Հայաստանի ներկան կարեւորող լեհ ազգագրագետը - Mediamax.am

exclusive
5895 դիտում

Հայաստանի ներկան կարեւորող լեհ ազգագրագետը


Կոնրադ Շիկիերսկին
Կոնրադ Շիկիերսկին

Լուսանկարը` Կ. Շիկիերսկիի արխիվից

Ամալի Խաչատրյանը զրուցում է Կոնրադ Շիկիերսկիի հետ
Ամալի Խաչատրյանը զրուցում է Կոնրադ Շիկիերսկիի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոնրադ Շիկիերսկին
Կոնրադ Շիկիերսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոնրադ Շիկիերսկին
Կոնրադ Շիկիերսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոնրադ Շիկիերսկին
Կոնրադ Շիկիերսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոնրադ Շիկիերսկին
Կոնրադ Շիկիերսկին

Լուսանկարը` Կ. Շիկիերսկիի արխիվից


37 ամյա ազգագրագետ Կոնրադ Շիկիերսկին արդեն տասնհինգ տարի է տարված է հայկական ժամանակակից մշակույթով: Մի շարք հետազոտություններ է հեղինակել, որոնք տպագրվել են տարբեր ակադեմիական գրքերում ու ամսագրերում: Ներկայում նա Լոնդոնի King's College-ի ասպիրանտ է, թեզի թեման է «Ուխտագնացությունը եւ սուրբ վայրերը ժամանակակից հայ մշակույթում» (Pilgrimage and Sacred Places in Modern Armenian culture):

 

Կոնրադին հանդիպել ենք Երեւանում, ընթացիկ ուսումնասիրության համար այս անգամ Հայաստան էր եկել մեկ ու կես ամսով: Հայերեն լավ խոսում է, քանի որ Հայաստան ոչ միայն պարբերաբար այցելում է, այլեւ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ է եղել:

 

Անին ու Ախթամարը՝ որպես խթան

 

Բակալավրիատի առաջին կուրսի ավարտից հետո ընկերներիս հետ առաջին անգամ ճամփորդեցինք դեպի Թուրքիա: Այցելել էինք ոչ թե տուրիստական վայրերը, այլ Արեւմտյան Հայաստանի հատվածը: Այդ ժամանակ դեռ Հայաստանի պատմությանը լավ ծանոթ չէի: Անին, Ախթամարը տեսնելով՝ տարվեցի հայկական ճարտարապետությամբ, որոշեցի մի օր Հայաստան գալ ու տեսնել ոչ միայն այն ինչ պահպանվել է, այլ ուսումնասիրել ժամանակակից մշակույթը:

 

Ազգաբանության շրջանակներում մշտապես հետաքրքրված եմ եղել կրոնագիտությամբ: Այդ տեսանկյունից Հայաստանը շատ հետաքրքիր էր բացահայտելու համար:

Կոնրադ Շիկիերսկին Կոնրադ Շիկիերսկին

Լուսանկարը` Կ. Շիկիերսկիի արխիվից

Մագիստրատուրան շարունակեցի Վարշավայի Ethnology and Cultural Anthropology ինստիտուտում: Մեզ մոտ մի չգրված կանոն կար, հետազոտական աշխատանքների համար ամենալավ վայրը նախկին ԽՍՀՄ-ի երկրներն էին համարվում. մոտ էին Լեհաստանին, հեշտ էր ճամփորդել եւ, իհարկե, հետաքրքիր էին: Ոչ ոք Կովկասը չէր ընտրում, իսկ ինձ գրավեց այն փաստը, որ Հայաստանը դեռ լավ ուսումնասիրված չէ (թեկուզ միայն Լեհաստանի տեսանկյունից) ու ընտրեցի Հայաստանը:

 

Միակն եմ, որ թեզի համար ընտրել եմ Հայաստանը

 

Առաջին անգամ Հայաստան եկել եմ 2004-ին, իսկ արդեն 2007-ին հրավիրվել էի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից՝ ասպիրանտուրան այստեղ շարունակելու համար, որը այդպես էլ չավարտեցի: Չորս անգամ ասպիրանտուրայի համար դիմել եմ տարբեր համալսարաններ, վերջինը Լոնդոնի King's College-ն է, հուսով եմ՝ սա իսկապես վերջինը կլինի: Աստվածաբանություն եւ կրոնական ուսումնասիրություններ ֆակուլտետի երկրորդ կուրսում եմ սովորում, այստեղ նույնպես միակն եմ, որ թեզի համար ընտրել եմ Հայաստանը:

 

Առաջին ասպիրանտուրան Հայաստանում եմ սկսել, հետո Վարշավա եմ տեղափոխվել, այնուհետեւ Գերմանիա. մշտապես այլ ուսումնասիրություններով եմ տարված եղել, գրքերի խմբագրական աշխատանքներ եմ կատարել: Իհարկե, խորհուրդ չեմ տա իմ օրինակին հետեւել ու ամեն անգամ կիսատ թողնել ուսումը:

Ամալի Խաչատրյանը զրուցում է Կոնրադ Շիկիերսկիի հետ Ամալի Խաչատրյանը զրուցում է Կոնրադ Շիկիերսկիի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

2008-2010-ին Գիտությունների ակադեմիայի հետ համագործակցել եմ ու մի շարք աշխատանքներ եմ արել այստեղ: Սփյուռքում նույնպես հետազոտություններ եմ ունեցել: Մի քանի ամիս Ռումինիայում եմ ապրել ու սփյուռքահայերի կյանքն եմ ուսումնասիրել:

 

Շրջում եմ Հայաստանի մարզերով

 

Ներկայում ուսումնասիրում եմ կրոնական գրքերը, որոնք հայկական մշակույթի մեծ մասն են կազմում:

 

Շրջում եմ Հայաստանի մարզերով ու մտնում եմ տարբեր մարդկանց տներ, զրուցում նրանց հետ: Շատերն են հին կրոնական ձեռագրեր ու գրքեր տանը պահում, ինչպիսիք են ավետարանները, Աստվածաշունչը, աղոթքի գրքերը, Նարեկը: Ուսումնասիրում եմ նաեւ Մատենադարանում պահպանվող որոշ գրքեր:

 

Հայաստանում գտնվելու ժամանակ Երեւանում չեմ ապրում, քանի որ ուզում եմ ավելի մոտ լինել մարզերին ու գտնել ընտանիքներ, որոնք տանը կրոնական իրեր են պահում: Հիմա Կոտայքի մարզում եմ ապրում:

 

Կրոնական գրքերի սոցիալական կյանքը

 

Զրուցում եմ մարդկանց հետ այդ գրքերի պատմության, գրքի հետ ունեցած նրանց կապի ու հարաբերությունների մասին: Ընդհանուր առմամբ ես ավելի շատ հետաքրքրված եմ կրոնական գրքերի սոցիալական կյանքով:

 

Շատերն այս գրքերին այնպես են վերաբերում, ասես, դրանք կենդանի էակներ լինեն՝ ընտանիքի անդամ: Հետաքրքիր է նաեւ, թե ինչպես է Առաքելական եկեղեցին ուխտագնացություն կազմակերպում ու կրոնական համայնքներ ստեղծում:

 

Փրկված գրքեր. Շուրիշկանի Ավետարան

Ուզում եմ տարբեր տեսանկյուններից գրել, թե ինչպես է ընկալվում ուխտագնացությունը հայկական մշակույթում եւ ցույց տալ դրա զարգացումը՝ սկսած նման գրքերի պահպանումից մինչեւ Արեւմտյան Հայաստան այցելություն:

 

Հայաստանցիներն եւ սփյուռքահայերը հաճախ են Արեւմտյան Հայաստան՝ որպես կորցրած հայրենիք, այցելությունը համարում ուխտագնացություն:

Կոնրադ Շիկիերսկին Կոնրադ Շիկիերսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարբեր սեմինարների ու հանդիպումների մասնակցելու արդյունքում նկատել եմ, որ նման թեմաները շատ ուսումնասիրված չեն, հայկական հետազոտությունները պատմական ուղղվածություն ունեն, մասնակից գիտնականները հիմնականում պատմաբաններ են լինում: Ժամանակակից հայկական մշակույթը քչերին է հետաքրքրում:

 

Փրկված գրքեր. Սանգիբարանի Ավետարան

Կենտրոնանում են կամ փառահեղ անցյալի նվաճումների վրա, կամ Ցեղասպանության: Պատճառը գուցե կորուստի զգացումն է. հինը հպարտորեն է ներկայացվում, թե անցյալում ինչքան հզոր եք եղել, նվաճումներ եք ունեցել, Քրիստոնեությունն ընդունած առաջին ազգն ենք, իսկ ներկան, ասես, այդքան էլ պայծառ չէ:

 

Այս ամենը նաեւ զգացել եմ՝ հասարակության հետ շփվելով: Երբ ասում եմ, որ ինձ հետաքրքրում է ներկա իրավիճակը, հաճախ մարդիկ ամբողջովին չեն հասկանում իմ միտքը, զարմանում են, որովհետեւ նախապես ակնկալում են, որ նման հետազոտություններ պետք է անցյալի մասին լինեն:

 

Կարեւոր է ներկայի վրա ուշադրություն դարձնել

 

Մշակույթը շատ արագ փոփոխվում է, 20-30 տարի հետո այլ ժամանակակից թեմաներ կլինեն ուսումնասիրելու, դրա համար շատ կարեւոր է ներկայի վրա ուշադրություն դարձնել: Շատ երեւույթներ, որոնք առաջ ավելի ուժեղ էին ընդգծված, հիմա անհետանում են, օրինակ՝ գրքերի պահպանումը: Մի շարք գյուղերում տեսնում եմ, թե դրանք ինչքան ուժեղ են պահպանվում, որոշ տեղերում էլ միայն ավագ սերունդն է հետեւում այդ ավանդույթին եւ այն չի փոխանցում երիտասարդներին:

Կոնրադ Շիկիերսկին Կոնրադ Շիկիերսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե ավագ սերնդից ներկայացուցիչներ կան ընտանիքում, գրքերի պահպանման ավանդույթը կենդանի է: Գուցե շատ մեծահասակներ վախեցել են փոխանցել դա ու ցանկացել են երեխաներին հեռու պահել կրոնական ավանդույթներից՝ հատկապես Խորհրդային տարիների ժամանակ: Շատ երիտասարդ ընտանիքներ էլ պարզապես հետաքրքրված չեն եղել եւ ցանկացել են ժամանակակից կյանքով ապրել:

 

Հաճախ մեծահասակները սկսում էին պատմել ինձ նրանց սովորությունները, իսկ թոռնիկներն այնքան ուշադիր էին, ասես առաջին անգամ էին լսում, եւ գուցե իսկապես առաջինն էր:

 

Մեկ այլ բան եւս նկատել եմ. հաճախ մի շարք հարցումներում հավատացյալ բնակչության տոկոսը Հայաստանում ամենաբարձրն է գրանցվում, մինչդեռ այցելում ես եկեղեցիներ ու տեսնում ես, որ հիմնականում դատարկ են: Իհարկե, մարդիկ կարող են նաեւ այլ կերպ հավատը պահպանել:

 

Հայերը հետսոցիալիստական Եվրոպայում

 

Մի շարք հրապարակումներ եմ հեղինակել ու գրքեր խմբագրել: 2016-ին լույս տեսած «Հայերը հետսոցիալիստական Եվրոպայում» հոդվածների ժողովածուն եմ համախմբագրել: Գրքի հոդվածները ժամանակակից Սփյուռքի մասին են, որտեղ կրկնվում է հին ու նոր Սփյուռքի տարբերությունների թեման, այսինքն՝ հայերի, որոնք Ցեղասպանությունից հետո են հաստատվել այլ երկրներում եւ խորհրդային կամ վերջին տարիներին են արտագաղթել: 

 

Հետաքրքիր է, թե ինչպես են Սփյուռքի համայնքները գործում տարբեր պետություններում եւ համագործակցում ղեկավարությունների հետ: Շատ երկրներում կարող ենք նկատել, որ Սփյուռքը բաժանված է մի քանի կազմակերպությունների միջեւ, որովհետեւ պետական աջակցություն ու դրամաշնորհներ ստանալը կախված է տարբեր ծրագրերից: Հաճախ նաեւ ամենաշատ աջակցությունը ստանում է ամենամեծ համայնք ունեցող կազմակերպությունը:

 

Հետազոտությունների համար հիմնականում կրթաթոշակ եմ ստանում միջազգային եւ տեղական տարբեր ընկերություններից: Ներկայում ինձ աջակցում է Գյուլբենկյան հիմնադրամը եւ, իհարկե, իմ համալսարանը՝ թեկնածուականս պաշտպանելու համար: Տարիներ առաջ էլ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից էի կրթաթոշակ ստացել՝ Լեռնային Ղարաբաղի Քարվաճառ քաղաքում վերաբնակեցման վերաբերյալ ուսումնասիրությունների համար:

 

Շատ եմ սիրում հայերի հյուրընկալությունը

 

Երբեմն ուղեկցորդ եմ աշխատում լեհ զբոսաշրջիկների համար: 2006-2007 թթ.-ին շատ քիչ էին լեհ զբոսաշրջիկները, իսկ հիմա, երբ խմբեր եմ ուղեկցում, գրեթե ամեն օր Լեհաստանից մեկ այլ խմբի ենք հանդիպում:

 

Այստեղ սովորաբար հայերեն եմ խոսում, եթե ռուսերեն կամ անգլերեն գիտեն, նախընտրում եմ այդ լեզուները՝ ավելի լավ հասկանալու համար: Ամենադժվարը՝ երբ ընդգծված բարբառով են սկսում խոսել, այդ ժամանակ լիովին անճար եմ:

Կոնրադ Շիկիերսկին Կոնրադ Շիկիերսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ եմ սիրում հայերի հյուրընկալությունը: Նման հետազոտություն այլ երկրում անցկացնելն անհամեմատ ավելի դժվար կլիներ, քանի որ ես այցելում եմ մարդկանց տուն ու զրուցում նրանց հետ, իսկ նրանք ոչ միայն չեն վախենում անծանոթի հյուրընկալել եւ շատ բաց ու ջերմ զրուցել, այլեւ համեղ ուտեստներ են հյուրասիրում: Եթե Հայաստանն այդքան չսիրեի, այսքան երկար ժամանակ չէի անցկացնի այստեղ:

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Կոնրադի Շիկիերսկիի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին