«Լացելուց ոտքդ նորից չի աճում». Արշակի եւ Լուսինեի սիրո եւ հաղթանակի պատմությունը - Mediamax.am

exclusive
7843 դիտում

«Լացելուց ոտքդ նորից չի աճում». Արշակի եւ Լուսինեի սիրո եւ հաղթանակի պատմությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


- Մաթեւոսյա՜ն…

 

Դուռը բացում ու ձայն է տալիս Արշակը։

 

Մինչ կինը՝ Լուսինեն, կգա, Արշակ Հովհաննիսյանն արագ ներկայացնում է իրենց տան կարգը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պայման ունենք. եթե տանը մեր երկուսից բացի ուրիշ մարդ կա, ես եմ տանտերը։ Դրա համար տուն գալուց միշտ հետս մարդ եմ բերում»։

 

Արշակի ու Լուսինեի ընտանիքում դժվար է հասկանալ՝ ո՞րն է լուրջ, ո՞րը՝ կատակ։ Նույնիսկ լուրջ թեմաների մասին ամուսինները ծիծաղով են խոսում։

 

Ծանոթացել են հիվանդանոցում՝ 1994-ի ձմռանը։ Արշակն Արցախյան պատերազմում ականների պայթյունից կորցրել էր երկու ոտքերը՝ մինչեւ ծնկները։

Լուսանկարը` Մեդիամաքս

«2 օր եմ նեղվել։ Հիշում էի, որ ոտք չունեմ, սկսում էի լացել։ Լացս կտրվում էր, հետո էլի հիշում էի, որ ոտք չունեմ, նորից լացում էի։ Հետս պառկած մի տղա կար՝ Աշոտը, որի հետ մինչեւ հիմա ընկերություն ենք անում, ինքը, իր հարազատներն ինձ ուժ էին տալիս, փորձում էին շեղել էդ վիճակից։ Իրենց վերաբերմունքն իմ անձի հանդեպ շատ օգնեց։ Ինքս ինձ ասացի՝ Արշա՛կ, հիմա դու լացում ես, բայց վաղն էլ օր կա, մյուս օրն էլ, էն մյուս օրն էլ, կյանքը շարունակվում է։ Լացես-չլացես, ոչինչ չի փոխվում, ոտքդ նորից չի աճում, ավելի լավ չի՞ չլացես։ Աշոտին ասացի՝ երաժշտություն միացրու»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արշակն ասում է, որ ընկճվելու մի պատճառ էլ կար. մինչ այդ երբեւէ չէր տեսել անդամահատված մարդ, չգիտեր՝ դրանից հետ իրեն ի՞նչ է սպասվում։ Ու այդ պատճառով, երբ արդեն հաղթահարել էր դժվարությունը, սկսեց սեփական օրինակով վիրավոր զինվորներին հուսադրել։

 

«Ընկերներով գնում էինք հոսպիտալ, հիվանդանոցներ՝ անդամահատված զինվորների մոտ, ասում էինք՝ եղբա՛յր, երբ ներս մտանք, դու մի բան զգացի՞ր, ասում էր՝ չէ, ասում էինք՝ մենք անդամահատված ենք, պրոթեզներով, բայց աշխատում ենք, ամուսնացել ենք, չընկճվեք։ Իսկ այն ժամանակ մեզ մոտ ոչ ոք չէր գալիս»։

 

Վիրավորվելու պահին Արշակը 20 տարեկան էր, մի քանի ամսից զորացրվելու էր։ Մինչ բանակ գնալը նշանվել էր, որ վերադառնար, ամուսնանային, մեկնեին Ռուսաստան, որտեղ հայրն ու հարազատներն էին. մայրը մահացել էր։ Բայց վիրավորումից հետո աղջիկը հրաժարվեց ամուսնանալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թվում է՝ տխուր պատմություն է, բայց Արշակը, առանց սենտիմենտալության, մի շնչով պատմում ու անցնում է իր կյանքի ամենակարեւոր հանդիպմանը։

 

- Նոր էին հեռացրել ոտքերս։ Էն ժամանակ տեխնիկումներից մեզ մոտ պրակտիկայի էին գալիս։ Լուսինեենց կուրսն էլ եկավ։

 

- Ես կուրսի ավագն էի, կուրսղեկն ուղարկել էր, որ բոլորին հավաքեմ, գնանք,  վիրահատություն տեսնենք։ Գնացի 2-րդ հարկ, 16-րդ պալատ, որ կանչեմ աղջիկներին, տեսնեմ՝ ամբողջ կուրսը Արշակին է շրջապատել։ Արշակն ինձ տեսավ, ասեց՝ դու էլ արի։ Ասացի՝ է՞ս ով է, ու դուրս եկա,- պատմում է Լուսինեն։

 

Հետո Արշակն առաջին հանդիպման իր տարբերակն է ներկայացնում, թե ինչպես Լուսինեն տեսավ ու անմիջապես սիրահարվեց իրեն, ինչպես կինոյում է լինում։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ինչի՞ ես ստից բաներ խոսում,- միջամտում է Լուսինեն։

 

- Որ հետաքրքիր լինի,- ծիծաղում է Արշակը։

 

- Հաջորդ օրը նորից պրակտիկայի էինք։ Բժիշկն ինձ ասեց, որ Արշակի թիկունքի կարերը հաշվեմ։ Հաշվեցի, կարծեմ՝ 54 հատ էր։ Ինքն իրեն էնպես էր պահում, որ մինչեւ էդ պահը ես չէի հավատում, որ իրոք վիրավոր է, կարծում էի՝ սիմուլյանտ է։ Հետո ասեց՝ ոտքի կարերը հաշվեք։ Որ տեսա ոտք չունի, մի քիչ ազդվեցի, որովհետեւ նախորդ օրն իրեն վիրավորել, կոպտել էի։ Երկու օր չեկա հիվանդանոց։ Հետո հեռախոսի համարներով փոխանակվեցինք։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Մինչեւ հիմա հիշում եմ. 1994 թիվն էր, կապը շատ վատն էր, ձայնս էլ՝ կտրված։ Կես ժամ բժիշկների սենյակից զանգում եմ Լուսինեին, զանգ չի գնում, բժիշկները համբերատար ձայն չեն հանում։ Մեկ էլ զանգը գնաց, ախպերը վերցրեց։ Կտրված ձայնով ասում եմ՝ Լուսինեին կարելի ա՞։ Ախպերն էլ, թե՝ լավ չի լսվում, մի հատ էլ զանգի, ու դրեց։

 

Հետո Արշակին ուղարկում են պրոթեզավորման, Լուսինեի կուրսին էլ՝ պրակտիկայի՝ պրոթեզարան։ Արշակը հիշում է, թե ինչպես առաջին անգամ պրոթեզներով, պատին ամրացված զուգափայտերը բռնած՝ 2 անգամ գնաց-եկավ, հետո մի ձեռքով բռնվելու թույլտվություն խնդրեց, հետո փորձեց առանց բռնվելու քայլել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բժիշկը խորհուրդ տվեց ձեռնափայտ կամ հենակներ չօգտագործել, ասեց՝ կսովորես դրանց, հետո չես կարողանա թողնել։ Պատից բռնվելով, ձեռքդ պատին քսելով՝ գնա, կարեւորը՝ հենման կետ ունենաս»։

 

Արշակի հենման կետը դարձավ Լուսինեն։ 6 ամիս դասի փոխարեն ամեն օր պրոթեզարան էր գնում, Արշակի թեւը մտած՝ զբոսնում էին բուսաբանական այգում։ Ուսումնարանում բացակայությունները շատ էին, ստիպված էր տարկետում վերցնել։ Բայց դա միակ խնդիրը չէր։ Ընտանիքն իմացել ու արգելել էր Արշակի հետ հանդիպել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Չորս անգամ փախել ենք»,-ասում ու ծիծաղում եմ ամուսինները։ Ամեն փախուստից հետո Լուսինեի ընտանիքը խոստանում էր՝ «գնանք տուն, եկեք, շնորհքով ուզեք»։ Գնում էին շնորհքով ուզելու, «ինչի՞ եք եկել, մենք ձեզ աղջիկ չենք տալու»,-ասում էին։

 

Առանց հարազատների օգնության, մեծ խնդիրներ հաղթահարելով՝ երիտասարդ ընտանիքը սկսեց իր դժվար, բայց երջանիկ կյանքը։ Ծնվեց տղան, հետո՝ աղջիկը։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Սկզբում չէի էլ պատկերացնում՝ ոնց ենք ապրելու։ Նյութական իմաստով շատ վատ վիճակում էինք, շատ դժվար։ Տունն ահավոր վիճակում էր, երկուսով ենք սարքել, ամեն մեխ միասին ենք ավելացրել։ Մեր բոլոր հարազատները դրսում էին, ոչ ոք մեզ չէր օգնում,- պատմում է Լուսինեն։

 

- Մի հատ «սեռի» հաց էինք առնում, որովհետեւ ամենաէժանն ու ամենախիտն էր, մի տուփ պարսկական փլավ, կարծեմ՝ 110, թե 130 դրամ էր, երկու օր ուտում էինք,- հիշում է Արշակը։

 

- Դժվար էր, բայց մենք միշտ շատ ուրախ ենք եղել։ Մեր բախտը բերել է, որ լավ ընկերներ ունենք, ամեն ինչ իրենց օգնությամբ ենք հաղթահարել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արշակը մի քանի մասնագիտություն ունի՝ ատամնատեխնիկ, սոցաշխատող։ Հիմա վարսավիրությամբ է զբաղվում։ Նոր Նորքի 1-ին զանգվածում փոքրիկ վարսավիրանոց ունի, որտեղ նաեւ պատճենահանման, տպագրական սարքեր կան։ Բայց օրվա տարբեր ժամերին վարսավիրանոցի դուռը փակում ու գնում է պարահոկեյի կամ անվասայլակովով բասկետբոլի, «Զինվորի տանը»՝ ազգային ու սայլակով պարերի։

Լուսանկարը` Մեդիամաքս

«6 հոգով 5 ոտք ունենք»,- ծիծաղում է Արշակը՝ պարի դասի տեսագրությունը ցույց տալով։

 

Մի երազանք էլ ունի՝ ուզում է դհոլ նվագել սովորել. «Բա չկարողանա՞մ «Արցախը» դհոլով խփեմ»,-ասում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արշակը շուտով 50 տարեկան կդառնա։ Ամեն ապրած օրն է վայելում, հատկապես՝ պապիկ դառնալուց հետո։ Ծառայության ընթացքում ստացած հաշմանդամությունը երբեք չի շահարկում. փակված թեմա է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինեն պատմում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ Արշակն իրերը հավաքել, պատրաստվում էր Արցախ մեկնել։

 

«Ես որպես վարորդ էի գնում։ Ես վազել, նույնիսկ պպզել չեմ կարող, որ թաքնվեմ, ու թույլ չէի տա, որ ուրիշն իմ պատճառով հետ ընկնի, ինձ օգնի։ Գնացի՝ որպես վարորդ, բայց չէի ասել, որ հաշմանդամ եմ։ «Վիլիս» տվեցին, չկարողացա քշել։ Ասեցի՝ մի օր թողեք մոտս մնա, ընտելանամ, որովհետեւ ցանկացած մեքենա քշելուց առաջ մի բան փոխում, ավելացնում եմ, որ ինձ հարմար լինի։ Չտվեցին, ասեցին՝ մի ժամից պիտի մեկնես։ Էդպես, չկարողացա քշել ու չգնացի»։

 

Արշակի համար հաշմանդամությունը երբեք խնդիր չի եղել։ Կյանքն ապրում է լիարժեք՝ ամեն հնարավորություն օգտագործելով։ Կափսոսա, եթե կյանքում մի բան բաց թողնի, չհասցնի։

 

«Հետաքրքիր է ինձ էս կյանքը։ Մարդկանց մեծ մասը սպորտի չի գնում, ոչնչով չի զբաղվում, միայն՝ աշխատանք-տուն։ Իսկ հաշմանդամությունը ոնց որ «թասիբի» գցի. ասում է՝ նայի՝ ինչ հնարավորություններ ունես, դու դեմք ես, ինչ ուզես՝ կարող ես անել, որ տարբերվես բոլորից, գտնես քո մեջ նորանոր բաներ, որը հենց քոնն է եւ չէիր գտնի, եթե չլինեիր հաշմանդամ։ Պարը, հոկեյը, բասկետբոլը, մի բան իմն է, չէ՞։  Ես ուզում եմ հասկանալ՝ կյանքն ինչի՞ է ինձ էս ուղղությամբ բերել, ուրեմն՝ մի պատճառ կա»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին