Երեւան: Մեդիամաքս: Մարտի 3-ից երկու ամսով կդադարեցվի երթեւեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ դա պայմանավորված է Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման եւ հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացմամբ:
Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթեւեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետեւյալ փոփոխությունները.
- հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթեւեկություն, իսկ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթեւեկությունը դադարեցվելու է;
- հանգույցի վերգետնյա հատվածում թույլատրվելու է տրանսպորտային հոսքերի շարժումը բոլոր ուղղություններով, այդ թվում նաեւ ուղիղ՝ Մաշտոցի պողոտայի կողմից դեպի Հաղթանակի կամուրջ եւ հակադարձ՝ Հաղթանակի կամրջի կողմից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:
Արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հանգույցի վերգետնյա հատվածներում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից մինչեւ Գր.Լուսավորչի փողոց եւ Պարոնյան փողոցից մինչեւ Հաղթանակի կամուրջ ճանապարհահատվածներում:
«Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար թեթեւ մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթեւեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա-Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով», - հայտնում են քաղաքապետարանից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: