Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված բազմազան միջոցառումների բովում առանձնանում է գրողի գրքերի ռետրո-ֆաքսիմիլե վերահրատարակությունը։ Գրողի հայերեն առաջին ժողովածուն՝ «Օգոստոսը» (1967), լույս է տեսել 2024-ի օգոստոսին, հոբելյանական տարվան ընդառաջ։ Նվիրված է Համո Մաթեւոսյանին եւ Արմեն Ղազարյանին։ Օրերս լույս է տեսել նաեւ «Մեր վազքը» ժողովածուն (1978)։
Նախագիծը կյանքի են կոչում «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը եւ «Մագաղաթ» հրատարակչությունը։
««Օգոստոս», «Մեր վազքը» գրքերի լույսընծայումը կապվա՞ծ էր հոբելյանական տարվա հետ, թե՞ ժամանակն էր վերահրատարակելու»,- հարցն ուղղեցինք «Մագաղաթ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Սեւակ Ղազարյանին։
- Դավիթ Մաթեւոսյանի նախաձեռնությամբ՝ տարիներ առաջ հրատարակվեցին Հրանտ Մաթեւոսյանի անտիպները, իսկ տպագիր գործերը, որ հայտնի ու սիրված են ընթերցողի կողմից, իսկապես կարիք ունեին վերահրատարակման։ 1980-ականներին դրանք երկհատորյակով լույս էին տեսել, բաց էլի ամբողջական չէին։ Իր կյանքի օրոք Մաթևոսյանը ընդամենը 7-8 տարին մեկ է կարողացել գիրք հրատարակել։ Այս առումով ուշագրավ իրողություն կա. «Օգոստոսը» նախ ռուսերեն էր լույս տեսել Մոսկվայում, որից հետո նոր միայն ուշացումով համարձակվեցին տպագրել այստեղ։
Հաշվի առնելով վերահրատարակման բացը, ինչպես նաեւ հոբելյանական տարին, մեկնարկեցինք այս շարքը։
Գրողի կենդանության օրոք լույս տեսած գրքերը վերահրատարակվում են նույն տեսքով՝ շապիկը, տառատեսակը, շարվածքը, և նույն բովանդակությամբ։ Ըստ ժամանակագրության՝ առաջին գիրքը «Օգոստոսն» է, հաջորդը՝ «Մեր վազքը», այնուհետեւ կհրատարակվի «Ծառերը» ժողովածուն։

Լուսանկարը` «Մագաղաթ» հրատարակչություն
Մենք լիահույս ենք, շարունակելով համագործակցել Դավիթ Մաթեւոսյանի եւ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հետ, հրատարակել նաեւ Մաթեւոսյանի «անտիպները» կամ ավելի ուշ շրջանում տպագրված գործերը։
Դատելով արձագանքներից՝ մեր ընթերցողը վաղուց էր սպասում Մաթեւոսյանի գործերի վերահրատարակմանը ու մատչելի գնով հասանելի լինելուն։
- Ի՞նչ արձագանք եք ակնկալում ավագ եւ երիտասարդ սերնդի ընթերցողներից, որոնք գուցե նոր պիտի ծանոթանան Մաթեւոսյանի գրականությանը։ Ի վերջո, ժամանակի հետ փոխվում են նաեւ ընկալումները։
- Ժամանակի հետ ընկալումները, անշուշտ, փոխվում են, որովհետեւ ներկայիս երիտասարդ սերունդը չի ապրել Խորհրդային Միությունում եւ մաթեւոսյանական ինչ-ինչ տողատակեր գուցե չի ընկալում, բայց նրանց համար էլ առաջնային են ոչ թե քաղաքական, այլ կենսական հարցերը. Մաթեւոսյանի գրականությունը մարդու եւ նրա շրջապատի մասին է, ընտանիքի, գյուղի, պետության հետ հարաբերությունների հանրագումարն է։ Կարծում եմ՝ երիտասարդ սերունդն ավելի ուշադրություն է դարձնում այդ հարաբերություններին, ներանձնային կոնֆլիկտներին, նաեւ մարդու՝ ինքն իր հետ ունեցած կռվին։
Մյուս կողմից՝ Խորհրդային Միությունը չկա, բայց խնդիրները, որ կային այն ժամանակ, կան նաեւ հիմա, օրինակ՝ գյուղերի դատարկումը։ Այսօր դա սպառնում է նույն Ահնիձորին։ Ճիշտ է, Հրանտ Մաթևոսյանը դեռեւս 60 տարի առաջ էր գրում այդ մասին, բայց, որքան գիտեմ, նրա հայրենին գյուղում հիմա մնացել է 40-50 բնակիչ։ Հայաստանում, ցավոք, տասնյակ գյուղեր կան, որ արդեն իսկ դատարկվել են կամ դատարկվելու շեմին են։

Լուսանկարը` Grig
Անշուշտ, միջին ու ավագ սերունդը եւս կարիք ուներ նորից ու նորից ընթերցելու Մաթեւոսանին։ Ի վերջո, նաեւ սերնդային խնդիրը կա Մաթեւոսյանի գրականության մեջ։ Երիտասարդների հայացքը դեպի դուրսն է, ուղղված է նոր հորիզոններ նվաճելուն, ավագ սերունդը ավելի արժեւորում է տունը, գյուղը։
Ամենակարեւորը, ինչը կարող ենք արձանագրել գրքերի վաճառքից, թե՛ ավագները, թե՛ երիտասարդները ընթերցում են Մաթեւոսյան։
- Նախկինում խորհրդային գրաքննությունը խոչընդոտում էր գրքերի հրատարակումը, իսկ այժմ ի՞նչը կարող է խոչընդոտել գիրքը ընթերցողին հասցնելուն։
- Կապիտալիստական համակարգում գլխավոր խնդիրը գումարն է։ Ամբողջ աշխարհը, համենայն դեպս արեւմտյան աշխարհը, խոսքը տեղ հասցնելու աննախադեպ ազատություն է այսօր ապրում։ Սակայն այսօր էլ մենք ուրիշ խնդիր ունենք. խոսքի ազատության, տեղեկատվական գերհոսքի պայմաններում տարբերակել կեղծը ճշմարիտից, արժեքավորն անարժեքից, մնայունը՝ անցողիկից։ Այ սա է այսօրվա ընթերցողի, հատկապես երիտասարդների գլխավոր խնդիրը։ Նրանք հնարավորություն ունեն ամեն ինչ կարդալու, ամեն ինչ հասանելի է, բայց շատ հաճախ չեն կողմնորոշվում այդ հսկա տեղեկատվական հոսքի մեջ։
- «Օգոստոս» ժողովածուում կա՞ գործ, որ կառանձնացնեիք։
- Ես շատ սիրում եմ «Բեռնաձիեր» շարքը։

Լուսանկարը` Անդրանիկ Ղազարյան/Sputnik Armenia
Խորհրդային Միության օրոք տպագրված երկհատորյակի «Բեռնաձիեր» շարքում ավելացավ նաեւ ավելի ուշ գրված «Սկիզբը» վիպակը։ Բեռնաձիու գաղափարը տեսնում ենք մարդկանց, ինչպես նաև կենդանիների, օրինակ՝ ձիու ու գայլի պայքարի միջոցով։ Կենսապայքարի ու կյանքի բարդ պայմաններից ելնելով՝ «բեռնաձի» լինելու հանգամանքը Մաթեւոսյանի գրականության մեջ իմ ամենասիրելի մոտիվներից է։ Հիմա, երբ փորձում եմ հիշել առաջին ուժգին տպավորությունս, իմ սերը Մաթեւոսյանի նկատմամբ այդ շարքից է սկսվել։ Հետո նաեւ շատ սիրեցի «Խումհար», «Տերը» վիպակները, մյուս գործերը։
- Գիրքը, թերևս, կոչվել է համանուն վիպակի անունով, այնուամենայնիվ, ինչո՞ւ «Օգոստոս»։
- Կարծում եմ՝ գյուղացու կյանքի արտացոլանքն է։ Մաթևոսյանի հերոսներից մեկն ասում է. «...Օգոստոսը մեռնելու ամիս չի...»։ Թեեւ գյուղացու կյանքում աշխատանքը այնքան ահռելի տեղ է զբաղեցնում, որ երևի բոլոր ամիսներն էլ «մեռնելու ամիս չեն». կյանքը անվերջ աշխատանք ու գոյապայքար է։ Իսկ օգոստոսը տարվա ամենաթեժ ամիսն է այս իմաստով։ Կարծում եմ՝ վերնագրի ընտրության հարցում հիմնական շարժառիթը սա է։
- «Օգոստոս» պատվածքում միաժամանակ աշխատանք ու սեր կա։
- Այ դա էլ շատ հետաքրքիր է, սերն էլ նրա գործերում յուրովի է արտացոլվում։ Դա ռոմանտիկ, իդիլիական սերը չէ, որ կարող ես տեսնել որոշ գրական գործերում մեջ, ֆիլմերում, բայց այդ սերը պակաս հզոր, պակաս ազդեցիկ ու խոր չէ։ Ընդհակառակը, երբ տեսնում ես, որ մարդիկ իրենց գոյապայքարի մեջ դեռ հասցնում են սիրել, է՛լ ավելի համակրանքով ես լցվում նրանց հանդեպ։
- Բազմաթիվ շերտեր ունի «Իմ գայլը» պատմվածքը («Մեր վազքը» ժողովածուից), բայց ամենակարևորը, թերևս, աղի հաց ուտող հերոսին մեկնած ձեռքն է՝ մարդասիրությունը։ Հենց այստե՞ղ է կյանքի եւ գրականության լույսը։
- Այո՛, Մաթեւոսյանի գրականության հիմքում մեծագույն մարդասիրությունն է, դիմացինին կարեկցելու, աջակցելու մոտիվը առանց բացառության թաքնված է նրա բոլոր գործերում։ Մաթեւոսյանը մեր գրականության հավերժական գրողների շարքին է դասվում, որովհետեւ դուրս է ցանկացած ժամանակից, ժամանա¬կաշրջանից, նաեւ քաղաքական կառավարման ձեւից։ Խորհրդային Միությունը չկա, կոմունիզմը չկա, բայց մարդու գոյապայքարը միշտ կա, եւ կա այն, ինչ մեզ մարդ է դարձնում՝ բարությունը, մարդասիրությունը։ Մենք այսօր ունենք դրա կարիքը, եւ կարիք ունենք, որ մեր գրողները մեզ հիշեցնեն այդ մասին։ Միայն քո մասին մտածելը հանգեցնում է համընդհանուր խնդիրների՝ մոռանում ես ծննդավայրիդ մասին, քո գյուղի, քո քաղաքի, ի վերջո քո պետության մասին, ինչը բերում հանգեցնում է այն մեծ խնդիրներին, որոնց առջեւ այսօր կանգնած ենք՝ որպես հասարակություն եւ պետություն։
***
«Շատ ափսոս էին այն կտորները, որ բացակայել են նրա գրականությունից»
Գրողի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն, կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանն ասաց, որ ֆաքսիմիլեն հազվադեպ է պատահում, հիմնականում պատճառաբանում են, որ փոխվել են մոտեցումները, ոճը, պահանջարկը։ Բայց իրենց ռետրոյի եւ ֆաքսիմիլեի մեջ մի կարեւոր իմաստ են դրել. փորձել են ժամանակի հեռվից մայրենի լեզվով արժանավոր գրքերի ճանապարհը կրկնել։ Դավիթ Մաթեւոսյանը նշեց նաեւ, որ առաջին հրատարակություններում ուղղագրական վրիպակներ շատ են եղել, երջանկահիշատակ Արմեն Ղազարյանը՝ Պարույր Սեւակի որդին, Սեւակ Ղազարյանի հայրը, խմբագրել-սրբագրել է գրքերը՝ հավատարիմ մնալով հեղինակային կետադրությանը։
- «Օգոստոս» ժողովածուի առաջաբանում մեջբերել եք գրողի «Մեծամոր» էսսեի հետեւյալ տողը. «Ինչ էր հարկավոր, որպեսզի չլիներ այնպես, ինչպես եղավ»։ Կարծես այսօրվա մասին լինի։ Մարգարեակա՞ն է Մաթեւոսյանի գրականությունը, թե՞ պարզապես ասում է բաներ, որ միշտ արդիական են։
- Համոզված եմ, որ մարգարեական է։ Համաշխարհային գրականությունն ունի մարգարե-գրողներ։ Նա ասում է՝ «Գրողը ժամանակների եւ գաղափարների ձեւավորողն է ... Ոչ թե Քրիստոսն է ծնել Հովհաննեսին, Ղուկասին, Մատթեոսին, այլ Մատթեոսը, Ղուկասը, Հովհաննեսն են ծնել Քրիստոսին»:
Մաթեւոսյանը ապագայի գրող է: Անդրեյ Բիտովը մի առիթով ասել է՝ Մաթեւոսյանի ժամանակը վրա կհասնի 100 տարի հետո, երբ ինքն իր իրական տեղում կլինի, իր արժանի բարձրության վրա, իսկ դա կնշանակի, որ թե ինքը իր տեղում կլինի, թե Հայաստանը։

Լուսանկարը` ընտանեկան արխիվ
Մաթեւոսյանը փորձել է կանխել անցանկալի գալիքը եւ անընդհատ նախազգուշացրել է։ Դա թերեւս նրանից է, որ մեր պատմության ընթացքն ու մեր գոյության տրամաբանությունն էր հասկանում, եւ նաեւ նրանից, որ հզոր կանխատեսման, ամենատեսության ու ամենագիտության կարողություն ուներ։
- Պատրա՞ստ է մեր ժամանակների գրականագիտությունը, գրաքննությունը բացահայտելու Մաթեւոսյանին էլի ու էլի։
- Ես հույս ունեմ։ Այս տարի հինգերորդ անգամ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Մաթեւոսյանական ընթերցումներ» խորագրով հանրապետական գիտաժողով։ Միջոցառմանը միացել են մի շարք համալսարաններ։ Մաթեւոսյանի գրականությունը ուսումնասիրվում է, թարգմանվում։ Բազային հսկայական աշխատանք է Վաչագան Գրիգորյանի մենագրությունը։ Այնպիսի մեծ գրականագետների ջանքը կա, ինչպիսիք են Վազգեն Գաբրիելյանը, Ժենյա Քալանթարյանը, Սեյրան Գրիգորյանը։ Ուշադրության արժանի գիտահանրամատչելի աշխատանքներ են ստեղծում նաեւ երիտասարդները։
- Մաթեւոսյանի իրական կերպարներից, զրույցներից ծնված պատմությունները ներկայացնում են մարդուն, ներկայացնում են բնաշխարհը, աշխարհը։ Առկա է նաեւ կենսագրական տարրը։ Այս համատեքստում՝ Ահնիձորը աշխարհից կտրվա՞ծ, թե՞ աշխարհին նայող անկյուն է։
- Կենսագրական տարրեր կան, բայց, իհարկե, չի կարելի գրողին ամբողջապես նույնացնել իր հերոսներից եւ ոչ մեկի հետ։ Ես կասեի, որ Ահնիձորը աշխարհից կտրված էր աշխարհագրորեն ու նաեւ բարդ ճանապարհային պայմանների պատճառով, բայց երբ «Մենք ենք մեր սարերում» ասում է՝ այս գյուղը հազար թելերով կապված է աշխարհին, դա արդեն սեթեւեթանք չէ։
Հողի վրա կանգնած լինելը, հողի զավակ լինելը, այդ մարդկանցից լավագույններին՝ խտացված կերպարներին, հնարավորություն է տալիս աշխարհի մոդելը տեսնել իրենց գյուղում, հասկանալ, որ, ի վերջո, աշխարհը շատ բանով իրենց գյուղից չի տարբերվում, նույն օրինաչափությունների, մարդկային նույն փոխհարաբերությունների վրա է կառուցված նրա գոյությունը։ Աշխարհի թրթիռները հասնում են գյուղին, եւ ուրեմն գյուղի թրթիռներն էլ աշխարհին են հասնում։ Միեւնույն ժամանակ հնարավորություն է տալիս վերացարկվելով աշխարհը քննելու, որովհետեւ իրականության մեջ ավելի վատ ես տեսնում քո շուրջը, քան երբ մի փոքր հեռացած ես նայում։
- «Մեր վազքը» ժողովածուն սկսվում է «Կանաչ դաշտը» պատմվածքով։ Եվ կա զրույց, որից պարզ է դառնում՝ գրողը չի ցանկանում փոքր-ինչ շեղվել իրականությունից։
«-Ոչ, մայրը թող չմեռնի:
-Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետեւ ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով»:
- Այո, նա չէր ուզում փոխզիջման գնալ եւ չէր ուզում հորինվածք տալ այն աշխարհի, այն իրականության մասին, որ ինքը ճանաչում էր։ Գուցե մի փոքր փոխզիջում կա, բայց մենք զուտ մտահայեցողաբար կարող ենք հիմա դրան անդրադառնալ, ասելով, որ, այնուամենայնիվ, գայլին ողջ թողեց հեղինակը։ Քիչ հավանական է թվում, որ կազատվեր շներից։ Բայց այնտեղ շատ լուրջ բացատրություն ունի. նա մայր էր ու պարտավոր էր որբ չթողնել քաղցած ու անպաշտպան ձագերին։ Աստծո արդարության, բնության հավասարակշռման ինչ-որ մի մոտեցում է։
- Իսկապես, երբ գայլը ձագերի մոտ քաղցած ու դատարկ է վերադառնում, տխրում ես նաեւ նրա համար։
- Ապրումակցման, հանդուրժողության է տանում, որովհետեւ անընդհատ սեւ ու սպիտակ հերոսների գրականություն է մատուցվել, ու գայլը չարագործի կերպարով հանդես եկող ինչ-որ արարած է թվում, իսկ Մաթեւոսյանի գայլը կենաց-մահու կռիվ մղող արարած է՝ մարդու պես, ձիու պես, գոմեշի պես...
Այդ հարցերը մենք ենք իրեն տվել, երբ մեքենագրում էր ձեռագրերը, հետո իմացանք, որ մտել է պատմվածքի մեջ։
«Կանաչ դաշտը» պատմվածքի մասին ինքը մի հարցազրույցի ժամանակ ասել է, որ որդուս համար պատմեցի, հետո երբ արդեն գրում էի, հասկացա, որ պատմելու ընթացքում արածս լավագույն գյուտը թղթին չեմ կարողացել հանձնել։ Գուցե բանավոր պատումի մեջ ինչ-որ առանձնահատուկ բան է եղել, որ, ցավոք, գրավորին չի անցել, բայց կատարյալ պատմվածք է ու դրանով իսկ վտանգավոր. մի տեսակ սպառնալիք կա, որ կարող է այլ ստեղծագործություններ մթագնել... չնայած Հրանտ Մաթեւոսյանին դա չի սպառնում։
- Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչեւ վերջ, եւ ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու։
«Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս, իր այլեւս որբ քուռակին...»։
Գուցե մեր այսօրվա իրականությունն է պատճառը... զուգորդումներ եմ տեսնում մեր երկրի հետ։
- Համոզված եմ՝ Մաթեւոսյանի գրականությանը, ներաշխարհին, մեր իրականության վերաբերյալ նրա գնահատականներին ծանոթ լինելով եք նման ընդհանրացումների հանգել։ Նաեւ այն, որ ասացի, թե նա ապագայի գրող է։ Թեեւ բոլորվին տարբեր գործեր են, մշակութա-պատմական էսսեներ, բայց մինչեւ վերջ կռիվը մղելու, պայքարին տեր լինելու գաղափարը կա նաեւ «Մեծամորում», «Թափանցիկ օրերում»։ Կամ, ասենք, գոմեշի կերպարը, որ մահվան եզրով գնաց, բեղմնավորվեց, հետ եկավ, որ կյանքը շարունակվի։
- «Դա ինձ դուր չեկավ...»։ «Վազքը» պատմվածքում կրկնում է այս տողը՝ դատելով ոչ միայն շրջապատին, այլեւ ինքն իրեն։ «Հացը» պատմվածքի հերոսն էլ հրաժարվում է հացից, դարձյալ ինքն իրեն նայելով կողքից, չխնայելով։
- «Վազքի» դեպքում Օտարին որպես լակմուս է վերցնում թե՛ իր, թե՛ ուրիշների վարքի համար, թեեւ ինքը ամենահանդուրժողն է Օտարի թույլ գոյության նկատմամբ։ Օտարի տոկուն թուլության միջոցով ինքը նաեւ մաքրագործվում է։

Լուսանկարը` «Մագաղաթ» հրատարակչություն
«Հացը» պատմվածքի հերոսն ավելի փոքր է տարիքով, այդ տարիքի առանձնահատկությունն է վերցրել։ Նույնը «Պատիժը» պատմվածքում (խիստ հարաբերական է պատմվածք կոչելը, թե՛ ծավալով, թե՛ պատումով «Պատիժը» վիպակ է) երեխան ինքն իրեն պատժում է անարժան լինելու համար, գնում է մսուրք, կովի ու մոզու արանքում քնում է, քանի որ ծնողներից ամաչում է, որ տուն մտնի։
- «Մեր վազքը» պատանիներին է հասցեագրված, բայց ոչ պակաս հետաքրքիր է մեծահասակների համար։ Շատ երերուն չէ՞ այդ սահմանազատումը։
- Անպայման, բացառությամբ որոշ դեպքերի՝ այդ տարիքային սահմանազատումը համարում եմ սահմանների նեղացում։ Խորհրդային տարիներին բնորոշ էր. պատանիների համար նախատեսված գրականությունը թե՛ տպաքանակով էր տարբերվում, թե՛ մարքեթինգային քաղաքականությամբ։
- Նաեւ շեշտադրումներն են մեղմացրել։
- Այո, որ անցողիկություն լինի։ Մանավանդ որ Հրանտ Մաթեւոսյանը համակ ուշադրության ներքո էր՝ թե՛ ներսի, թե՛ դրսի գրաքննիչների։ Ընդ որում՝ այն, ինչ նրանք էին արգելում, մերոնք չէին նկատում, մեր գրաքննիչների արգելածը նրանք չէին նկատում, համարում էին աբսուրդ արգելելը։
Այդ առումով մի հետաքրքիր բան պատմեմ. «Բաց երկնքի տակ հին լեռներ» պատմվածքում հերոսներից մեկը գերմանուհի է, որը գալիս է սառը աչքերով նայում այստեղ, նայում է այնտեղ ու չի հասկանում մեր հերոսի հոգու խռովքը։
Գերմանացիները (Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում) թարգմանելիս չէին ցանկացել իրենց հայրենակցի անունը հենց այդպես էլ թողնել՝ գերմանացի, ու գերմանացին դարձել էր նորվեգացի։

Լուսանկարը` ընտանեկան արխիվ
Բանն այն է, որ իրականում հերոսուհու նախատիպը մի ռուս գրականության մասնագետ նորվեգուհի է եղել, որը Հայաստան է եկել այդ տարիներին՝ «Գոմեշի» թարգմանության հետքերով։ Ստացվում է՝ թեթեւ գրաքննության պատճառով ճշմարտությունը մի տեղից դուրս է եկել։
Իհարկե, դառը բան էր խորհրդային գրաքննությունը, եւ շատ ափսոս էին այն կտորները, որ բացակայել են նրա գրականությունից։
- «Բաց երկնքի տակ հին լեռներ» պատմվածքի հերոսն ասում է. «Մեր, այ մեր, էդ ինչպե՞ս է լինում, որ լինում են, հետո էլ չեն լինում»։ Մանկական պարզությամբ է հնչում հարցը, բայց այնքա՜ն խորություն կա։
- Մենք գիտենք, ներքին հավատ ունենք, որ մարդն այս կյանքում առաքելություն է իրականացնում, ու եթե հավատ ունի, անցնելու է հավերժ կյանքին։ Բայց անհայտության անցնելը մշտնջենական գաղտնիք է, մշտնջենական թախիծ։
Պարզապես այդպիսին է աշխարհը. եթե լավն ես տեսնում՝ լավն է, եթե վատն ես տեսնում ՝վատն է, բայց իրականում կյանքն ինքնին հրաշալի մի բան է, հրաշալի հնարավորություն է աշխարհ գալը՝ մարդ լինի, թռչուն, ծաղիկ, թե բնության տարր՝ քամի, ջուր... Եվ այդ անցումը, որ «լինում են, հետո էլ չեն լինում», մեծ ողբերգություն է։
Գրական մի հանդիպման ժամանակ Լեւոն Մկրտչյանը եւ Հրանտ Մաթեւոսյանը ձանձրույթից գրություններ են փոխանակում։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենը առնչվում է միջոցառմանը, քանի որ մտավոր աշխատանքով էին զբաղված։ Իրականում Մկրտչյանը հարցեր է տալիս, Մաթեւոսյանը պատասխանում է։ Եվ՝ «Ի՞նչ կփորագրեիր քարի վրա» հարցին պատասխանում է. «Էս ի~նչ սիրուն աշխարհ էր...»։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: