Պատմության էջը ետ շրջելու ու ցամաք հացի արժեքի մասին. սերժանտ Մաթեւոսյան - Mediamax.am

9281 դիտում

Պատմության էջը ետ շրջելու ու ցամաք հացի արժեքի մասին. սերժանտ Մաթեւոսյան


Մարտին Մաթեւոսյանը
Մարտին Մաթեւոսյանը
Մարտին Մաթեւոսյանը եւ Վաչե Վարդանյանը
Մարտին Մաթեւոսյանը եւ Վաչե Վարդանյանը

«Նախքան բանակը բոլոր նպատակներս Ռուսաստանի հետ էին կապված: Ընտանիքս 10 տարուց ավել այնտեղ է ապրում, սեփական բիզնես ունենք: Ծառայությունից ու պատերազմից հետո ինձ համար ամեն ինչ փոխվեց, որոշել եմ մնալ այստեղ ու սկսել զրոյից»:

 

22-ամյա Մարտին Մաթեւոսյանը վերջերս է վերադարձել ծառայությունից: Թե ինչպես է փոխել նրան պատերազմը, ինչ է ապրել այդ օրերին, նա պատմել է Մեդիամաքսի հետ զրույցում:

 

Մարտեր, շրջափակում, նահանջ

 

Ջրականում եմ ծառայել: Նախքան պատերազմը ծառայությունն ուրախ էր անցնում, մթնոլորտը շատ լավն էր, մեր գումարտակն էլ բոլորը գիտեն՝ լեգենդար 4-րդ գումարտակն է: Պատերազմը որ սկսվեց, սերժանտ էի, զենքս 60 մմ ականանետն էր:

 

Առավոտյան 7 անց 20 ճաշարանի համար շարված էինք, երբ բարձր ձայն լսեցինք ու որոշվեց զորքը ցրել: Դրանից հետո օդում պայթյուն եղավ: Անօդաչուով խփեցին մեր զենքի պահեստին, որից վայրկյաններ անց միացավ տագնապի ազդանշանը: Զորքը շատ արագ հանդերձավորվեց, ու գնացինք դիրքեր՝ մի րոպե շուտ հասնելու մեր ընկերներին:

Ճանապարհից երեւում էր արդեն, թե ինչ է կատարվում, ահավոր տեսարան էր, բայց տղերքը ուրախ երգերով էին բարձրանում դիրք: Հիմա եմ հասկանում, որ միայն մեր առաջնագիծ հասնելն ինքնին հրաշք էր:

 

 

 

Հասանք ու միանգամից մտանք թեժ մարտի մեջ: Այդ ժամանակ մեր դիրքերի 95%-ը արդեն տված էր: Հրետակոծությունը շատ ուժեղ է եղել, հիմնական ճեղքումը հենց այդտեղով էին նախատեսել անել, դրա համար էլ ամենամեծ ուժերն էին կենտրոնացրել մեր դիրքերի դիմաց: Հետո մեզ հաջողվեց դիրքերի մեծ մասը հետ վերցնել՝ մեր սպայակազմի տված հրամանների շնորհիվ:

 

Մեր գումարտակի հրամանատարին՝ փոխգնդապետ Արման Կոստանյանին բոլոր զինվորները շնորհակալ են ամեն ինչի համար, կյանքով ենք պարտական: Մեզ մոտ սպաներն իրենց տեղում էին, կանոնավոր զորքը խուճապի չի մատնվել ու կարողացել է կռիվ տալ: Ջրականից ամենավերջինը մեր գումարտակն է դուրս եկել այն ժամանակ, երբ Վարանդան արդեն հանձնված էր, մեր թիկունքը հանձնված էր, աջ թեւը հանձնված էր, բայց մենք դեռ առաջնագծի խրամատում էինք:

 

Հոկտեմբերի 15-ին ընկանք շրջափակման մեջ: Տեղեկություն կար, որ մեր թիկունքում 3000 հոգանոց թշնամական զորք կա արդեն: 7 օր շրջափակման մեջ էինք, ո´չ զինամթերք էինք ստանում, ո´չ սնունդ: Ինչ ունեինք, դրանով կռիվ էինք տալիս ու գոյատեւում, զինամթերքը շատ խնայողաբար էինք օգտագործում:

 

 

 

Հոկտեմբերի 21-ի գիշերը որոշվեց, որ պետք է նահանջենք: Մեր գումարտակի հրամանատարը նախապես նահանջի ճանապարհը ստուգել էր, եւ գիշերը սկսում ենք դուրս գալ դիրքերից: Ոչինչ չենք թողնում մեր հետեւից, անգամ մեկ ավտոմատ, էլ չխոսեմ մեր զոհերի մասին:

 

Դուրս ենք գալիս Հադրութ: Այդ ժամանակ միայն Հադրութի առաջնագիծն էր մերը, քաղաքն ու գյուղերը արդեն թշնամական զորքինն էին: Խրամատավորվում ենք Հադրութի թիկունքում, օրեր անց կրկին ընկնում ենք շրջափակման մեջ: Թեեւ մենք կարող էինք էլի մնալ, սակայն, չգիտես ինչու, հրաման է գալիս, որ նահանջենք: Այդ գիշերը երեւի բոլորիս համար ամենավատ գիշերն էր. 45 կմ ենք անցել մեկ գիշերում: Բոլորս եղել ենք միաշարասյուն, ծանր զենքերով, մի րոպե անգամ չէինք կարող կանգնել, ամեն րոպե թշնամին կարող էր խփել: Եթե մեկն ուշաթափվում էր, կա´մ պետք է արագ ուշքի բերեինք, կա´մ գրկեինք տանեինք:

 

 

 

Ամարասի վանքի փրկությունը

 

Նոյեմբեր ամսվա առաջին օրերին խնդիր ստացանք պահելու Մաճկալաշեն-Սոս-Ամարաս բնագիծը: Մաճկալաշեն գյուղի պաշտպանության ժամանակ գյուղում արդեն մարդ չկար, մի կին էր միայն մնացել ամբողջ գյուղից, ասում էին, որ հոգեկան խնդիրներ ունի, սակայն զինվորները խոսել էին հետը, պատասխանել էր՝ գնալու տեղ չունի:

 

Ես Սոս գյուղի պաշտպանությանն էի մասնակցում, անձնակազմի մյուս մասն էլ բացազատվել էր դեպի Ամարաս: Վանքն այդ ժամանակ չեզոք գոտում էր, զորքը հենց վանքում տեղակայվեց: Հետո խնդիր են ստացել զբաղեցնելու վանքի դիմացի թումբը, որպեսզի այն մնա մեր վերահսկողության տակ: Դա հենց նոյեմբերի 9-ին էր, որից հետո խաղաղապահներն եկան ու մեր դիրքը մնաց վանքի դիմացի թմբին: Այս պաշտպանության շնորհիվ այսօր բոլորը կարող են վանք այցելել:

 

«Որ գնում ես, ո՞նց ես վաղը զինվորի կենացը խմելու»

 

Կարծում եմ, այս պարտության հիմնական պատճառներից մեկը անկազմակերպվածությունն էր: Մեր կողմից կանոնավոր կռիվ չի գնացել: Մեր գումարտակը երեւի թե միակն է, որ կարողացել է իր խնդիրը կատարել:

 

 

 

Երբ միանում էին ՄՈԲ-ն ու կամավորները, կազմակերպվածության մեծ խնդիր էր ստեղծվում: Եթե դիրքի ավագը, օրինակ, 18 տարեկան է, իսկ կամավորը՝ 40, նա պետք է հասկանա, որ պատերազմի մեջ է գտնվում, ու ենթարկվի դիրքի ավագին: Եթե դիրքի ավագը տալիս է չկրակելու հրաման, պետք է չկրակես՝ անկախ նրանից, որ տարիքով մեծ ես, 90-ականների պատերազմ ես տեսել կամ Ապրիլյան: Սա լրիվ այլ պատերազմ էր:

 

Կամավորներն ու ՄՈԲ-ը չէին ենթարկվում, շատերը փախչում էին: Երեւի 3-րդ օրից գալիս խաբում էին, մեկն ասում էր, թե եղբայրն է մահացել, մյուսն ասում էր՝ գնանք լողանանք, գանք: Մեկն էլ ասաց, որ նախորդ երկու պատերազմներին մասնակցել է, բայց չէր պատկերացնում՝ ինչպիսի կռիվ է սա, պետք է հետ գնա: Ասում էինք՝ ո՞նց կարող ես գնալ, որ գնում ես, ո՞նց ես վաղը, մյուս օրը զինվորի կենացը խմելու: Ասում էր՝ դուք ճիշտ եք ասում, հարց չկա, բայց ես պետք ա գնամ:

 

 

 

Իմ կարծիքով՝ կամավորների ու ՄՈԲ-ի ռեսուրսը սխալ է օգտագործվել: Անկախ ամեն ինչից՝ շնորհակալ ենք, որ եկել ու մեր կողքին են եղել, գնահատում ենք, որ թողել են իրենց ընտանիքներին ու եկել, բայց, եթե իրատես լինենք, այս ռեսուրսն իր հնարավորության միայն 10 %-ի չափով է մեզ օգտակար եղել: Մեզ մոտ եկած ՄՈԲ-ը կամ կամավորները պատրաստ չէին կռվի, գալիս էին իրենց հրամանատարով, բայց հրամանատարին ոչ ոք չէր լսում, ով ինչ ուզում անում էր, դրանից էլ մեր հոգսն էր շատանում:

Ես պետք է կենտրոնանայի իմ զենքի վրա, բայց դա թողնում էի ու համոզում ՄՈԲ-ին, որ անկանոն չկրակեն, իրենց դիրքերում մնան, չքնեն ու նման այլ մանր հարցեր, որ իրականում շատ էին խանգարում: Նրանց մեծամասնությունն իր վախը չկարողացավ հաղթահարել: Գուցե եղել են կամավորներ, որ իրենց արդարացրել են, բայց մեզ մոտ գրեթե չկային: Եթե կանոնավոր զորք գար մեզ օգնության, ապա ելքը միանշանակ այլ կլիներ:

 

«Չեմ մտածել մեռնելու մասին»

 

Լավ կամավորներ էլ կային, իհարկե: Երեւանից կամավոր ենք ունեցել, որին ամբողջ զորքը հոպար էր ասում: 50 տարեկան մարդ էր՝ սպիտակած մազերով: Իր խնդիրը զինվորի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելն էր, ասում էր՝ դուխներդ չքցեք, լավ է լինելու:

 

 

 

ՄՈԲ էլ կար, որ հակառակը՝ խուճապ էր տարածում՝ էս տվեցին, էն տվեցին, ստեղ ինքնաթիռով խփեցին եւ այլն: Մենք էլ շատ բան գիտեինք, բայց զորքին չէինք ասում․ չէր կարելի այդ պահին այդպես զորքին շեղել իր խնդիրը կատարելուց: Զինվորի գլխավոր նպատակը պետք է լիներ հակառակորդին խոցելը, նա չպետք է մտածեր, որ աջ թեւը տված ա, ձախը տված ա, որ դուխը տեղը մնար, կենտրոնացումը չկորցներ: Իսկ իրենք այդպես բարոյալքում էին զորքին:

 

«Եթե այսօր թույլ տաս, վաղը թուրքը հասնելու է քո տուն»

 

Ինչ-որ առումով սերժանտի պարտականություններն ավելի շատ են, քան դասակի հրամանատարինը, որովհետեւ նա է անմիջական շփվում զինվորի հետ, գիտի զինվորի հոգսը, դարդուցավը: Պատերազմի առաջին րոպեից մեր գումարտակի սերժանտներով այնպիսի մթնոլորտ ստեղծեցինք, որ դիրքեր բարձրանալիս վախ չլինի, դուխով հասանք տեղ:

 

 

 

Ամեն զինվորի անհատական մոտեցում է պետք: Պիտի զգաս, եթե զինվորը վախենում է, բացատրես, որ, եթե այսօր թույլ տաս, վաղը թուրքը հասնելու է քո տուն: Պիտի պահենք Արցախը, թե չէ Հայաստան էլ չի լինի:

 

Մոնթեի խոսքերը հիրավի ճիշտ են: Հիմա մենք շրջել ենք մեր պատմության վերջին էջը, բայց մի կերպ պահել ենք, որ էջը էջին չկպնի: Պիտի մտածենք, թե ոնց այդ էջը հետ շրջենք: Կռիվը լավ բան չի, բայց եթե տարբերակ լինի կռվով մեր հողերը հետ վերցնելու, ուրեմն թող լինի, ես պատրաստ եմ նորից այստեղ կանգնել:

 

Յուրաքանչյուրս էլ կարող էր զոհվել այս պատերազմում, բայց եթե ես չեմ զոհվել, ուրեմն դեռ բան ունեմ անելու, դեռ էդ ժամանակը չէր եկել: Հա´, եղբայրներ ենք կորցրել, մտերիմ հրամանատարներ, ոչ ոք մեզնից լավ չի հասկանա, թե ինչ է նշանակում, երբ գրկումդ մահանում է քո ընկերը կամ աչքերիդ առջեւ մի քանի կես է լինում:

 

Ինչ ասես տեսել ենք, բայց պետք է հասկանանք, որ այս կռիվը մեր տան հարցն է, վիճակն այնքան վատ է, որ ամեն րոպե թուրքը կարող է մեր տուն մտնել: Յուրաքանչյուր զորացրվող զինվոր պետք է իմանա, որ, եթե կռիվը նորից սկսվի, ամենաուշը 7-8 ժամ հետո պետք է գա ու դիրքում կանգնի:

 

 

 

Ցամաք հացի արժեքը

 

Պատերազմի ծանր օրերին սնվել ենք ինչպես պատահի: Էդ ժամանակ ուտելու մասին չէինք էլ մտածում: Լողանալ, լվացվել չի եղել, որ ջուր էր լինում, խմում էինք: Ոչ մեկս էլ չէր բողոքում, հասկանում էինք ամեն ինչ: Հրամանատարությունն ապահովում էր ամեն ինչով, որքան որ դա հնարավոր էր: Շատ բան ենք տեսել, շատ բան էլ մեր մեջ է մնում, որովհետեւ այդպես է պետք: Այդ ժամանակ միայն մի բանի մասին էինք մտածում՝ մի թշնամու ավել խփենք:

 

Ամենակարեւորը, որ ես հասկացել եմ պատերազմի ժամանակ, ունեցած ամեն ինչը գնահատելն է: Իմ կյանքում էլ չի կարող լինել մի այնպիսի օր, որ ես դժգոհեմ, ասեմ՝ ինչ վատ է: Չի լինի, որ այնքան սոված մնամ, որ ասեմ՝ սոված եմ, տեսածիցս վատ չի կարող լինել, էլ ոչ մի բան ինձ չի զարմացնի:

 

Կյանքիս ամեն րոպեն գնահատելու եմ ու շնորհակալ եմ լինելու ամենի համար: Երբ մի օր ընտանիքիս հետ նստեմ սեղանի շուրջ ու միայն մի բաժին փլավ ունենանք ուտելու, ես փառք կտամ Աստծուն, որ ընտանիքս այդ օրը կուշտ է ու գլխներիս տանիք ունենք:

 

Այս կռիվը տեսած տղերքի նման ոչ ոք չի կարող ընտանիք պահել: Իրենք այնպիսի բաներ են տեսել, որ շատ լավ գիտեն մի կտոր ցամաք հացի արժեքը, գիտեն գնահատել ամեն փոքր բան ու շատերն էլ իրական հայրենասիրություն են սովորել:

 

Պատերազմի ավարտից հետո էլ երկար ժամանակ շատ ծանր վիճակ էր՝ ուտելիք չկար, ծխախոտ չկար, լույս չկար, խրամատ չկար, մի 15-20 մետր այն կողմ էլ թշնամին էր:

Հիմա, փա´ռք Աստծո, էդ ծակ պալատկեն, որ կա, խրամատը կա, լավ է ամեն ինչ: Ու այդպես հետզհետե ավելի լավ է լինելու, ոտքի ենք կանգնելու:

 

 

 

Շատ երիտասարդների համար այսօր առաջնայինն իրենց մեքենաներն են, բրենդային հագուստ կրելը, լավ սրճարաններ գնալը: Այս ամբողջ պետք է երկրորդական լինի: Եթե դու Հայաստանում ես ապրում, պիտի հայրենասեր լինես, կարողանաս քո մեջ հաղթահարել քո երեխու, քո ծնողի կարոտն ու հարկ եղած դեպքում գաս կանգնես 18 տարեկան զինվորի կողքին: Եթե զինվորը չի թողնում փախչում, ուրեմն մյուս բոլորը պարտավոր են կանգնել իր կողքին, ոչ թե մեքենաներում «հաղթելու ենք» երգեր միացրած պտտվեն քաղաքով: Սխալն այդտեղից է գալիս:

 

Ապրում ենք թշնամիներով շրջապատված երկրում, որտեղ 18-60 տարեկանները պետք է զինվոր լինեն՝ պատրաստ ամեն պահի պաշտպանելու հայրենիքը: Մեր մեջ պետք է ամուր պահենք հավատը, սերն ու հայրենասիրությունը: Եթե ունես հավատք, ունես սեր, ուրեմն արդեն հայրենասեր ես:

 

«Վայելեք, բայց չփչացնեք, հետ ենք գալու»

 

Մենք հետ ենք գնալու: Ջրականից դուրս գալուց գումարտակի հրամանատարը հրամանատարական դիտակետի վրա գրել է՝ «Վայելեք, բայց չփչացնեք, հետ ենք գալու»:

 

Ջրականը մեզ համար երկրորդ տան պես էր: Ով այնտեղ է ծառայել, արժեքը գիտի: Ոչինչ չկար այնտեղ, չորացած վիճակ էր, բայց մենք սիրահարվել էինք Ջրականին, չգիտեմ ինչի: Կոնկրետ ես Երեւանի պես սիրում էի Ջրականը:

 

Այսպես չի մնալու

 

Դեռ չգիտեմ՝ ինչ եմ անելու, բայց հաստատ երկրից չեմ գնալու: Ես վստահ եմ, որ լավ է լինելու: Այսպես մնալ չի կարող, պատերազմը չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչեւ հայի սրտով չլինի, հայն իր տեսակով այդպիսին է: Չգիտեմ, թե լավատեսությունս որտեղից է, բայց նման ներքին զգացողություն ունեմ:

 

Մարտին Մաթեւոսյանը եւ Վաչե Վարդանյանը Մարտին Մաթեւոսյանը եւ Վաչե Վարդանյանը

 

 

Ընկերս Երեւանում բիզնես ունի, միասին միտք ունենք արտադրանքն Արցախ հասցնել, ու ոչ միայն Ստեփանակերտի մեծ սուպերմարկետներ, այլ մինչեւ սահմանամերձ գյուղերի փոքր խանութներ: Դա եւս Հայաստան-Արցախ կապն է, չպետք է կորցնենք, հայ արտադրողները պետք է իրենց արտադրանքն Արցախ հասցնեն, ու հիմա ավելի շատ, քան նախկինում: Պիտի այնպես անենք, որ Արցախը թեկուզ իր այս վիճակում շարունակի զարգանալ, դառնա զբոսաշրջային կենտրոն:

 

Ամեն անգամ Արցախ գնալուց՝ տանելու եմ հետս ինչ կարող եմ: Մի բլոկ ծխախոտ կկարողանամ, այդքանը կտանեմ, հնարավոր լինի ավելի շատ, ուրեմն՝ ավելին:

 

Մեզանում մի վատ բան կա․ պարտադիր կռիվ պետք է սկսվի, որ զինվորի արժեքն իմանանք: Հիմա էլի ամեն ինչ մոռացվելու է, բայց այդ սնիկերսը զինվորը միշտ էլ պետք է ուտի:

 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ անձնական արխիվ (Հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին