2025 թվականի մարտի 28-ին տեղի է ունեցել «Կոտրված վահան. Արցախյան 44-օրյա պատերազմի բազմակողմ վերլուծություն» գրքի շնորհանդես-քննարկումը։
Գիրքը հրատարակել է Newmag-ը՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության օժանդակությամբ։ Գրքում ներկայացված են հայ եւ օտար 17 հեղինակների աշխատանքներ, խմբագիրը Վիգէն Չըթըրեանն է։
Արտակ Ալեքսանյան, Newmag hրատարակչության ղեկավար
Կոտրված վահանը մեր ազգային դիմադրողականության կոտրումն էր։ Արցախն էր վահանը, որը պահում էր Հայաստանը։ Սա վերջին հարյուր տարիների մեր ամենախոշոր պարտությունն է։ Մենք պետք է վերաիմաստավորենք եւ հասկանանք՝ ինչ կատարվեց մեզ հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Պատերազմի մասին զրույցը նոր է սկսվում, եւ ես կարծում եմ, որ այդ զրույցը, թեեւ շատ դանդաղ, պատասխանատուների առայժմ լռության պայմաններում, բայց տեղից շարժվում է։
Խելք խելքի՝ հասկանալու, թե ինչ է կատարվել
Քննարկումը վարում էր պատմաբան-միջազգայնագետ, «ՍիվիլՆեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը՝ նա գրքի համակարգող խմբագիրն է։
Հեղինակները քննում են 2020-ի պատերազմում Հայաստանի պարտությունը, դրան նախորդած իրադարձություններն ու զարգացումները։
Կարեն Հարությունյան
Ղարաբաղյան թեմայով սա չորրորդ գիրքն է, որում ես ներգրավված եմ։ Այս տարի եւս մեկը՝ «Պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը. իրողություններ եւ հետեւություններ» գիրքն ենք հրատարակել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ թերթում ես «Կոտրված վահանը», հասկանում ես, թե որքան բան կարող էր այլ կերպ արվել։
Գրքի բանավոր գրախոսականը
Վահրամ Տեր-Մաթեւոսյան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր
Այս գիրքն արցախյան հակամարտության վերաբերյալ այս պահի ամենաամփոփ աշխատանքն է։ Բոլոր 17 հոդվածներում կարմիր գծի պես անցնում է, որ մենք հայտնվել ենք դիվանագիտական մեկուսացման մեջ, որ մենք՝ որպես պետություն, պետականաշինության գործում թույլ ենք տվել մեծ սխալներ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գրքում հինգ մեծ թեմաներ են առկա. առաջինը՝ Հայաստան, Հայաստանի արտաքին ու ներքին հարաբերություններ, սփյուռք, հաջորդը՝ ռազմաքաղաքական, մյուսը՝ Թուրքիա-Ադրբեջան ամբողջ շրջանակը, չորրորդը՝ դիվանագիտություն, Ռուսաստան, եւ վերջինը՝ մշակութային ժառանգություն, մարդու իրավունքներ։
Միացում գաղափարից՝ պարտություն. խոսույթի էվոլյուցիան
Նաիրա Սահակյան, «Հայաստանի պաշտոնեական խոսույթը Ղարաբաղյան հակամարտության շուրջ. 1988-2020թթ» հոդվածի հեղինակ
Հետազոտությունը հիմնված է հայ պետական գործիչների ելույթների վրա։ 1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում հիմնական գաղափարը միացումը էր։ 1991 թվականից, երբ արդեն մենք գործ ունեինք միջազգային սահմանների հետ, միացումը փոխվում է ինքնորոշման գաղափարով։ 2000-ականներին, Արցախի ժողովրդավարական պետություն ստեղծելու գաղափարն է դառնում է հիմնականը՝ բացառելով Արցախի՝ ոչ ժողովրդավարական Ադրբեջանի մաս կազմելը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Բացասական կողմը, որը փորձել եմ շեշտադրել հոդվածում, այն է, որ Արցախի թեման աստիճանաբար գործիքայնացվեց հայ առաջնորդների ելույթներում եւ դարձավ ներքին քաղաքական պայքարի գլխավոր թեմա։ Արդյունքում ընդդիմությունը մեղադրում էր իշխանություններին Արցախի հարցը սխալ կերպով լուծելու մեջ, իսկ իշխանությունը պնդում էր, որ իրենք ճիշտ ուղով են գնում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Միջազգային ելույթներում, օրինակ՝ ՄԱԿ-ի ամբիոնից, հաճախ խոսվում էր փոխզիջումների մասին, բայց ներքին լսարանի համար դրա մասին քիչ էր խոսվում, հնչում էին ականջահաճո հայտարարություններ, որոնք վերջում մեզ հասցրին փակուղի. նախընտրելի էր պատերազմը, քան որեւէ փոխզիջմ։
Նույնն էր նաեւ Ադրբեջանում։ 1998 թվականին, երբ Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին տեղի ունենում, Հեյդար Ալիեւի ելույթներում կարելի էր տեսնել նույն փակուղային իրավիճակը՝ ատելություն եւ մաքսիմալիզմ, որոնք այնքան էին աճել, որ որեւէ փոխզիջման գնալու պարագայում այն կարող էր հանգեցնել իշխանության կորուստի։

Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե երկու կողմերն էլ իրենց հասարակության մեջ չներարկեին այդ մաքսիմալիստական դիրքորոշումները եւ ավելի շատ խոսեին բարիդրացիական հարաբերությունների մասին, հնարավոր է՝ ունենայինք հարցի շատ ավելի լավ լուծում, իսկ փոխզիջումներն էլ գուցե այսքան ցավոտ չլինեին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գրքում ինձ համար բաց է հակամարտության տնտեսական կողմի վերլուծությունը։ Իմ համոզմամբ՝ խոսույթները հաճախ փոփոխվում էին տնտեսական եւ ռազմական իրավիճակների հետ։ Լավ արդյունքի հասնելու համար պետք է նախապես ապահովել տնտեսական եւ ռազմական հիմքերը։
Չարդարացված ակնկալիքները. Ռուսաստանի քաղաքականությունը Ղարաբաղում
Նարեկ Սուքիասյան, «Ռուսաստանը եւ Ղարաբաղը» հոդվածի հեղինակ
Ռուսաստանը չէր պատրաստվում լուծել հակամարտությունը հօգուտ կողմերից մեկի՝ ի վնաս մյուսի։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ավանդական պնդումն այն մասին, որ «Ռուսաստանը մեզ օգնության կգա», սկսեց փոխվել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո։ Նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողներից մեկի հարցին՝ «արդյո՞ք մենք ակնկալիք ունեինք, որ Ռուսաստանը մեզ օգնության կգար», պատասխանեց՝ «երազելը վնաս չէ»։
Հեղափոխությունից հետո, հատկապես 2020-ի հուլիսին տավուշյան դեպքերից հետո, մեզ մոտ պատկերացում ձեւավորվեց, թե Թուրքիան չի ներգրավվելու պատերազմում։ Ունեինք վստահություն, որ տավուշյան դեպքերի հաջողությունները հնարավոր կլինի արտածել ավելի մեծ պատերազմում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես հոդվածին մոտեցել եմ այն տեսական պրիզմայով, որն ասում է, որ եթե ունես արտաքին սպառնալիք, դրա դեմ կա երկու միջոց՝ կամ պայքարել սեփական ուժերով, կամ փնտրել դաշնակիցներ։ Մենք վստահ էինք, որ ինքնուրույն կարող ենք լուծել այդ հարցը
Անօդաչուների դերակատարությունը
Կարեն Հարությունյան
Գրքում ռազմական թեմային անդրադարձ կա երկու հեղինակի կողմից՝ Ժիրայր Ամիրխանյանի, որը վերլուծել է ռազմական բարեփոխումները հայկական բանակում մինչեւ 2020 թվականը, եւ Լեոնիդ Ներսիսյանի, որն ուսումնասիրել է անօդաչու թռչող սարքերի (դրոնների) դերը Արցախյան եւ ռուս-ուկրաինական պատերազմներում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ամենամեծ քննադատություններից մեկը, որն ուղղված է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, վերաբերում է նրան, որ մենք ոչ միայն չունեինք համապատասխան անօդաչու միջոցներ, այլեւ պատրաստ չէինք դրանց հարձակումներին։ Շատ հաճախ մենք մեծ թվով կորուստներ ենք ունեցել այն պատճառով, որ տարակենտրոնացում չկար։
Լեոնիդ Ներսիսյան, «Ղարաբաղյան երկրորդ եւ ռուս-ուկրաինական պատերազմների ռազմական կատարողականն ու ձախողումները» հոդվածի հեղինակ
Այսօր մարտադաշտում շատ ավելի կարեւոր է, որ բոլոր բաղադրիչները՝ հրետանին, հետեւակը, տանկերը, ավիացիան եւ դրոնները, աշխատեն միասին։ Ադրբեջանը բավականին արդյունավետ կերպով կապել էր դրոնները հետախուզական փոքր խմբերի եւ հրետանու աշխատանքի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմում էլ կողմերն այս մոտեցումն ունեն։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին, երբ Ռուսաստանը փորձեց արագ հաղթանակի հասնել, «բայրաքթարների» օգտագործումն որոշակի արդյունքներ տվեցին։ Երբ Ռուսաստանը անցավ ավելի լուրջ պատերազմի, պարզ դարձավ, որ դրոններին կարելի է խոցել հակաօդային պաշտպանության տարբեր միջոցներով։

Լուսանկարը` Մեդիամաքս
2020 պատերազմում առաջին օրերին ունեցանք շատ ծանր կորուստներ, որովհետեւ մեր հակաօդային պաշտպանության համակարգերը ճիշտ չէին գործում։
Արտակ Ալեքսանյան
Սա աշխատություն է, որը խնամքով եւ փորձագիտական մոտեցմամբ տալիս է հարցի պատասխանը՝ ինչո՞ւ պարտվեցինք: Ես կարծում եմ, որ կգա ժամանակը, եւ փորձագետները նաեւ կպատասխանեն հարցին՝ ո՞վ է մեղավոր։
Գրքի անգլերեն տարբերակը կհրատարակվի աշնանը Լոնդոնում։
Ժաննա Բեքիրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: