ պարզունակ ու նաեւ ժամանակի պատմական համատեքստից կտրված։ Վրաստանում ապրող ցանկացած հայ ձեզ կասի, որ Զվիադը հայերին չէր սիրում։ Իսկ ինչո՞ւ պիտի սիրեր կամ չսիրեր։ Մտադրվելով Զվիադից ստանալ երգիծա-ողբերգական կերպար՝ սկսեցի ուսումնասիրել նրա կենսագրությունը, զուգահեռ շարունակելով գրելը, ու ստացվեց այնպես, որ երգիծական երանգը ինքնըստինքյան կորավ, ու մնաց մի մարդու ցցուն ողբերգությունը, որն ամբողջ կյանքում պայքարում էր սեփական ազգային ինքնության, սեփական եսի ու տեղի համար՝ գիտակցաբար հասնելով ողբերգական վախճանի։ Նրա մասին պատումը ոչ թե նրա քաղաքականությունն արդարացնելու, այլ նրան զուտ որպես անհատ հասկանալու փորձ էր՝ ազգային ինքնության ծիրում։
- Վրաստանը վրացիների համար է, մյուսները հյուր են։ Ընդհուպ հաջողության հասնելու համար ազգանունը փոխելու խնդիր է դրված եղել։
- Շեւարդնաձեի տարիներից սկսած այդ խնդիրը մեղմացավ, բայց, միեւնույն է, մինչեւ օրս հասարակության մի զանգված լավ վերաբերմունք չունի հայերի նկատմամբ`կարծրատիպերի ու սխալ պատկերացումներից ելնելով, ոմանք ազգային փոքրամասնություններին իսկապես հյուր են համարում՝ «սա մեր հողն ու ջուրն է, իսկ ձեզ ժամանակին տեղ ու հաց ենք տվել» տրամաբանությամբ, ինչն էլ խոցել էր «Սուլոցի» հերոսին։
- Մեծամասնության մեջ ապրելով՝ գուցե չես էլ զգում, թե ինչպես ես դառնում ամբողջի մաս, ձուլվում, գուցե նույնիսկ բնականո՞ն է։
- Համաձայն եմ, հեշտ է ձուլվել, բայց ազգային ինքնությունը հիշողություն է ու գիտակցություն։ Եթե քո մեջ ազգային տարրը՝ ամբողջից տարբերվող, արդեն ձեւավորվել է, ինչքան էլ ներգրավվես ամբողջի մեջ՝ չես կորցնի քոնը։ Շատ բան կախված է նաեւ ընտանիքից։ 90-ականներին նավթավառի լույսի տակ մայրս հայերեն հեքիաթներ էր կարդում մեզ համար, սեր էր արթնացնում հայերեն բառի նկատմամբ։ Դա չի կորչում, կարեւոր սերմ է։ Թվում է՝ եթե Հայաստանից դուրս ես ապրում, ուրեմն ինքնությունդ էլ ուրիշ պիտի լինի։ Ցվետաեւան էր ասում, որ հայրենիքը չի պայմանավորվում տարածքով, դու չես վախենում հայրենիքից հեռու ապրելուց, մոռանալուց, եթե այդ հայրենիքը քո մեջ է, վախենում են նրանք, ովքեր այդ հայրենիքը պատկերացնում են իրենց անձից դուրս կամ անձի շուրջը։
- Գիրքը նաեւ ներկայացնում է երեք սերնդի պատմություն՝ հայր-որդի-թոռ։ Հետաքրքիր դիտարկում կա՝ պապը գնում է Բեռլին եւ վերադառնում է, հայրը գնում է եւ չի վերադառնում։
- Իսկ արանքում Գրիշան է... Երեւի հորն է ուզում կշտամբել կամ խոցել, որովհետեւ հոր հետ բախումը սկսվում է քրոջ ամուսնությունից, ինչն էլ ընկալում է որպես հեռացում, որպես կորուստ։ Միեւնույն ժամանակ վերադարձի պահն է կարեւորում. վերադարձ դեպի ներս, դեպի առանցքը, արմատին, քոնին։
- Անհատի ճակատագիրը, ամեն դեպքում, մեծապես կախված է երկրում, աշխարհում տեղի ունեցող հասարակական-քաղաքական զարգացումներից։ Պատմությունը եւ անհատը չե՞ն տարանջատվում։
- Այդ ամենը խտանում ու անդրադառնում է մարդու վրա, որը յուրովի սկսում է արձագանքել այդ արտաքին ազդեցություններին ու իրադարձություններին։ Այդ հակազդեցությունը կարող է արտահայտվել հենց վարքագծային ու մարմնական ազդանշանների միջոցով։ Գրիշայի սեւեռվածությունը իր քրոջ, ընկերոջ, մանկության ծառի, տան, նույնիսկ սեփական մարմնի վրա հենց սրա օրինակն է, հոգեբանական պատասխանը օտարացված անհատի, որի ինքնապաշտպանական ու սեփականատիրական բնազդներն այնքան են սրվում, որ նույնիսկ քրոջ ամուսնությունն է ընկալում որպես կորուստ, որպես պարտություն, հետեւաբար ընդդիմանում է օտարի մուտքին իր սեփական տարածք։
- Ո՞վ էր Նադյան նրա համար։
- Նադյան երեւի միջոց էր հորը փնտրել-գտնելու, գուցե ծայրահեղ, ոչ տրամաբանական միջոց, որովհետեւ, ի վերջո, ինքն էլ չգիտեր՝ Նադյան իսկապե՞ս կապ ուներ հոր հետո, թե՞ ոչ։ Նադյան այն խողովակն էր, որի միջոցով նա ինչ-որ չափով հարաբերվում էր հոր հետ, երկխոսում, ընդվզում նրա դեմ, ցավեցնում նրան։
- Ինձ թվաց նաեւ հորը նմանվելու, հոր տեղը գրավելու միջոց։
- Չգիտեմ, եթե նկատել եք, ուրեմն դա էլ կա։
- Եղեւնու պես ծերացող մայրը... Այդպիսին են մայրերը, կամ ուզո՞ւմ ենք այդպիսին լինեն։
- Ծառը ծերանում է, տերեւաթափ է լինում։ Եղեւնին մշտադալար է՝ չնայած տարիքին. երեւի մորն այդպես է պատկերացնում։
- Տատն ասում է. «Մի բուռ պոպոք ա կյանքը, ջարդում, ուտում ես, համը բերանդ ա մնում»։
- «...իսկ բռիդ մեջ կճեպ-կեղեւը տեղ չի անում»։ Տատը Գրիշայի կյանքում առանձնահատուկ տեղ ունի։ Վրացուհի է (ինչպես եւ իմ տատը), որը հայ ամուսին ուներ։ Թոռան՝ հայկական դպրոց գնալու փաստը խորապես ծանր է տանում։ Ինչի հետեւանքով նրանց միջեւ հեռավորությունը մեծանում է։
- Իրատես էր գուցե ավելի։
- Գուցե ճի՞շտ էր իսկապես... Եթե կա այլալեզու դպրոց, որը, ենթադրենք, տալիս է ավելի որակյալ կրթություն, քան հայկականը, կամ դպրոց, որը կտա պետական լեզվի փայլուն իմացություն՝ ապագայի կարեւոր գործիք, եթե մնալու ես այդ երկրում, որը նույնպես քո հայրենիքն է, ծնողը իսկապես կանգնում է բարդ ընտրության առջեւ։ Հիշում եմ՝ տարիներ առաջ, Թբիլիսիում մի ծնող մոտեցավ ինձ ու ռուսական առոգանությամբ պատմեց, որ իր երեխաներին ռուսական դպրոցից տեղափոխել է հայկական, որ ծնողներով քարոզում են մյուսներին իրենց երեխաներին էլ տանել հայկական դպրոց։

Լուսանկարը` Lesley Parker
Ի դեպ, Թբիլիսիում ռուսական դպրոցները գոյատեւել են հենց թբիլիսահայերի շնորհիվ: Սա էլ անհասկանալի ընտրություն է թվում, այս դեպքում վրացական դպրոցն ավելի տրամաբանական չէ՞։ Ես ինքս միշտ հորդորել եմ, որ դրսում հայ երեխաները պետք է հայկական դպրոցում սովորեն։ Երբ մեկ այլ լեզուն դառնում է մայրենի, հայերենը տուժում է։ Իսկ լեզվամտածողությունը կարեւոր դեր է խաղում ինքնության ձեւավորման մեջ։ Բայց հիմա Եվրոպայում ինքս եմ կանգնել նույն խնդրի առջեւ։ Ու հասկանում եմ, որ այնքան էլ հեշտ հարց չէ։ Երբ ծնող ես դառնում, հանկարծ ուրիշ շերտեր են բացվում, որոնք մինչ այդ չէիր կարող տեսնել։ Տղաս վեց տարեկան է, սեպտեմբերին դպրոց է գնալու, ինքս ինձ հարց եմ տալիս՝ եթե այստեղ հայկական դպրոցի ընտրության հնարավորություն ունենայի, Գրիշայի հոր պես բռունցքս կխփեի սեղանին՝ ասելով՝ վերջ, տղաս հայկական դպրոց կգնա՞, թե՞ ավելի իրատեսական որոշում կընդունեի։
- Դուք չէի՞ք գրի այս գիրքը, եթե հայկական կրթություն չունենայիք, կամ ա՞յլ բան կգրեիք։
- Չգիտեմ՝ առհասարակ կգրեի, թե չէ, բայց եթե գրեի, նման հարցերը դժվար ինձ հուզեին։
- Պատերազմին հակադրվում է կյա՞նքը, որ ելակի համ ունի։
- Վետերան ծերունին անկողնուն գամված, կոնֆետը բերանում, մտածում էր, որ մոտ է վերջին շունչը փչելուն, իսկ ապրած կյանքից իրեն ընդամենը մի կոնֆետ է մնացել։ Իսկ մյուս իրականության մեջ պատերազմում զոհված երիտասարդ զինվորը չի հասցնում համտեսել կոնֆետը՝ ելակի համով։
-Վրաստանի հետխորհրդային շրջանի մասին դիտարկումներ կան, որ հիշեցնում են մեր իրականությունը։ Երկու երկրների պատմության քառուղիները որքան տարբեր, նույնքան էլ նմա՞ն են։
- Նման են, ինչ խոսք, Խորհրդային Միության փլուզումը շատ կտրուկ եղավ։ Ի վերջո, ցանկացած միություն քանդվում է, բայց լավ կլիներ ավելի սահուն լիներ անցումը մի հասարակարգից մյուսը, մի տնտեսական համակարգից մյուսը։ Գուցե այլ լիներ մեր ուղին... Նման են, որովհետեւ երկու երկրներն էլ հայտնվեցին նույն ծանր պայմաններում, նույն «մութ ու ցրտի» երախում։

Լուսանկարը` Lisa Min
Վրաստանում սովորական երեւույթ դարձան նաեւ հանցագործությունները, գրեթե կենցաղային մակարդակում սպանությունները՝ հաճախ անհեթեթ պատճառներով։ Գլխավոր տարբերությունն այն էր, որ Հայաստանում այդ փուլը սկսվեց պատերազմում տարած հաղթանակով, իսկ Վրաստանում՝ ծանր պարտությամբ։
- Վրացերեն կթարգմանվի՞, կտարածվի՞ գիրքը։
- Ես չունեմ նման ցանկություն։ Հայաստանում է տպագրվել ու տարածվում։
- Հաջորդ գիրքը ինչի՞ մասին է լինելու։
- Գրում եմ, նախապես խոսելն անիմաստ է, որովհետեւ գրելու ընթացքում անընդհատ փոփոխվում է, ոչնչանում, մերժվում, նորից գլուխ հանում՝ շարունակվում։ Բայց պատմությունը տեղայնացված է Հայաստանում։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: