Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի 1993թ. ապրիլի նամակագրությունը - Mediamax.am

exclusive
28860 դիտում

Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի 1993թ. ապրիլի նամակագրությունը



«Հատուկ թղթապանակ»-ը ներկայացնում է նամակները, որոնք 1993 թվականի ապրիլին փոխանակել են ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

Որպես նախաբան

 

Մի քանի ամիս առաջ տեղեկացա, որ Բիլ Քլինթոնի գրադարանը համացանցում հասանելի է դարձրել ԱՄՆ նախկին նախագահի արխիվի մի մասը: «Armenia» բառով որոնում տվեցի, բայց առանձնապես հետաքրքիր փաստաթղթեր չբերեց՝ հիմնականում հայկական մամուլի հրապարակումների թարգմանություններ էին:

 

Հետո նկատեցի, որ 1993 թվականի ապրիլի 2-ին Երեւանում ԱՄՆ դեսպանությունը «ոչ գաղտնի» (Unclassified) մակագրությամբ գրության մեջ հայտնում է, որ ստացել է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակների պատճեները եւ դրանց անգլերեն թարգմանությունները տրամադրել է Ժնեւում, Մոսկվայում, Բաքվում եւ Անկարայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին:

 

Չեմ կարծում, որ այս նամակների բովանդակությունը գաղտնիք է, սակայն որոշել էի առայժմ չհրապարակել դրանք. Հայաստանում հետհեղափոխական վիճակ էր, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել, եւ չէի ցանկանում, որ 25 տարվա վաղեմության նամակների հրապարակումը «դավադրության տեսության» կողմնակիցների համար ակտիվանալու հերթական առիթը դառնա:

 

Սակայն, հետեւելով Հայաստանի եւ Արցախի ղեկավարների հարաբերություններում նշմարվող լարվածությանը՝ որոշեցի, որ միգուցե հենց հիմա է այդ նամակները հրապարակելու հարմար պահը: Կարծում եմ՝ մեր այսօրվա խնդիրների մեծ մասը գալիս է այն բանից, որ մենք մեր նորագույն պատմությունը լավ չգիտենք, իսկ իմանալու դեպքում էլ դասեր չենք քաղում:

 

Դժվար է ասել, թե որն է եղել այդ նամակների իրական նպատակը: Ինքս կարծում եմ, որ Հայաստանն ու Արցախն այդպիսով փորձում էին ցույց տալ միջազգային հանրությանը, որ Երեւանի ազդեցությունը Ստեփանակերտի վրա սահմանափակ է, եւ խնդիրները կարգավորելու համար պետք է խրախուսել Արցախի եւ Ադրբեջանի ուղիղ շփումները: Եվ դժվար է պատահականություն համարել այն, որ նամակները, գրվելուց ընդամենը մեկ օր անց արդեն, ԱՄՆ դեսպանության տրամադրության տակ էին հայտնվել:

 

Արա Թադեւոսյան

 

ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

 

«Պարոն նախագահ,

 

ՀՀ կառավարությունը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմի սրման առնչությամբ եւ կարծում է, որ այն կարող է խանգարել այն առաջընթացին, որը ձեռք էր բերվել խաղաղ բանակցությունների ընթացքում՝  ԵԱՀԽ հովանու ներքո։

 

Մենք կոչ ենք անում զինյալներին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

 

Հայաստանի Հանրապետությունը եւս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու առանց որեւէ նախապայմանի հրադադարի հաստատմանը եւ փոխզիջումային քաղաքական որոշումներ փնտրելուն՝ Մինսկի խաղաղության կոնֆերանսի շրջանակներում։

 

Խորը հարգանքով,

Լեւոն Տեր-Պետրոսյան

ՀՀ նախագահ

1993թ․Ապրիլի 1»

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

 

«Պարոն նախագահ,

 

Ապրիլի 1-ի Ձեր հայտարարությանն ի պատասխան հայտնում ենք, որ մի քանի ամիսների ընթացքում մենք բազմիցս պաշտոնապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների եւ անհապաղ զինադադար կնքել։

 

Սակայն, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության եւ Մինսկի խաղաղության  կոնֆերանսում, Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի պատճառով, մեր կառուցողական ջանքերը արդյունք չեն տվել։

 

Մենք համոզվեցինք, որ Ադրբեջանը օգտագործում է ԵԱՀԽ-ի հովանու ներքո ընթացող բանակցությունները՝ քողարկելու իր ռազմական պլանները եւ Ղարաբաղյան խնդիրն ուժի գործադրմամբ լուծելու մտադրությունը։ Սա ապացուցվում է մարտին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակմամբ՝ Մարտակերտի շրջանում եւ Լաչինի մարդասիրական միջանցքում:

 

Ինչպես նշել էի մարտի 31-ի իմ հայտարարության մեջ՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ուժերը ստիպված էին օգտվել իրենց ինքնապաշտպանության բնական իրավունքից եւ ճնշել բոլոր այն ռազմական թիրախները, որոնք վտանգ էին ներկայացնում մեզ համար։

 

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքը օկուպացնելու որեւէ ծրագիր չունի, բայց միեւնույն ժամանակ, պետք է դիմակայի սպառնալիքին։

 

Մենք պատրաստ ենք անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ ռազմական բոլոր գործողությունները դադարեցնելու համար, եթե նման պատրաստակամություն ցուցաբերի նաեւ հակառակ կողմը։

 

Ռոբերտ Քոչարյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ

Ապրիլի 2, 1993թ.»

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին