«Երբեք չեմ նայել, որ Սմբատը սայլակով է. իր կողքով քայլելիս՝ միշտ հպարտանում եմ» - Mediamax.am

exclusive
4736 դիտում

«Երբեք չեմ նայել, որ Սմբատը սայլակով է. իր կողքով քայլելիս՝ միշտ հպարտանում եմ»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սմբատն ու Անին Նոր տարվա առաջին օրերին հասցրել էին Մարտունիում լինել՝ Սմբատի ընտանիքի հետ տոները նշել, հետո Նոյեմբերյան գնալ՝ Անիի հարազատներին շնորհավորելու, ու արագ վերադարձել էին Այնթապի իրենց տուն, որի մասին երազել էին համատեղ կյանքի 10 տարիների ընթացքում։ Տունը կա, հիմա նորոգում են։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինչին բոյս հասնում է, անում եմ՝ մանրահատակը, լույսերը»,-ասում է Սմբատ Կարապետյանը։ Բանակում ականի պայթյունի հետեւանքով երկու ոտքերի անդամահատումից հետո նա սայլակով է տեղաշարժվում։ Ձեռքից ամեն ինչ գալիս է, ինչին էլ «բոյը չի հասնում», հայրը, քրոջ ամուսինն են օգնում։ Տանը, ինչ հնարավոր է, Սմբատին են հարմարեցրել՝ դռների լայնությունը, մուտքի բարձրությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«19 տարեկան էի։ 10 տարուց ավել է անցել»,- ասում է Սմբատը՝ բանակում պատահածի մասին հիշելով։

 

2012-ի մայիսի 25-ն էր։ Մի տարվա ծառայող էր, երբ թշնամու դիվերսիոն խումբը փորձել էր իրենց դիրք մտնել։ Չէր կարողացել, «կարգ ու կանոնով պահում էինք»,- ասում է Սմբատը։ Բայց նրանց տեղադրած ականի պայթյունից Սմբատը կորցրել էր երկու ոտքերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հեշտ չէր ընտելանալը։ Բայց տարիների ընթացքում, որ արդեն հասկանում ես՝ էդ քոնն է, չես կարող փոխել, պիտի կա՛մ հարմարվես, կա՛մ քեզ հարմարեցնես էնքանով, որ առօրյադ ավելի թեթեւ, հանգիստ անցնի»։

 

Սմբատն ու Անին դեպքից հետո են ծանոթացել՝ համացանցով։ Մեկ տարի անց ամուսնացել են։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ինքը ծանոթության հենց առաջին օրն ասել էր, որ սայլակով է, ու մտածում էր, որ դա կխանգարի մեր հարաբերություններին, բայց իր անկեղծությունը, ընդհակառակը, իմ մեջ ցանկություն էր առաջացնում իր հետ շփվելու։ Իր մեջ էնպիսի մի էներգիա կար, որն ինձ շատ էր դուր եկել, չէի ուզում, որ ինքը կոտրվեր։

 

Առաջին անգամ, որ եկավ իմ հետեւից, ես ընդհանրապես չվախեցա իր վիճակից, ինձ համար էնքան սովորական էր, որովհետեւ իրեն էդպես էի սիրում,- ասում է Անին։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ծանոթացանք, գնացի իրենց տուն, հետո ինքը եկավ Երեւան՝ իր բարեկամի տուն, տեսանք, շփվեցինք, որոշեցինք ամուսնանալ։ Անիի պապան դեմ էր։ Գնացինք, որ ոնց որ կարգն է՝ ուզենք-բերենք, չեմուչում արեցին։ Անիի ծնունդի հաջորդ օրը գնացի, բերեցի։ Էդ էլ իր ծննդյան նվերը,-պատմում է Սմբատը։

 

- Պապաս ոչ թե իր վիճակի համար էր դեմ, այլ՝ իմ տարիքի։ Հենց դպրոցն ավարտեցի, եկան ինձ ուզելու։ Պապան ասում էր՝մի քիչ մեծացի, ոչ մի բան անել չգիտես, մաման կսովորացնի, բայց չհամբերեցինք։

 

- Պապային պաշտպանում է,- ծիծաղում է Սմբատը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Անին ասում է, որ սկզբում հեշտ չէր։ Սմբատը երկար չէր համակերպվում իր վիճակին, մեկուսանում էր, Ճարտարապետական համալսարանում կիսատ թողած ուսումը շարունակել չէր ուզում. ի՞նչ իմաստ ուներ։

 

«Եղել է՝ օրերով սենյակից դուրս չէր գալիս, ոչ մեկին չէր ուզում տեսնել, շփվել։ Ոնց որ ինքն էր ասում՝ դեռ հույս ուներ, որ ոտքերը կաճեն»,- հիշում է Անին։

 

«Մի քանի անգամ եղել է, որ գնացել եմ հոսպիտալ, վիրավոր զինվորների եմ հանդիպել, բայց ես ավելի շատ նեղվում էի, քան՝ իրենց հույս էի տալիս։ Ես չեմ կարող ասել՝ ամեն ինչ նորմալ է, որովհետեւ գիտեմ, որ չի կարող նորմալ լինել»,-ասում է Սմբատը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկզբում Երեւանում՝ վարձով բնակարանում էին ապրում, Սմբատն Արտակարգ իրավիճակների նախարարությունում էր աշխատում։ Աշխատավարձը քիչ էր, տեղափոխվեցին հայրական տուն՝ Մարտունու շրջանի Գեղահովիտ գյուղ։ Սմբատն ասում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար գյուղում ապրելու, ինչ-որ բանով զբաղվելու հնարավորություն չկա։ Այդ պատճառով նորից մայրաքաղաք վերադարձան։ Հիմա ալկոթեստերի արտադրամասում է աշխատում։ Մեքենա վարել է սովորել, մեքենան էլ ձեւափոխել՝ ձեռքով կառավարվող է դարձրել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբեմն՝ սայլակ, երբեմն պրոթեզ եմ օգտագործում, նայած՝ որ տարածքին՝ ինչն է հարմար։ Գյուղում ավելի շատ պրոթեզն էր հարմար. գոնե աստիճաններ իջնել-բարձրանալ էի կարողանում։ Բայց ինչ տեղափոխվել եմ Երեւան, երեւի 1-2 անգամ եմ հագել։ Պրոթեզի դեպքում երկու ձեռքերս զբաղված են լինում հենակներով, բացի այդ, ցավեցնում են, վերք է լինում, չեմ կարող մեծ տարածություն գնալ, հոգնում եմ։ Իհարկե, լիարժեք քայլելու համար կան լավ, ֆունկցիոնալ պրոթեզներ, որ էլեկտրական ծունկ ունեն, քայլելիս, աստիճան բարձրանալիս՝ քեզ օգնում են, ոտքդ ֆիքսում են, որ չսահես։ Իսկ իմ ունեցած պրոթեզը մեխանիկական ծունկ է, ոտքդ սահեց, ընկնում ես։ Բազմիցս եղել է, որ ընկել եմ, պրոթեզը ջարդվել է։

 

Սովորել եմ, եթե 2-3 աստիճան է լինում, սայլակով ինքնուրույն բարձրանում-իջնում եմ։ Սայլակով ավելի հեշտ է, մանավանդ, որ մեքենան կա։ Որտեղ հասանելի է, մեքենայով եմ գնում, որտեղ սայլակով՝ սայլակով, որտեղ հասանելի չէ, չեմ էլ գնում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատանքից բացի Երեւան տեղափոխվելու մեկ այլ պատճառ էլ կար։ Տարիների ընդմիջումից հետո Սմբատը սպորտով զբաղվելու հնարավորություն էր ստացել։

 

«Հոսպիտալում շոկի մեջ պառկած եմ, ոչինչ չեմ լսում, չեմ տեսնում։ Մեկ էլ դուռը բացվեց, երկու հոգի մտան ներս՝ մեկը հենակներով, մյուսը քայլելով եկան, նստեցին, սկսեցին խոսել՝ բանի տեղ չդնես, հեսա վեր ես կենալու, քայլես, բասկետբոլ ենք խաղալու»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սմբատը նրանց լսում ու մտածում էր՝ գուցե չգիտե՞ն իր հետ պատահածի մասին։ Բայց նրանցից Արշակ Հովհաննիսյանը, որն Արցախյան առաջին պատերազմում  կորցրել էր երկու ոտքերն ու հաշմանդամություն ունեցող զինվորների աջակցման ծրագրով էր զբաղվում, Սմբատին հրավիրեց անվասայլակով բասկետբոլի խաղեր դիտելու։ Դիտեց, փորձեց, գնդակն ընկավ զամբյուղը։ Դրանից հետո սպորտը Սմբատի կյանքի անբաժան մասն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

10 տարի է՝ հաշմանդամային տարբեր սպորտաձեւերով է զբաղվում՝ անվասայլակով բասկետբոլ, դահուկավազք, պարահոկեյ, սայլակավազք։ Հիմնել ու ղեկավարում է սայլակավազքի ֆեդերացիան։

 

«Սպորտի շնորհիվ սկսեցի ավելի հաճախ տնից դուրս գալ։ Սպորտն օգնում է թե՛ ֆիզիկապես լավ զգալ, թե՛ օրվա ռեժիմն է կարգավորում։ Ճիշտ ժամին քնում, արթնանում, սնվում եմ, ամեն ինչին լուրջ եմ վերաբերվում։ Ռեժիմի կարգավորման հարցում նաեւ աշխատանքս մեծ դեր ունեցավ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր զրույցի ամբողջ ընթացքում Անին հիացմունքով լսում է Սմբատին։ Երբ ամուսնու մասին խոսելու իր հերթն է գալիս, ոգեւորությամբ պատմում է նրա ձեռքբերումների, կամքի ուժի, համարձակության մասին։ Ասում է՝ հպարտ եմ Սմբատով։

«Եթե մի փոքր ժամանակ եմ ունենում, անպայման գնում եմ Սմբատի մարզումները նայելու։ Վերջերս հոկեյի խաղ ունեին, գնացի, էնքան լավ էր խաղում, շատ էի ուրախացել։ Բոլորն ասում էին՝ 7 համարը շատ լավ է խաղում, ու ես դրանից ավելի լավ էի զգում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Անին ասում է, որ Սմբատն ինքնուրույն է՝ թե՛ տանը, թե՛ դրսում։ Միակ թերությունը՝ առանց իրեն սեղան չի նստում. այնքան սոված կմնա, մինչեւ ինքն աշխատանքից վերադառնա։

 

Անին ասում է, որ մարդիկ հաճախ հարցնում են, թե Սմբատի հաշմանդամությունն իրեն չի՞ կաշկանդում։ «Եթե սիրես, աչքիդ ուրիշ ոչինչ չի երեւա»,-պատասխանում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մարդիկ մտածում են՝ հարուստ լինի, լավ տուն ունենա, ինձ համար դա կարեւոր չի եղել։ Գլխավորը՝ ինքն առողջ լինի, մնացածին մենք ինքներս կհասնենք, ամեն ինչ կստեղծենք։ Ես ոչ մի անգամ չեմ նայել, որ ինքը սայլակով է, չեմ մտածել, թե մարդիկ իմ մասին ինչ կասեն։ Ես միշտ Սմբատի կողքով քայլելիս՝ հպարտանում եմ։ Աշխատակիցներս ասում են՝ չե՞ս ամաչում, ասում եմ՝ չէ, ես հպարտանում եմ իրենով, որովհետեւ շատերն իր վիճակում ոչ մի բան չեն ուզում անել, իսկ ինքը մի փոքր բան լինի, ուզում է մասնակցել։ Նույնիսկ պատերազմի ժամանակ ասում էր՝ եթե պետք լինի, մենք էլ կգնանք։ Մարմնովս սարսուռ անցավ, երբ էս խոսքերն իրենից լսեցի»։

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Եթե ազատ ժամանակ է լինում, Սմբատն իր մանկության զբաղմունքին է վերադառնում. ստվարաթղթից, մետաղալարերից տարբեր իրեր է պատրաստում։ Ցույց է տալիս տարիներ առաջ իր «կառուցած» երազանքի տան լուսանկարը։ Այնթապի տունը դրանից մի քիչ տարբեր, բայց, կարեւորը, իրենցն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սմբատն ասում է՝ մինչեւ հիմա ինչ նպատակ դրել եմ, կարողացել եմ իրականացրել։ «Բալիկ էլ ունենանք, ու վերջ»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին