Սարերի կավն ու մշակույթը՝ վարպետ Վահագնի արհեստանոցում - Mediamax.am

exclusive
2497 դիտում

Սարերի կավն ու մշակույթը՝ վարպետ Վահագնի արհեստանոցում


Վահագն Համբարձումյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին
Վահագն Համբարձումյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին

Լուսանկարը` Sisian Ceramics

Վահագն Համբարձումյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին
Վահագն Համբարձումյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին

Լուսանկարը` Sisian Ceramics

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահագն Համբարձումյանը
Վահագն Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահագն Համբարձումյանը
Վահագն Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահագն Համբարձումյանը
Վահագն Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահագն Համբարձումյանի կինը՝ Զառա Գասպարյանը
Վահագն Համբարձումյանի կինը՝ Զառա Գասպարյանը

Լուսանկարը` Sisian Ceramics

Լուսանկարը` Sisian Ceramics

Լուսանկարը` Sisian Ceramics

Լուսանկարը` Sisian Ceramics


Վարպետ Վահագնը 18 տարի շարունակ ամեն առավոտ բացում է արհեստանոցն ու անցնում սիրելի աշխատանքին: Տարիների ընթացքում նրա աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ ստիպել են անել միայն դուստրերը, որոնց դպրոց տանելու hամար արհեստանոցը սկսել է բացել առավոտյան 9-ին:

 

«Երեխաներին տանում եմ դպրոց ու գալիս այստեղ: Ամռանն ավելի շուտ եմ գալիս՝ առավոտյան 7-ին: Արհեստանոցն ամբողջ օրը բաց է: Այստեղ ե՛ս եւ աշխատում եմ, ե՛ւ հանգստանում, սա իմ տունն է»,- ասում է կավագործ վարպետը:

 

Վահագն Համբարձումյանը Sisian Ceramics-ում կարողացել է համադրել խեցեգործությունն ու հայկական մշակույթը, այնուհետեւ դրան ավելացրել նաեւ բիզնես բաղադրիչը: Արհեստանոցը տարիների ընթացքում «պարտադիր» կանգառ է դարձել Սյունիք այցելող զբոսաշրջիկներից շատերի համար:

 

Կավի հետ առաջին ծանոթությունը

 

Առաջին ծանոթությունս կավի հետ եղել է գրքերից, 3-4-րդ դասարանում էի, հետո մինչեւ 16 տարեկանը ոչ մի առնչություն չունեցա: Արդեն դպրոցն ավարտելու ժամանակն էր, երբ իմացա Սիսիանում ապրող մի կավագործի մասին, գնացի իր մոտ, խնդրեցի՝ մի քիչ կավ տա, տանեմ տանը աշխատեմ: Իրականում, չգիտեի ինչ անել վերցրածս կավի հետ, խաղում էի, էլի:

 

Վահագն Համբարձումյանը Վահագն Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Դպրոցն ավարտեցի եւ ընդունվեցի Սիսիանի պետական քոլեջ՝ կիրառական արվեստի բաժին եւ դրան զուգահեռ արդեն սկսեցի գնալ այն նույն կավագործի մոտ սովորելու: Նա ինձ առաջարկեց սովորելու ընթացքում նաեւ աշխատել: Կավից ծաղկամաններ էի սարքում կաղապարների մեջ, բայց դրանով գումար վաստակել չէր լինում այն ժամանակ: Սկսեցի առեւտուր անել, բանջարեղենի խանութ բացեցի, գործերս վատ չէին, բայց որոշ ժամանակ հետո որոշեցի ամեն ինչ թողնել, խանութը վաճառել, գումարը վերցնել ու գնալ Երեւան:  

 

Երեւանում ավելի փորձառու վարպետների մոտ կավագործություն սովորեցի եւ աշխատանքի ընդունվեցի կավե ձեռագործ աշխատանքների արտադրությունում։ Երեք տարի աշխատեցի այնտեղ: Այդ ընթացքում նրբություններ յուրացրի, հասկացա, որ շատ բաներ պիտի ինքնուրույն սովորես, ոչ թե սպասես, որ քեզ սովորեցնեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն հստակ որոշում ունեի Սիսիան վերադառնալ եւ սեփական փոքրիկ արհեստանոցը բացել, բայց ընդունվեցի Երեւանի պետական մանկավարժական համալսարան, տեղափոխվեցի հեռակա բաժին եւ վերադարձա Սիսիան:

 

2004 թվականին սկսեցի դպրոցում աշխատել ու դրան զուգահեռ արհեստանոց բացելու առաջին քայլերն արեցի: Մոտ 4-5 տարի դպրոցում աշխատելուց հետո հասկացա, որ ուզում եմ ժամանակս ամբողջությամբ կավագործությանը տրամադրել:

 

Անկախ դժվարություններից՝ ոչ մի դեպքում հեռու չգնացի կավից: Ոնց որ մի աղջկա տեսնես, սիրահարվես եւ ոչ մի կերպ չհրաժարվես նրանից։ Ես այդպես սիրահարվել էի կավին եւ ոչ մի դժվարություն ինձ չեր վախեցնում:

 

Ուսումնասիրում էի հին ժամանակների հայկական խեցեղենն ու նրանց նախշերի նշանակությունը: Հայաստանում կավի այնպիսի նմուշներ ունենք պահպանված, որոնց արմատները գնում են մինչեւ մ․թ․ա․ 5-րդ հազարամյակ:

 

Սարերի կավն ու տեսակները

 

Արհեստանոցում օգտագործվող ողջ կավը Սիսիանի սարերից է: Սկզբում կավի նմուշ ենք բերում, փորձում ենք, տեսնում՝ ինչ տեսակի կավ է՝ կոշտ, նուրբ, թե յուղային։ Մի քանի անգամ փորձեր ենք անում, մոտավորապես պատկերացնում ենք, թե դրանից ինչ կարելի է պատրաստել:

 

Հիմնականում 5-7 տեսակի կավ ենք օգտագործում, որոնք տարբեր աստիճանի յուղայնություն ունեն՝ 3 տեսակ Իշխանասարից ենք բերում, մեկը՝ հենց Սիսիանից, մյուս տեսակները՝ Բարձրավան գյուղից, Տոլորսից եւ Հացավանից:

Վահագն Համբարձումյանը Վահագն Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կավեր կան, որոնք շատ հեշտ ենք հավաքվում, մեքենան կանգնեցնում ենք կողքն ու հավաքում: Կան տեղեր, որոնց չես կարողանում մեքենայով մոտենալ, գնում ենք պարկով: Բայց երբ կավը լավն է, այդ ծանր աշխատանքին չես նայում, քանի որ գիտես՝ արդյունքն էլ պետք է լավը լինի:

 

Ամբողջ պրոցեսում ամենաբարդ աշխատանքը կավը մշակելն է: Ընդհանրապես, Հայաստանի կավերը դժվար մշակվող են, բայց վերջնական արդյունքը բավականին որակով է լինում:

Վահագն Համբարձումյանը Վահագն Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կավի մշակման պրոցեսում առաջին հերթին դրա մեջից հանում ենք քարերը, հետո այն ջրով բացում, որ մնացած քարերն էլ նստվածք տան, իսկ ջրի երեսին հայտնվեն կավին խառնված բույսերը, սերմերը: Հետո ջրի մեջ լուծված կավը լցնում ենք մեկ ուրիշ տարայի մեջ, լավ պտտում ենք, մեջի կոշտ մասերը վերացնում ենք եւ փռում ենք արեւի տակ: Այսպիսի արտահայտություն կա՝ «արեւ կերած կավը լավ կպնում է»։ Արեւը կավի մեջ որոշակի միկրոէլեմենտներ է առաջացնում, որն այն դարձնում է շատ պլաստիկ, նաեւ՝ առողջարար: Հետո քիչ-քիչ պնդեցնում ենք կավը, հասցնում այն աստիճանին, որով հարմար է աշխատել, այնուհետեւ փաթաթում ենք ցելոֆանների մեջ եւ պահեստավորում: Կավի տեսակներ էլ կան, որոնց ձմռանն ենք թողնում դրսում, որ «ցուրտը վախեցնի»: Այդ կավը հետո դժվար է հունցվում, բայց դրանցից կարելի է բարձրակարգ աշխատանքներ ստանալ:

 

Պետք էր նաեւ գումար աշխատել

 

Արհեստանոցը բացելու սկզբնական շրջանում կավից պատվերներ շատ քիչ էի ընդունում, ավելի շատ ինքս ինձ համար էի զբաղվում, բայց, քանի որ այլ աշխատանք չունեի, իսկ նյութերի, վառարանների, ջնարակների ծախսերը բավականին շատ էին, ստիպված սկսեցի մտածել նաեւ կավագործության միջոցով գումար աշխատելու մասին:  

 

Այդ ընթացքում նաեւ հասցրեցի ամուսնանալ (ծիծաղում է- խմբ.): Կինս մասնագիտությամբ նկարչուհի է: Գործի մեջ սկսեց ինձ շատ օգնել, բայց իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, երբ երկու ստեղծագործող մարդ սկսում են միասին աշխատել: Պիտի փորձես կողքինիդ մտածողությանը, ստեղծագործական ազատությանը չխանգարել եւ հակառակը: Մեզ մոտ, կարծես թե, ստացվեց ու միասին մեր բիզնեսի հիմքը դրեցինք, որն էլ հետագայում ստացավ Sisian Ceramics անունը:

Վահագն Համբարձումյանի կինը՝ Զառա Գասպարյանը Վահագն Համբարձումյանի կինը՝ Զառա Գասպարյանը

Լուսանկարը` Sisian Ceramics

Կինս զարդերի պատվերներ էր ընդունում, ես՝ խեցեղենի, այնքան, որ մենք մեզ «յոլա» էինք տանում, որ կարողանայինք պահել արհեստանոցը: Հիմա մի քիչ փոխվել է, հասկանում ես՝ նյութական կողմն էլ պետք է ապահով լինի, որ կարողանաս ավելի ներկայանալի լինել:

 

Դրանից հետո սկսեցի արհեստանոցում պարբերաբար աշակերտներ ունենալ, բայց հիմնական նպատակս զուտ կավագործության տեխնիկան սովորեցնելը չէր, այլ երեխաներին ազգայինին ավելի մոտ պահելը, վարպետ ունենալու եւ վարպետանալու մտածողությունը սովորեցնելը, նաեւ զբաղմունք չունեցող երեխաներին ուղղակի փողոցից կտրելը ու ինչ-որ նոր բան սովորեցնելը:

 

Բացի Սիսիանից՝ աշակերտներ եմ ունեցել Եղեգնաձորից, Երեւանից, Էջմիածնից, որոնք իրենք են արդեն վարպետ դարձել:

Լուսանկարը` Sisian Ceramics

Այսօր Sisian Ceramics-ում ընդունում ենք նաեւ հանրակրթական դպրոցի աշակերտների էքսկուրսիոն խմբեր, բայց չենք բերում ուղղակի կավով մի բան սարքեն եւ գնան: Կավով «խաբում», գայթակղում բերում ենք, հայկական մշակույթի, զարդանախշերի եւ դրանց նշանակության մասին պատմում:

 

Հետագայում զբոսաշրջային կազմակերպությունները սկսեցին մեզնով հետաքրքրվել եւ աշխատել մեզ հետ։ Արդեն համագործակցում ենք մի քանի ընկերությունների հետ, որոնց պարբերաբար մեր թարմացումներն ուղարկում ենք, որպեսզի տեղյակ լինեն նոր ծառայություններից եւ գներից՝ ավելի համակարգված աշխատելու համար:

 

Մեր գովազդողները մեր հյուրերն են

 

Արհեստանոցի գովազդով այդքան էլ չենք զբաղվում, ճիշտ է՝ ֆեյսբուքյան էջ ունենք, բայց մեր հիմնական գովազդողները մեր հյուրերն են՝ զբոսավարները, ուսուցիչները, աշակերտներն ու զբոսաշրջիկները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնական հյուրերը արտերկրից էին լինում. հյուրեր ենք ունեցել Եվրոպական երկրներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, նույնիսկ՝ Աֆրիկայից: Տեղացի զբոսաշրջիկներն առավել ակտիվացել են համավարակի տարածվելուց հետո: Մեզ համար ամենալավ տարին 2020-ը պետք է լիներ, քանի որ արհեստանոցն արդեն բավականին ճանաչում եւ հեղինակություն ուներ, բայց համավարակն ու պատերազմը, ինչպես բոլորի կյանքում, այնպես էլ մեզ մոտ, շատ բան փոխեցին:

Վահագն Համբարձումյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Վահագն Համբարձումյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին

Լուսանկարը` Sisian Ceramics

2020թ.-ից հետո զբոսաշրջիկների հոսքը շատ է թուլացել, մեկ հայտարարություն, մեկ լուր կրակոցների մասին եւ մարդիկ զգուշանում են այստեղ գալ:

 

Հիմա արհեստանոցի համար գոյատեւումը բավականին բարդացել է, քանի որ եկամուտի հիմնական աղբյուր մնացել են միայն պատվերները: Ամեն դեպքում, շարունակում ենք գոհանալ եւ արած գործից լավ զգալ:

 

Հացատուն բացելու գաղափարը

 

Արհեստանոցի վերեւի հարկում հացատուն բացելու գաղափարը եւս տվեցին  զբոսաշրջիկները: Գալիս էին մեզ մոտ, հետո սկսում սնվելու վայր փնտրել։ Գաստրոնոմիկ առումով Սիսիանում ընտրությունն այդքան էլ մեծ չէ, դրա համար էլ որոշեցինք հենց այստեղ մեր հյուրերին ծանոթացնել Սիսիանի խոհանոցին:

 

Մեր մենյուն առատ չէ, բայց ներկայանալի է, որը պատմում է Սիսիանի ավանդական կերակրատեսակների մասին: Սպասքն ամբողջությամբ կավից է, տաք ուտեստները եւս պատրաստում ենք կավե կաթսաների, կճուճների մեջ:

Լուսանկարը` Sisian Ceramics

Ներառել ենք այնպիսի կերակրատեսակներ, որոնք համախմբել են ոչ միայն ընտանիքին, այլ հարեւաններին եւ բարեկամներին, դրանցից մեկը չորաթանի հիմքով պատրաստվող քյալագյոշն է։ Մենյուում ունենք հաճարով փլավի տարբեր տեսակներ, հարիսա՝տավարի մսով, ղավուրմայով: Շատ ենք օգտագործում մեզ մոտ աճող կանաչիները: Տեղական կուտափ ենք պատրաստում, որը ժինգյալով հացի Սիսիանի տարբերակն է: Սեզոնից կախված՝ դրա միջուկը կարող է տարբեր լինել, մարտին շրեշտը, հետո՝ աղինջը եւ այդպես շարունակվում է մինչեւ ուշ աշուն: Ավելուկով, ծնեբեկով շատ կերակուրներ ունենք: Ծնեբեկը Սիսիանում միշտ են օգտագործել, երբ դեռ Հայաստանում, շատ ռեստորաններում այն այդքան էլ տարածված չէր:

Լուսանկարը` Sisian Ceramics

Մեր խոհանոցը եւս փորձել ենք կապել ազգային մշակույթի եւ ավանդույթների հետ։ Հյուրերին սեղանի շուրջ նստեցնում ենք այնպիսի հերթականությամբ, ինչպիսին ընդունված էր ժամանակին հայկական մեծ ընտանիքներում. սեղանի գլխավերեւում նստել է տան մեծ տղամարդը, հետո աջ եւ ձախ կողմերին մեծից փոքր նստել են տան մյուս տղամարդիկ, հետո նստել են կանայք, որոնց հերթականությունը, սակայն չի որոշվել տարիքով։ Տղամարդկանց կողքին առաջինը նստել է այն կինը, որն ավելի շատ երեխա է ունեցել, այդ տեղը համարվել է առավել պատվավոր: Սրանով խրախուսվել է մայրությունը, շատ երեխաներ ունենալը: Իսկ սեղանի մյուս գլխամասում նստել է տան հիմնական կերակուր պատրաստողը:  

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին