Սամվել Կարապետյանը հորդորել է չվտանգել ՀՀ-ՌԴ գործընկերությունը - Mediamax.am

1029 դիտում

Սամվել Կարապետյանը հորդորել է չվտանգել ՀՀ-ՌԴ գործընկերությունը


Լուսանկարը` «Տաշիր»


Երեւան։ Մեդիամաքս։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն այսօր ասել է, որ անընդունելի է վտանգել «Ռուսաստանի եւ Հայաստանի դարավոր բարեկամական կապերը, վտանգել երկու երկրների ժողովուրդների դարավոր գործընկերությունը»։

Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման ներքո Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը:

 

«Վերջին օրերին ՀՀ կառավարության կողմից ավելի հաճախ են հնչում ՌԴ առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը։

 

Նման գործողություններն ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերություններն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական եւ մշակութային փոխգործակցության առումով»,- ասել է Սամվել Կարապետյանը։

 

Նա նշել է, որ Ռուսաստանն արտաքին տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների առաջատար գործընկերն է, երկրի սահմաններին Հայաստանի անվտանգության երաշխավորը. «Մեր երկրների միջեւ բարեկամական կապերն երկկողմ հարաբերությունների կայունության հուսալի հենարանն են:  

 

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների խարխլումը սպառնում է նաեւ Արցախի անվտանգությանը, որտեղ ռուս խաղաղապահներն ապահովում են 120.000 բնակչի խաղաղությունը»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը:

 

Նա Հայ գործարարների ասոցիացիայի անունից հորդորել է Հայաստանի ղեկավարությանը սթափ գնահատել նման հայտարարությունների բոլոր հնարավոր ռիսկերը եւ չվտանգել երկրների միջեւ գործընկերային հարաբերությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին