«Երեմյան Փրոջեքթս»-ը`Հայոց բանակում - Mediamax.am

exclusive
6210 դիտում

«Երեմյան Փրոջեքթս»-ը`Հայոց բանակում



2019  թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարության որոշմամբ Հայաստանի զինված ուժերի զորամասերում եւ դիրքերում զինծառայողների սննդի կազմակերպումը փորձնական ծրագրով վստահվեց մասնավոր կազմակերպություններին, որոնցից մեկը հայկական ռեստորանային ոլորտի  առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն է:

 

Ուտեստների արագ պատրաստման ու որակի բարելավման նպատակով  ընկերությունն Արցախի զորամասերում կատարել է խոհանոցային տեխնիկայի եւ սպասքի վերազինում, ճաշարանային հատվածի թարմացում՝ ներդնելով բարձրակարգ եւ ժամանակակից նորագույն սարքավորումներ եւ հարմարություններ:  

 

Ճաշացանկը մշակելիս «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը եւ նորմատիվները: Գլխավոր նպատակը սննդի որակն ու տեսականին ապահովելն է:

 

Զինվորները ստանում են երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք:

 

Ճաշացանկն առանձնանում է ուտեստների բազմազանությամբ. զինվորներին մատուցվում են տարբեր տեսակի տաք ուտեստներ եւ աղցաններ, կաթնամթերք, քաղցրավենիք, թխվածքներ, միրգ:

 

Ի սկզբանե ռեստորանային ոլորտ մուտք գործելիս «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր առջեւ նպատակ էր դրել օգտագործել էկոլոգիապես մաքուր եւ բնական մթերք, տեղական արտադրանք:

 

Մսամթերքը պատրաստվում եւ մատակարարվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից հաստատված ԳՕՍՏ եւ ՏՊ չափանիշներին համապատասխան:

 

 

Ընկերությունը ծրագրի շրջանակում համագործակցում է Արցախի եւ Հայաստանի ֆերմերային տնտեսությունների ու անհատների  հետ:

 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության թիմում ընդգրկված են բժիշկ-սննդաբաններ, ովքեր հետեւում են սահմանված նորմերին: Հստակեցված է նաեւ չափաքանակը՝ հաշվի առնելով կալորիականությունն ու օգտակարությունը:

 

Ծրագրի արդյունքում արդեն բացվել է շուրջ 150 նոր աշխատատեղ, իսկ ընդհանուր  առմամբ նախատեսվում է 300 աշխատատեղ՝ 150-200 հազար դրամ միջին աշխատավարձով։

 

Ընկերությունը ձեւավորել է աշխատանքային խումբ, որը գործուղվել է Արցախի զորամասեր՝ վերապատրաստելու եւ օգնելու իրենց գործընկերներին մասնագիտական հմտությունները կատարելագործելու հարցում։

 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պատրաստակամությամբ ներդրել է բոլոր ջանքերը ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող զորամասերի զինծառայողների համար սննդի կազմակերպման աշխատանքներում: Սա ընկերության համար առաքելություն եւ պատիվ է, այլ ոչ թե բիզնես կամ պարզապես աշխատանք:

 

2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ծրագիրն ամբողջությամբ ավարտին կհասցվի եւ այլ զորամասերում եւս կիրականցվի սննդի մատակարարում նույն սկզբունքներով:

 

Լուսանկարները՝ «Երեմյան Փրոջեքթս»

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին