Ինչպես Քրիստինա Մարանցին գտավ Անիի «թաքնված» որմնանկարները - Mediamax.am

exclusive
4505 դիտում

Ինչպես Քրիստինա Մարանցին գտավ Անիի «թաքնված» որմնանկարները


Քրիստինա Մարանցին Անիում
Քրիստինա Մարանցին Անիում

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Արեւմտյան Հայաստանում սպիտակեցված պատերով եկեղեցի տեսնելիս՝ առաջին հարցը, որ ծագում է պրոֆեսոր Քրիստինա Մարանցիի մտքում՝ ի՞նչ է թաքնված դրա հետեւում։ Վերջին տարիների ուսումնասիրությունները Քրիստինային հուշում են՝ ծեփի տակ դարերի պատմություն ու արվեստ է պահվում։

 

Քրիստինան ամերիկյան Թաֆթսի համալսարանի արվեստի եւ ճարտարապետության պատմության բաժնի պրոֆեսոր է, զբաղվում է հայ արվեստով։ Մի քանի տարի առաջ, իր համար էլ անսպասելի, Մրենի տաճարում կարեւոր բացահայտում արեց։

 

«Մրենում, ոստիկաններից թաքուն, որոնք մոտակա բլրից ամեն ինչ կարող էին տեսնել, ուշադիր զննում էի տաճարի պատերը։ Ինձ թվաց՝ ինչ-որ բան տեսա։ Լավ տեսախցիկ ու ոսպնյակներ ունեմ։ Մտածեցի՝ լուսանկարեմ, հետո կներբեռնեմ համակարգիչ ու, հավանաբար, կկարողանամ մեծացնել դրանք։ Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո պարզեցի, որ նկարից տեղեկություններ «կորզելու» համար կարող եմ օգտագործել Ֆոտոշոփ։ Նույնը կարելի է անել նաեւ Word կամ Powerpoint ծրագրերով, որոնք ունեն նկարները խմբագրելու գործիքներ։

Լուսանկարը` անձնական արխիվից

Հայկական որմնանկարները շատ «ընկալունակ» են դրանց նկատմամբ։ Ես համակարգչի գիտակ չեմ, բայց այդ գործիքները, իսկապես, «աշխատող» տարբերակ են»,-Մեդիամաքսին պատմել է Քրիստինա Մարանցին։

 

Նկարների շտկման եւ խմբագրման գործիքների միջոցով նրան հաջողվեց վերականգնել անզեն աչքի համար անտեսանելի որմնանկարների ու արձանագրությունների պահպանված հատվածները։

 

Քրիստինան ասում է, որ մինչ այդ որմնանկարներով հատուկ չի զբաղվել եւ երբեք չի մտածել, որ կարող է նպաստել դրանց ուսումնասիրությանը։ 7-րդ դարի Մրենի տաճարի որմնանկարները «հայտնաբերելուց» հետո հասկացավ, որ նույնը կարող է անել նաեւ այլ եկեղեցիներում։

 

Անիի Մայր տաճարից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Ամերիկայի իր տանը, Քրիստինա Մարանցին սկսեց համակարգչով ուսումնասիրել տաճարում արված լուսանկարները։ Պատկերների վերականգնման եւ նույնականացման գործընթացը մանրակրկիտ ու երկարատեւ աշխատանք էր պահանջում։ Արդյունքում նրան հաջողվեց վերականգնել խորանի աբսիդին նկարված եզան պատկերը։

Լուսանկարը` անձնական արխիվից

«Ես գիտեի, որ եզը, առյուծի, մարդու եւ արծվի կերպարների հետ (4 ավետարանիչների խորհրդանիշերը-հեղ.), հանդիպում է Եզեկիելի տեսիլքում՝ Քրիստոսի փառքի ապոկալիպտիկ տեսարանում։ Որմնանկարի թեմային համապատասխանում է նաեւ աբսիդի աջ հատվածի աստվածաշնչյան արձանագրությունը՝ «մերձեալ է արքայութիւն Ա [ստուծո]յ»։

 

Բայց սրանք ոչ այնքան եզրակացություններ են, որքան՝ նախնական վարկածներ։ Այս պատկերներն ամբողջությամբ հասկանալու համար դեռ շատ աշխատանք ու բացահայտումներ պետք է արվեն։ Ցանկանում եմ հիմնավոր ապացույցներ գտնել, որ այդ որմնանկարներն իսկապես արվել են 11-րդ դարի սկզբին»։

Լուսանկարը` անձնական արխիվից

Քրիստինա Մարանցին ասում է, որ լուսանկարները խմբագրելու գործիքները շատ են։ Ցանկացած մեկը, եթե գիտի՝ ինչպես օգտագործել դրանք, կարող է գտնել թաքնված կերպարներ։ Բայց դրանք հասկանալու, համադրելու, ամբողջական պատկերը ստանալու համար գիտելիքներ են անհրաժեշտ։

 

«Եթե ես չիմանայի, որ եզն ավանդաբար պատկերվել է Քրիստոսին առնչվող այդ տեսարանում, չէի հասկան՝ ինչ փնտրել։ Գործիքների օգտագործումը հնարավորություն է տալիս գտնել դետալներ, ուրվագծեր, կերպարներ, բայց եթե չիմանաս՝ ինչ ես ակնկալում գտնել, դա նույնն է, թե փնտրես ասեղ՝ խոտի դեզի մեջ։ Այդպես է նաեւ նկարչական ոճերի դեպքում։ Եթե գիտես, թե նկարիչն ինչպես է պատկերում աչքերը, ականջները կամ քիթը, կարող ես գիտելիքներդ օգտագործելով՝ փնտրել նման պատկերներ որմնանկարի այլ հատվածներում»։

Լուսանկարը` անձնական արխիվից

Քրիստինա Մարանցին ասում է՝ որմնանկարները, որ իրեն հաջողվել է բացահայտել, շատ հետաքրքիր են, նկարչական բարդ ոճ ունեն, պատկերներին զուգահեռ հաճախ օգտագործվում են աստվածաշնչյան տողեր։ Քրիստինան վստահ է, որ հայկական շատ եկեղեցիներում կարելի է գտնել դարերով թաքցված այսպիսի որմնանկարներ, թեեւ հուշարձանների՝ Թուրքիայի տարածքում գտնվելը հաճախ դժվարացնում է ուսումնասիրողների աշխատանքը։

 

«Երբ նոր էի սկսել աշխատանքս, խոչընդոտները շատ էին։ Միամտաբար կարծում էի, թե կարող եմ դիմել ու ստանալ հետազոտական վիզա, գնալ Մրենն ուսումնասիրելու։ Երեք անգամ մերժում ստանալուց հետո հասկացա, որ պետք է այլ ճանապարհ փնտրեմ։ Աշխատում էի այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Արմեն Արոյանն է, որը երկար տարիներ իրականացնում է շրջագայություններ դեպի Արեւմտյան Հայաստան։ Նա կարողացավ պարզել Մրեն հասնելու ճանապարհը։ Երբ Մրենն ընդգրկվեց Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի (WMF) պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցանկում, ինձ հաջողվեց մի քանի անգամ այցելել Խծկոնքի, Հոռոմոսի վանքեր, նաեւ սահմանին մոտ այլ հուշարձաններ, որտեղ, հիմնականում, մուտքն արգելված է։ Բայց դա ստացվեց երջանիկ պատահականությամբ»։

Լուսանկարը` անձնական արխիվից

Խնդիրը ոչ միայն Թուրքիայի իշխանությունների ստեղծած խոչընդոտներն են, այլեւ՝ մասնագետների պակասը։ Քրիստինան ասում է, որ այս ոլորտում աշխատող գիտնականների մեծ կարիք կա։ Ինքը փորձում է լրացնել այդ բացը։ Թաֆթսի համալսարանում հայ արվեստի դասեր է տալիս, 100 ուսանող ունի։

Քրիստինա Մարանցին Անիում Քրիստինա Մարանցին Անիում

Լուսանկարը` անձնական արխիվից

Քրիստինային հայ մշակույթ ուղղորդողը հայկական արմատներն են։ Հայրը Սեբաստիայից է, մայրական կողմը Բայբուրդից եւ Շապին Գարահիսարից։ «Գուցե Թորամանյանը նրանց հարեւանն է եղել»,- ասում է Քրիստինան։

 

Հիմա հրատարակության է պատրաստում 10-11-րդ դարի հայկական ճարտարապետության մասին իր գիրքը։

 

«Ես ուզում եմ ճանաչել եկեղեցիները բոլոր կողմերից՝ պատմական, սոցիալական, աստվածաբանական, բանաստեղծական։ Գուցե երբեւէ չհասնեմ ավարտին, բայց աշխատանքի ընթացքն ինձ կերջանկացնի»։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին