Աշխարհը լսող եւ լույսը տեսնող Վահանը - Mediamax.am

exclusive
8442 դիտում

Աշխարհը լսող եւ լույսը տեսնող Վահանը


Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ղարագուլյանը
Արման Ղարագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը եւ Սիփան Ասատրյանը
Վահան Դիշլանյանը եւ Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Խչոյանը զրուցում է Վահան Դիշլանյանի հետ
Անի Խչոյանը զրուցում է Վահան Դիշլանյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Դիշլանյանը
Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավտոբուսով Ոսկեհատ գյուղից դեպի Էջմիածին, այնտեղից էլ՝ Երեւան։ 14 տարեկանում տեսողությունը կորցրած Վահան Դիշլանյանն ամեն օր տնից միայնակ դուրս է գալիս եւ անցնում «անկախության» ճանապարհով։ Նա խոչընդոտները հաղթահարում է ձեռնափայտի, սուր լսողության, զարգացող հմտությունների եւ մարդկանց օգնությամբ։

 

Վահանի հետ հարցազրույցի համար հանդիպում ենք Էջմիածնի կանգառներից մեկում։ Գյուղից եկող ավտոբուսի վերջին ուղեւորները մինչեւ կանգառ հասնելն են իջնում, Վահանն էլ՝ նրանց հետ, բայց արագ կողմնորոշվում է եւ քայլում մեր ուղղությամբ։ Սովորաբար այս կանգառում իջնելուց հետո Վահանը նաեւ մի քանի հարյուր մետր քայլում է, որ հասնի Երեւան գնացող ավտոբուսին։ Այս անգամ ճանապարհը միասին ենք անցնում։ Վահանը տեսողությունը կորցրել է 13 տարի առաջ՝ աչքի բարդ հիվանդության պատճառով, եւ խնդիրն այս պահին էլ հնարավոր չէ շտկել։

Անի Խչոյանը զրուցում է Վահան Դիշլանյանի հետ Անի Խչոյանը զրուցում է Վահան Դիշլանյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Միայն լույսն եմ տեսնում, գիտեմ, որ այսօր արեւոտ օր է, լուսավորությունն ինձ օգնում է կողմնորոշվել, չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց գիշերն ինչ-որ դժվարություն զգում եմ, թեպետ օրվա մութ հատվածն էլ իր առավելությունն ունի, խանութների լույսերը հսկելով քայլում եմ»,- ասում է նա։

 

Քայլում ենք, զրուցում ու 27-ամյա Վահանը ձեռնափայտով «շոշափում է» ճանապարհը, հուշում է՝ հասնում ենք խաչմերուկ։ Հետաքրքրվում եմ՝ ինչպե՞ս հասկացար, ասում է՝ մինչ այս մեքենաների աղմուկը միայն ձախից էր, հիմա՝ նաեւ դիմացից։ Երկու փողոց ենք անցնում։ Վահանն ասում է՝ կարեւոր է վարորդների ուշադրությունը, ձեռնափայտը տեսնելիս պետք է կանգնեն, բայց ոչ միշտ է այդպես լինում։ Հասնում ենք Երեւան եկող ավտոբուսին։ Այստեղ նրան դիմավորում են՝ ինչպես ամեն օր, օգնում նստել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստանում տեսողության խնդիր ունեցողների համար միջավայրային մատչելիություն գոյություն չունի։ Գյուղից գալիս եմ քաղաք, բայց այնպես չէ, որ միջավայրը մատչելի է, տրանսպորտը՝ հարմարավետ, փողոցում էլ ուղղորդող սալիկներ կան։ Ինքս եմ հարմարվել միջավայրին։ Միայնակ տեղաշարժվելը բարդ է, բայց պետք է զարգացնել հմտությունները եւ հաղթահարել դժվարությունները»,- ասում է նա։

 

Դեռ չորս տարի առաջ Վահանը տնից դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ ընտանիքի անդամներից մեկը կարող էր ուղեկցել իրեն։ 2020 թվականին «Դեպի անկախ կյանք» ծրագրին մասնակցելը նրան հնարավորություն տվեց ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ տնից միայնակ դուրս գալու, կենցաղավարության, հեռախոսից, համակարգչից օգտվելու համար։

Վահան Դիշլանյանը Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կյանքս բաժանում եմ երկու մասի, մինչեւ ծրագրին մասնակցելը եւ դրանից հետո։ Անկախ կյանքն ուրիշ զգացողություններ, էմոցիաներ է տալիս, միայն հաշմանդամություն ունեցող անձը կհասկանա»,- ասում է նա։

 

Վահանին միայնակ տեղաշարժվելու, քաղաքը ճանաչելու հարցում օգնել է տիֆլոմանկավարժ Սիփան Ասատրյանը, ով եւս ունի տեսողության խնդիր։ Նա վերապատրաստվել է Եվրոպայում՝ որպես տարածական կողմնորոշման ինստրուկտոր։

 

«Հայաստանում կան տիֆլոմանկավարժներ, որոնք գիտեն, թե ինչպես է պետք աշխատել չտեսնող մարդու հետ, բայց կարեւոր է, որ ձեռնափայտ օգտագործող լինեն կամ աչքերը կապած քայլելու փորձ ունենան, որ հասկանան՝ ինչը կարող է կողմնորոշիչ լինել կույր մարդու համար։ Քաղաքում հատուկ սալիկներ չկան, ստիպված ենք ինքներս գտնել տարբերակող նշաններ։ Օրինակ՝ Կոմիտասի պողոտայի մի հատվածում մայթը հարթ է, իսկ խանութներից մեկի դիմաց տարբերվող մի քանի սալիկ կա, դրանց օգնությամբ կարողանում եմ իջնել գետնանցում։ Ինստրուկտորն է սովորեցրել։ Կարեւոր է ճիշտ մասնագետի հանդիպելը, ով կկարողանա քեզ փոխանցել իր հմտությունները։ Սիփանի օգնությամբ նաեւ սկսել եմ ձեռնափայտ օգտագործել, այն գրագետ օգտագործելու շնորհիվ հնարավոր է անվտանգ տեղաշարժվել»,- նշում է Վահանը։

Վահան Դիշլանյանը Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահանը 4-րդ կուրսի ուսանող է, սովորում է ԵՊՀ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում։ Էջմիածնից Երեւան գալուց հետո գնում ենք համալսարան։ Այս ճանապարհին մի քանի փողոց ենք անցնում, բայց որեւէ տեղ տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար նախատեսված ձայնային լուսացույց չենք հանդիպում։

 

«Դրանց բացակայությունը տեղաշարժն անհնարին չի դարձնում, բայց լրացուցիչ դժվարություն է առաջացնում՝ հատկապես բարդ կարգավորվող խաչմերուկներում։

 

Էջմիածնում նման լուսացույց չկա։ Երեւանում մի քանի տեղ կա, բայց պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ են տեղադրել։ Արգավանդի խաչմերուկը ձայնային լուսացույցով է, ուզում եմ հասկանալ, թե տեսողության խնդիր ունեցող քանի մարդ է այստեղով փողոց անցնում։ Կարելի է նայել վիճակագրությունը, թե կույր մարդիկ առավել շատ որ հատվածներում են լինում եւ այդ սկզբունքով տեղադրել ձայնային լուսացույցներ»,- ասում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահանն անգիր գիտի իր ամեն օրվա ճանապարհը, մայթերը, դրանց մեջտեղում աճող ծառերը, սալիկներն ու անհարթությունները, բայց ամեն պահի նոր խոչընդոտի է սպասում, մեկ շինարարության համար մայթ են փակում, մեկ սրճարանների աթոռներն ու սեղաններն են հայտնվում մայթերին։

 

«Վտանգավոր են նաեւ գովազդային վահանակները, ձեռնափայտով ֆիքսում եմ ներքեւի հատվածը՝ ձողը, իսկ վերեւում դրանք ավելի լայն են լինում։ Մի քանի դեպք է եղել, երբ վերջին պահին անցորդներն ինձ պահել են, որ չբախվեմ վահանակներին։ Դրա համար փորձում եմ հնարավորինս դանդաղ քայլել»,- ասում է Վահանը։

Վահան Դիշլանյանը Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեղաշարժման հարցում Վահանին օգնում է լսողությունը, բայց ամեն ինչ բարդանում է անձրեւոտ օրերին։

 

«Երեւանն աղմկոտ քաղաք է, հոգնեցնում է, որովհետեւ անընդհատ կենտրոնանում եմ տարածքը լսելու համար։ Անձրեւոտ եղանակին էլ աղմուկն ավելի շատ է եւ ջրի լրացուցիչ ձայնի պատճառով կենտրոնանալն ավելի բարդ է լինում։ Նման օրերին մի ձեռքում ձեռնափայտն է, մյուսում՝ անձրեւանոցը, տեղաշարժվելիս պետք է զգույշ լինեմ, որ ջրափոսերի մեջ չընկնեմ, բայց այստեղ էլ օգնության են գալիս մկանները։ Երբ շատ ես մի հատվածում լինում, կողմնորոշիչներին ուշադրություն չես դարձնում, մկաններդ մեխանիկորեն քեզ տանում են»,- ասում է նա։

Վահան Դիշլանյանը Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասնում ենք համալսարան, այստեղ Վահանը հեշտությամբ կողմնորոշվում է, կանխատեսում է, որ աստիճանների դիմաց մեքենաներ կայանված կլինեն եւ ձեռնափայտի օգնությամբ շրջանցում դրանք։

 

«Դպրոցն ավարտելուց հետո միջին մասնագիտական կրթություն եմ ստացել՝ բուժական դասական մերսում։ Մինչեւ 23 տարեկանը համալսարան չէի ընդունվում, որովհետեւ միայնակ չէի կարող գալ Երեւան ու վերադառնալ տուն։ Հեռակա կրթություն էլ չէի ուզում ստանալ։ Կորոնավիրուսի հավավարակի տարում, երբ արդեն գիտեի, որ մասնակցելու եմ «Դեպի անկախ կյանք» ծրագրին, նաեւ իմացա, որ համալսարան ընդունվելու համար մեկ քննություն է անհրաժեշտ հանձնել, երկու ամսում պատրաստվեցի հայոց լեզվի քննությանն ու կարողացա անցողիկ շեմը հաղթահարել։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ է փիլիսոփայությունը»,- ասում է նա։

Վահան Դիշլանյանը Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահանի խոսքով՝ չտեսնող մարդու համար կրթության հարցում եւս մատչելիության խնդիր կա եւ ինքն ամբողջ ծավալով չի կարողանում ներգրավվել պրոցեսին։

 

«Համալսարանը չունի աուդիո գրադարան։ Անհրաժեշտ գրականություն գտնելն էլ խնդիր է, երբեմն փորձում եմ դասախոսությունները ձայնագրել։ Կարողացել եմ նաեւ հասնել նրան, որ համալսարանն ինձ օգնական տրամադրի։ Օրինակ՝ երբ դասախոսներն առաջադրանք են տալիս որեւէ գրքից հատված կարդալ կամ օնլայն համակարգում դասընթացին վերաբերող նյութեր են տեղադրում, օգնականը կարդում է, ձայնագրում եւ ուղարկում ինձ»,- նշում է Վահանը։

Վահան Դիշլանյանը Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանն ավարտելուց հետո Վահանը կունենա փիլիսոփայի, մանկավարժի որակավորում, ուզում է դպրոցում հասարակագիտություն, հայրենագիտություն դասավանդել, զուգահեռ ուսումը շարունակել մագիստրատուրայում, արդեն ավելի նեղ՝ բարոյագետի մասնագիտացմամբ։

Արման Ղարագուլյանը Արման Ղարագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ԵՊՀ դասախոս Արման Ղարագուլյանն ասում է, որ կուրսում վերջերս տեղի ունեցած հարցման արդյունքում Վահանն իր «ոսկե ֆոնդում է հայտնվել»։

 

«Վերջին տարիների տարբեր երկրներում պոպուլյար են երջանկության հետազոտությունները, որտեղ հիմնական հարցը հնչում է այսպես՝ «ամեն ինչ հաշվի առնելով՝ ինչքանո՞վ եք բավարարված ձեր կյանքից»։ 10-ը միավորը առավելագույն լավ կյանքն է, որ կարող է մարդն ունենալ, 0-ն՝ հնարավոր վատագույնը։ Վահանենց կուրսում այս հարցման ժամանակ ուսանողները 2, 3, 4 միավոր նշեցին։ Կուրսում ամենաբարձը Վահանի գնահատականն էր՝ 7 միավոր։ Սրանից հետո մյուսները սկսեցին փոխել իրենց գնահատականները։

 

 

Վահանին նայելով կարելի է ասել, որ տեսողության կորուստը հաղթահարել է եւ այնքան ադապտացվել, որ կարող է օրինակ ծառայել այն մարդկանց, որոնք չունեն տեսողության կորուստ, բայց ունեն կյանքին ադապտացվելու ավելի մեծ խնդիրներ»,- ասում է Արման Ղարագուլյանը։

Վահան Դիշլանյանը Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2020-ից սկսած Վահանը նաեւ սպորտով է զբաղվում։ Շաբաթը մի քանի անգամ դասերից հետո գնում է Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տուն՝ տեսողական խնդիրներ ունեցողների սեղանի թենիս (Showdown) խաղալու: Նրա հիմնական խաղընկերը Սիփանն է, ում պետք է հանդիպենք Կոմիտասի շուկայի կանգառում։ Սիփանն իջնում է ավտոբուսից, հասնում կանգառի այն հատված, որտեղ ընկերն իրեն է սպասում եւ մի քանի անգամ ձեռնափայտով թխկացնում գետնին, ի պատասխան՝ Վահանը եւս ձեռնափայտը խփում է գետնին ու հեշտությամբ գտնում են իրար։

Վահան Դիշլանյանը եւ Սիփան Ասատրյանը Վահան Դիշլանյանը եւ Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ընկերոջ հետ տեղաշարժվելն իր առավելություններն ունի, խոչընդոտները միասին եք հաղթահարում, ինչ-որ հետաքրքիր պատմությունների մեջ ընկնում, ավելի խիզախ ես դառնում, դիմում ես քայլերի, որոնք միայնակ չես անի»,- ասում է Վահանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասնում ենք Կույրերի միավորում, որի մուտքի մոտ կան չտեսնող մարդկանց համար նախատեսված շոշափական սալիկներ։ Դրանք լինում են ուղղորդող եւ նախազգուշացնող։ Այսպիսի սալիկներ պետք է լինեն քաղաքի տարբեր հատվածներում, բայց ճանապարհի ողջ ընթացքում որեւէ տեղ չենք հանդիպել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Շենքի ներսում Վահանը տեղաշարժվում է առանց խոչընդոտների, անգամ ձեռնափայտն է մի կողմ թողնում, որ փոխի հագուստն ու վերցնի խաղի համար անհրաժեշտ պարագաները։ Նա այս տարի հաղթել է Երեւանի Showdown-ի բաց առաջնությունում։

 

Այս մարզաձեւում, եթե անգամ մարզիկը ամբողջապես կույր է, միեւնույն է, պետք է կրի հատուկ ակնոց, քանի որ դեմքի մաշկամկանային սենսորիկայով էլ հնարավոր է հասկանալ գնդակի ուղղությունը։ Ակնոցն խաղացողների համար ապահովում է հավասար հնարավորություններ։

Վահան Դիշլանյանը Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարզման ավարտից հետո Վահանն ասում է, որ չնայած խնդիրներին եւ խոչընդոտներին՝ գոհ է անկախ կյանքով ապրելու իր որոշումից։

 

«Տեսողության խնդիր ունեցողները պետք է մտածեն անկախ կյանքի մասին, խնդրեն իրենց չտեսնող ընկերներին, որոնք ունեն մեծ փորձ, ակտիվ օգտագործում են ձեռնափայտ, օգնել իրենց։ Կարող եմ մեկ օր իրենց ուղեկցողը լինել, գուցե իմ օրինակով իրենք էլ մոտիվացվեն։ Պատրաստ եմ նաեւ ձեռնափայտ օգտագործելու իմ գիտելիքները, տեղաշարժվելու հմտությունները փոխանցել»,- ասում է նա։

Վահան Դիշլանյանը Վահան Դիշլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանից տուն վերադառնալու ճանապարհին Վահանը խոստովանում է՝ ճիշտ է, հիմա գրեթե լիարժեք անկախ է, բայց դժվար է ամեն օր մի քանի տրանսպորտ փոխել ու մարզից գալ Երեւան։

 

«Հոգնեցուցիչ է, բայց նաեւ հետաքրքիր պատմություններ են լինում ճանապարհին, ոգեւորված գալիս եմ դասի եւ կիսվում կուրսեցիներիս հետ։ Հասարակական տրանսպորտում մի անգամ դռների մոտ կանգնած էի, մեկն ուսիս թփթփացրեց, հարցրեցի՝ «իջնո՞ւմ եք», չպատասխանեց, մի քանի վայրկյան հետո նորից ուսիս թփթփացրեց, նույն հարցը տվեցի ու նորից պատասխան չստացա։ Մյուս ուղեւորները հուշեցին, որ այդ մարդն էլ խուլ է, շրջվեցի նրա կողմ եւ շրթունքների ընդգծված շարժումներով ասացի՝ «ոչինչ, ես էլ կույր եմ» (ծիծաղում է-հեղ.)»,- պատմում է Վահանը։

 

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

 

Տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին