Լեոյի ձայնագրման ստուդիան եւ վերքեր բուժող երաժշտությունը - Mediamax.am

exclusive
2321 դիտում

Լեոյի ձայնագրման ստուդիան եւ վերքեր բուժող երաժշտությունը


Լեո Բաղդասարյանը
Լեո Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեո Բաղդասարյանը
Լեո Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեո Բաղդասարյանը
Լեո Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեո Բաղդասարյանը
Լեո Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը պատմել էր «Ազնավուր» հիմնադրամի եւ «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի բիզնես դրամաշնորհների ծրագրի մասին, որով սեփական բիզնեսը հիմնելու հնարավորություն էր ընձեռվել պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած մի քանի տասնյակ զինվորների:

 

Ծրագրի շահառուների շարքում էր նաեւ 44-օրյա պատերազմի մասնակից Լեո Բաղդասարյանը, որն այսօր հաջողությամբ կառավարում է իր երաժշտական ստուդիան:

 

Մեդիամաքսի հետ զրույցում Լեոն պատմել է իր կյանքում երաժշտության դերի մասին՝ ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ հետագա կյանքում:

 

Նոր ստուդիա եւ նոր մասնագիտություն

 

Լեոն երաժշտությամբ հետաքրքրվել է դեռեւս դպրոցական տարիքից՝ սկզբում դասական, ավելի ուշ՝ ջազով: Նախքան բանակ զորակոչվելը նվագում էր տարբեր խմբերի եւ նախագծերի հետ: Այժմ սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուր բաժնի առաջին կուրսում:

 

Տեղեկանալով «Ազնավուր» հիմնադրամի եւ «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի նախաձեռնած բիզնես դրամաշնորհների մրցույթի մասին՝ Լեոն արդեն գիտեր, թե ինչ բիզնես գաղափար է ուզում իրագործել:

 

«Ձայնագրման ստուդիա, որտեղ կատարում եմ նաեւ գործիքավորում, միքս-մաստերինգ եւ գրում երաժշտություն»,- այսպես է բնութագրում Լեոն արդեն գործող ստուդիան:

Լեո Բաղդասարյանը Լեո Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դրամաշնորհի շրջանակում կարողացա նաեւ կրթություն ստանալ: 3 ամիս սովորել եմ Հայաստանում միքս-մաստերինգի ամենալավ մասնագետներից մեկի մոտ: Սովորելուն զուգահեռ արդեն իսկ աշխատում էի ստուդիայում, պատվերներ ընդունում: Կարծում եմ, որ այս դրամաշնորհը լիովին բավարար էր մեկնարկի համար, իսկ հետագան արդեն յուրաքանչյուր մասնակցից է կախված, մենք պետք է ջանանք լավ շարունակության համար»,- ասում է երիտասարդ երաժիշտը:

 

Լեոն ստուդիայի համար հատուկ անուն չի ընտրել. «Ցանկացա, որ ստուդիան ճանաչեն ինձնով, այլ ոչ թե ինձ՝ ստուդիայով»: Նրա ստուդիայում ձայնագրվելու համար պարզապես պետք է կապ հաստատել իր հետ:

 

«Միշտ պետք է բավարարված զգաս քո ստեղծածից»

 

Ստեղծագործելիս Լեոն նախընտրում է կինոերաժշտության ուղղությունը, արդեն մի քանի գործերի հեղինակ է: Վերջերս մասնակցել է միջազգային «Indie Film Music Contest»-ին եւ հայտնվել լավագույն տասնյակում: Ջազը եւս մեծ դեր ունի Լեոյի կյանքում:

 

«Մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ այսօր ջազ ոլորտում շատ լավ երաժիշտներ ունենք, եւ ուրախացնում է այն, որ մեծ մասը երիտասարդներ են: Շատ կուզենայի, որ նրանք կարողանային հասնել այնպիսի մակարդակի, որ աշխարհը սկսեր ժամանակակից հայաստանյան երաժշտությունը ճանաչել հենց իրենցով»,-ասում է Լեոն

Լեո Բաղդասարյանը Լեո Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա կարծիքով՝ Հայաստանում կան նաեւ միքս-մաստերինգի բարձրորակ մասնագետներ, որոնց հմտությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին:

 

«Ցավոք, միշտ չէ, որ նրանք կարող են ստեղծել իրենց սրտի երաժշտությունը, եւ այն երաժշտությունը, որը համաշխարհային հարթակներում կգնահատվի, որովհետեւ Հայաստանում պահանջներն այլ են: Ոչ ոք մի քանի ամիս չի սպասի, որ իր երգի հնչողությունը բերվի հնարավոր լավագույն մակարդակի, «միեւնույն է ոչ ոք չի հասկանալու» մտածելակերպով են առաջնորդվում շատերը: Շատերը նախընտրում են անորակ բան ստանալ ու ասել՝ դա են լսում, ու գուցե, ինչ-որ տեղ իրենք ճիշտ են, բայց պետք է հաշվի առնել այն, որ մարդիկ գերադասում են այդ անորակ երաժշտությունը, որովհետեւ տասնամյակներով դա են լսել: Միջազգային առաջատար արտիստներն ու խմբերն իրենք են թելադրում, թե մարդիկ ինչ լսեն, եւ ոչ թե իրենց է թելադրվում՝ ինչ գրեն, եւ սա ամենամեծ տարբերությունն է Հայաստանի եւ աշխարհի միջեւ»:

Լեո Բաղդասարյանը Լեո Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինքը Լեոն ստեղծագործելիս չի առաջնորդվում լսարանի պատկերացումներով եւ գրում է այն, ինչ ինքն է ցանկանում: Իհարկե, պատվիրատուների հետ աշխատելիս նույնն անել չի կարող, սակայն այս պարագայում եւս ջանում է առկա երաժշտությունը մշակել հնարավորինս բարձրորակ ձեւով:

 

«Միշտ պետք է բավարարված զգաս քո ստեղծածից: Եթե հետեւեմ լսարանի պահանջներին, ինքս չեմ ունենա այդ բավարարվածության զգացողությունը»,- համոզված է Լեոն:

 

«Մարտի դաշտում անհավանական փրկությունները Տիրոջ գործերն են»

 

Լեոն բանակ է զորակոչվել 2019 թվականի ամռանը, ծառայել է Ասկերանում, այնուհետեւ՝ Ստեփանակերտում: Պատերազմի մեկնարկից ի վեր եղել է դիրքերում: Պատերազմի մասին խոսել չի սիրում, սակայն երկու առանցքային դրվագ է առանձնացնում:

 

«Այն բոլոր անհավանական իրավիճակները, երբ փրկվում ես, միայն մեկ բացատրություն ունեն՝ Տիրոջ գործերն են: Քեզ համար կարող է անտրամաբանական լինել, թե ինչպես ես այդտեղից դուրս գալու, նման մտքերը մի ակնթարթ այցելում էին ինձ, բայց այն, ինչ լինում էր դրանից հետո, միայն Աստծո գործերն են: Շատ դեպքեր են եղել, երբ մի տեղից դուրս գալուց հետո րոպեներ անց այդտեղ էին հարվածում, բախտը կամ հաջողությունը չեն կարող այդքան կրկնվել, ինձ համար որեւէ այլ բացատրություն չկա դրան, քան այն, որ Աստված իր ձեռքերով է քեզ պահում»,- հիշում է Լեոն:

 

 

 

 

Պատերազմի ժամանակ Լեոյի ձեռքն է վիրավորվել արկի հարվածից: Թե ինչպես է նա փրկվել կյանքը վտանգող հարվածից, նորից հրաշք է:

 

«Պայթյունի ձայնը լսելիս ակնթարթորեն կռացա ու ձեռքս ինձ համար անսովոր դիրքում պահեցի, հիմա դժվար է հիշել ու հասկանալ՝ ինչու այդպես պահեցի: Բայց միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ եթե ձեռքս հենց այդպես պահած չլինեի, հարվածը մարմնիս էր դիպչելու, ու գուցե հետեւանքներն ավելի ծանր լինեին»,- պատմում է նա:

 

«Երաժշտությունն ազդեց ոչ միայն հոգեպես, այլեւ ֆիզիկապես»

 

Երաժշտությունը հիմնականում հարստացնում է մարդու հուզական դաշտը, սակայն Լեոյի համար պատերազմի պայթյունների ներքո այն բոլորովին այլ կերպ է հնչել:

 

«Երբ մոտ 25 օր երաժշտություն չէինք լսել եւ հանկարծ տղաներից մեկը կարողացավ հոսանք գտնել ու նվագարկիչը միացնել, երաժշտությունը սկսեց ազդել մեզ վրա ոչ միայն հոգեպես, այլեւ ֆիզիկապես. բոլոր վատ զգացողություններն այդ պահին անցան, չեմ չափազանցնում: Ընդամենը մի քանի րոպե լսելու հնարավորություն ունեինք, ուստի արագ-արագ լսում էինք մեր սիրելի ստեղծագործություններից կարճ հատվածներ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենային լսելու իրենց սիրելի կատարողներին կամ կոմպոզիտորներին: Ես լսեցի մի քանի հատված Հանս Ցիմերի գործերից»,- հիշում է Լեոն:

 

Նրա խոսքով՝ այս դրվագը նաեւ երկնային նշան էր առ այն, որ չպետք է թողնի երաժշտությունը: Շատ ընկերներ էին նրան ասել, որ բանակից վերադառնալուց հետո էլ չի նվագելու՝ այլ տղաների օրինակներն աչքի առաջ ունենալով, սակայն Լեոն ոչ մի պահ չի մտածել երաժշտությունից հեռու լինելու մասին:

 

«Մարդ պիտի զբաղվի միայն նրանով, ինչն իրեն օգնում է լիարժեք զգալ»,-համոզված է նա:  

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդուհանդերձ, ձեռքի վիրավորումը որոշակի դժվարություններ է ստեղծել երաժշտի համար:

 

«Մի քանի պատասխանատու համերգներ եղան եւ ստիպված էի երկու ձեռքով նվագել: Նվագելուց հետո ցավ զգացի, ու գուցե պետք չէր այդքան նվագել, սակայն այն բավարարվածությունը, որ նորից նվագում էի, ամեն ինչից վեր էր: Ֆիզիկական ցավը՝ անկախ ուժգնության աստիճանից, այդ զգացողության կողքին ոչինչ է դառնում»,-ասում է Լեոն:

 

Ձեռքը աստիճանաբար կազդուրվում է, իսկ առջեւում նոր համերգներ են: Լեոյի եւ նրա ընկերների ջազ ժանրում ներկայացող «In Time» խումբը մոտ ապագայում կընդլայնվի՝ դառնալով «In Time Project», որը նաեւ փոփ, R&B եւ ավելի ժամանակակից երաժշտությամբ հանդես կգա: Նրանց հաճախ կարելի է լսել «Ուլիխանյան ակումբում»:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին