2023-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին - Mediamax.am

exclusive
3092 դիտում

2023-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ռուզան Չոբանյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս


2023 թվականին Մեդիամաքսը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում էր պահում մարդուն: Ներկայացնում ենք այն հրապարակումները, որոնք Մեդիամաքսի խմբագրական խորհրդի կարծիքով, լավագույնն էին ավարտվող տարում:

 

Հաղթահարելով անազատությունը. 10 տարին, ծիրանի ծառն ու «կարմիր դիպլոմը»

Կալանավայրում առաջին 3 օրը կարանտին է, քեզ առանձին են պահում: Էդ ընթացքում ոնց որ փորձակապիկ լինես, հավաքարարից մինչեւ գլխավոր՝ քեզ ուսումնասիրում են: Մինչեւ ծնկներս երկար մազեր ունեի: 10 րոպեում գտան զուգարան մաքրողին, որը միանգամյա ածելիով մաքրեց գլուխս: Էնպես էր կտրտել, որ 3 օր յոդ էին քսում գլխիս: Երկար եղունգներ ունեի, կտրեցին ամենասովորական գործիքով՝ «կուսաչկայով»:

 

«Մեր զոհվածները չեն ասել՝ մեզանից հետո տանջանքով ապրեք»

«Անցյալ օրը Երեւանից ընկերուհուս հետ խոսելիս առաջին անգամ լաց եղա: Ասում է՝ միշտ հույսով էիր խոսում, էս անգամ ոնց-որ ուրիշ ձեւ ա ձայնդ: Ասում եմ՝ դե ինչ անենք, արդեն հոգնել ենք: Էլ չենք դիմանում արդեն: Որ իմանանք ինչ-որ լավ բան ա մեզ սպասվում, ինչ-որ հույս կա, ինչ-որ լույս կա թունելի վերջում՝ էլի համբերենք, բայց որ անորոշություն ա՝ չգիտենք, թե ոնց մեզ պահենք: Հիշում եմ, այդ նույն օրը տղաս տան դարակները բացեց, ասեց՝ «Մամա, էս մենք արդեն աղքա՞տ ենք, ոչ մի բան չկա ուտելու»:

 

Աննան եւ Արտակը. «Որ ամենակարեւորը չկորի պատերազմում»

Փոքր տարիքից շատ էի գրում ու Արտակի մասին որոշեցի գրել զոհվելու լուրը ստանալու օրերին, բայց ոչինչ չկարողացա անել մինչեւ 2022թ.: Չէի գտնում նրա մասին պատմելու ճիշտ ձեւը: Արդյունքում որոշեցի խոսել նրան ճանաչած բազմաթիվ մարդկանց հետ՝ ընկերներ, ծառայակիցներ, ուսուցիչներ, ոչ թե պատմել միայն իմ Արտակի մասին:

 

Երբ մտածում էի վերնագրի շուրջ, օգնեց նրա ընկերներից մեկը: Ասաց՝ «բացատրի՝ ինչու ես գրել այս գիրքը»: Ասացի՝ «ուզում եմ մոռացությունը չտանի ամեն ինչ, ուզում եմ լինի մի տեղ, որտեղ կմնա կյանքով լի Արտակն ու պատերազմը չտանի նրան»: Ասաց, որ հենց այդպես էլ վերնագրեմ՝ «որ չկորչի պատերազմում»: Գրելու, նրան ճանաչած մարդկանց հետ շփվելու ընթացքում ինքս էլ բազմաթիվ նոր Արտակներ ճանաչեցի:  

 

«Լացելուց ոտքդ նորից չի աճում». Արշակի եւ Լուսինեի սիրո եւ հաղթանակի պատմությունը

- Հաջորդ օրը նորից պրակտիկայի էինք։ Բժիշկն ինձ ասեց, որ Արշակի թիկունքի կարերը հաշվեմ։ Հաշվեցի, կարծեմ՝ 54 հատ էր։ Ինքն իրեն էնպես էր պահում, որ մինչեւ էդ պահը ես չէի հավատում, որ իրոք վիրավոր է, կարծում էի՝ սիմուլյանտ է։ Հետո ասեց՝ ոտքի կարերը հաշվեք։ Որ տեսա ոտք չունի, մի քիչ ազդվեցի, որովհետեւ նախորդ օրն իրեն վիրավորել, կոպտել էի։ Երկու օր չեկա հիվանդանոց։ Հետո հեռախոսի համարներով փոխանակվեցինք։

 

Բարություն եւ ծիծաղ տարածող Գոռը, որ երգում է զուլալ ձայնով

«Ոմանց համար տարօրինակ է, որ միայնակ եմ երթեւեկում, մտածում են՝ ծնողներ չունեմ, «փողոցից» եմ։ Հարցնում են՝ «ծնողդ գիտի՞, որ դրսում ես»։ Մի անգամ երեկոյան ավտոբուսով տուն էի վերադառնում, նման հարց տվեցին, ասացի՝ «տնից փախել եմ, եթե հնարավոր է՝ ձեր տանը երկու օր մնամ»։ Այդ մարդը շփոթվեց, ասաց՝ «բայց մեր տանը տեղ չկա»։ Մարդկանց խոսքի տոնայնությունից հասկանում եմ՝ ուզում են հոգատար լինել, թե․․․ Ինձ շրջապատողները միշտ պատրաստ են օգնել, հոգատար են, բայց գիտեն, որ պետք է ինքնուրույն տեղաշարժվեմ, առանց որեւէ մեկի օգնության։ Իմ նպատակը հասարակությանը ձուլվելն ու ընդունվելն է այնպես, ինչպես կամ։ Չեմ ուզում, որ իմ չտեսնելն ուրիշների համար խնդիր լինի»,- ասում է նա։

 

Աղոթքի զորությունն ու համառ ինքնահաղթահարումը. Դավիթի կյանքը պատերազմից հետո

«Նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոցում վեր թռա Դավիթի գոռոցից: Հստակ խոսել չէր կարողանում, միայն գոռում էր՝ տղե՜րքը, տղե՜րքը: Բուժքրոջը կանչեցի, հանգստացնող սրսկեցին, հետո ինքս էլ լուրերը նայեցի ու տեսա՝ հողերը հանձնել են: Հիշում եմ՝ սարսափելի օր էր: Կրկնակի ծանր ապրումներ: Այդ սթրեսից Դավիթը շատ դժվար դուրս եկավ, հոգեբանի հետ աշխատանքն էլ էր դժվար տրվում, անընդհատ Եռաբլուր էր գնում»,- հիշում է տիկին Գայանեն:

 

«Երբեք չեմ նայել, որ Սմբատը սայլակով է. իր կողքով քայլելիս՝ միշտ հպարտանում եմ»

«Մարդիկ մտածում են՝ հարուստ լինի, լավ տուն ունենա, ինձ համար դա կարեւոր չի եղել։ Գլխավորը՝ ինքն առողջ լինի, մնացածին մենք ինքներս կհասնենք, ամեն ինչ կստեղծենք։ Ես ոչ մի անգամ չեմ նայել, որ ինքը սայլակով է, չեմ մտածել, թե մարդիկ իմ մասին ինչ կասեն։ Ես միշտ Սմբատի կողքով քայլելիս՝ հպարտանում եմ։ Աշխատակիցներս ասում են՝ չե՞ս ամաչում, ասում եմ՝ չէ, ես հպարտանում եմ իրենով, որովհետեւ շատերն իր վիճակում ոչ մի բան չեն ուզում անել, իսկ ինքը մի փոքր բան լինի, ուզում է մասնակցել։ Նույնիսկ պատերազմի ժամանակ ասում էր՝ եթե պետք լինի, մենք էլ կգնանք։ Մարմնովս սարսուռ անցավ, երբ էս խոսքերն իրենից լսեցի»։

 

Համլետը, Կորյունն ու պայքարը սիրով

«Երեխաներն այս աշխարհում մնացած ամենապարզ մարդիկ են: Իրենցից շատ բան եմ սովորում, ամեն մեկը յուրահատուկ անհատ է՝ իր բնավորությամբ, նախասիրություններով, սովորություններով: Շատ ուրախ եմ, որ հիմա կարող եմ նրանց այցելել տանը: Մանկական ուղեղային կաթվածը Հայաստանում, ցավոք, տարածված է ու շատ են դեպքերը, երբ ընտանիքների համար բարդ է երեխային թերապիայի համար կենտրոններ բերել: Տնայցերի ծրագրով աշխատում եմ հինգ երեխայի հետ: Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ երեխաները փոխվում են: Այս երեք ամսվա ընթացքում հինգ անհատի հետ եմ ծանոթացել, ընկերացել: Նրանք իսկապես իմ լավագույն ընկերներն են դարձրել: Նույնիսկ, երբ անտրամադիր եմ լինում, իրենց հետ անցկացրած ժամանակից հետո լցվում եմ էներգիայով», - ասում է Համլետը:

 

Հակոբի վարակիչ գործը եւ Մաքրապատման 525-րդ օրը

«Այս վիճակը տգիտության եւ անտարբերության նշան է»,- ջրի մեջից պաղպաղակի թղթեր, պլաստմասե շշեր հանելով՝ ասում է Հակոբը,- «Մի քիչ վերեւ բարձրանանք, կտեսնենք, որ այս՝ արդեն թունավորված ջրով գյուղացին ջրում է իր բանջարանոցը, որի պտուղներն ուտում ենք: Այս վիճակը մի քանի գերատեսչության հարց է. Շրջակա միջավայրի, ՏԿԵ, Առողջապահության նախարարությունների, Ոստիկանության, ԿԳՄՍ, Ազգային անվտանգության: Այս բոլոր գերատեսչություններում թերացում կա, եթե դա չլիներ, այսքան աղբ չէր լինի։ Օրինակ, երբ հաճախ ասում եմ, որ սա նաեւ ազգային անվտանգության հարց է, հարցնում են՝ «էդ ո՞նց», պատասխանում եմ՝ չի կարող թունավորված ջուր եւ աղտոտված օդ ունեցող միջավայրում ազգի առողջությունն ու ֆիզիկական գոյությունը վտանգված չլինել»:

 

Կարծրատիպերին դեմ գնացած ու ինքն իրեն ամբողջական դարձրած Արմինեն

«Մենք պայքարում ենք հավասարության համար, որ մեզ չխղճան, չասեն, որ չենք կարող ինչ-որ բաներ անել։ Իսկ այդպիսի ձեւակերպումները շատ խոցելի են, շեշտադրումը հաշմանդամության վրա է, եւ ոչ թե իմ ստեղծագործական կարողությունների։ Այնինչ, սա լավ պատմություն է հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար, որ իրենք էլ պայքարեն, աշխատեն ու չմտածեն հասարակության վերաբերմունքի մասին։ Բայց նաեւ պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ ու հերոսացնել ինձ, որովհետեւ իմ արած աշխատանքը մյուսներն էլ կարող են անել»։

 

Ուժեղացած Քրիստինեն, որ կոտրեց իր իսկ «երբեք»-ը

«Մեզ զանգող մարդիկ արագ օգնություն են ակնկալում եւ նրանց ավելորդ են թվում բոլոր հարցերը, իսկ դրանք անհրաժեշտ են իրավիճակը լիարժեք պատկերացնելու, ահազանգը ճիշտ սպասարկելու, ուժերը ճիշտ ուղարկելու համար։ Լինում է, որ նյարդերս տեղի են տալիս, հուզվում եմ։ Հատկապես աղջկաս ծնունդից հետո՝ երեխաներին վերաբերող զանգերին ավելի էմոցիոնալ եմ վերաբերվում, ուզում եմ ավելի արագ օգնություն ուղարկել կամ որեւէ օգտակար խորհուրդ տալ»,- ասել է նա։

 

Լեոյի ձայնագրման ստուդիան եւ վերքեր բուժող երաժշտությունը

«Այն բոլոր անհավանական իրավիճակները, երբ փրկվում ես, միայն մեկ բացատրություն ունեն՝ Տիրոջ գործերն են: Քեզ համար կարող է անտրամաբանական լինել, թե ինչպես ես այդտեղից դուրս գալու, նման մտքերը մի ակնթարթ այցելում էին ինձ, բայց այն, ինչ լինում էր դրանից հետո, միայն Աստծո գործերն են: Շատ դեպքեր են եղել, երբ մի տեղից դուրս գալուց հետո րոպեներ անց այդտեղ էին հարվածում, բախտը կամ հաջողությունը չեն կարող այդքան կրկնվել, ինձ համար որեւէ այլ բացատրություն չկա դրան, քան այն, որ Աստված իր ձեռքերով է քեզ պահում»,- հիշում է Լեոն:

 

«Սերը միշտ ուժ է տալիս». Ռուզանը ոտքով Գորիսից Մեղրի է գնացել

Տաթեւ գնալուց միշտ նայում էի Որոտանի կիրճին ու ափսոսում ՝ բա էս տեղով  մարդ ոտքով չանցնի՞։ Բարեբախտաբար, ամբողջ կիրճը ոտքով իջա ու բարձրացա. մի գիշերը կիրճի մի կողմում անցկացրեցի, հաջորդ գիշերը՝ մյուս կողմում։ Շատ հետաքրքիր էր Վահանավանքում։ Կիրակի էր՝ Հոգեգալստյան տոնը, գնում ու մտածում էի՝ տեսնես պատարագ կլինի՞։ Շատ ուրախացա, որ կար։ Զինվորներ եկան, իրենք էլ մասնակցեցին։ Եկեղեցու հետեւը մեծ ընկուզենի կա, պատարագից հետո բոլորս հավաքվեցինք այդ ընկուզենու ստվերի տակ, հաճելի զրուցեցինք, քահանան զինվորներին պատգամ ուղղեց։ Շատ ջերմ միջավայր էր, չէի ուզում հեռանալ։ Ամեն մի լավ ծանոթությունը ոնց որ մի նոր հարստություն լինի իմ կյանքում։

 

Աշխարհը լսող եւ լույսը տեսնող Վահանը

«Հոգնեցուցիչ է, բայց նաեւ հետաքրքիր պատմություններ են լինում ճանապարհին, ոգեւորված գալիս եմ դասի եւ կիսվում կուրսեցիներիս հետ։ Հասարակական տրանսպորտում մի անգամ դռների մոտ կանգնած էի, մեկն ուսիս թփթփացրեց, հարցրեցի՝ «իջնո՞ւմ եք», չպատասխանեց, մի քանի վայրկյան հետո նորից ուսիս թփթփացրեց, նույն հարցը տվեցի ու նորից պատասխան չստացա։ Մյուս ուղեւորները հուշեցին, որ այդ մարդն էլ խուլ է, շրջվեցի նրա կողմ եւ շրթունքների ընդգծված շարժումներով ասացի՝ «ոչինչ, ես էլ կույր եմ» (ծիծաղում է-հեղ.)»,- պատմում է Վահանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին