exclusive
5196 դիտում

Մեր տանկը, հրետանավոր Վարդանը ու ականանետի «աբորտը»


Մկրտիչ Տոնոյանը եւ Արման Զոհրաբյանը՝ 1994թ. հունվարին
Մկրտիչ Տոնոյանը եւ Արման Զոհրաբյանը՝ 1994թ. հունվարին

Լուսանկարը` Մ. Տոնոյանի արխիվից


Արվեստանոցը, որը ժամանակի ընթացքում դարձել է ընկերների հանդիպման ամենասիրելի վայրը, հարմարավետ էր՝ բուխարու կրակը մեղմ լուսավորում էր եւ հաճելի ջերմություն տարածում։ Պատերին կախված նկարների մեջ քիչ չեն պատերազմական դրվագները, որոնք, սակայն, լուսավոր են ու հավատով լի։ Մկրտիչ Տոնոյանի հետ վաղուց ենք մտերիմ. հաճախ ենք հանդիպում ու զրուցում պատերազմի ու խաղաղության, Հայաստանի, անցյալի ու ապագայի շուրջ։

Մինչ հեռավոր պատերազմական օրերի մասին զրուցելը, հիշեցինք պատերազմական հին լուսանկարը, որտեղ Մկրտիչն է (առջեւից)՝ ԱԳՍ-17-ը ուսին եւ ընկերը՝ Արման Զոհրաբյանը (Ցուլ)՝ դեռ 20-ը չբոլորած ժպտուն պատանիներ, ովքեր գնացել էին երկիրը պաշտպանելու։ Լուսանկարն արվել է 1994թ. հունվարին, Հակոբկամարիում։ Արմանը զոհվել է 1994թ. ապրիլի 10-ին՝ Մատաղիսի ազատագրման ժամանակ։

Մկրտիչ Տոնոյանը եւ Արման Զոհրաբյանը՝ 1994թ. հունվարին Մկրտիչ Տոնոյանը եւ Արման Զոհրաբյանը՝ 1994թ. հունվարին

Լուսանկարը` Մ. Տոնոյանի արխիվից


Դեպի Գյուլիբերդ

1992-ի ռազմական ելքը մեր ջոկատի համար նշանավորվեց նրանով, որ առաջին անգամ մարտի էինք գնում պետական կազմավորման շարքերում, այսինքն՝ ոչ թե որպես անկախ ջոկատ, այլ որպես զինվորական ստորաբաժանում։ Մեր ջոկատը՝ «Ազգային լեգեոնը», միացել էր Արծիվ-մահապարտներին, եւ կազմավորել «Արծիվ-4» գումարտակը։ Մի քանի օր մնացինք Մայրաքաղաքային գնդում, նոր համալրում ստացանք ու մեկնեցինք Լաչինից հարավ՝ Գյուլիբերդի դիրքերը՝ փոխարինելու մարտական հերթապահություն իրականացնող Նուբարաշենի գնդի տղաներին՝ բանակային առաջին կազմավորումներից մեկին։ 92-ի հոկտեմբերի սկզբին մենք արդեն դիրքերում էինք։

92-ի աշնանը Լաչինի միջանցքի թե՛ հյուսիսում, թե՛ հարավում ծանր մարտեր էին. ադրբեջանական բանակը փորձում էր ճեղքել հայկական ուժերի պաշտպանությունը եւ փակել, ինչպես այն ժամանակ էին ասում, մարդասիրական միջանցքը։ Այդ շրջանում ազգային բանակի հիմքերն էին դրվում. Վազգեն Սարգսյանի հեռուստաելույթից հետո Մայրաքաղաքային գնդում են հավաքվում կամավորականները, որոնք արդեն պետք է հանդես գային կանոնավոր ստորաբաժանումների կազմով։

Մի քանի օրով մեզ միացան Արծիվ-մահապարտների տղաներից մի քանիսը, ովքեր մինչ այդ Մարտակերտի ճակատում էին։ Ասում էին, թե Մարտակերտում իրադրությունն ավելի հանգիստ էր, քան այստեղ։ Ադրբեջանցիները նույնիսկ մարտական ինքնաթիռներ էին կիրառում. երկու անգամ գիշերը կասետային ռումբեր նետեցին մեր դիրքերի վրա։

Առաջին անգամ

Առաջին անգամ զենք եւ զինամթերք ստացանք պետական պահեստներից. մինչ այդ մենք էինք ձեռք բերում՝ տարբեր ճանապարհներով, կռիվն էլ ավելի շատ պարտիզանական էր, իսկ սա արդեն դիրքային, մեզ համար՝ լայնամասշտաբ պատերազմ էր։ Արդեն ձեւավորվում էր մատակարարման, պետական տարբեր կառույցների, ջոկատների հետ համագործակցելու մարտահրավերը։ Պիտի գլուխ հանեինք...

Առաջին անգամ գումար էինք ստանալու՝ մոտ 3000 ռուբլի, որով կարելի էր գնել մի բլոկ ծխախոտ կամ մի քիչ ավելի, բայց մենք բոլորս հասկանում էինք, որ դա պայմանական էր։ Առաջին անգամ նաեւ գնացինք ավտոբուսով, որը նախկինում եղած բեռնատարների համեմատ մեծ հարմարավետություն էր։

Նրանց տանկը

Հակառակորդի տանկը, որը մեր թիկունք էր անցել, ոչնչացրինք ձեռքի նռնակով։ Դիրքն այնպիսին էր, որ խոցելու համար պետք է շատ մոտենայինք՝ ձորի մեջ էր, անընդհատ կրակում էր, վերեւից չէինք կարողանա խփել, իսկ մոտիկ տարածությունից նռնականետը չի աշխատում։ Հրամանատարը՝ Լեւոն Գեւորգյանը, իր վրա վերցրեց ողջ ծանրությունը՝ երկու-երեք ուղեկցողի հետ աննկատ մոտեցան, ու երբ բացվեց տանկի աշտարակը, ձեռքի նռնակը գցեց մեջն, ու տանկը պայթեց։

Մեր տանկը

Տանկեր կային Լաչինում, բայց սպասում էին, որ արկեր բերեին, նոր գային։ Մենք էլ նախանձում էինք ադրբեջանցիներին, որ իրենք հետեւակին աջակցող տանկեր ունեին, իսկ մենք՝ ոչ։ Մեր տղերքից մեկը՝ Արտյոմ Ալեքսանյանը, «Յոժ» էինք ասում, գնացել էր Լաչին՝ մատակարարման գործերով։ Տեսել էր տանկը, համոզել ու բերել էր դիրք, որ մեր «դուխը» բարձրանա, ու տանկիստի պատճառաբանությունները, թե՝ արկ չկա, չէր էլ լսել։ Տանկը տեսնելուն պես հակառակորդը սկսեց կրակել։ Տեսանք, որ մեր տանկը չի պատասխանում, գնացինք մոտը, թե՝ ինչո՞ւ չես պատասխանում։ Նա էլ՝ ախր, «սնարյադ» չունեմ։ Ասեցինք՝ բա ինչո՞ւ ես եկել, տանկիստն էլ՝ գնացե՛ք, ձեր ընկերոջը հարցրեք։ Փաստորեն ավելի վատ ստացվեց. ադրբեջանցիները տեսան տանկ ունենք, սկսեցին ավելի ուղղորդված կրակել։ Ու ամբողջ հետեւակով սկսեցինք մտածել, թե ինչպես անենք, որ մեր միակ տանկը հանկարծ չխփվի. էդ քարքարոտ հողում, ցրտին, տանկի համար խրամատ փորեցինք, որ թաքստոց լինի, մինչեւ արկերը բերեն։ Մեր այնտեղ եղած ժամանակ արկեր այդպես էլ չբերեցին։

Հրետանավոր Վարդանը

Հրետանի չունեինք։ Բայց Հադրութի սարերում Լենինականի տղերքն էին։ Հիշում եմ ականանետորդներից մեկին, որի եւ՛ անունը եւ՛ ազդականչը Վարդան էր։ Չնայած մեր դիրքը հրետանու համար նպաստավոր չէր, բայց եթե կոորդինատները ճիշտ տալիս էինք, Վարդանը հրեշտակի պես օգնության էր հասնում, երբեք չէր ուշանում։ Հիշում եմ՝ ռադիոկապով ասում էր՝ Լյով ջան, չմտածե՛ք, ես ձեր համար մի քանի «սնարյադ» ունեմ, ամենանեղ պահին կկրակեմ։ Վարդանին այդպես էլ երբեք չհանդիպեցինք...

Ականանետի «աբորտը»

Ունեինք 120 մմ մեկ ականանետ, բայց մասնագետ չունեինք։ Մեզ միացել էր մի շատ հետաքրքիր մարդ՝ Սուքիաս Սուքիասյանը, մեր ջոկատի ամենատարեցն էր՝ Դեդ էինք ասում։ Մերգելյանում էր աշխատել, ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածու էր։ Ասաց՝ ես ականանետով կզբաղվեմ։ Բայց իրեն հաշվարկ էր պետք, որովհետեւ 120 մմ ականանետի միայն փողը 105 կգ է, եւ մեր տղաներից մի քանիսը գնացին օգնելու։ Մեր ունեցած ականները հաճախ չէին կրակում՝ «ասեչկա» էին տալիս, մնում փողի մեջ ու հարկ էր լինում ականը հանել փողի միջից։ Դեդը ականանետի փողը թեքում էր եւ մարտական վիճակում գտնվող ականը սահում էր դուրս. շատ վտանգավոր էր։ Ռազմական ժարգոնով դրան ասում են «աբորտ անել»։ Երբ հերթական ականը մնում էր փողի մեջ, Դեդն ասում էր. «Դե, գնացե՛ք, դուք հըլը ճիժ չունեք, փախեք ինչքան կարող եք հեռու, ես «աբորտը» կանեմ։

100 հոգով, 3 կիլոմետր, առանց զոհի

3 կիլոմետրանոց դիրքերը պահեցինք մոտ 100 հոգով, ոչ մի զոհ չունեցանք։ Հերթափոխից հետո, երբ դիրքերը հանձնեցինք ու վերադարձանք Կոռնիձոր, մեծ մատաղ կազմակերպեցինք, որի ժամանակ շտաբի պետը՝ Ֆելիքս Գզողլյանը, նախարար Վազգեն Մանուկյանի անունից մեզ պատվոգրեր հանձնեց ու ասաց, որ առաջին անգամ է, որ նման թեժ մարտերից հետո զոհվածների հիշատակի համար բաժակ չենք բարձրացնում։ Հպարտանալը ասում են լավ բան չի, բայց այնպես էր ստացվել, որ առանց կորուստների դուրս եկանք այդ վիճակից...

Միքայել Յալանուզյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am