«Այս հատորով, որտեղ կան բազմաթիվ անտիպ գործեր, ամփոփվում է Տիգրանի ամբողջ գրական ժառանգությունը։ Առաքելությունը կատարված է». «Վերջին աշունը» գրքի կազմին Տիգրան Հայրապետյանի կնոջ՝ Նազենի Ղարիբյանի խոսքերն են:

Լուսանկարը` Մեդիամաքս
Newmag-ը հրատարակել է քաղաքագետ, լրագրող Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգության հինգերորդ եւ վերջին հատորը։
Նազենի Ղարիբյան, Տիգրան Հայրապետյանի կինը
«Նախորդ չորս հատորներից յուրաքանչյուրն ունի գաղափարական հստակ ուղղվածություն.

Լուսանկարը` Մեդիամաքս
Առաջին՝ «Պատերազմ եւ քաղաքականություն» հատորում ներկայացված է Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ խոհափիլիսոփայական ժառանգությունը։
Երկրորդ՝ «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» հատորը նվիրված է Ռուսաստանի եւ երրորդ աշխարհամարտի հնարավորության թեմային։
Երրորդ՝ «Փրկե՞նք հայրենիքը» եւ չորրորդ՝ «Անապատի հազար տարի» հատորներում ընդգրկված են հոդվածներ Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ։
Հինգերորդ հատորի համար մնացել էին բազմազան նյութեր, որոնք որեւէ կերպ հնարավոր չէր միավորել մեկ վերնագրի տակ։ Առաջարկեցի «բազմագիր» տարբերակը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Վերջին աշունը» գրքում ամփոփված են Տիգրանի խմբագրականները, կիսատ մնացած հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները։ Գրքի վերնագիրը փոխառված է ДДТ խմբի համանուն՝ Последняя осень երգից, որը Տիգրան Հայրապետյանը սիրում էր լսել, երգել եւ հաճախ մեջբերում էր իր խոսքերում ու հոդվածներում»։

Լուսանկարը` Մեդիամաքս
1990-ականներին Տիգրան Հայրապետյանը եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անկախ փորձագետ, ինչպես նաեւ մի շարք քաղաքական պարբերականների խմբագիր։ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Նրա հրապարակախոսական հոդվածներն ու վերլուծական նյութերը լույս են տեսել ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական մամուլում։
Աշոտ Բլեյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն
«1990-ականներին, երբ ակտիվ քաղաքական գործունեությամբ էի զբաղվում, Գերագույն խորհրդի պատգամավոր էի, Տիգրան Հայրապետյանը հասցրեց վատ բաներ գրել իմ մասին։ Այս պատմության լավն այն էր, որ նա ինձ նկատել էր, կարեւորել։ Նազենին միջնորդեց, որ հանդիպենք ու ծանոթանանք։ Դարձանք ընկերներ, եւ ես նրան առաջարկեցի խմբագրել «Նոր ուղի» շաբաթաթերթը։

Լուսանկարը` Մեդիամաքս
1998-ի արտահերթ նախագահական ընտրություններին ես առաջադրվեցի նախագահի թեկնածու։ Պետք էր մշակել «Նոր ուղու» քաղաքական ծրագիրը։ Տիգրանը համաձայնեց եւ անմիջապես անցավ գործի։ Մենք երկուսով զգում էինք վտանգն ու սպառնալիքը, ու հենց դա էլ մեզ միավորեց»։
Տիգրան Հայրապետյանը մահացել է 1999 թվականին՝ ավտովթարից։ Նրա կյանքի վերջին աշունը նշանավորվել է ոչ միայն քաղաքագիտական ու հրապարակախոսական ակտիվությամբ, այլեւ քաղաքական ներգրավվածությամբ՝ համագործակցելով ընդդիմադիր ուժերի հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Վերջին աշունը» գրքում ներառվել են նաեւ Տիգրան Հայրապետյանի պատմվածքները, որոնք հրապարակվում են առաջին անգամ։
Զոհրապ Բեկ-Գասպարենց, դերասան, ռեժիսոր, Տիգրան Հայրապետյանի մտերիմ ընկեր
«Քաղաքականությունից դուրս Տիգրանը ինձ հետ շփվում էր արվեստի լեզվով։ Ասում էր, թե ինչ է պետք մեր հասարակությանը, ինչ պիեսներ պետք է բեմադրվեն։ Մի անգամ թղթի վրա ինչ-որ բան գրեց, տվեց ինձ ու ասաց. «Սա պահիր, մինչեւ մենք երկուսով սա պիես դարձնենք»։ Դա «44 աստիճանի վրա» պատմվածքն էր, որը ես հետո բեմադրեցի։ Պիեսի թեման այնքան արդիական է, որ այսօր էլ այն խաղում են Համազգային պետական թատրոնում»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նախասրահում ցուցադրված էին Տիգրան Հայրապետյանի անձնական իրերը եւ կտավները։
Նազենի Ղարիբյան, Տիգրան Հայրապետյանի կինը
«1994 թվականի օգոստոսի աշխատանքներ են բոլոր կտավները։ Այդ ժամանակ նա չէր աշխատում, ասաց՝ «պահանջ ունեմ նկարելու, էլ չեմ ուզում գրել»։ Գնեցինք անհրաժեշտ պարագաները, եւ մեկ ամսում 12 նկար արեց։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօր այստեղ ցուցադրվում են խորհրդանշական իրերը։ Նրա գրքերից ընտրել եմ «Նոր կտակարանը», Նիցշեի ստեղծագործությունները, «Հռոմի պատմությունը», որոնց թերթերը մինչեւ հիմա ծալած են։ Բուդդայի արձանը, որը միշտ իր սեղանին էր, թղթի կտորներ՝ նշումներով, Հայաստանի սահմանադրությունը, նրա ձեռագրերը եւ, ամենակարեւորը, ռադիոն։ Ռադիոն միշտ միացրած էր. գիշեր-ցերեկ ականջին էր»։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանը, որտեղ պահպանվում է նրա անձնական գրադարանի մեծ մասը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ամեն տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է «Տիգրան Հայրապետյան» մրցանակաբաշխություն, որին այս տարի մասնակցել էին ոչ միայն կրթահամալիրի, այլեւ Հայաստանի տարբեր համայնքներից աշակերտներ ու ուսուցիչներ։
Միքայել Բադալյան, քաղաքագետ
«Ես ուսումնասիրում եմ Տիգրան Հայրապետյանի ժառանգությունն ու կենսագրությունը, թվայնացնում նրա ձեռագրերը։ Հիշում եմ՝ մի օր թերթերից մեկում նրա հոդվածն էի կարդում։ Գրված էր. «Այսօր մենք ազատագրեցինք Շուշի բերդաքաղաքը»։ Տպավորություն էր, կարծես՝ հայտնվել էի այդ ժամանակահատվածում, վերապրում էի այդ էմոցիաները։ Մտածում էի՝ ինչպիսի քաղաքագիտական հիմք է ունեցել Տիգրան Հայրապետյանը, որ նույնիսկ հաղթանակի էյֆորիայի ներքո չի կորցրել մտքի սթափությունն ու գրել է ռիսկերի եւ հնարավորությունների մասին»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Լավագույն քաղաքական-վերլուծական հրապարակման համար «Տիգրան Հայրապետյան» 2025 մրցանակը ստացավ Վահե Հովհաննիսյանը։
Վահե Հովհաննիսյան, քաղաքագետ
«Տիգրանը ասում էր՝ պետությունները պետք է ունենան ազգային միտք, որպեսզի ունենան հեռանկար։ Տիգրանը փորձում էր միտք ստեղծել. որքան շատ մարդ կարդա այս գրքերը, այնքան միտքը արժեքավոր կդառնա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս գրքերը, Տիգրանի տասնամյակների վաղեմության հոդվածները, մեր անցյալի մասին չեն, դրանք ելքեր գտնելու, այսօրվա իրավիճակից դուրս գալու մասին են»։
Ժաննա Բեքիրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: