«Կարմիր թելի» 2023 թվականի բոլոր թողարկումները - Mediamax.am

exclusive
6260 դիտում

«Կարմիր թելի» 2023 թվականի բոլոր թողարկումները


Լուսանկարը`


2023 թվականի ընթացքում Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը «Կարմիր թելի» հաղորդաշարում ունեցել է 31 զրուցակից, որոնց հետ քննարկել է ամենատարբեր թեմաները: Ներկայացնում ենք բոլոր զրույցները՝ մեկ տեղում:

Nemra խմբի մենակատար Վան Եղիազարյանը կարծում է, որ մարդիկ «ռոբոտանում» են, դադարում են երազանքներ ունենալ եւ դրան դիմակայելու համար պետք է «բացել աչքերը» եւ «մաքրել ուղեղները»: Վան Եղիազարյանը խոսել է հասարակության եւ արտիստի հարաբերությունների, արժեքների, Nemra խմբի արմատների մասին:

 

 

Տնտեսագետ, Ռուսական տնտեսագիտական դպրոցի (РЭШ) գիտական ղեկավար, Պոմպեու Ֆաբրա համալսարանի (Բարսելոնա) պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովի կարծիքով, մարդիկ հակված են մեղադրել սոցիալական ցանցերի ալգորիթմներին այն պարագայում, երբ իրենք են ձեւավորում սեփական պատկերացումները կյանքի մասին:

 

Ռուբեն Ենիկոլոպովը նշել է, որ մարդիկ ինքնուրույն են կազմում իրենց «տեղեկատվական դիետան», իսկ հիմնական ֆիլտրը սոցցանցային ընկերներն են, ոչ թե մեքենաները։ Ավելին, նրա կարծիքով, շատերն ընդհանրապես նպատակ չունեն օբյեկտիվ պատկեր ստանալ։

 

 

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը գտնում է, որ պետք չէ արհեստական հակադրություն ստեղծել պետական եւ մասնավոր դպրոցների միջեւ:

 

Արամ Փախչանյանը խոսել է այն կարծրատիպերի մասին, որոնք կան մեր հասարակության մեջ մասնավոր դպրոցների վերաբերյալ, ներկայացրել է ասոցիացիայի կատարած աշխատանքը եւ վստահություն է հայտնել, որ ի վերջո պետք է գործի մի մոդել, երբ պետությունը հավասար ֆինանսական պատասխանատվություն կստանձնի թե՛ պետական եւ թե՛ մասնավոր դպրոցների աշխատանքն ապահովելու համար:

 

 

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ Հայաստանում ձեւավորվել է մի քանի տասնյակ հազար մարդկանցից բաղկացած համայնք, որը մշտապես մասնակցում է ծանր հիվանդություններ ունեցող երեխաների կյանքի փրկությանը:

 

Արմեն Մարտիրոսյանը պատմել է, որ հիմնադրամը միջոցներ է հավաքագրում որ միայն ծանր եւ հրատապ դեպքերի համար, այլեւ տարբեր ծրագրեր է իրականացնում այլ հիվանդություններ ունեցող երեխաներին բուժելու եւ դեղորայքով ապահովելու մասին: Նա խոսել է կորպորատիվ հատվածի հետ աճող համագործակցության եւ պետության եւ իշխանությունների պատասխանատվության մասին:

 

 

ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը վստահ է, որ Հայաստանը կարող է լինել էլեկտրոնային առողջապահության աշխարհի լավագույն հնգյակում:

 

Ավետ Մանուկյանը պատմել է մինչ այժմ իրականացված աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ մեկ տարվա ընթացքում կարելի է մեծ արդյունքների հասնել, սակայն դրա համար անհրաժեշտ է բժշկական համայնքի գործուն ներգրավվածությունը, ինչպես նաեւ հանրության պահանջատեր լինելը:

 

 

Փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը կարծում է, որ տարիների ընթացքում 1988 թվականին սկսված շարժումը միտումնավոր ենթարկվել է տարբեր քաղաքական խեղաթյուրումների:

 

Շարժման 35-ամյակին նվիրված «Կարմիր թել»-ի թողարկման ընթացքում Աշոտ Ոսկանյանը շեշտել է, որ 1988-ի Շարժումը մտածող մարդկանց շարժում էր, որում տեղ չկար պոպուլիզմի համար: Աշոտ Ոսկանյանը նաեւ արձանագրել է, որ Շարժման ընթացքում չհաջողվեց հասնել հասարակության իրական նորոգության:

 

 

Hume մարդասիրական հիմնադրամի համահիմնադիր Մարուսյա Լեժնեւան պատմել է Հայաստան ռուսաստանցիների արտագաղթի առաջին տարվա մասին։ Մարուսյան նշել է, որ մարդիկ արել են ամեն հնարավորը Հայաստան եկածներին աջակցելու համար, իսկ կառավարությունը, թերեւս, կարող էր ավելին անել։

 

 

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ զրույցը ծավալվել է 15 տարի առաջ կայացած 2008 թվականի ընտրությունների մասին, որոնց ընթացքում իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից փոխանվեց Սերժ Սարգսյանին:

 

Զրույցի ընթացքում նրանք, մասնավորապես, քննարկել են, թե ովքեր էին «այլընտրանքային հետնորդները» եւ ինչու ընտրությունը կանգ առավ հենց Սերժ Սարգսյանի վրա, ինչպես էր կայացվում այդ որոշումը, ինչ զուգահեռներ կան 1996 եւ 2008 ընտրություններում չկայացած երկրորդ փուլերի միջեւ:

 

 

Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը խոսել է երեխաների ազատության աստիճանն առավելագույն կերպով բացահայտելու, «նոր աշխարհում» ապրելու առավելությունների եւ ռիսկերի, ուսուցիչների եւ մենտորների դերի մասին:

 

 

Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը խոսե; է են լրատվամիջոցների եւ սոցցանցերի հարաբերությունների մասին:

 

Արթուր Պապյանը, մասնավորապես, վստահ է, որ լրատվամիջոցները չպետք է հույսն ամբողջությամբ դնեն Ֆեյսբուքի կամ Գուգլի վրա, այլ պետք է փորձեն նոր լսարաններ գտնել եւ իրենց շուրջ էկոհամակարգեր կառուցել:

 

 

Գրող Արամ Պաչյանի հետ քննարկել ենք ազգային սնապարծություն մասին Պարույր Սեւակի՝ 1967 թվականի ելույթը եւ շատ զուգահեռներ ենք գտել մեր այսօրվա իրականության հետ:

 

Արամ Պաչյանը կարծում է, որ տեխնոլոգիական հեղափոխության արդյունքում մենք նախընտրում ենք ոչ թե գործել, այլ խոսել, լրջանալու փոխարեն ցինիկանում ենք, ինչի արդյունքում մեր կարեկցանքի մեխանիզմը մաշվում է:

 

 

Պատմաբան, ՀՀ նախագահի նախկին մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի հետ զրուցել ենք վերջինիս հեղինակած «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի մասին:

 

Հեղինակն ասում է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացը, որը հայտնի է նաեւ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվան տակ, ունեցել է տարբեր շերտեր, որոնց տեսանելի չեն եղել հասարակ մարդկանց: Նրա խոսքով, գրքի գլխավոր նպատակներից է քաղաքականության եւ իրականության վերադարձը ռացիոնալ դաշտ:

 

 

Լրագրող Ալեքսանդրա Լիվերգանտը խոսել է հայաստանցիների եւ երկիր տեղափոխված ռուսների միջեւ ավելի մեծ փոխներգործության տարբերակների մասին։

 

Ալեքսանդրա Լիվերգանտի կարծիքով, նման փոխներգործության հնարավորություններ կան։ Միեւնույն ժամանակ, խոստովանում է նա, կան նաեւ ռիսկեր. «Ինչ-որ պահի կարող ենք չհասկանալ, որ մեզ փորձում են օգտագործել որպես ռեսուրս»։

 

 

Գրող Ալեքսանդր Արխանգելսկիի հետ խոսել ենք Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ կառավարությունների, մշակույթի գործիչների եւ հասարակ մարդկանց մակարդակով:

 

 

 

Բրեվիս հետազոտական և մարքեթինգային ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը խոսել է հանրության տրամադրություններում նկատվող միտումների, հարցվողների անհատականի եւ հանրայինի ընկալումների միջեւ առկա խզումների մասին:

 

Հովհաննես Գրիգորյանը վստահ է, որ անհնար է անհատական կամքի դրսեւորմամբ հասնել սոցիալական փոփոխությունների՝ պետք է վերափոխվեն եւ գործեն էլիտաները:

 

 

«Ծնողի դպրոց» ՀԿ հիմնադիր, հոգեբան Աննա Վելիցյանը պատմել է ծնողավարման մշակույթի մասին: Այն ենթադրում է հրաժարում պարտադրանքից եւ նպաստում է երկխոսության հաստատմանը ծնողների ու երեխաների միջեւ:

 

Երեխան ծնողների փոքր «մոդելը» չէ եւ պետք է չէ կուրորեն ձգտել, որ երեխան անպայման ձեր նման կամ ձեզանից «լավը» լինի, նկատում է հոգեբանը:

 

 

«Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանն ասել է, թե ինչ պետք է անեն անհատները, որոնց համար անընդունելի են Արցախի եւ Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունները:

 

Դավիթ Անանյանը համոզված է, որ մարդիկ պետք է ոչ թե նստեն ու պայմանական «Սասունցի Դավթին» սպասեն, այլ «համատարած ընդվզման միջոցով ընտրեն նոր առաջնորդին»:

 

 

 

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանըի հետ  խոսել ենք Թուրքիայի կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

 

Վարուժան Գեղամյանը, մասնավորապես, կարծում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Հաքան Ֆիդանի նշանակումը արտաքին գործերի նախարարի պաշտոնում պետք է դիտարկել նրա՝ Էրդողանի հնարավոր քաղաքական ժառանգ լինելու համատեքստում:

 

 

Կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի հետ զրուցել ենք պատերազմի եւ խաղաղության, մշակույթի եւ լուսավորության, Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների մասին։

 

 

 

«Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Թումանյանը պատմել է քաղաքացիական նախաձեռնության առաջիկա եւ երկարաժամկետ նպատակների մասին:

 

 

«Օրբելի» կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ քննարկել ենք ռազմավարական հարցերի շուրջ հայ-վրացական բարձր մակարդակի երկխոսություն ծավալելու թեման:

 

Ջոնի Մելիքյանը կարծում է, որ 2020 թվականից հետո Վրաստանն առավել պատրաստակամ է դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունները խորացումը՝ նաեւ նպատակ ունենալով նվազեցնել իր կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից:

 

 

 

Մատենադարանի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի զարգացման ծրագիրը:

 

Նա համոզմունք է հայտնել, որ Մատենադարանի ղեկավարը պետք է նախեւառաջ լավ կառավարիչ լինի եւ պայմաններ ապահովի, որպեսզի գիտահետազոտական ինստիտուտի եւ թանգարանի գործառույթները զուգակցող եզակի կառույցը լիարժեք դերակատարություն ունենա հանրային կյանքում եւ արտաքին աշխարհում:

 

 

 

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի հետ խոսել ենք Թումանյանի ժառանգությունը այսօրվա պայմաններում վերաիմաստավորելու կարեւորության մասին:

 

Հայր Ջովանի Գուայտայի հետ խոսել ենք Արցախի ողբերգության, քրիստոնեության պարադոքսների եւ քաղաքական գործիչների՝ երբեմն «վիրաբույժ» լինելու անհրաժեշտության մասին:

 

1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին երկու գրքերի հեղինակ Ջովանի Գուայտան կարծում է, որ հայերը բավական իմաստուն են՝ կանխելու զոհի բարդույթի վերադարձը։

 

 

Սոցիալական ձեռներեց, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ավագ որդի Դավիթն ասել է, որ իր հայրը ցանկացած իրավիճակում մնում է իր խոսքի տերը, իսկ Արցախ տեղափոխվելու մասին որոշում կայացնելիս գիտակցել է բոլոր ռիսկերը:

 

 

Պատմաբան Նժդեհ Հովսեփյանի հետ փորձել ենք հասկանալ՝ ունե՞նք արդյոք ինքնության ճգնաժամ։ Նժդեհի կարծիքով, ապատիան ինքնության ճգնաժամից շատ ավելի վտանգավոր է:

 

 

Ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը պատմել է իր «1489» ֆիլմի մասին, որը նոյեմբերի 17-ին գլխավոր մրցանակ է ստացել վավերագրական կինոյի ամենամեծ ստուգատեսում՝ Ամստերդամի IDFA փառատոնում:

 

 

Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը պատմել է «Հայասաթ-1» արբանյակի Երկրի ուղեծիր հաջողությամբ դուրս գալու, հաղթահարված դժվարությունների եւ տիեզերքի ոլորտում Հայաստանի ներուժի մասին:

 

 

Իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ խոսել ենք թանգարանային ոլորտում առկա խնդիրների եւ դրանց հաղթահարման եղանակների, մշակույթի ոլորտում պետության, մասնավոր հատվածի եւ անհատների գործակցության մասին:

 

 

Արեւելագետ, լրագրող Սոֆիա Հակոբյանը պատմել է 2022 թվականի սեպտեմբերին Արցախ տեղափոխվելու իր որոշման, բլոկադային կյանքի,

«զրոյական» կետի եւ տաբուների մասին:

 

 

Կարպիս Փաշոյանի հետ խոսել ենք 2023 թվականի արդյունքների, Արցախի կորստի, արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումների, հասարակության փոխվելու շանսերի մասին:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին