Պացիենտների երազանքները եւ առայժմ չհավաքված կուբիկ-ռուբիկը - Mediamax.am

exclusive
5500 դիտում

Պացիենտների երազանքները եւ առայժմ չհավաքված կուբիկ-ռուբիկը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Գրիգորյանը
Գոռ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Պապյանը
Նարինե Պապյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուզաննա Զոհրաբյանը
Ռուզաննա Զոհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի առողջապահության նախարարության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի («Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների միավորումից հետո-հեղ.) մասնաշենքերից 9-10 պացիենտ հավաքվում է վարչական շենքում: Գրադարանում, որը զբաղեցնում է իրար մեջ կառուցված երկու սենյակ, շարժվելու շատ տեղ չկա, բայց առայժմ այն ամենահարմարն է նկարելու համար:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Շուրջ մեկ տարի առաջ «Արվեստի զարգացման աջակցում» ՀԿ անդամները որոշեցին օգնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ հնարավորություն տալով նկարելու միջոցով ինքնարտահայտվելու: Սկզբում երկու պացիենտ էր մասնակցում, հետո ցանկացողները շատացան:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Մենք էլ էինք կասկածում, վախենումˋ կստացվի՞, թե՝ չէ: Բայց ինչ անում ես սրտանց, մեծ ցանկությամբ, առանց հետ կանգնելու, ստացվում է, մանավանդ, որ գիտենքˋ մեզ սպասում են, պատասխանատվություն կա մեզ վրա: Տեսանք, որ սիրով են գալիս, երջանկանում են բառի բուն իմաստով, նաեւ հասկացանք, որ իրենց անհրաժեշտ է էդ միջավայրից դուրս գալ ու արվեստի միջավայր մտնել: Ցանկություն հայտնեցինք, որ ծրագիրը շարունակական լինի»,- ասում է «Արվեստի զարգացման աջակցում» ՀԿ նախագահ Գոռ Գրիգորյանը:

 

Գոռ Գրիգորյանը Գոռ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երիտասարդ արվեստագետները կամավոր աշխատում են կենտրոնի պացիենտների հետ, խոսում արվեստի ճյուղերի, նկարչական ուղղությունների մասին:

 

Հայկը (անունը փոխված է) Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջն է ավարտել: Երկար ընդմիջումից հետո, այս ամառ կենտրոնում կազմակերպված միջոցառմանն առաջին անգամ մոտեցել է դաշնամուրին ու երգել: 

 

«Հոգու թրթիռով սպասում եմ, թե երբ ենք նկարելու կամ համերգ տալու: «Ամպեց, կորավ լուսնկան» երգի հիման վրա նկար եմ նկարել: Լինում է, որ երգը նկարի է վերածվում։ Կյանքում ամեն ինչ էլ պատահում է»,- ասում է Հայկն ու մի քառատող երգում կենտրոնի սոցիալական մասնագետ Ռուզաննա Զոհրաբյանի հետ: 

 

Տիկին Ռուզաննան ասում է, որ լավ գիտի՝ կենտրոնի պացիենտներից ով ինչ տաղանդ ու նախասիրություն ունի: Փորձում են բացահայտել ու դրսեւորվելու հնարավորություն տալ:

 

Ռուզաննա Զոհրաբյանը Ռուզաննա Զոհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Սա այնպիսի հիվանդություն է, որ բերում է սոցիալական կապերի խզման. ոմանք երկար տարիներ մեկուսացած են, անգամ իրենց հիվանդասենյակներից դուրս չեն գալիս: Ու պատկերացրեքˋ հիմա շփվում են իրար հետ, մեզ հետ, հանրության, դահլիճի հետ: Ինքնագնահատականն է բարձրանում, սոցիալական խզված կապերն են վերականգնվում, նախասիրություններն են վերհանվում, զբաղվածության հարցն է լուծվում, օրվա ռեժիմ են կազմում»: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Տարիներ առաջ Անիի (անունը փոխված է) ամբողջ օրն էր անցնում արվեստի ու արվեստագետների շրջապատում։ Աշխատում էր Երեւանի թանգարաններից մեկում։ Ասում է՝ նկարիչներից մի քանիսը պատկերել են իրեն, այդ նկարները ցուցահանդեսներում ու պատկերագրքերում են հայտնվել։ Հիմա ինքն է նկարում՝ արվեստի հետ կապը չկորցնելու, խաղաղվելու համար։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ես բեմի մարդ եմ, սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել, հարցազրույցներ տալ: Ես կվիրավորվեմ, եթե ինձ չկանչեն միջոցառումներին: Արդեն չեմ կարողանում նստել տեղումս, ուզում եմ անընդհատ նկարել, երգել, արտասանել։ Մենք մեզ մարդ ենք զգում, մեզ վրա ուշադրություն են դարձնում: Առօրյան թեթեւ է անցնում, երբ վերադառնում ենք բաժանմունք»,- ոգեւորված պատմում է Անին:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Գրապահարաններին իրար վրա դրված նկարներն են: Ինչ նկարել, ինչ նյութով ու գույներով՝ որոշում են մասնակիցները: «Մարդ կաˋ ծառ, ծաղիկ, սար ու տուն է նկարում, մարդ էլ կա էնպիսի բան է նկարում, որ մեզ համար էլ բացահայտում է լինում: Պացիենտներից մեկը, օրինակ, մարդ էր նկարելˋ գլխի մեջ չհավաքված կուբիկ-ռուբիկ: Ինքն ասում էրˋ սա իմ հիվանդությունն է»,-պատմում է Գոռը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Արվեստն ամբողջությամբ զբաղեցնում է Ռուբենի (անունը փոխված է) առօրյան: Նրան նկարչական նյութեր են տրամադրել, որ չսպասի դասի օրերին: Ռուբենը 50-ն անց է, ունի բարձրագույն կրթություն, ուսումնասիրել է հաշվողական մեքենաների ոլորտը, բայց կենտրոնում սկսել է երազել դիմանկարիչ դառնալու մասին. նկարում է բաժանմունքի պացիենտներին: Խնդրում է նաեւ, որ արվեստին առնչվող գրքեր բերեն: Վերջին ընթերցածը Այվազովսկու մասին էր: 

 

«Առաջ ես շատ պրոբլեմներ ունեիˋ կապված արվեստի ճյուղերի գնահատման եւ իմ աշխատանքների ասպարեզը որոշելու հետ: Տղաների օգնությամբ հաղթահարեցի դրանք: Ծանոթանում եմ արվեստի ուղղություններին, արվեստաբանության մասին գրքեր, քննադատական հոդվածներ են բերում, որ կարդամ: Մեզ արվեստի մեջ ենք զգում»:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ռուբենն ասում է, որ հոգեկան խնդիրները հաղթահարելու համար սկսել է նկարել մինչ կենտրոն գալը, հիմա ավելի լրջորեն է զբաղվում: Նախընտրած նկարիչներ եւ նկարչական ուղղություններ ունի, բայց դրանցից որին է հարում, դեռ չի կողմնորոշվում։

 

«Առայժմ աշխատում եմ լավ գործեր ստեղծել: Երբ կլուծվի լավ գործերի խնդիրը, գուցե ինչ-որ ուղղության հարեմ: Ինձ շատ դուր են գալիս Ռեպինի, Այվազովսկու, իմպրեսիոնիստների նկարները, բայց դա մեր ժամանակի խոսքը չէ: Ես գիտեմ, որ եթե կրկնեմ նրանց, մեծ բան արած չեմ լինի: Ժամանակակից ուղղությունների հետ պետք է ծանոթանամ»:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Զրույցի վերջում Ռուբենին հարցնում եմ, թե կա՞ մի բան, որի մասին կուզեր խոսել։ «Ժամանակին ջութակ եմ նվագել ու կուզեի զբաղվել դրանով»,-պատասխանում է։ 

 

Սոցիալական մասնագետն ասում է, որ պրոֆեսիոնալ եւ սիրողական երաժիշտները կենտրոնում շատ են, անգամ «Նուբարաշեն» բենդ են ձեւավորել։ Բայց միջոցառումների ժամանակ գործիքները ծանոթներից ու ընկերներից են խնդրում։ Եթե ունենային սեփականը, կենտրոնում բուժում ստացողները կկարողանային երաժշտությամբ զբաղվել։

 

Թղթերի ու ներկերի վրա խոնարհված երիտասարդ աղջիկը Սոնան է (անունը փոխված է)՝ ուսանողուհի ու ապագա լեզվաբան։ Սոցիալական մասնագետը Սոնային ցույց է տալիս նոր ստացած անգլերեն գրքերը։ Ընթերցանությունն ու նկարչությունը նրա հիմնական զբաղմունքն են։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ինձ տեսակցության եկող բոլոր հարազատներիս ցույց եմ տալիս նկարներս, ասում եմ, որ էստեղ կարեւոր զբաղմունք ունեմ։ Եթե դրսում լինեի, կարող է ժամանակ չունենայի նկարելու: Էնպես որ, լավ կողմեր, առավելություններ էլ կան: Մենք մեզ հասարակության մի մասնիկն ենք զգում, մեզ մոռացված, լքված չենք զգում»։ 

 

Սոնան Գանձասարի վանքն է նկարում, որը տեսել է միայն լուսանկարով։ Կենտրոնից դուրս գալուց հետո գնալու է Արցախ՝ Գանձասարը տեսնելու։ Սոնայի նման, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ինձ հանդիպած մարդիկ անպայման պատմում են կենտրոնից դուրս գալուց հետո իրենց երազանքների ու նպատակների մասին։

 

Կենտրոնի կլինիկական հոգեբան Նարինե Պապյանն ասում է, որ նկարչությունը շատ է օգնում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց։ Հոգեթերապիային, դեղերին զուգահեռ արվեստի հետ շփումը համալիր բուժման կարեւոր մաս է դառնում։

 

Նարինե Պապյանը Նարինե Պապյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Նկարչությունը, երգը կամ արվեստի այլ ճյուղերը ստացիոնար բուժման շրջանակում սոցիալականացման հնարավորություն են տալիս: Այն, որ նրանք աշխատում են նկարիչների ու գործակցում միմյանց հետ, բուժման ճանապարհներից մեկն է: Նրանք զարգանում են, նոր բաներ են սովորում, եւ շատ կարեւոր է, որ գիտեն՝ մենակ չեն, ինչ-որ մեկը մտածում է իրենց մասին»։ 

 

Դասերի համար անհրաժեշտ նյութերը կազմակերպությունն է տրամադրում։ Տղաներն ասում են, որ ծախսերն իրենք են հոգում, երբեմն ընկերներն են նվիրատվություն անում։ Տնօրինությունը խոստացել է ավելի մեծ տարածք տրամադրել, որ բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել դասերին, ամեն մեկն ունենա ստեղծագործելու իր անկյունը։

 

Գոռն ասում է, որ փորձում են աջակիցներ գտնել, ծրագիրը դարձնել երկարաժամկետ ու ընդլայնել այլ հաստատություններում։ Բայց եթե նույնիսկ աջակիցներ չգտնեն, դասերը չեն դադարեցնելու. արդեն ընկերացել են այս մարդկանց հետ ու համոզվել իրենց նախաձեռնության կարեւորության մեջ։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Մեր խնդիրը նրանց տաղանդը բացահայտելն է, հոգեկան վիճակը բարելավելը, ամենակարեւորը՝ միջավայրը փոխելը, կյանքը հետաքրքրացնելը, որովհետեւ նրանց համար ժամանակը կանգ է առել։ Մենք ասում ենք, որ կենտրոնից դուրս գալուց հետո էլ կապը չի կտրվելու, եթե հետագայում ուզենան ավելի պրոֆեսիոնալ նկարել, ցուցահանդես կազմակերպել, կօգնենք: Կարեւոր է նաեւ այս մարդկանց հասարակությանը ներկայացնելը, ասելը, որ նրանք անտեսված են եւ ուշադրության կարիք ունեն»,- ասում է Գոռ Գրիգորյանը։

 

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի նկարիչներին ոգեւորելու համար Գոռն ու ընկերները որոշել են նրանց աշխատանքների ցուցահանդես բացել։ Կարեւոր է, որ դրսում գտնվողները հասկանան՝ պատերից ներս ապրող մարդիկ ստեղծագործում են ու երազում: 

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին