Փրեսել-Նիկոլաեւ հանդիպումը՝ խաղաղապահություն vs խաղաղարարություն - Mediamax.am

exclusive
19203 դիտում

Փրեսել-Նիկոլաեւ հանդիպումը՝ խաղաղապահություն vs խաղաղարարություն


Լուսանկարը` REUTERS

Անդրեյ Նիկոլաեւը
Անդրեյ Նիկոլաեւը

Լուսանկարը` REUTERS

Անդրեյ Նիկոլաեւը 1997 թվականին՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ
Անդրեյ Նիկոլաեւը 1997 թվականին՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ

Լուսանկարը` REUTERS

Ջոզեֆ Փրեսելը
Ջոզեֆ Փրեսելը

Լուսանկարը` ԱՄՆ Պետդեպարտամենտ


Գաղտնազերծված փաստաթղթերը ոչ միայն լույս են սփռում անցյալի իրադարձությունների վրա, այլեւ օգնում են վերականգնել պատմական համատեքստը, որում քննարկվել են կարեւոր քաղաքական թեմաները: «Հատուկ թղթապանակ» խորագրի հերթական թողարկումը նվիրված է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի գրադարանի կողմից հրապարակված այդպիսի փաստաթղթերից մեկին:



1994 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցավ նորանկախ պետություններում տարածաշրջանային հիմնախնդիրների համակարգող, Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջոզեֆ Փրեսելի եւ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Նիկոլաեւի հանդիպումը։ 



Հանդիպման մասին զեկույցը կազմվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կողմից: 



Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից  8 օր անց, սակայն հանդիպման մասնակիցները խոսում են հակամարտության մասին այնպես, ասես այն շարունակվում է:

 

Ջոզեֆ Փրեսելը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն անվանում է նույնիսկ ավելի բարդ, քան Աբխազիայում: Եթե Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, թեեւ դժկամորեն, համաձայնել էր  ընդունել ԱՊՀ զորախումբը, Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւը կտրականապես դեմ էր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան ուժերի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին: Ըստ ամերիկացի դիվանագետի ՝ Ալիեւը հույսը դրել էր ԵԱՀՀ-ի վրա (Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողով, հետագայում ՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն-ԵԱՀԿ), ուստի չի ցանկանում ընդունել ռուս բանագնաց Վլադիմիր Կազիմիրովի առաջարկած պլանը: 

Ջոզեֆ Փրեսելը Ջոզեֆ Փրեսելը

Լուսանկարը` ԱՄՆ Պետդեպարտամենտ

Փրեսելը նաեւ նախազգուշացնում է, որ ռուսական զորախմբի միաժամանակ հայտնվելը Լեռնային Ղարաբաղում եւ Վրաստանում լուրջ մտահոգություններ կառաջացնի Արեւմուտքում: Նիկոլաեւի այն հարցին, թե արդյո՞ք ԵԱՀՀ-ն պատրաստ է զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, Փրեսելը դրական պատասխան է տալիս եւ ասում, որ համաձայնագիրը կնքելուց հետո երեք օրվա ընթացքում ԵԱՀՀ-ն կարող է ուղարկել 36 դիտորդ, իսկ մեկ շաբաթվա ընթացքում նրանց թիվը կարող է հասնել 70-ի:

 

Անդրեյ Նիկոլաեւն, իր հերթին, նշում է, որ ԵԱՀՀ-ն հայտարարում է խաղաղապահության (peacekeeping) մասին, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը խաղաղարարության (peacemaking) կարիք ունի: Ի սկզբանե տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն, եւ միայն դրանից հետո, խաղաղությունը պահպանելու համար, այդտեղ կարելի է գործուղել միջազգային դիտորդներին։ Նիկոլաեւն ասում էր, որ բոլոր կողմերը, բացառությամբ Ադրբեջանի, համաձայնել են ընդունել Ռուսաստանի խաղաղապահ ուժերին: Ըստ Նիկոլաեւի, Ալիեւը  դեմ էր ռուսական ուժերին ոչ թե այն պատճառով, որ սատարում էր ԵԱՀՀ-ին, այլ ներքաղաքական հանգամանքների ելնելով: Այդուհանդերձ, Նիկոլաեւը շեշտում էր, որ Մոսկվան դեմ չէ Լեռնային Ղարաբաղում ԵԱՀՀ-ի ներկայությանը:

Անդրեյ Նիկոլաեւը Անդրեյ Նիկոլաեւը

Լուսանկարը` REUTERS

Փրեսելի այն հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ԵԱՀՀ ներկայությունը ընդունելի է Մոսկվայի համար, Նիկոլաեւը պատասխանում է, որ կարգավորման մեջ առանցքային դեր են խաղում նրանք, ովքեր կտրամադրեն սահմանազատման անհրաժեշտ ուժերը, եւ դա կարող է լինել միայն Ռուսաստանը: Ըստ Նիկոլաեւի, Փրեսելի հիշատակած ԵԱՀՀ 36 դիտորդները պարզապես չեն կարողանա ինքնուրույն իրականացնել այդ աշխատանքը, իսկ Ռուսաստանը ցանկանում է օր առաջ վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում: ԵԱՀՀ դիտորդները, ըստ Նիկոլաեւի, կկարողանան փոխարինել սահմանազատման ռուսական ուժերը միայն այն դեպքում, եթե նրանց թիվը երկու կամ երեք անգամ գերազանցի Փրեսելի նշած ցուցանիշը: Նիկոլաեւը նաեւ նշում էր, որ միջազգային հանրությունը «Կազիմիրովի պլանից» ավելի լավ բան չի առաջարկել:

 

Փրեսելն ընդգծում էր, որ Մոսկվայի գործողությունները Լեռնային Ղարաբաղում կանդրադառնան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ միջազգային հանրությունում Ռուսաստանի դիրքերի վրա: Նիկոլաեւը նշում էր, որ Ռուսաստանը պատրաստ է այդ քննադատությանը եւ պատասխան հարց ուղղում. արդյո՞ք միջազգային հանրության այն ներկայացուցիչները, ովքեր քննադատում են Ռուսաստանին, պատրաստ են իրենց վրա վերցնել արյունահեղությանը վերջ տալու բեռը:

Անդրեյ Նիկոլաեւը 1997 թվականին՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ Անդրեյ Նիկոլաեւը 1997 թվականին՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ

Լուսանկարը` REUTERS

Այս խոսակցությունից երեք տարի անց Անդրեյ Նիկոլաեւն ազատվեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային Սահմանային ծառայության տնօրենի պաշտոնից: Պատճառը նրա ընդհարումն էր Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ: 1997 թվականի դեկտեմբերին, Նիկոլաեւի հրամանով, ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ռուսական հսկիչ կետը մոտեցվել էր վրացական հսկիչ կետին՝ Վրաստանից օղու մաքսանենգ տեղափոխումը կանխելու նպատակով: Երկու երկրների միջեւ խնդիրներ ծագեցին, եւ Ելցինը պահանջեց, որպեսզի հսկիչ կետը վերադարձվի իր նախկին տեղը, իսկ Նիկոլաեւը հրաժարվեց կատարել այդ հրամանը:

 

Սոնա Միրզոյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին