exclusive
6139 դիտում

Գեւորգ Մալիկյան. «Կեսգիշերային ճեպընթաց»-ից մինչեւ Սթիվեն Սփիլբերգ


Գեւորգ Մալիկյանը
Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս

Գեւորգ Մալիկյանը
Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս

Գեւորգ Մալիկյանը
Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս

Գեւորգ Մալիկյանը
Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս

Գեւորգ Մալիկյանը
Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս

Գեւորգ Մալիկյանը
Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս

Գեւորգ Մալիկյանը
Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս


Ո՞վ է նա՝ զարմանահրաշ ճակատագրով այս մարդը, որի ուղին սկիզբ առավ Դիարբեքիրում, շարունակվեց Լոնդոնում եւ հասավ մինչեւ Հոլիվուդ: Թուրքահպատակ աղքատ հայ ընտանիքում ծնված տղային հաջողվեց փայլել Լոնդոնյան լավագույն բեմերում եւ աշխատել կինեմատոգրաֆի այնպիսի համաշխարհային դեմքերի հետ, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Լուկասը, Հարիսոն Ֆորդը, Ալան Փարքերը, Էնթոնի Հոփկինսը, Դասթին Հոֆմանը, Սիգուրնի Ուիվերը, Մայքլ Քեյնը, Ռոջեր Մուրը եւ այլն:

Գեւորգ Մալիկյանը ֆիլմ հիշեցնող իր ճակատագրի ոլորաններում երբեք չմոռացավ սեփական արմատների, հայկականության եւ իր պատմական հայրենիքի մասին: Մենք նրան հանդիպեցինք Իզմիթում, նա այն քիչ թուրքահայերից է, ով առանց վախի խոսում է Ցեղասպանության մասին, իսկ Թուրքիայում ապրող եւ աշխատող մարդու համար դա այնքան էլ հեշտ չէ, հրաշալի տիրապետում է Հայաստանում տիրող իրավիճակին, սիրում է Հայաստանը սթափ, առանց ավելորդ պաթոսի:

1953 թվականին Գեւորգն ընդամենը 10 տարեկան էր, երբ նրանց գյուղ եկավ մի արքեպիսկոպոս, որը Թուրքիայի տարբեր բնակավայրերից հայ երեխաների էր հավաքում հոգեւոր կրթություն տալու եւ ապագա հոգեւորականներ պատրաստելու նպատակով: Հենց այդ պահից սկսած առավոտյան դպրոց հաճախող, իսկ կեսօրին դերձակի արհեստանոցում աշխատող փոքրիկ տղայի ճակատագիրն ամբողջությամբ փոխվեց:

«Երբ ես տուն եկա, մայրս ասաց, որ լոգանք ընդունեմ եւ պատրաստվեմ, իսկ հայրս մտածմունքների մեջ էր: Երկար խորհելուց հետո հայրս ի վերջո ասաց. «Մյուս երեք երեխաններիս ես չեմ կարող լավ կրթություն տալ, գոնե այս մեկը թող իրեն փրկի»: Եվ այդպես՝ մի քանի մաթեմատիկական հարցերի պատասխանելուց հետո, ես հայտնվեցի Ստամբուլում»,- հիշում է Մալիկյանը:

Գարակեոզեան վարժարանն ու Սուրբ Խաչ Դպրեվանքի դպրոցն ավարտելուց հետո Մալիկյանն ուսումը շարունակեց վարժարանում, որտեղ նրան սպասում էր ճակատագրի նոր շրջադարձ, եւ այստեղ կրկին մեծ դեր խաղաց մեկ այլ հոգեւորական:

Ճակատագրական «Ռիչարդ Երրորդը»

«Անգլերեն մեզ դասավանդում էր Օքսֆորդն ավարտած անգլիկան եկեղեցու քահանան: Նա թատրոնի մեծ սիրահար էր եւ ուսանողների մասնակցությամբ բեմադրեց «Ռիչարդ Երրորդը», որտեղ ես Ռիչարդի դերն էի խաղում: Կա՛մ ես իսկապես լավ խաղացի, կամ շատ հաջողակ եմ, բայց քահանան կարողացավ դպրոցի ղեկավարությանը համոզել, որ ես պետք է դերասան դառնամ, ոչ թե հոգեւորական, եւ ուսումս շարունակեմ Մեծ Բրիտանիայում: Շուտով նա ինձ համար կրթաթոշակ գտավ Լոնդոնում»:

Այդպես 16-ամյա Գեւորգը հայտնվեց Անգլիայում: Անգլերենի հավելյալ դասեր անցնելուց հետո նա արդեն Ռոզ Բրուֆորդ քոլեջի սանն էր, իսկ ավարտելուց երկու օր հետո ստացավ իր առաջին դերը Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացման մեջ:

Գեւորգ Մալիկյանը Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս


Հետագայում նա խաղալու էր Շեքսպիրյան գրեթե բոլոր ներկայացումներում, փայլելու էր անգլիական լավագույն բեմերում՝ Շեքսպիրյան «Գլոբից» մինչեւ Արքայական թատրոն: Սակայն մինչ այդ առաջին քայլերն անող դերասանը սկսեց դերեր ստանալ բրիտանական գեղարվեստական եւ հեռուստատեսային ֆիլմերում: Թվում էր՝ ամեն ինչ հրաշալի է ընթանում. նա խաղում էր առաջնակարգ ֆիլմերում, պայմանագրեր էր ստորագրում լավագույն ընկերությունների հետ, ինչպիսին է, օրինակ, BBC-ն, սակայն մի օր Գեւորգը որոշեց, որ ինքը հոգնել է էկրանին արտասահմանցիների դերեր կերտելուց, եւ իր մենեջերին ասաց, որ ժամանակն է վերադառնալու թատրոն: Որոշ ժամանակ անց նա պայմանագիր ստորագրեց Շեքսպիրի արքայական ընկերության հետ: Մալիկյանի թատերական կարիերան ոչ պակաս հաջողակ ստացվեց, սակայն նա եղածով բավարարվողներից չէր, իսկ ճակատագիրն էլ նոր կանգառ էր պատրաստել նրա համար՝ այս անգամ Հոլիվուդում:

«Կեսգիշերային ճեպընթաց»-ը

1978 թվականին էկրան բարձրացավ Ալան Փարքերի եւ Օլիվեր Սթոունի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմը, որը պիտի լեգենդար դառնար: Հանդիսատեսը՝ հատկապես հայ, ամենից շատ տպավորվեց եւ սարսռաց թուրք դատախազից: Քչերը սակայն այդ ժամանակ գիտեին, որ կինեմատոգրաֆի պատմության մեջ թուրքի ամենահիշվող եւ ամենադաժան կերպարներից մեկի ստեղծողը հայ է: Հարցին, արդյոք դժվար չէր հայ դերասանի համար թուրքի դեր կերտելը, Մալիկյանը պատասխանում է որպես պրոֆեսիոնալ. «Դերասանի գործը կերպարներ խաղալն է, եւ ազգության հետ դա կապ չունի: Եթե դերը հետաքրքիր է, եթե պատմությունը հետաքրքիր է, քո պարտքն է խաղալ: Ինչ վերաբերում է թուրքերին, ապա նրանք շատ ընդդիմացան ֆիլմին՝ դրանով իսկ օգնելով դրա տարածմանը: Ֆիլմն այդքան լայն արձագանք գտավ հենց նրանց շատ աղմկելու պատճառով: Թուրքիայում տվածս հարցազրույցի ժամանակ ես հենց այդպես էլ ասացի՝ դուք դարձրիք ֆիլմն այդքան հանրահայտ»:

Հանդիպումը Սփիլբերգի հետ

Ֆիլմը հանրահայտ դարձրեց նաեւ իր դերակատարներին, եւ օրերից մի օր էլ Մալիկյանի մենեջերը զանգահարեց ու ասաց, որ նրան ուզում է հանդիպել Սթիվեն Սփիլբերգը: Հանդիպման ժամանակ Սփիլբերգն ասաց, թե գիտի, որ Մալիկյանը բրիտանական ֆիլմերի աստղ է, բայց արդյոք խաղացե՞լ է ամերիկյան ֆիլմերում. «Ես նրան հարցրի՝ տեսե՞լ եք «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմը: Նա միանգամից ասաց. «Աստվա՜ծ իմ, դու այն թուրք տականքն ես…»: Մենք ծիծաղեցինք, եւ իմ մասնակցությունը «Ինդիանա Ջոնսը եւ Խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմում հաստատվեց»:
Գեւորգ Մալիկյանը Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս


Սփիլբերգին Մալիկյանն այսօր հիշում է որպես գերպրոֆեսիոնալ եւ հրաշալի մարդու, որը դերասանների հետ աշխատելու հանճարեղ տեխնիկա ուներ, երբեք չէր զայրանում եւ գիտեր՝ ինչպես լուծել նկարահանման հրապարակում ծագած յուրաքանչյուր խնդիր: «Մի անգամ իմ եւ Հարիսոն Ֆորդի համատեղ տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ Սփիլբերգն ինձ խնդրեց մի փոքր շուռ գալ դեպի իր կողմ, քանի որ չի կարողանում տեսախցիկում ինձ տեսնել այն կերպ, ինչպես ուզում էր: Ես նրան ասացի, որ այդ դեպքում ինքը պետք է տեսախցիկը տեղաշարժի, որովհետեւ նա ինձ էր ուզում տեսնել, իսկ ես կանգնած էի իմ տեղում: Մի վայրկյան լռություն տիրեց, որից հետո Սփիլբերգը փոխեց տեսախցիկի դիրքը:»

Սուրբ Ղազարի սաների «ցույցը»

Առհասարակ Մալիկյանը ջերմությամբ եւ ժպիտով է մտաբերում «Ինդիանա Ջոնսը եւ Խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմի նկարահանումները, սակայն մինչեւ օրս կա մի դրվագ, որ նա հատկապես սիրով է հիշում: Վենետիկյան նկարահանումների ժամանակ Գեւորգին տեղեկացնում են, որ դրսում մի խումբ պատանիներ «ցույց» են անում եւ վանկարկում իր անունը. «Դուրս եկա եւ տեսնեմ, որ բակում հավաքվել են Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայ սաները, որոնք լսել էին, որ ես հայ եմ եւ նկարահանվում եմ այնտեղ եւ եկել էին ինձ ողջունելու: Շատ հուզիչ տեսարան էր, այն աստիճան, որ Հարիսոն Ֆորդը բոլոր հայ երեխաների համար պաղպաղակ գնեց: Հետո մենք առանձնացանք, սկսեցինք զրուցել: Սփիլբերգը ստիպված 2.5 ժամով ընդմիջեց նկարահանումները: Դա «Ինդիանա Ջոնսն» էր, որի նկարահանման մեկ ժամի գինը տասնյակ հազարավոր դոլարներ են, բայց երեխաների անկեղծ արարքը հուզել էր բոլորին: Այդ օրը երեկոյան զանգ ստացա. Մխիթարյան միաբանության հայրերն ինձ հրավիրում էին ճաշի: Ճաշից հետո գնացինք Սուրբ Ղազար կղզի, որն անհավատալի գեղեցիկ էր, իսկ օրն իրոք անմոռանալի էր»:

Մայրիկը երջանիկ չէր Լոնդոնում

Մինչ Մալիկյանի կարիերան գնալով ծաղկում էր ապրում, անձնական կյանքում եւ հոգում ամեն ինչ չէր, որ խաղաղ էր: Պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու պատճառով Մալիկյանը չէր կարողանում վերադառնալ Թուրքիա: Եվ այդպես էլ չտեսավ հորը, չկարողացավ անգամ ներկա գտնվել նրա թաղմանը:
«Մահից առաջ հայրս մորս խնդրել էր ապուր պատրաստել իր համար, հետո խնդրել էր իմ նկարը, որ միշտ գլխի վերեւում էր կախված, վերցրել նկարս ձեռքերի մեջ, քնել ու այլեւս չէր զարթնել»:
Գեւորգ Մալիկյանը Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս


Ժպտադեմ դերասանը հոր մասին հիշելիս տխրում է: Տխրում է նաեւ մորը հիշելիս, թեեւ վերջինիս պարագայում նա հրաժարվել էր Թուրքիայի քաղաքացիությունից, վերադարձել Ստամբուլ եւ հիվանդ մորն իր հետ տարել Լոնդոն: Ութ ամիս անց մայրը մահացել էր: Մալիկյանն ասում է՝ մայրիկը երջանիկ չէր Լոնդոնում, ատում էր այն, նրա համար առաջնահերթ էին բարեկամական, հարեւանային հարաբերությունները, ինչի պակասը շատ կար մեգապոլիսում: «Մենք՝ հայերս զգացմունքային ազգ ենք, եւ մեզ համար շատ կարեւոր է մարդկային ջերմությունը»:

«Խոստում»-ը

Առհասարակ, Մալիկյանը շատ է կարեւորում է հայերի հետ շփումը: Հայաստանում ընդամենը մեկ անգամ շատ կարճ ժամանակով լինելով հանդերձ՝ հիանալի տիրապետում է երկրում տիրող իրավիճակին, փայլուն հայերենով մեջբերումներ է անում հայոց պատմությունից եւ Թուրքիայում հպարտորեն նշում իր հայկական արմատների մասին:

Թուրքիայում էլ իրենց հերթին շատ հպարտ են Մալիկյանով: Հմտորեն շրջանցելով նրա հայ լինելը՝ ուրախությամբ նշում են, որ նա Թուրքիայում ծնված միակ դերասանն է, որը հաջողությունների է հասել Հոլիվուդում եւ Եվրոպայում: Փոխարենը մենք՝ Հայաստանում զարմանալիորեն շատ քիչ բան գիտենք Մալիկյանի մասին: Ըստ էության, մեզ համար էլ նա միակ հայ դերասանն է, որը հասել է նման բարձունքների: Հայ հեռուստադիտողը Մալիկյանին վերջին անգամ տեսավ «Խոստում» ֆիլմում, որի արժեքը դերասանը շատ է կարեւորում:
Գեւորգ Մալիկյանը Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս


«Սա Ցեղասպանության մասին առաջին լայնամասշտաբ ֆիլմն էր, եւ ճանապարհն արդեն բաց է, ուղին ավելի հեշտ կլինի, ավելի հեշտ, բայց ոչ ամբողջությամբ ազատ: Քանի դեռ ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Իսրայելի կառավարությունները չեն ընդունել Հայոց Ցեղասպանությունը, իմ կարծիքով, դավադրություններ դեռ շատ են լինելու: Եվ անգամ եթե նրանք ընդունեն, միեւնույն է, էլի դժվար է լինելու: Թուրքիան շատ հզոր խաղաքարտ ունի եւ շատ խելացի է խաղում դրանով: Փողը շատ հզոր բան է: Եվ հենց այդ նույն փողն է պատճառներից մեկը, որ Թուրքիայի կառավարությունը չի ընդունում Ցեղասպանության փաստը, քանի որ դա կարծես Պանդորայի արկղ լինի: Հենց ընդունեցիր, պետք է ի հայտ գան շատ ու շատ այլ հարցեր, որոնցից մեկը փոխհատուցումն է: Բայց ես լավատես եմ եւ կարծում եմ ամեն բան իր ժամանակն ունի: Ճիշտ է՝ մենք դեռ չենք հասել Ցեղասպանության ճանաչմանը, բայց այն, ինչ անում ենք եւ արել ենք տասնամյակներ շարունակ, քիչ գործ չէ: Մենք հիշում ենք եւ հնարավոր տարբեր առիթներով հիշեցնում այդ մասին: Ճանապարհ կա, կասկած չունեմ: Տարբեր առիթների ժամանակ, սեղանի շուրջ, զրուցելիս, աշխատելիս ես թուրք դերասանների, դեսպանների եւ հասարակ մարդկանց հետ խոսում եմ Ցեղասպանության մասին:
Գեւորգ Մալիկյանը Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս


Օրերից մի օր թուրքական կառավարությունն էլ պետք է նստի սեղանի շուրջ բանակցելու, այլ ելք չունի, եթե ուզում է համարվել առաջադեմ երկիր, պետք է հաշվի նստի Հայկական հարցի, քրդական հարցի եւ փոքրամասնությունների խնդիրների հետ: Իսկ մինչ այդ մեր պարտքն է հզորանալ: Մենք որպես ազգ շատ ենք ուշացել, բայց անցյալում առանձնակի հնարավորություն էլ չունեինք, իսկ հիմա պետություն ունենք եւ սփյուռք, որոնց ներկայացուցիչները եւ մենք ազգովին պետք է երկու բան ձեռք բերենք, տիրանանք եւ կառավարենք այս աշխարհում՝ փող եւ մեդիա»:

Մոգական հայոց լեզուն

Մալիկյանը մեծ տեղ է տալիս հատկապես Հայոց լեզվին ու դրա նշանակությանը: Ժպիտով նշում է, որ եթե անգլիացիների մեծագույն հպարտություն Բայրոնն եկավ, սովորեց եւ սիրահարվեց հայերենին, ապա մենք էլ մեզ գոնե պետք է հարց տանք՝ ի՞նչ կա այդքան մոգական այդ լեզվի մեջ: Հարցին, թե ինքն ինչպես կյանքի այդպիսի զարմանալի ոլորաններում չի մոռացել հայերենը, պատասխանում է. «Մարդ չպիտի մոռանա իր արմատներն ու պատմությունը: Հիշելով եւ կենդանի պահելով քո պատմությունը, դու հող ես նախապատրաստում այն ամենի համար, ինչ սահմանված է քեզ հետ տեղի ունենալու: Չպետք է մոռանաս անցյալդ: Անցյալը քեզ օգնում է ուժեղացնել, ամրացնել ապագայիդ հույսը, քաղել դասեր, որոնք պետք է բացառվեն ապագայում»:

Օտար ճամփաներն ու հզոր Հայաստանի երազը

Դերասանի հարազատներն այսօր սփռված են աշխարհով մեկ: Երկու եղբայրները թաղված են Գերմանիայի տարբեր քաղաքներում, ծնողները՝ Թուրքիայում: Քույրն ապրում է Ֆրանսիայում, կինը՝ Կիպրոսում, աղջիկը՝ Թունիսում: Մալիկյանը շատ է հպարտանում հատկապես տղայով՝ Սեւանով, որը նկարիչ է, եւ շատ է ուզում, որ հատկապես տղան գա Հայաստան ու կապվի հայրենիքի հետ: Ինքը՝ Մալիկյանն այսօր նկարահանվում է Թուրքիայում: Նրան այնտեղ շատ լավ են վերաբերվում, մեծարում որպես առաջատար արտիստի: Դերասանն իր ճակատագրից գոհ է, կարծում է, որ ինքն իսկապես բախտավոր է, թեեւ կյանքը հաճախ է անակնկալներ մատուցել իրեն:

«Ես պետք է դառնայի քահանա, բայց դարձա դերասան: Երբ տարիներ անց վերադարձա Ստամբուլ, պատրիարքական փոխանորդ Աթեշյանն ինձ ասաց. «Լավ է, որ դու դերասան դարձար, թե չէ հիմա պատրիարքը դու կլինեիր,- Մալիկյանը ծիծաղում է եւ հավելում,- չեմ կարող դժգոհել, կյանքը միշտ դրական է տրամադրված եղել իմ հանդեպ»:
Գեւորգ Մալիկյանը Գեւորգ Մալիկյանը

Լուսանկարը` Դավիթ Այվազյան/Մեդիամաքս


Եվ իսկապես թվում է՝ նա հասել է այն ամենին, ինչի մասին կարելի է երազել: Սակայն հյուրընկալ սրտով, բարյացակամ ու ժպտադեմ այս մարդու աչքերում ու խորքում, խորաթափանց հայացքի դեպքում կարելի է որսալ տխրություն ու կարոտ: Ի վերջո, ինչպիսի բարձունքների էլ կյանքը հասցրած լինի նրան, Գեւորգ Մալիկյանը մեկն է այն միլիոնավոր հայերից, որի հարազատները սփռված են երկրագնդով մեկ եւ որն արդեն կես դարից ավելի է՝ միայնակ քայլում է այս աշխարհի օտար ճամփաներով՝ մտածելով ու երազելով հզոր Հայաստանի մասին:

Սոսսի Խանիկյան
Լուսանկարները՝ Դավիթ Այվազյանի (Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am