Կարծրատիպերին դեմ գնացած ու ինքն իրեն ամբողջական դարձրած Արմինեն - Mediamax.am

exclusive
3536 դիտում

Կարծրատիպերին դեմ գնացած ու ինքն իրեն ամբողջական դարձրած Արմինեն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արմինե Մելիքյանը խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Բու-բի Թոյս» ընկերության հիմնադիրն է։ Բոլոր խաղալիքները ձեռագործ են՝ ինքն է պատրաստում։

 

Պատմում է, թե ինչպես որոշեց իր բիզնեսը հիմնել։ Հանկարծ ընդհատում է խոսակցությունը, որ լուսանկարչին ասի, թե որ ռակուրսից նկարի իրեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

27-ամյա Արմինեն հաշմանդամություն ունի՝ ցածրահասակ է։ Ասում է՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին հաղորդումներ պատրաստելիս՝ հեղինակները հաճախ շեշտում են խնդիրը՝ խղճարահություն առաջացնելով ու ավելի ամրապնդելով կարծրատիպերը։ Այդ պատճառով ինքը նախապես խնդրում է չֆիքսվել իր հասակի վրա, չօգտագործել «գաճաճ» բառը։

 

«Մենք պայքարում ենք հավասարության համար, որ մեզ չխղճան, չասեն, որ չենք կարող ինչ-որ բաներ անել։ Իսկ այդպիսի ձեւակերպումները շատ խոցելի են, շեշտադրումը հաշմանդամության վրա է, եւ ոչ թե իմ ստեղծագործական կարողությունների։ Այնինչ, սա լավ պատմություն է հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար, որ իրենք էլ պայքարեն, աշխատեն ու չմտածեն հասարակության վերաբերմունքի մասին։ Բայց նաեւ պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ ու հերոսացնել ինձ, որովհետեւ իմ արած աշխատանքը մյուսներն էլ կարող են անել»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Որ ինքը դասընկերներից տարբերվում է, Արմինեն զգացել է 3-4-րդ դասարանում։ Մինչ այդ, բոլոր միջոցառումներին մասնակցում էր, ուսուցիչները որեւէ կերպ նրան չէին առանձնացնում։

 

«Զգացի, որ տարեկիցներիցս ցածրահասակ եմ։ Իրենք էլ անընդհատ հարցնում էին՝ ո՞նց ես կարողանում էս բանն անել, ո՞նց ես էս բանը վերցնում։ Սկսեցի նեղվել էդ հարցերից. ինչպես իրենք են անում, էնպես էլ՝ ես, ուղղակի որոշ գործողություններ կատարելու համար այլ տարբերակ եմ ընտրում»։

 

Արմինեն ասում է, որ հաշմանդամությունն իր համար խնդիր դարձավ, երբ մարդիկ սկսեցին մատնանշել իր ցածրահասակ լինելը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե չլիներ հասարակության մոտեցումը, կարծրատիպերը, ես, երեւի, մինչ օրս էլ չէի զգա տարբերությունը»։

 

Թեեւ ցածրահասակությունն Արմինեին չէր խանգարում, որովհետեւ միշտ փորձում էր լուծումներ գտնել, բայց միջավայրի անմատչելիությունն արհեստական խոչընդոտներ էր ստեղծում։ Գրատախտակը բարձր էր, եւ Արմինեն ստիպված միայն ներքեւի հատվածն էր օգտագործում, դուռ կամ պատուհան բացելու համար դասընկերների օգնությանն էր դիմում, դպրոցի ճաշարանից օգտվում էր դասերի ընթացքում, երբ այլ երեխաներ չկային։ Շրջապատի վերաբերմունքը դարձավ պատճառ, որ առօրյայում շատ ակտիվ Արմինեն սկսի խուսափել շփումներից։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դպրոց էի գնում, երբ արդեն բոլորը դասարանում էին։ Դուրս էի գալիս կա՛մ դասը չավարտված, կա՛մ սպասում էի, որ բոլորը գնան, նոր դուրս գայի, որ մարդկանց միջով անցնելու կարիք չլիներ։ Հատկապես դեռահասության շրջանում շատ դժվար էր, ավելի խոցելի էի դարձել։ Բակ էի իջնում երեկոյան, երբ մութ էր, դրսում քիչ մարդ կար, և ես շատ տեսանելի չէի։ Էդպես ինձ ավելի հարմար էի զգում»։

 

Արմինեն ասում է, որ ընտանիքն իրեն շատ է աջակցել։ Ի տարբերություն հաշմանդամություն ունեցող այլ երեխաների ծնողների, իրեն չէին «թաքցնում»։ Հակառակը՝ ծնողները ստիպում էին, որ տնից դուրս գա, ինքնուրույն խանութ գնա, երթեւեկի, պաշտպանի իր իրավունքները։

 

Դժվարությամբ, իրեն ստիպելով՝ Արմինեն նաեւ կրթությունը շարունակեց։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Որոշեցի կրթություն ստանալ, որ հետագայում աշխատանք ունենամ։ Իհարկե, հաշվապահությունն իմ սիրելի աշխատանքը չի եղել, ընտրեցի, որովհետեւ համարվում էր «նստած», ոչ շարժուն, ոչ ակտիվ գործ։ Մտածեցի, որ ինձ հարմար է։ Բայց կյանքը ցույց տվեց, որ հաշվապահությունը, միեւնույն է, իմ եկամտի աղբյուրը չդարձավ»։

 

Արմինեն պատմում է, որ հաշմանդամության պատճառով աշխատանքային շուկայում շատ խնդիրների է հանդիպել։ Ասում է՝ փոքրիկ հարմարեցումների դեպքում կկարողանար աշխատել ե՛ւ իր մասնագիտությամբ, ե՛ւ այլ ոլորտներում։ Բայց կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող մարդն այնքան արդյունավետ չի աշխատում, որքան՝ չունեցողը, շատ ամուր է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի անգամ անծանոթ մի կին փողոցում հարցրեց՝ աշխատո՞ւմ ես։ Ասացի՝ այո, հարցրեց՝ կրկեսո՞ւմ։ Հասարակության մեջ տարածված տեսակետ կա, որ ցածրահասակ մարդիկ կրկեսում են աշխատում կամ զվարճալի շոուներում են հանդես գալիս։ Մինչդեռ ցածրահասակ մարդիկ տարբեր ոլորտներում կարող են աշխատել, եւ դա խոչընդոտ չէ աշխատանքը լավ կատարելու համար։

 

Իմ կարծիքով, շատ հաճախ հենց ցածրահասակ մարդիկ են նպաստել, որ հասարակությունն էդպես վերաբերվի իրենց։ Միգուցե դա գումար վաստակելու միջոց է։ Երբ նայում եմ այլ երկրների օրինակը, հաշմանդամության այս տեսակն ունեցող մարդիկ խաղում են թատրոնում, կինոյում, բայց լուրջ դերեր են տանում եւ մեծ հաջողություն են ունենում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեն փոքրուց ստեղծագործել է, ձեռագործ աշխատանքներ արել։ 15-16 տարեկանում մազակալներ, ուլունքներից զարդեր էր պատրաստում, բակի խանութում, հարեւաններին վաճառում։ Երբ արդեն ուներ մասնագիտություն, բայց աշխատանք գտնել չէր ստացվում, որոշեց վերադառնալ ձեռագործին։ Սկսեց օրորոցի համար երաժշտական մոբիլներ պատրաստել, հետո՝ խաղալիքներ։

 

Դրամաշնորհային մի ծրագրի օգնությամբ կարի մեքենա, անհրաժեշտ սարքավորումներ ու նյութեր գնեց, ընդլայնեց տեսականին ու ստեղծեց իր բրենդը՝ «Բու-բի Թույս»-ը։ Հիմնականում պատրաստում է զարգացնող խաղալիքներ՝ մշակված բամբուկից ու բամբակյա կտորից, ասում է՝ 90-95 տոկոս էկոլոգիապես մաքուր արտադրանք է, որն առայժմ միայն օնլայն է վաճառում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեն ասում է, որ իր օրինակով միանգամից երկու կարծրատիպ է կոտրում. աղջիկը, այլն էլ՝ հաշմանդամություն ունեցող, կարող է իր բիզնեսն ստեղծել։

 

Արմինեն Հայաստանում ցածրահասակ 15-20 մարդու է ճանաչում, բայց վստահ է, ու նրանք ավելի շատ են, պարզապես ակտիվ չեն։ Երբեմն գրում են իրեն, խոսում խնդիրների մասին, ինքն էլ պատմում է, թե ինչպես է հաղթահարել ու հաղթահարում խոչընդոտները։ Մատչելի միջավայրում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի հեշտ կլինի ինտեգրվելը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ ցավալի է, որ այդ անմատչելիությունները պետական հաստատություններում են։ Եթե դրանք հարմարեցված չեն, ես մասնավորից ոչինչ չեմ կարող պահանջել։  Օրինակ, անձնագրային բաժնի սպասարկման սեղանները շատ բարձր են։ Երբ պիտի անձնագիր ստանայի, ինձ ասացին՝ կանգնիր աթոռին, որ կարողանանք քեզ սպասարկել։ Բայց դա վիրավորում է մարդու արժանապատվությանը։ Դրա փոխարեն կարող էր միջին չափսի սեղան լինել, որն օգտագործում ենք մեր տներում, օֆիսային տարածքներում, կամ պետք է համընդհանուր հարմարեցում լինի»։

 

Արմինեն կարծում է, որ միջավայրի մատչելիության հարցը հնարավոր է լուծել։ Ավելի դժվար է մարդկանց վերաբերմունքը, մտածելակերպը փոխելը։ Ինքն ընտրել է երրորդը տարբերակը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ հետ եմ նայում, համեմատում եմ անցյալս ու ներկաս, իմ կյանքն այսօր ամբողջական է։ Ես իմ աշխատանքն ունեմ, կարողանում եմ առանց կաշկանդվելու տարբեր միջոցառումների գնալ, տնից դուրս գալ՝ առանց մտածելու, թե մարդիկ ինչպես կնայեն, եթե տարածքն ինձ մատչելի չէ, ասում եմ, որ սպասարկեն ավելի հարմարավետ տարածքում։

 

Շատ հեշտ է լինում, երբ ընդունում ես քեզ էնպիսին, ինչպիսին կաս, քեզ հետ կռիվ չես տալիս՝ ինչո՞ւ էսպես եղավ, ինչպե՞ս դուրս գամ էս իրավիճակից։ Երբ ինքս ինձ հետ հաշտ ու խաղաղ եմ, կռիվներ չունեմ, դա ինձ ամբողջական է դարձնում»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին