Էջմիածնի Մայր տաճարի «ողնաշարի վիրահատությունը» հաջող է անցել - Mediamax.am

exclusive
5007 դիտում

Էջմիածնի Մայր տաճարի «ողնաշարի վիրահատությունը» հաջող է անցել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամիրան Բադիշյանը
Ամիրան Բադիշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավելի քան երեք տարի է՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Մայր տաճարը փակ է այցելուների համար։ Հիմնանորոգման մեծ մասն արված է, բայց մասնագետները դեռեւս զգուշանում են վերջնաժամկետ նշելուց. պատմական կառույցների վերականգնմանը բնորոշ չնախատեսված խնդիրների պատճառով մի քանի անգամ արդեն ստիպված են եղել փոխել ծրագրերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի սկզբանե Մայր տաճարի հիմնանորոգման հարց չի եղել։ 2012-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մասնագետներին հանձնարարել էր տաճարի տանիքը մաքրել բուսածածկույթից եւ մասնակի նորոգումներով կանխել բույսերի հետագա աճն ու կառույցի քայքայումները։ Երբ տախտակամածեր կապվեցին եւ հնարավոր եղավ ուսումնասիրել բարձրադիր հատվածները, պարզվեց, որ տաճարն ամբողջությամբ՝ ներսից ու դրսից, հիմքից մինչեւ գմբեթ, անհապաղ ամրակայման եւ հիմնանորոգման կարիք ունի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանն ասում է՝ 10 տարի առաջ, երբ «Հորիզոն 95» շինարարական ընկերությունն իրեն առաջարկվեց զբաղվել նախագծով, ժամանակ խնդրեց մտածելու համար։ Շուրջ 1700-ամյա սրբության հետ աշխատանքը որքան պատասխանատու, նույնքան գայթակղիչ էր, իսկ մասնագիտական փորձառությունը՝ պարտավորեցնող։

 

«Եթե արտաքին քայքայումներն ու վնասվածքներն ակնհայտ էին, ապա տաճարը ներքուստ սվաղված, պատված է որմնանկարներով, եւ ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ այդ նկարազարդման թվացյալ բարվոք տեսքի տակ թաքնված են կործանարար ճեղքեր, ճաքեր, խաթարումներ, դեֆորմացիաներ»։

Ամիրան Բադիշյանը Ամիրան Բադիշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրերը փոխվեցին։ Ձեւավորվեց բազմապրոֆիլ մասնագիտական թիմ, նոր հետազոտություններ, նախագծեր արվեցին։ Ամենավտանգավորը գմբեթն ու տաճարի ամբողջ ծավալը պահող 4 սյուների եւ կողային կամարների վիճակն էր։ Դրանք վերջին անգամ ամրացվել էին 1954-1955 թվականների նորոգման ժամանակ։ Ամիրան Բադիշյանն ասում է, որ այդ աշխատանքների շնորհիվ էր տաճարը «դիմացել», հասել մինչեւ մեր օրերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկզբում մտածում էին տաճարը հատվածաբար վերանորոգել, որ մարդիկ կարողանան այցելել, մոմ վառել, աղոթել։ Բայց վնասված որմնանկարների շերտերը հեռացնելիս բացահայտվեցին ճարտարապետական եւ կոնստրուկտիվ տարրերի լուրջ խնդիրներ։ 2018-ի վերջին ստիպված էին Մայր տաճարն ամբողջությամբ փակել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներքին մակերեսներից ապամոնտաժվեցին որմնանկարների զգալի մասը, սկսվեց հիմնանորոգման ու ամրակայման մեծածավալ աշխատանք։ Ամիրան Բադիշյանն ասում է՝ արված աշխատանքը, գուցե, շատերի համար տեսանելի չլինի։ Իրենց նպատակն էլ հենց այդ էր՝ փրկել հուշարձանը՝ պահպանելով տեսքը։

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Կարեւորը՝ այդ հսկայածավալ աշխատանքը ոչ մասնագիտական, երբեմն նաեւ մասնագիտական աչքի համար նկատելի չէ, որովհետեւ հիմնական աշխատանքները կատարվել են «ներքին օրգանների», հիմնականում՝ «ողնաշարի վիրահատական մոտեցմամբ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս պահին ճարտարապետական եւ կոնստրուկտիվ ամրակայման մասով աշխատանքները գրեթե ավարտվել են, շատ քիչ բան է մնացել։ Հիմա որմնանկարներն են վերատեղադրվում, ներքին սալահատակի հարցը դեռ կա, ընթանում են բակի բարեկարգման աշխատանքները։ Ծանր ու ծավալուն աշխատանքից հետո կարեւոր է, որ ավարտական շտրիխները հապճեպ չարվեն»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Զանգակատան վեղարը նորոգելիս՝ մոտ 160 կուժ ու կարաս է դուրս բերվել։ Ճարտարապետը բացատրում է՝ դա ընդունված շինարարական հնարք է. հուշարձանի այն հատվածում, որտեղ ծավալը մեծ է, եւ կոնստրուկցիան թեթեւացնելու կարիք կա, նախկինում հարցը լուծել են կերամիկական իրերի կիրառմամբ։

 

«Այստեղ աննախադեպ էր այդ իրերի քանակը։ 17-րդ դարի կերամիկայի մի ամբողջը հավաքածու է։ Քանի որ դրանք տարաբնույթ ու տարբեր չափերի էին, հասկանալի է, որ հատուկ շինարարության մեջ կիրառելու նպատակով չեն պատրաստվել։ Տարբեր տեղերից մարդիկ բերել, նվիրատվություն են արել»,- ասում է վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետը։

 

Դրանց մի մասը՝ մոտ 40 տոկոս, նորից վերատեղադրվել է՝ պահպանելու համար նախկինում կիրառված շինարարական տեխնիկան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերատեղադրվում են նաեւ որմնանկարները, որոնք ապամոնտաժվել էին տաճարի վնասված հատվածներից, հիմնականում՝ սյուներից ու կամարներից։ Դրանք նախկինում էլ փոշուց ու մրից մաքրվել, մասնակի վերականգնվել են, բայց՝ ոչ այս ծավալով։ Աշխատանքի ընթացքում հին որմնանկարների նոր հատվածներ են բացվել, որոնք ցուցադրվելու են Մայր Աթոռի թանգարանում։

 

«Գոյություն ունեն Նաղաշ Հովնաթանյանի՝ 1720 թվականին արված որմնանկարները, կա նրա տղայի արած նկարները, թոռան՝ Հովնաթան Հովնաթանյանի կատարած հիմնանորոգումը։ 1954 թվականին Լիդիա Դուրնովան բավականին հզոր եւ մեծ աշխատանք է կատարել՝ օգտագործելով պահպանված հին որմնանկարները եւ կատարելով լրացումներ։ Հիմա մենք վերականգնում ենք այն հատվածները, որոնք կարիք ունեն վերանայման, ամրակայման»,- ասում է որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Արժանիկ Հովհաննիսյանը։

 

Օդափոխման նոր համակարգը պաշտպանելու է որմնանկարները խոնավությունից։ Ծուխն ու մուրն էլ խնդիրներ չեն ստեղծի. մոմավառության համար տաճարի հարեւանությամբ առանձին սրահ է կառուցվում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուշարձանի ամրակայմանն ու պահպանմանը զուգահեռ նաեւ կարեւոր բազմաթիվ փաստեր են բացահայտվել ու արձանագրվել, որոնք պատկերացում են տալիս Մայր տաճարի նախնական ձեւի վերաբերյալ։

 

«Մինչ այս՝ մասնագետները, որոնք փորձել են վերծանել տաճարի նախնական կերպարը, առաջնորդվել են զուտ տեսական վերլուծություններով եւ ճարտարապետության տիպաբանական, ոճային զարգացումներով։ Նրանց հիմնական թեզն այն էր, որ հատկապես հայկական քրիստոնեական ճարտարապետությունը սկսվել է բազիլիկ կառույցներով։ Սա աքսիոմա դարձած տեսակետ է եղել։ Բայց պահպանված շերտերի, պատերի շարվածքի, շաղախի մեջ բացահայտված դետալներն ու հանգույցները, որոնք հետագայում պետք է դառնան համապարփակ վերլուծական աշխատություն, փաստում են, որ սա առաջին կենտրոնագմբեթ տիպի տաճարն է։ Հետո այդ տիպը տարածվել է Եվրոպայում, Բյուզանդիայում եւ այլուր»,- ասում է Ամիրան Բադիշյանը։

 

Մայր տաճարի հիմնանորոգման համար նախատեսված համահայկական դրամահավաքը շարունակվում է։ Մայր Աթոռից վստահեցնում են՝ միջոցների անբավարարությունը երբեւէ պատճառ չի եղել աշխատանքները հետաձգելու։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շինարարության երկարաձգման պատճառը կապված է անկանխատեսելի  խնդիրների հետ, որոնք առաջանում են ընթացքում, երբ նոր նախագծի, նախահաշվի, փորձաքննության անհրաժեշտություն է առաջանում։ Դրամահավաքն այսօր էլ շարունակվում է, բայց, վստահաբար, Մայր տաճարի շինարարությունը նյութական պակասի պատճառով չի ընդհատվի»,- ասում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

 

Հիմնանորոգման պատասխանատուները հուսով են՝ մինչեւ տարեվերջ կավարտեն աշխատանքները։ Խոստանում են՝ Մայր տաճարն առնվազն մի քանի հարյուրամյակ այսպիսի լուրջ նորոգման կարիք չի ունենա։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին