Կարինա Հակոբյան. «Ուրախ էի կերտածս կերպարը տրամադրել Լեդի Գագային» - Mediamax.am

exclusive
9386 դիտում

Կարինա Հակոբյան. «Ուրախ էի կերտածս կերպարը տրամադրել Լեդի Գագային»


Հատված Կարինա Հակոբյանի “Saint George” աշխատանքից
Հատված Կարինա Հակոբյանի “Saint George” աշխատանքից
Կարինա Հակոբյանի «Ծաղկավոր այլմոլորակային»-ը
Կարինա Հակոբյանի «Ծաղկավոր այլմոլորակային»-ը
Կարինա Հակոբյանի “Ararat” աշխատանքը
Կարինա Հակոբյանի “Ararat” աշխատանքը
Կարինա Հակոբյանի «Ծաղկավոր այլմոլորակային»-ը
Կարինա Հակոբյանի «Ծաղկավոր այլմոլորակային»-ը
Կարինա Հակոբյանի «Perseus»-ը
Կարինա Հակոբյանի «Perseus»-ը
Կարինա Հակոբյանի “Resus room” աշխատանքը
Կարինա Հակոբյանի “Resus room” աշխատանքը
Կարինա Հակոբյանի “Saint George” աշխատանքը
Կարինա Հակոբյանի “Saint George” աշխատանքը

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի աշխատանքներում ներգրավված է եղել հայազգի արվեստագետ եւ դիզայներ Կարինա Հակոբյանը: Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում Կարինան ներկայացրել է մանրամասները:

 

 

- Ի՞նչ մասնակցություն եք ունեցել «911» տեսահոլովակում: Դո՞ւք եք ստեղծել կերպարների հագուստը, թե՞  ներգրավված եք եղել ընդհանուր գեղարվեստական աշխատանքներում։

 

- Ներկայացված զգեստները ստեղծվել են դեռ 2017-ին: Ինչպես իմ զգեստների մեծ մասը, դրանք նախ պատրաստվել են իմ անձնական նկարահանումների եւ գեղարվեստական նախագծերի համար:

 

Նկարչությամբ սկսել եմ զբաղվել ավելի քան 10 տարի առաջ, բայց հետագայում սկսեցի նաեւ հագուստ ստեղծել, քանի որ կերպարները թղթից իրականություն տեղափոխելու կարիք էի զգում։ Ես դրանք, միանշանակ, ընկալում եմ իբրեւ արվեստի գործեր եւ ոչ թե նորաձեւ հագուստ: Շատ անհարմար են, շարժումները սահմանափակող, դրանցից մի քանիսը կրելով՝ դուք չեք կարող նորմալ տեսնել կամ քայլել: Հենց այդ հագուստից մեկը Լեդի Գագան կրում է հոլովակում:

 

 

Նա ծայրահեղ կերպարներ մարմնավորելու մեծ փորձ ունի, ուստի համոզված եմ, որ այդ հագուստով այնքան էլ դժվար չէր նրա համար։

 

Իմ ստեղծած մի քանի զգեստ կար, որ կարող էր հայտնվել հոլովակում, բայց միայն «Floral Alien»-ը լիարժեք կերպով երեւաց։

Կարինա Հակոբյանի «Ծաղկավոր այլմոլորակային»-ը Կարինա Հակոբյանի «Ծաղկավոր այլմոլորակային»-ը

 

Զգեստը պատրաստված է կաշվից, ինչին համալրում են ծաղկավոր ժանյակն ու նկարազարդումները։ Գլխադիրը սրածայր է՝ ոգեշնչված ռուսական կոկոշնիկից: Ինձ ոգեշնչել է նաեւ սեւ խոխլոմայի փայտե գդալը: Իմ աշխատանքով ես խաղում եմ հակադրությունների հետ՝ գեղեցկություն ու տգեղություն, կանացիություն եւ ագրեսիա, հին ու ժամանակակից, պատմություն եւ հեքիաթներ:

Կարինա Հակոբյանի «Ծաղկավոր այլմոլորակային»-ը Կարինա Հակոբյանի «Ծաղկավոր այլմոլորակային»-ը

 

Հայացք ձգելով ավելի հեռուն՝ դեպի մութ ուղղությունը, ես այն միավորել եմ սեւ կաշվի հետ ու ստեղծել գրեթե այլմոլորակայինի կերպար՝ սրածայր գլխով, երկար ոտքերով, որոնք ընդգծված են առանց կրունկների կոշիկներով։ Ի վերջո, այդ կերպարը ստացավ «Floral Alien» («Ծաղկավոր այլմոլորակային») անվանումը։

Այս կերպարը մահվան խորհուրդ ունի՝ այն կարծես մարմին լինի, որը քայքայվում է գետնի վրա եւ ծնունդ է տալիս ծաղիկներին՝ սկսելով կյանքի նոր շրջան։

 

- Ձեզ հրավիրել է հոլովակի ռեժիսոր Թարսեմ Սինգը՞, թե՞ Լեդի Գագայի ոճաբան Նիկոլա Ֆորմիչետին: Եվ, արդյոք, Ձեզ համարու՞մ եք Լեդի Գագայի երկրպագու։

 

- Ինձ հետ կապ էր հաստատել Նիկոլա Ֆորմիչետիի թիմը։ Միայն ավելի ուշ պարզեցի, որ  ռեժիսորը Թարսեմն է, ում աշխատանքները պաշտում եմ։ Նրա «Անկումը» հրաշք է, ինձ ցնցել է այդ ֆիլմի ստեղծագործական միտքն ու բարդությունը։

Կարինա Հակոբյանի «Perseus»-ը Կարինա Հակոբյանի «Perseus»-ը

 

Այո՛, ես Լեդի Գագայի մեծ երկրպագուն եմ։ Նա շատ ուժեղ եւ խելացի կին է, որն իր ասելիքն ունի շատ կարեւոր հարցերի շուրջ։ Նա ոչ միայն տաղանդավոր երաժիշտ է, այլեւ «քամելեոն», որը կարողանում է համադրել ոճերն ու արվեստագետներին։

 

- Հնարավորություն ունեցա՞ք շփվելու Լեդի Գագայի հետ։ Արդյոք, նա ինչ-որ բան գիտե՞ր իր նոր տեսահոլովակի «հայկական հետքի» մասին:

 

- Ինչպես կարող եք ենթադրել, նման նախագծերը  գաղտնի են պահվում մինչեւ վերջին պահը։ Ցավոք, չեմ հանդիպել Լեդի Գագային, ու ես էլ տեղյակ չեմ եղել հայկական ազդեցության մասին մինչեւ հոլովակի թողարկումը։

 

Երբ ինձ դիմեցին նախագծի համար, ինձ ասացին միայն, որ հոլովակի ոճը սերտ կապ ունի իմ գեղարվեստական ոճի հետ, ուստի նրանք ցանկանում էին օգտագործել իմ աշխատանքները:

Կարինա Հակոբյանի “Saint George” աշխատանքը Կարինա Հակոբյանի “Saint George” աշխատանքը

 

Կարող եք պատկերացնել իմ ուրախությունն ու ոգեւորվածությունը, երբ տեսա, որ  հոլովակն այդ աստիճան ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի արվեստով, որն ազդել է իմ գեղարվեստական ոճի զարգացման վրա: Պատահական ներգրավվումն այս նախագծում այն էլ ավելի իմաստալի դարձրեց։

 

- Որպես արվեստագետ, որեւէ կապ ունե՞ք Հայաստանի հետ եւ արդյո՞ք պլանավորում եք որեւէ նախագիծ իրականացնել Հայաստանում։

 

- Իմ ծնողները հայեր են, բայց ես ծնվել եւ մեծացել եմ Մոսկվայում։ Ես ավելի շատ ռուսական մշակույթի կրող էի մինչ այն պահը, երբ Մեծ Բրիտանիայում ուսանելու տարիներին բացահայտեցի Փարաջանովի աշխատանքները։ Նրա գործերն ամբողջությամբ կլանեցին ինձ։ Միակ ռեժիսորը, որը հետագայում նման ազդեցություն թողեց ինձ վրա, Տարկովսկին էր, բայց Փարաջանովի գունապնակն ավելի մոտ է իմ սրտին։ Նրա աշխատանքներն ինձ ստիպեցին հետաքրքրվել հայկական մշակույթով։

Կարինա Հակոբյանի “Resus room” աշխատանքը Կարինա Հակոբյանի “Resus room” աշխատանքը

 

Իմ աշխատանքներից մեկում, որն «Արարատ» է կոչվում, կարող եք հայկական խաչ տեսնել ու հատուկ արտահագուստով կնոջ պատկեր, որն ինչ-որ առումով նման է «911» տեսահոլովակի կերպարին։

Կարինա Հակոբյանի “Ararat” աշխատանքը Կարինա Հակոբյանի “Ararat” աշխատանքը

 

Ես մասնակցել եմ 2018-ին Երեւանում բացված «Ճանապարհային քարտեզներ» ցուցահանդեսին, որտեղ, մասնավորապես, ներկայացված էր հենց այն ծաղկավոր զգեստի լուսանկարը, որը հոլովակում կրել է Լեդի Գագան։ Կցանկանամ Հայաստանում խմբային ցուցահանդեսի մասնակցել կամ, նույնիսկ, անհատական ցուցահանդես ունենալ ու ներկայանալ տարբեր աշխատանքներով՝ կտավներով, լուսանկարներով, զգեստներով։ Եթե նման հնարավորություն ընձեռվի, ինձ համար մեծ պատիվ կլինի։

 

- Տեսահոլովակը մեծ արձագանք գտավ Հայաստանում, դա Ձեզ երջանկացնո՞ւմ է։

 

- Այո՛, շատ։ Հայերից շատ դրական արձագանքներ եմ ստացել եւ դա անչափ հաճելի է: Փարաջանովի աշխատանքները եւ հայկական մշակույթն ավելի մեծ ճանաչման ու ավելի լայն լսարանի են արժանի Եվրոպայում եւ Ամերիկայում։ Մինչեւ վերջերս Փարաջանովի աշխատանքներն ավելի հայտնի են նրանց, ովքեր խորությամբ արվեստ կամ կինո են ուսումնասիրում, սակայն դրանք արժանի են ճանաչված լինել բոլորի կողմից։

 

Կարինա Հակոբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին