Տարին ամփոփող նյութ գրելը 2020 թվականից հետո առավել դժվար է դարձել: Մի կողմից, չես ցանկանում տոներից առաջ մռայլ պատկեր ներկայացնել, մյուս կողմից՝ գիտակցում ես, որ իրականության հետ առերեսվելն այն փոխելու գլխավոր նախապայմանն է:
«Սեւ ու սպիտակ»-ի «հաղթարշավը» շարունակվում է
2024 թվականն ամփոփող հոդվածն այսպես էի ավարտել.
«2024 թվականը, կարծում եմ, ապացուցեց, որ դոգմատիզմի ճիրաններում մնացող մեր հասարակությունը մեծ ապագա չունի: Մեծ եւ փոքր խնդիրները բացառապես սեւ եւ սպիտակ գույներով ընկալելը եւ վերլուծելը, քննական մտածողության բացահայտ պակասը, ցանկալին իրականի տեղ դնելու սովորույթը մեր հասարակությունը տանում են դեպի փակուղի, եթե չասենք՝ դեպի անդունդ: Քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը չգիտակցի, որ այդպես ապրել այլեւս հնարավոր չէ, մենք ոտքի չենք կանգնի՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին: 2025-ին լրանալու է պատերազմի եւ պարտության 5 տարին եւ գոնե այդ տարին պետք է օգտագործվի որպես նոր սկիզբ»:
Ցավոք, 2025 թվականին ոչ միայն նոր սկիզբ տեղի չունեցավ, այլեւ «սեւ-սպիտակն» ավելի ամրապնդեց իր դիրքերը: Երկխոսություն չկա՝ ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ հանրային գործիչների, ոչ էլ, մեծ հաշվով, սովորական մարդկանց միջեւ:
Արդյունքում ավելի է խորանում ապատիան եւ անտարբերությունը, ինչը նշանակում է, որ ընտրողների մեծ մասը, ինչպես նախկինում, 2026-ին ընտրություններին չի մասնակցելու եւ Հայաստանի ապագայի համար իր բաժին պատասխանատվությունը չի վերցնելու:
Զրոյական արդյունքով խաղ
2025 թվականին իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսելու որեւէ փորձ չարեցին: Բնականաբար, առաջին քայլը պետք է աներ իշխանությունը: Ոչ միայն չարեց, այլեւ «նախկինների» հանդեպ ատելությունը նոր մակարդակի բարձրացրեց:
Ընդդիմությունը, ինչպես նախկինում, չփորձեց «ասիմետրիկ» քայլեր կատարել եւ սեփական գործողությունների կառուցողական օրակարգ ձեւավորել, այլ նախընտրեց արձագանքել պատասխան ատելությամբ:
2025 թվականի գարնանը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները (բնականաբար, նախկին նախագահների «օրհնությամբ») փոխադարձ մեղադրանքները չտեսնված մակարդակի հանեցին: Այդ մասին մարտին գրել էի Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների «մութ սենյակը» սյունակում:
2025 թվականի վերջում էլ ընդդիմադիր ճամբարում նոր «հակամարտություն» է հասունանում:
Նարեկ ԿարապետյանըԼուսանկարը` Նարեկ Կարապետյանի ֆեսյբուքյան էջ
«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասել է, որ «ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ, իրենք արել են աշխատանքը, բայց ապագա Հայաստանում նոր առաջնորդների ժամանակն է»:
Նրան պատասխանել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.
«Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան, որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ, բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ»:
Ավելի զուսպ, բայց դարձյալ բացասական մեկնաբանություն է արել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Քոչարյանը:
Պարզ է, որ այս «խմորը դեռ շատ ջուր է վերցնելու»:
Նախկին իշխանությունների հետ կապը հերքելու Նարեկ Կարապետյանի եւ «Մեր ձեւով» շարժման փորձերը տարակուսանք են առաջացնում: Բացի նրանից, որ Կարեն Կարապետյանը (Սամվել Կարապետյանի եղբայրը) ղեկավարել է ՀՀԿ խմբակցությունը եւ ՀՀ նախագահի աշխատակազմը, Կարապետյան եղբայրները նաեւ ներգրավված են եղել տարբեր «զգայուն» հարցերի կարգավորմանը, օրինակ, Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին «բարիշացնելուն»:
Հայաստանյան քաղաքական գործընթացներից փոքր-ինչ հասկացող մարդկանց համար պարզ է, որ 2026 թվականի հունիսի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» հնարավոր կլինի հաղթել միայն իրապես լայն ընդդիմադիր միավորում ձեւավորելու դեպքում: Նման հեռանկարը 2025 թվականի վերջում անիրատեսական է թվում:
«Ոչմիթիզական Ռեմբոն» եւ «աշխարհաքաղական Գիքորը»
Թեեւ ընդդիմության մոտ բովանդակային օրակարգ ձեւակերպել չի ստացվում, փոխարենը նրա առաջնորդնրը երբեմն հանդես են գալիս սրամիտ այլաբանություններով:
Ռոբերտ ՔոչարյանըԼուսանկարը` Ֆոտոլուր
Փետրվարին կայացած մամուլի ասուլիսում խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր.
«Նա իրեն «կովկասյան Ռեմբո» երեւակայեց, որը կարող է անել այն ամենն, ինչ ուզում է: Սակայն պատերազմից հետո «ոչմիթիզական Ռեմբոն» դարձավ «աշխարհաքաղական Գիքոր»»:
Աստվածաշնչյան արժեքները, «դոմփելը» ու «մեռելի զդաչի»-ն
Փետրվարին ԱՄՆ-ում կայացած Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարեւոր են եւ իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա։ Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարեւոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում։ Իհարկե, դա հեշտ չէ, մասնավորապես քաղաքականության մեջ, բայց մենք փորձում ենք ունենալ արժեքահեն քաղաքականություններ»:
Մայիսին 30-ին անդրադառնալով եկեղեցականների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց.
«Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
Նիկոլ Փաշինյանն ու Աննա ՀակոբյանըԼուսանկարը` Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ
Փաշինյանից «ետ չէր մնում» նրա տիկինը. հունիսին Աննա Հակոբյանը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին անվանեց «մեռելի զդաչի», «բոլոր ազգադավ վիժվածքների հոգեւոր առաջնորդ», «գիտնական ոջիլ»:
«Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին»
Լեւոն Տեր-Պետրոսյանը «պարտքի տակ չմնաց»: Սեպտեմբերին ilur.am կայքում հրապարակված «Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն» մեկնաբանության մեջ նա, մասնավորապես, գրեց.
«Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին»:
Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը
Հունիսի 2-ին Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասված էր.
«Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։
Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները եւ սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։
Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների եւ Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետեւանքներով եւ սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում եւ թե՛ սփյուռքում»:
Հունիսի 6-ին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ չի նախատեսում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
«Գարեգինը, կարելի է ասել, դուրս է եկել կրոնական գործունեության շրջանակներից՝ ստանձնելով քաղաքական դեր։ Նրա խորը ներգրավվածությունը քաղաքականության մեջ հանգեցրել է ստեղծված իրավիճակին։ Այս ամենը հաշվի առնելով նրա հետ հանդիպման հարց չի քննարկվում»։
Հունիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է, եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»:
Դրանից հետո հակաեկեղացական արշավը սկսեց թափ հավաքել: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց տրոհում մտցնել բարձրաստիճան հոգեւորականների շարքերում:
Այլեւս փաստ է, որ 2025 թվականը Հայոց Եկեղեցու պատմության ամենաբարդ տարիներից է:
Վեհափառի անհասկանալի լռությունը
Առավել դժվար է հասկանալ Գարեգին Երկրորդի լռությունը, որը հանրության հետ հաղորդակցվում է Մայր Աթոռի պաշտոնական հաղորդագրությունների կամ այլ հոգեւորականների միջոցով:
Գարեգին ԵրկրորդըԼուսանկարը` Մայր Աթոռ
Թվում է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում Վեհափառը պետք է ուղիղ երկխոսություն սկսեր հանրության հետ: Դա տեղի չի ունենում, ինչը ոչ միայն
լրջորեն սահմանափակում է հարձակումներին դիմակայելու նրա կարողությունը, այլեւ իշխանությանը զինում է փաստարկներով:
«Մոգական» TRIPP-ը
Օգոստոսին Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության համաձայնագիրը», իսկ Հայաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվեցին Դոնալդ Թրամփի անունը կրող TRIPP նախագծի իրականացման մասին:
Պուտինից եւ Միշելից հետո վատ պարողն անցավ Բայդենին («Nikol, you are great!») սյունակում մանրամասն անդրադարձել էի այն հարցին, թե ինչպես Բայդենի վարչակազմի հետ սերտորեն համագործակցած Հայաստանի իշխանությունները սկսեցին «սեր խոստովանել» Թրամփին:
Իլհամ Ալիեւը, Դոնալդ Թրամփը եւ Նիկոլ ՓաշինյանըԼուսանկարը` REUTERS
Օգոստոսից ի վեր Հայաստանի ղեկավարները պնդում են, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն այլեւս իրականություն է, իսկ TRIPP-ը ներկայացվում է որպես կախարդական փայտիկ, որն ապահովելու է Հայաստանի տնտեսական բարգավաճումը եւ տարածաշրջանային դերի կտրուկ բարձրացումը:
Եթե մի կողմ դնենք աշխարհաքաղաքականությունը, մեկ այլ հարց է առաջանում. արդյո՞ք ունակ է կյանքի կոչել TRIPP-ի նման բարդ նախագիծը մի իշխանություն, որը վերջին տարիներին հայտարարում էր, որ շատ շուտով սկսելու է Երեւանի մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը, իսկ տարեվերջին խոստովանեց, որ նախատեսված գումարն ուղղել է տրոլեյբուսների ձեռքբերմանը:
Սեւանն ու «Գյոյչա»-ն
Անգամ եթե ընդունենք, որ հայկական կողմը կկարողանա ապահովել TRIPP-ի իրագործման համար անհրաժեշտ կազմակերպչական եւ տեխնիկական հարցերի լուծումը, նախագծի ճակատագիրը մեծապես կախված է լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քմահաճույքից:
Դրա մասին Բաքվում բացեիբաց խոսում են: Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասաց, որ «TRIPP երթուղու ինչպես մուտքի, այնպես էլ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում»:
«Առանց Ադրբեջանի հետ համագործակցության այդ նախագծի իրագործումն անհնար է։ Ուստի մենք նախապես ներկայացրել ենք մեր պայմաններն ու ակնկալիքները եւ ակնկալում ենք, որ դրանք հաշվի կառնվեն», - շեշտեց նա:
Թեեւ հայկական կողմը պնդում է, որ որեւէ մեկը չի համարձակվի խանգարել Թրամփի անունը կրող նախագծին, անգամ անուղղակի խոչընդոտման շատ տարբեր եղանակներ կան, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին ապացուցել է, որ հմտորեն օգտվում է անդրկուլիսյան գործիքներից:
Եթե հարցին ավելի լայն համատեքստով նայենք, ապա թե՛ Վաշինգտոնի հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո Իլհամ Ալիեւը սպառնալից հայտարարություններ է արել Հայաստանի եւ հայերի հասցեին:
Օգոստոսի 21-ին Քելբաջարում ելույթ ունենալով, նա, մասնավորապես, ասել էր.
«Մենք չենք ուզում պատերազմ։ Մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց այդ արյունալի պատմությունը երբեք չպետք է մոռացվի։ Մենք չպետք է մոլորվենք քաղցր խոսքերով եւ միշտ պետք է զգոն լինենք։ Իհարկե, մեր Զինված ուժերը ամեն վայրկյան, ամեն օր պաշտպանում են մեր պետության շահերն ու անվտանգությունը։ Մենք հետեւում ենք, տեսնում ենք եւ կբացահայտենք հնարավոր բոլոր վտանգների աղբյուրները։ Մենք շարունակում ենք հզորացնել մեր ռազմական ներուժը։
Իլհամ Ալիեւը Լուսանկարը` REUTERS
Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք հազարներով ավելացրել ենք մեր հատուկ նշանակության ուժերի թիվը թե՛ Կասպից ծովում, թե՛ մյուս բոլոր զինված ուժերում: Չեմ ցանկանում նշել հստակ թիվը, բայց այն մեծ է»։
Դրանից մեկ շաբաթ հետո «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիեւն ասել էր.
«Որոշ լրատվամիջոցներում եւ որոշ ինտերնետային կայքերում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում Ադրբեջանի կողմից Զանգեզուրի ենթադրյալ օկուպացիայի մասին: Որ Ադրբեջանն իբր պլանավորում է փակել Իրանի եւ Հայաստանի սահմանը: Դա բացարձակ սուտ էր: Մենք նման մտադրություն չունեինք: Կրկնում եմ, եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք 2020 թվականի նոյեմբերին: Եվ դա շատ հեշտ կլիներ: Նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում դա անելը դժվար չէր: Ի վերջո, երթուղին ընդամենը քառասուն կիլոմետր է: Ռազմական տեսանկյունից դա շատ ժամանակ չէր պահանջի: Պարզապես մտնում եք երկու կողմից՝ Նախիջեւանից եւ Ադրբեջանի հիմնական մասից, եւ վերցնում այն»:
Իսկ նոյեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահն ասաց, որ «ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստանի տարածք չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ հայկական պետությունը»։
Այդ նույն ելույթում Ալիեւը Սեւանա լիճն անվանել էր «Գյոյչա», ինչին հետեւել էր հայկական դիվանագիտության ղեկավար Արարատ Միրզոյանի այս «արձագանքը».
«Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձեւակերպումն այսպես էր, որ «ցարական քարտեզներում չկա Սեւան, կա Գյոյչա»։ Չեմ կարծում՝ կարելի է ասել, որ Ալիեւն ասում է՝ «այսօր չկա Սեւան, կա Գյոյչա»։ Բայց միեւնույն է`դա ամենակառուցողական ձեւակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ»:
«Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»
Մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում ասել էր.
«Ի՞նչ դերակատարում է ունեցել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Առանց սեթեւեթանքի ուզում եմ հստակ ու աներկբա ասել` ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»:
Ապրիլի 17-ին նա նորից անդրադարձել էր թեմային՝ ասելով, որ «Ղարաբաղյան շարժման շարունակությունը կործանարար է պետականության համար»:
«Շուրջ 30 տարի կառուցվել է պետության մի մոդել, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանն ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետեւ բոլորս հաշտ ենք եղել այդ մոդելի ու նպատակադրման հետ, ինքս էլ հաշտ եմ եղել այդ մոդելի հետ մինչեւ այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ՝ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց՝ կամաց-կամաց հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա եւ մեր պետականությանը վերջ դնելու համար»,- հայտարարել էր նա:
«Վերջին 7 տարվա ամենակարեւոր հարցի պատասխանը»
Իր թեզերն առաջ տանելու համար Նիկոլ Փաշինյանն օգտագործեց նաեւ Անկախության հռչակագրի ընդունման օրվա ուղերձը: Դրանում նա «պատասխանեց մի հարցի», որն, իր խոսքով, «թերեւս ամենակարեւորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար»։
«Ի վերջո, ինչու՞ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի», - ասաց նա՝ փաստացի ընդունելով, որ մերժել է Արցախի հարցի կարգավորման բանակցային տարբերակը եւ դրանով ճանապարհ է հարթել պատերազմի համար:
Սակայն, երբ դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության կայքում ընտրողաբար հրապարակվեցին «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր»-ը, Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում պնդեց, որ 2019 թվականին միջնորդները ներկայացրել են ոչ թե նոր առաջարկներ, այլ նրանք, որոնք արդեն արվել էին 2016-ին:
Բաց է մնում հարցը՝ այդ դեպքում ի՞նչ չարված զիջումների մասին էր խոսում Փաշինյանը օգոստոսին:
«Դեմ ըլլալով կողմ ըլլալ»
Հունիսին Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանն հայտարարել էր, որ դեմ էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին:
Նախկին նախագահի այս խոսքերը մեջբերել էր Daily Bruin պարբերականը՝ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Բարքլ կենտրոնում Արմեն Սարգսյանի կարդացած դասախոսության մասին պատմող հոդվածում:
Արմեն Սարգսյանը Լուսանկարը` Daily Bruin
Արմեն Սարգսյանն ասել էր, որ ընդդիմանում էր 2015 թվականի փոփոխություններին, քանի որ «Սահմանադրությունը հիմնականում գրվել էր գերմանացի խորհրդատուների կողմից»: Նա նշել էր, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա տարբերությունների պարագայում խորհրդարանական կառավարման համակարգը հարմար չէր Հայաստանի համար:
«Բոլորի համար նույն կաղապարը չի կարող հարմար լինել։ Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր մշակույթը, իր ինքնությունը։ Հայերը գերմանացիներ չեն», - ասել էր Արմեն Սարգսյանը:
Նա «մոռացել էր», որ ՀՀ նախագահի թեկնածու էր դարձել (եւ հետագայում ստանձնել էր այդ պաշտոնը) սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանի հրավերով, որը դրանց արդյունքում նախագահական երկու ժամկետներից հետո ստանձնելու էր վարչապետի պաշտոնը:
2018 թվականի մարտի 2-ին Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել էր.
«Շատ գնահատելի է վերջին տարիների ընթացքում Ձեր տեսլականը եւ փոփոխությունները, որոնք կատարվում են մեր հայրենիքում՝ անցումը դեպի նոր՝ խորհրդարանական կառավարման հանրապետության, որը նոր դռներ է բացում ժողովրդավարության ամրապնդման համար»:
«Չորրորդ հանրապետությունն» ու «Իրական Հայաստանը»
Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց 2022 թվականի սկզբին եւ աննկատ հեռացավ Հայաստանից: Բայց Հայաստանում մնաց դեռեւս 2018-ին նրա կողմից ասպարեզ բերված «Չորրորդ Հանրապետության» թեզը, որը 2025-ին սկսեց ակտիվ օգտագործվել Փաշինյանի եւ նրա թիմակիցների կողմից:
Չորրորդ Հանրապետության խաբկանքը սյունակը գրել էի 2018 թվականի փետրվարին՝ իշխանափոխությունից, պատերազմից, պարտությունից ու Արցախի կորստից առաջ: Բայց կարծում եմ, որ այս հատվածը շարունակում է արդիական մնալ այսօր, երբ ամեն օր լսում ենք «Իրական Հայաստան» բառակապակցությունը.
«Սիմվոլիզմը քաղաքականության մեջ անչափ կարեւոր է։ Բայց երբ իրական քաղաքական բովանդակությունը կաղում կամ բացակայում է, սիմվոլներն են սկսում բովանդակության դեր խաղալ՝ քաղաքական պրոցեսը վերածելով խաբկանքի»։
Անթույլատրելի եւ ընդունելի «ձեւ»-երը
Հունիսի 17-ին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը խոսեց Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին:
Նա, մասնավորապես, ասաց.
«Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Այս խոսքերը հունից հանեցին Նիկոլ Փաշինյանին, որը մի քանի սպառնալից գրառում կատարեց: Հաջորդ օրը Սամվել Կարապետյանը կալանավորվեց, եւ նա ավելի քան կես տարի մնում է կալանքի տակ:
Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը դարձյալ հունից դուրս եկավ: Կառավարության նիստում նա պատմեց, որ իր աշխատակազմի ներկայացուցիչներին խանութներից մեկում ասել են, որ նույն ապրանքի կանխիկ եւ անկանխիկ գինը տարբեր է: Դիմելով ՊԵԿ-ի նախագահին, Նիկոլ Փաշինյանը բառացի ասաց. «Ձեւը գտեք, այդ խանութը փակեք» եւ ավելացրեց, որ վերաբացել կարելի է միայն իր «անձնական թույլտվությամբ»:
«Ձեւը», իհարկե, անմիջապես գտան: Գործարար միջավայրի, ներդրումների պաշտպանության եւ այլնի մասին սովորաբար հոգ տանող Հայաստանի միջազգային գործընկերները, իհարկե, լուռ մնացին:
Արխիվ ուղարկված զեկույցը
Հոկտեմբերի սկզբին Ազգային Ժողովի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հայտնեց, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը... կուղարկվի Ազգային Ժողովի արխիվ:
Նա նշեց, որ զեկույցը չի կարող ներառվել խորհրդարանի նիստերի օրակարգում «ժամկետների անհամապատասխանության պատճառով»:
Ստացվում է, որ ավելի քան 4 տարի աշխատած քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը (անկախ դրա բովանդակությունից) դարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հակասությունների «զոհը»: Թե նրանց, թե այլ պաշտոնյաների մտքով չանցավ, որ «արխիվ ուղարկելը» հերթական անարգանքն էր պատերազմում զոհվածների եւ նրանց մտերիմների հանդեպ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ Արցախի ԱԳՆ շենքի քանդումը
Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունեցին Նախարարների խորհրդի որոշումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումից հետո Մինսկի գործընթացը եւ դրան առնչվող կառույցները վերացնելու մասին։
Հաջորդ իսկ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում սկսեցին քանդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքը։
Լուսանկարը` Trend
Նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին, ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրան կից կառույցների լուծարման գործընթացը։
«Բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է լուծարման գործընթացի ավարտը: Այս գործընթացը կյանքի է կոչել ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը, որին նախորդել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական համատեղ հռչակագիրը», - ասվում էր ԵԱՀԿ-ի հաղորդագրության մեջ։
«Չի նշանակում անդամակցություն բառիս ուղիղ իմաստով»
Մարտի 23-ին Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:
Քվեարկության ժամանակ 64 «կողմ» ձայն էր ապահովել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ էր քվեարկել օրինագծին, իսկ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը չի մասնակցել քվեարկությանը։
Քվեարկությունից որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը.
«Բայց ուզում եմ արձանագրենք՝ ինչ է սա նշանակում։ Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին բառիս ուղիղ իմաստով, որովհետեւ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի ու կառավարության որոշման մակարդակով, դա կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»:
Կայա Կալասը, Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Նիկոլ ՓաշինյանըԼուսանկարը` ՀՀ կառավարություն
Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ նրա թիմակիցները ամբողջ տարվա ընթացքում այդպես էլ չբացատրեցին. եթե Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, ո՞րն է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի ընդունման իմաստը: Հատկապես, որ ԵՄ-ն իր շարքերում Հայաստանը տեսնելու ցանկություն չի հայտնել:
Այն մասին, որ ԵՄ-ն ընդլայնվելու ցանկություն չունի, կարող եք կարդալ իտալացի փորձագետի Հայաստան-ԵՄ. «Ինտեգրացիա առանց անդամակցության» հոդվածում:
«Հիբրիդ»-ն ու Կալասը
Տարվա ընթացքում եւ հատկապես 2025-ի վերջին ամիսներին իշխանությունների ներկայացուցիչները հաճախ խոսում էին այն մասին, որ Հայաստանը դիմակայում է «հիբրիդային հարձակումներին»:
Հոկտեմբերի 20-ին ելույթ ունենալով Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն եւ փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր.
«Ինչպես շատ ժողովրդավարություններ, այսօր Հայաստանը բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին, հատկապես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտությունների:
Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված, թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների իրականացմանը՝ ներառյալ ինքնիշխանության եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության եւ համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը»։
Կայա Կալասը եւ Նիկոլ ՓաշինյանըԼուսանկարը` ՀՀ կառավարություն
Իսկ դեկտեմբերին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասաց, որ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։
«Հայաստանում հաջորդ տարի ընտրություններ են, եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», - նշեց Կալասը։
Ինչպիսի՞ն է լինելու այդ աջակցությունը եւ արդյո՞ք այն չի վնասելու Հայաստանի ինքնիշխանությանը, Բրյուսելում եւ Երեւանում մեկնաբանություններից ձեռնպահ են մնում:
Այն մասին, թե ինչ վտանգներ է պարունակում Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ զուգահեռների անցկացումը, կարդացեք մեր լրագրող Գայանե Ենոքյանի սյունակում:
Պայքարողը
Ամբողջ տարվա ընթացքում իր պայքարը շարունակեց ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը:
Հունվարի 16-ին՝ «դատավարության» մեկնարկից մեկ օր առաջ տարածված նրա հայտարարության մեջ ասված էր.
«Պաշտոնապես հայտարարում եմ հետեւյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին եւ թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ»:
Փետրվարի 19-ին նա հացադուլ հայտարարեց, որը շարունակվեց 23 օր:
Դեկտեմբերի 17-ին որդու հետ հեռախոսազրույցում Ռուբեն Վարդանյանը փոխանցել էր.
«Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր գործողություններս կատարել եմ գիտակցաբար եւ կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետեւանքները։ Պատրաստ եմ պատասխան տալ արարքներիս համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա եւ կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից»։
Ռուբեն Վարդանյանը Լուսանկարը` Trend
Բայց, իմ կարծիքով, առավել կարեւոր են Ռուբեն Վարդանյանի այս խոսքերը.
«Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» այն: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար թափանցում է մեր մեջ եւ ներսից քայքայում: Մի վախեցեք հետեւել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել եւ մինչեւ կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարեւորը՝ սեփական ճանապարհը գիտակցաբար անցնելն է»:
Արա Թադեւոսյան
Կարդացեք նաեւ.
2024 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր
2023 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր
2022 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր
2021 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր
2019 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր
2018 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր
2017 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր
2016 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր
2015 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: