Ռոման Կանտոր. Ես ավելի մոտ եմ Բուլգակովին, քան շատերը կարծում են - Mediamax.am

2665 դիտում

Ռոման Կանտոր. Ես ավելի մոտ եմ Բուլգակովին, քան շատերը կարծում են


Ռոման Կանտորը
Ռոման Կանտորը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոման Կանտորը
Ռոման Կանտորը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոման Կանտորը
Ռոման Կանտորը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդրա Լիվերգանտը եւ Ռոման Կանտորը
Ալեքսանդրա Լիվերգանտը եւ Ռոման Կանտորը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 7-ին Common Ground գրախանութ-սրճարանում լրագրող Ալեքսանդրա Լիվերգանտը հանդիպում անցկացրեց «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի սցենարի հեղինակ Ռոման Կանտորի հետ։ Ներկայացնում ենք հատվածներ այդ զրույցից։

 

Գիրքը

 

Այո, «Վարպետը եւ Մարգարիտան» կարեւոր գիրք է, չնայած այդ բառը՝ «կարեւոր», մի տեսակ ծամծմված է դարձել։ Բայց այն իսկապես կարեւոր դեր է խաղացել իմ կյանքում՝ 5-6 գրքերի այլ գրքերի հետ: Բազմիցս կարդացել եմ այն՝ դեռ նախքան ֆիլմի սցենարի վրա աշխատանքը սկսելը։

 

Կյանքին «այո» ասել

 

Ինչ-որ պահի ես որոշեցի կյանքին «այո» ասել, եւ դա վերաբերվում է նաեւ ֆիլմերի ստեղծմանը։ Ստացվեց այնպես, որ սկզբից պրոդյուսերները «Վարպետը եւ Մարգարիտայի» համար հրավիրել էին մեկ այլ թիմ, որի մոտ գործն առաջ չգնաց, իսկ ժամկետները սեղմում էին։

Ալեքսանդրա Լիվերգանտը եւ Ռոման Կանտորը Ալեքսանդրա Լիվերգանտը եւ Ռոման Կանտորը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ ինձ եւ Միշա Լոկշինին (ֆիլմի ռեժիսորը – խմբ․) առաջարկեցին այդ նախագիծը, մենք երկու անգամ հրաժարվեցինք, քանի որ համոզված չէինք, թե ինչպես պետք է այն իրականացնենք։ Բայց հետո ամեն ինչ սկսեց այնքան արագ զարգանալ, որ վախենալու ժամանակ այլեւս չկար։ Կթվա թե կատակ է, բայց իրականությունն այն է, որ երբ ժամանակը շատ է, բոլորը երկար կասկածում են՝ եւ հակառակը։

 

Ես վաղուց եմ ճանաչում Միշային, եւ մենք միշտ ցանկացել ենք միասին աշխատել։ Մեր առաջին համատեղ աշխատանքը «Արծաթե չմուշկները» ֆիլմն է, եւ ես շատ ուրախ եմ, որ կարողաց համոզել պրոդյուսերներին որպես ռեժիսոր հրավիրել հենց Միշային։

 

Ես հավատում եմ դեբյուտներին

 

Ես հավատում եմ դեբյուտներին եւ սիրում եմ կինո ստեղծել լավ մարդկանց հետ։ Ինձ դուր է գալիս կինո «ներքաշել» մարդկանց, որոնք նախկինում այդ փորձառությունը չեն ունեցել: Մեր պրոդյուսերներից մեկը՝ Մեդեա Կարաաշեւան, մինչեւ «Վարպետը եւ Մարգարիտան» աշխատում էր գովազդում եւ իր հետ շատ մարդկանց բերեց այդ ոլորտից։

Ռոման Կանտորը Ռոման Կանտորը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ ամենագլխավոր սկզբունքներից է այն, որ պետք է հաղթի լավագույն գաղափարը՝ անկախ նրանից, թե ով է այն առաջարկել։ Նախապատրաստական փուլում եւ հենց նկարահանումների ժամանակ մենք ունեցել ենք սցենարի մի քանի տասնյակ ընթերցումներ, ես ներկա եմ եղել դրանցից մոտավորապես տասին։ Խոստովանեմ, որ դա ցավոտ գործընթաց է սցենարիստի համար, շատերը դրանից խուսափում են։ Բայց հենց սցենարի ընթերցումների ժամանակ ինչ-որ բան կարող է ասել կոստյումների նկարիչը, մեկ այլ բան՝ քասթինգ-տնօրենը, եւ այդպես քո գաղափարները միս ու արյուն են ստանում։ Մեր կինոյում ընդունված է մտածել, որ «ռեժիսորը որոշում է ամեն ինչ», բայց լավ ռեժիսորը նա է, ով թույլ է տալիս դրսեւորվել բոլորին։

 

«Բռնվեցինք» Վարպետից

 

Մենք հասկացանք, որ ինչ-որ իմաստով լուծել ենք հանելուկը, երբ որոշեցինք «բռնվել» Վարպետի կերպարից։ Ինչպես գիտեք, գրքում նրա կերպարը մանրամասն նկարագրված չէ, եւ մենք որոշեցինք, որ դա մեր շանսն է՝ ներկայացնել վարպետի պատմությունը «մեր խոսքերով»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բացի այդ, մենք ուզում էինք, որ ֆիլմն «աշխատի» նաեւ առանց գրքի։ Այլ կերպ ասած, որպեսզի այն հետաքրքիր լինի այն հանդիսատեսի համար, որը չի կարդացել «Վարպետը եւ Մարգարիտան»։ Ի դեպ, Litres.ru կայքում կտեսնեք, որ «Վարպետը եւ Մարգարիտան» հիմա առաջին տեղում է ռուս դասական գրականության բաժնում։ Նաեւ գիրքը մի քանի վերահրապարակություն է ունեցել:

 

Վիզուալիզացիան

 

Կինոն առաջին հերթին վիզուալ արվեստ է։ Նրանից հետո, երբ մենք Միշայի հետ «գտանք բանալիները», նա սկսեց շատ մեծ նշանակություն տալ նրան, թե ինչպիսի տեսք կունենա այդ ամենը։ Պրոդյուսերների հետ հանդիպմանը Միշան եկավ 150 սլայդից բաղկացած պրեզենտացիայով, որտեղ ներկայացված էին ոչ միայն հետագայում մեր կողմից «ստեղծված» կիսաառասպելական Մոսկվան, այլեւ կոստյումներին վերաբերող գաղափարները։ Եվ նման վիզուալիզացիան ապշեցնում էր եւ գրելն ավելի դյուրին էր դարձնում։

 

Խաղի կանոնները

 

Յուրաքանչյուր սցենարում ես փորձում եմ առաջին 15-20 րոպեների ընթացքում սահմանել «խաղի կանոնները»՝ հասկացնել հանդիսատեսին, թե ինչ է նրան սպասում։ Երկար ժամանակ «թափառում» էի վեպի էջերով, որպեսզի ընտրեմ այն տեսարանը, որը, ժամանակակից լեզվով ասած, կծառայի որպես «թիզեր»։ Ի վերջո ընտրեցի քննադատ Լատունսկու բնակարանի վրա Մարգարիտայի հարձակումը։

Ռոման Կանտորը Ռոման Կանտորը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընդհանրապես, սցենար գրելիս, ամիսներ եմ ծախսում, որպեսզի որոշեմ սկիզբն ու վերջը։ Երբ այդ կետերը հստակեցված են, աշխատելն ավելի հեշտ է։

 

Երբեք չեմ նկարահանում ինձ համար

 

Երբեք չեմ նկարահանում «ինձ համար»։ «Վարպետը եւ Մարգարիտայում» մենք ցանկանում էինք ստանալ ոչ թե ֆիլմ-մենախոսություն, այլ ֆիլմ-երկխոսություն հանդիսատեսի հետ, որը կփորձի մեզ հասկանալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆիլմը պետք է ավարտել ոչ թե «արտաշնչելով», այլ «շունչ քաշելով»։ Կարծում եմ, թերասածությունը, որը կա ֆիլմում, պատճառներից մեկն է, որ շատերը որոշում են դիտել այն երկրորդ կամ երրորդ անգամ։

 

Ֆիլմ-նախազգուշացում

 

Ես նախատեսում էի ֆիլմ-նախազգուշացում ստեղծել, բայց քանի որ աշխատանքը մի շարք պատճառներով ձգձգվեց, ստացվեց այնպես, որ այն ֆիլմ-նկարագրություն դարձավ։

 

Ավելի մոտ Բուլգակովին, քան շատերը կարծում են

 

Աշխատելով սցենարի եւ ֆիլմի վրա, ես կարդացի Բուլգակովի գրեթե բոլոր գործերը եւ շատ բացահայտումներ ունեցա։ Օրինակ, «Վերջին օրերը» պիեսը, որը նա գրել է 1937 թվականին Պուշկինի մահվան 100–ամյակին նվիրված մրցույթի համար։ Այդ պիեսում Բուլգակովն այն ժամանակների համար հանճարեղ քայլ է արել. Պուշկինին նվիրված պիեսում չկա հենց ինքը՝ Պուշկինը։ Փաստորեն, Բուլգակովը պոստմոդերնիզմին է դիմել մինչեւ այդ հասկացության ի հայտ գալը։ Այնպես որ, ինչ–որ իմաստով մենք օգտագործել ենք նրա հնարքները, եւ ես ավելի մոտ եմ Բուլգակովին, քան շատերը կարծում են։

 

Գրի առավ Արա Թադեւոսյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին