Ամուլսարը, Քննչական կոմիտեն եւ ընտրված ELARD-ը. 7 դրվագ - Mediamax.am

exclusive
8164 դիտում

Ամուլսարը, Քննչական կոմիտեն եւ ընտրված ELARD-ը. 7 դրվագ


Ամուլսարի հանքավայրի պաշտոնական բացման ժամանակ (արխիվային լուսանկար)
Ամուլսարի հանքավայրի պաշտոնական բացման ժամանակ (արխիվային լուսանկար)

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամուլսարի տարածքում 2017 թ. նոյեմբերին
Ամուլսարի տարածքում 2017 թ. նոյեմբերին

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամուլսարի տարածքում 2017 թ. նոյեմբերին
Ամուլսարի տարածքում 2017 թ. նոյեմբերին

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախապատմություն

 

Հունվարի 21-ին հրապարակված իմ՝ «Դավոսն ու Ամուլսարը՝ միմյանց շատ մոտիկ ու շատ հեռու» սյունակում ներկայացրել էի 2018թ. հունիսից դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Ամուլսարի խնդրի մասին: 

 

Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.

 

«Քննչական կոմիտեն պետք է նշանակի փորձաքննություն, եւ կարեւոր է, որ այն իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որի արդյունքները ընդունելի լինեն թե Հայաստանի, թե միջազգային հանրության կողմից»:

 

2018 թվականի նոյեմբերի 8-ին Քննչական կոմիտեն հայտնել էր միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին: Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 միջազգային մասնագիտական ընկերություն:

 

Դրվագ առաջին. Կառավարության նիստում

 

2019թ. փետրվարի 21-ի ՀՀ կառավարության նիստում որոշվեց ՀՀ քննչական կոմիտեին հատկացված $ 396 900-ը փոխանցել Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությանը՝ կոմիտեում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու համար:

 

Որոշման մեջ ասված էր, որ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննություն կկատարվի:

 

Հանքավայրի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական եւ տնտեսագիտական համալիր փորձաքննություն:

 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, փետրվարի 21-ին ելույթ ունենալով կառավարության նիստում, ասել էր.

 

«Նման գործընթացները սովորաբար տեւում են 6-ից 8 ամիս: Բնապահպանության նախարարության գործընկերների հետ այդ գործընթացները հնարավորինս արագացրել ենք: Նախապատրաստական գործընթացը հաղթահարել ենք չորս ամսվա ընթացքում, իսկ փորձաքննության եզրակացությունը ELARD ընկերությունը պատրաստվում է ներկայացնել 12-ից 16 շաբաթների ընթացքում: Սակայն, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ընկերությունը կներկայացնի ընթացիկ հաշվետվություն: Իսկ նախնական արդյունքները ընկերության կողմից կներկայացվեն սույն թվականի մայիս ամսին»:

 

Դրվագ երկրորդ. ELARD-ը

 

Փետրվարի 21-ին, տեղեկանալով, որ ընտրված ընկերությունը ELARD-ն է, որոշեցի կապ հաստատել վերջինիս հետ եւ լրացուցիչ տեղեկություններ ստանալ:

 

Սա ընկերության կայքն է՝ www.elard-group.com:  

 

Կայքում նշված է, որ ընկերությունը հիմնվել է 1996 թվականին Լիբանանում եւ «արագորեն աճել է»` գրասենյակներ բացելով Աբու Դաբիում, Դուբայում եւ վերջերս՝ Մոզամբիկում: Նշվում է նաեւ, որ ընկերությունը աշխատել է Լիբանանում, Հորդանանում, ԱՄԷ-ում, Կատարում, Օմանում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Նիգերիայում, Եգիպտոսում, Թունիսում, Ալժիրում, Մոնտենեգրոյում եւ «Կասպից երկրներում»:

 

Կայքում նշված info@elard-group.com հասցեով նամակ ուղարկեցի՝ նշելով, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության ընդունած որոշումը, ցանկանում ենք հարցազրույց վարել ELARD-ի ներկայացուցչի հետ:

 

Շատ արագ պատասխան նամակ ստացա (այս եւ ստորեւ վկայակոչվող բոլոր նամակները պահպանված են-խմբ.) ELARD Lebanon ընկերության բնապահպանական հարցերով տնօրեն Ռիկարդո Խուրիից, որը պատրաստակամություն հայտնեց զրուցել Մեդիամաքսի հետ: Ճշտող նամակ ուղարկեցի՝ նախընտրո՞ւմ է հեռախոսով զրուցել, թե գրավոր հարցեր ստանալ եւ գրավոր պատասխանել: Պարոն Խուրին առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել.

 

«Այո, ուղարկեք ինձ ձեր հարցերը եւ ես կպատասխանեմ»:

 

Դրվագ երրորդ. Տարօրինակ հղումը

 

ELARD-ի կայքն ուսումնասիրելիս նկատեցի, որ News and Events բաժնում փետրվարի 5-ին տեղադրվել էր ELARD is selected to Examine Armenia’s Amulsar Gold Mine Project Risks (ELARD-ն ընտրվել է Հայաստանի Ամուլսարի ոսկու հանքի ռիսկերը գնահատելու համար) տեղեկությունը:

 

Այն մի փնտրեք ընկերության կայքում. հեռացվել է: Բայց մենք փետրվարի 21-ին պատրաստել էինք սքրինշոթը, ահա այն՝

 

 

Հետաքրքիրն այն էր, որ for more details կոճակին սեղմելիս, լքում էիր ELARD-ի կայքը եւ հայտնվում Develop Armenia հայկական ՀԿ-ի այս էջի վրա՝ 

 

https://developarmenia.wordpress.com/2019/02/04/elard-consultancy-company-selected-to-examine-amulsar-project-risks/ 

 

Այս սքրինշոթի ներքեւի ձախ հատվածում երեւում է վերը նշված հղումը:

 

 

Էջում ներկայացված են «Հայկական բնապահպանական ճակատի» պիտակը կրող լուսանկարներ, որոնք Ամուլսարի հետ որեւէ կապ չունեն, սակայն ընթերցողի մոտ տպավորություն են ստեղծում, որ պատկերված է հենց Ամուլսարը: 

 

 

Կայքում տեղադրված տեքստում, մասնավորապես, ասված էր, որ «Հայաստանի ժողովուրդը եւ, մասնավորապես, քաղաքացիական հասարակությունը, հույս ունեն, որ ELARD ընկերությունը կանցկացնի Ամուլսարի նախագծի խորը եւ հաջողված բնապահպանական աուդիտ»:

 

Հաշվի առնելով, որ այս էջը եւս կարող է ջնջվել, ներկայացնում ենք սքրինշոթը։

 

 

Տարօրինակ է, որ ընտրված միջազգային անկախ ընկերությունն իր կայքում Հայաստանում ստացած աշխատանքի մասին հայտնում է միայն վերնագրով, իսկ մնացյալի համար առաջարկում է տեղափոխվել հայկական ՀԿ-ի կայք, որը տեղեկատվություն է պարունակում Ամուլսարի մասին, որը դժվար է չեզոք անվանել: Այդ հարցը եւս ներառեցի պարոն Խուրիին ուղարկված հարցերի մեջ:

 

Դրվագ չորրորդ. Ռիկարդո Խուրիին ուղարկված հարցերը.

 

1. Խնդրում եմ, մանրամասնեք, թե ի՞նչ ուսումնասիրություն եք իրականացնելու: Ստուգելո՞ւ եք Լիդիան Արմենիա ընկերության փաստաթղթերը, թե դաշտային հետազոտություններ եք իրականացնելու: Այսինքն՝ ձեր ընկերությունը պետք է բնապահպանակա՞ն, թե իրավական եզրակացություն տա:

 

2. Կառավարության կողմից կա՞ն հստակ սահմանված հարցեր, որոնց պատասխանները պետք է տա ձեր ուսումնասիրությունը: Եթե կան եւ գաղտնի չեն, խնդրում ենք ներկայացնել:

 

3. Ովքեր են ներգրավված լինելու աշխատանքներո՞ւմ՝ միայն ձե՞ր ընկերության աշխատակիցները, թե՞ նաեւ հրավիրված մասնագետներ: Թվով քանի՞ մարդ է աշխատելու:

 

4. Ամուլսարը նախկինում աուդիտի է ենթարկվել միջազգային ընկերությունների կողմից՝ անկնալո՞ւմ եք որեւէ բացթողումներ գտնել:

 

5. Փետրվարի 21-ին կայացած Հայաստանի կառավարության նիստում խոսվեց այն մասին, որ սովորաբար նման հետազոտությունները պահանջում են 8-9 ամիս, բայց հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ձեր ընկերությունը պարտավորվել է աշխատանքներն ավարտել մինչեւ մայիս: Ինչի՞ հաշվին եք գրեթե երկու անգամ կրճատելու ժամկետը:

 

6. Արդյո՞ք ունեք նման ուսումնասիրությունների փորձ: Եթե կարելի է, պատմեք համադրելի նախագծերի մասին, որոնք իրականացրել եք վերջին տարիներին:

 

7. Ձեր աշխատանքի ընթացքում պե՞տք է գործակցեք ՀՀ կառավարության, Լիդիան Արմենիա ընկերության կամ բնապահպան ակտիվիստների հետ, թե՞ լիովին անկախ եք գործելու:

 

8. Փետրվարի 5-ին ձեր կայքում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ դուք եք ընտրվել Ամուլսարի ռիսկերը ուսումնասիրելու համար (http://www.elard-group.com/newsView.php?id=20), սակայն երբ սեղմում ես for more details կոճակը, հայտնվում ես հայկական ՀԿ-ի էջում, որը Armecofront կազմակերպության լուսանկարներ է պարունակում, որը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը. 

 

(https://developarmenia.wordpress.com/2019/02/04/elard-consultancy-company-selected-to-examine-amulsar-project-risks/): Խնդիր չե՞ք տեսնում նրանում, որ ձեր կայքից մարդիկ վերահասցեագրվում են դեպի այլ կայք, որի բովանդակությունը չեզոք չէ:

 

9. Փաստացի, ձեր ընկերության եզրակացությունից է կախված Հայաստանի այս պահին ամենամեծ ներդրումային ծրագրի ($ 400 մլն) ապագան: Այդ փաստի գիտակցումը ձեզ խանգարո՞ւմ, թե՞ օգնում է:

 

Դրվագ հինգերորդ. Ռիկարդո Խուրիի պատասխանը

 

Փետրվարի 21-ի երեկոյան պարոն Խուրիից ստացա այս պատասխանը.

 

«Հարգելի Արա, շնորհակալ եմ ձեր հարցերի համար: Ես ստուգեցի Քննչական կոմիտեի հետ, եւ բոլոր մեդիա հարցումները պետք է ուղղել իրենց press@investigative.am հասցեով: Ինչ վերաբերում է կայքին, ես մեր հաղորդակցային թիմին հանձնարարել եմ հեռացնել բոլոր հոդվածները/լուրերը, որոնք վերաբերում են այս գործին»:

 

Ինչպես արդեն նկատեցիք, հիշյալ տեղեկատվությունն իսկապես հեռացվել է ELARD-ի կայքից:

 

Պարոն Խուրիին պատասխան նամակ գրեցի եւ ուշադրությունը հրավիրեցի հետեւյալի վրա.

 

- Մի քանի ժամ առաջ ինքը պատրաստակամություն էր հայտնել պատասխանել մեր հարցերին եւ նախընտրել էր գրավոր տարբերակը;

- Համաձայնություն տալուց չէր հիշատակել, որ պետք է նախապես ստանա Քննչական կոմիտեի համաձայնությունը;

- Անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Քննչական կոմիտեն համաձայնություն տա, որպեսզի ELARD-ը, օրինակ, պատմի իր նախկին փորձառության մասին:

- Հաշվի առնելով այն փաստը, որ մենք համաձայնություն ենք ունեցել հարցազրույցի մասին, ինձ իրավունք եմ վերապահում պատմել հանրությանը ստեղծված վիճակի մասին:

 

Պարոն Խուրին պատասխանեց, որ հարգում է իմ այդ իրավունքը եւ խնդրեց հաշվի առնել, որ այն աշխատանքը, որը կատարելու են Հայաստանում, իրականացվում է Քննչական կոմիտեի վարույթում գտնվող գործի շրջանակում:

 

«Մեր պայմանագիրը Քննչական կոմիտեի հետ է: Ձեր հարցումը ստանալուց անմիջապես հետո ես ուղարկեցի այն հաճախորդին (Քննչական կոմիտե), որպեսզի ստուգեմ՝ արդյո՞ք կան մեդիայի հետ շփվելու հատուկ կանոններ: Նրանք ինձ ասացին, որ հաղորդակցությունը պետք է կատարվի իրենց միջոցով: Դուք պետք է նրանց տեղեկացնեք, որ ցանկանում եք ստանալ մեր պատասխաններն այս հարցերին, որպեսզի իրենք տեղեկացնեն մեզ ընթացակարգի մասին»,- գրել էր նա:

 

Նաեւ ավելացրել էր. «Ես վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է, որ այս աուդիտն իրականացվի առավելագույն թափանցիկությամբ, սակայն տեղեկատվության հրապարակումը պետք է կատարվի իրենց միջոցով»:

 

Ամուլսարի տարածքում 2017 թ. նոյեմբերին Ամուլսարի տարածքում 2017 թ. նոյեմբերին

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հարգելով պարոն Խուրիի դիրքորոշումը, չեմ կարող չհայտնել կարծիքս. եթե հետազոտություն իրականացնող ընկերությունը կարող է մամուլի հետ շփվել միայն Քննչական կոմիտեի համաձայնությունից հետո, դժվար է այդ ընկերությանը անկախ համարել:

 

Ու նորից վկայակոչեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս անգամ 2018թ. հոկտեմբերի 24-ին արված հայտարարությունը.

 

«Կարծում եմ՝ քրեական գործի ընթացակարգով պետք է հրավիրել այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության, որ գա եւ տա եզրակացություն խնդրի վերաբերյալ, եւ այդ եզրակացությունը պետք է պատասխանի բոլոր առաջադրված հարցերին»։

 

Իմ պատկերացմամբ՝ «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը» չպետք է կաշկանդված լինի մեդիայի հետ շփումներում, հատկապես եթե հարցերից եւ ոչ մեկը չի վերաբերում բուն քրեական գործին: 

 

Դրվագ վեցերորդ. Հարցեր Քննչական կոմիտեին

 

Պարոն Խուրիին խոստացա, որ կապ կհաստատեմ Քննչական կոմիտեի հետ եւ փետրվարի 22-ի վաղ առավոտյան նամակ ուղարկեցի կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանին.

 

«Ս.թ. փետրվարի 21-ին մենք կապ ենք հաստատել ELARD ընկերության հետ՝ խնդրելով մանրամասներ ներկայացնել իրենց աշխատանքի մասին: Ընկերության գործադիր տնօրենը համաձայնել է հարցազրույց տալ եւ խնդրել է իրեն տրամադրել հարցերը: Սակայն, հարցերը ստանալուց հետո, ընկերության տնօրենը հայտնել է, որ կապ է հաստատել ՀՀ Քննչական կոմիտեի հետ, որտեղից իրեն ասել են, որ մամուլի բոլոր հարցումները պետք է ուղղվեն ՀՀ Քննչական կոմիտե, ուստի ինքը չի կարող պատասխանել մեր հարցերին:

 

Ամուլսարի տարածքում 2017 թ. նոյեմբերին Ամուլսարի տարածքում 2017 թ. նոյեմբերին

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այս առիթով խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանել հետեւյալ հարցերին.

 

- Արդյո՞ք ՀՀ Քննչական կոմիտեն որեւէ սահմանափակում է սահմանել ELARD ընկերության՝ հայաստանյան մամուլի հետ շփումների համար:

 

- Եթե նման սահմանափակում գոյություն ունի, արդյո՞ք այն տարածվում է նաեւ այն հարցերի պատասխանների վրա, որոնք վերաբերում են ELARD ընկերության փորձառությանը եւ նախկինում իրականացված աշխատանքներին:

 

- Արդյո՞ք ELARD-ն Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննություններն իրականացնելիս հանդես է գալիս որպես անկախ ընկերություն: 

 

Հաշվի առնելով այն փաստը, որ հոդվածը Mediamax.am կայքում հրապարակվելու է այսօր, խնդրում եմ մեր հարցման պատասխանը տրամադրել մինչեւ փետրվարի 22-ի ժամը 17:00-ը: Եթե այդ ժամկետում հարցման պատասխանը հնարավոր չի լինի տրամադրել՝ այն կներկայացվի ստանալուն պես, առանձին հրապարակմամբ»:

 

Դրվագ յոթերորդ. Կսպասենք Քննչական կոմիտեի պատասխանին

 

Քանի որ այս պահի դրությամբ (փետրվարի 22, ժամը 17:20) Քննչական կոմիտեից պատասխան չենք ստացել, ներկայացնում ենք հրապարակումը: Ինչպես որ խոստացել ենք՝ Քննչական կոմիտեի արձագանքը կհրապարակենք ստանալուն պես:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին