2021-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին - Mediamax.am

exclusive
3113 դիտում

2021-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին



2021 թվականին Մեդիամաքսը շարունակեց ուշադրության կենտրոնում պահել մարդուն: Ներկայացնում ենք այն հրապարակումները, որոնք Մեդիամաքսի խմբագրական խորհրդի կարծիքով, լավագույնն էին ավարտվող տարում:

 

Կիրիտ Վելանի. Ձախողելու ենք, եթե մարդկանց Հայաստանում չպահենք

Ընկերության պաշտոնական կայքի առաջին էջերից մեկում հսկայական տառերով գրված է. «Աշխատելու համար Հայաստանից ավելի լավ տեղ չկա»: Կիրիտը ոչ միայն անկեղծորեն հավատում է այս բառերին, այլեւ փորձում է ամեն ինչ անել արտերկրում բնակվող «հայ ուղեղներին» Հայաստան բերելու համար։

 

Մահին հաղթած Բորիկը ու պատերազմի վերքերը

«Անօդաչուն նկարել էր մեզ, Սմերչով խփեցին: 50 հոգի էինք, բոլորն աչքիս առաջ մահացան: Ես զգացի, որ սնարյադ ա գալիս վրաս, ինքնըստինքյան թռա խրամատի մեջ, հենց էդ պահին աջ կողքիցս խփեց սնարյադը: Սկզբից չգիտեի, որ ձեռքս կտրվել ա, հետո պատահական հայացքս թեքեցի ձեռքիս, տեսա՝ կախ ա ընկել: Մի հոգի էլ կար, մոտեցավ, որ օգնի ինձ, ու հենց օգնելու ժամանակ էլ մահացավ: Մնացի մենակ, հույսս կտրել էի, որ պիտի ապրեմ: Նստեցի, նռնակը վերցրի, քաշեցի, որ ինձ պայթացնեմ, էդ պահին հետախուզական խումբ մտավ, քցեցի իրանց վրա, բոլորը մահացան: Էդ ժամանակ զգացողություն էր, որ մեկն ինձ ասում ա՝ դու փրկվելու ես, գնա»:

 

Արեն Մեհրաբյանի երազանքն ու ծնողական պարտքի զգացումը

Ծրագրի մեկնարկային շրջանում, երբ հանդիպումներ էինք կազմակերպում տղերքի հետ, որոշակի թերահավատություն կար: Պատերազմից հետո եղել էին տարբեր կրթական ծրագրեր, այդ թվում նաեւ պետության կողմից կազմակերպված, որոնք ձախողվել էին: Իմ մոտեցումն այս հարցին շատ պարզ է. այն, ինչը ես ու կինս՝ Սաթիկ Նաիրյանը, պետք է անեինք մեր տղայի համար, այժմ անում ենք իրենց համար, որ կարողանանք շատ Արեններ գտնել: Կարելի է ասել, որ մենք որդեգրել ենք նրանց:

 

Փրկված կյանքով կյանք տանք. Արթուրի ու ընկերների պատմությունը

Առաջինը սպանեցին հրամանատարին ու կամավորին: Շատերը զոհվեցին, մի մասն էլ փորձում էր փախչել-փրկվել: 30 հոգով պատսպարվեցինք մի փոսում, շատ վիրավորներ կային: Կապ էինք տալիս, ասում՝ շրջափակման մեջ ենք, լսում էինք թուրքերի խոսակցությունները, մտածում՝ ամեն պահի կմտնեն այդ փոսը ... բայց չեկան: Երեք օր այդտեղ էինք, բայց հայկական ուժերը չէին կարողանում մեզ մոտենալ: Մի հրամանատար կար, որ ցավոք, հիմա էլ շարունակում է հրամանատար լիներ, ասում էր՝ գալիս ենք, համարյա հասել ենք: Մենք ուզում էինք հավատալ, որ գալիս են, բայց իրականում մի ամբողջ գիշեր պարզապես մեր մահվանն էինք սպասում: Եթե մեզ հետ անկեղծ լինեին, ավելի շուտ կմտածեինք այլ ճանապարհների մասին:

 

Կոթիում՝ մենակ. Վանոյի շիրիմը բլրի լանջին

9 երեխաներից ավագը՝ Սերյոժա Սիրադեղյանն է ծնողների հետ կիսել ընտանիքի հոգսը: Ասում է՝ Վանոյի համալսարան ընդունվելու հարցում էլ մեծ ներդրում է ունեցել։

 

- Ասեցի՝ իրավաբանական տուր, ասեց՝ ես մարդ չեմ դատի: Ասեցի ժուռնալիստի, գրիչի դատածն ավելի վատ ա, դու գիտես:

 

Ափսոսանքով է խոսում եղբոր՝ քաղաքականություն մտնելու մասին.

 

- Իմ ախպերն անկեղծ, զուլալ, հալալ, ընկերասեր մարդ էր: Ես չէի պատկերացնում, որ ընկերներն իրան կծախեն:

 

«...Որ սահմանն ապրի». Երեւանից Արցախի Սարուշեն գյուղ տեղափոխված Վաչեն

Սարուշենի ընտանիքների հետ մենք շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց դրանով հանդերձ՝ երբեք չենք քննարկում, ոչ ոքի չենք մեղադրում կատարվածի համար, այլ շարունակ աշխատում ենք, քայլեր մտածում ապագայի համար:

 

Այստեղ մի հրաշալի ընտանիքի հետ եմ ապրում: Ռուզանն է ու իր ամուսինը՝ Վալյոն:

 

Երկուսն էլ իրենց հայրերին կորցրել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Հիմա երեք երեխա ունեն ու Սարուշեն գյուղի ամենավտանգված կետերից մեկում են ապրում՝ գյուղի ամենավերջին տունն է, սահմանին կպած: Երբեմն անգամ տանը թշնամու խոսակցությունն է լսելի:

 

«Չէի հասկանում՝ ո՞նց խնդրեմ Աստծուն, որ հենց իմ երեխային պահպանի»

Երբ սկսում էի աղոթել, շատ արագ դա ինձ ուրիշ տեղ էր տանում։ Ես այդ պահին ազնիվ բան էի անում, որպես մայր՝ Աստծուց խնդրում էի, որ պաշտպանի տղայիս։ Բայց այդ իրավիճակում, որտեղ իմ երեխայի, իմ եղբոր նման հազարավոր տղաներ են, ազնվության սահմանները տարրալուծվում էին, աղոթքը շարունակել չէր լինում, չէր լինում Աստծուց խնդրել, որ իմ տղային պաշտպանի, որովհետեւ նա ոչ մի բանով ավելի կամ պակաս չէ մյուսներից, ես ոչ մի բանով ավելի ուժեղ հավատացյալ կամ ավելի մայր չեմ։ Ու սկսում էր վատ միտք թվալ, որ կարելի է վերեւ նայել ու խնդրել, որ իմ տղային փրկի, իմ տղային պաշտպանի, որովհետեւ հաջորդ վայրկյանին գալիս էր «ինչո՞ւ» հարցը, ինչո՞ւ հենց իմ տղային։

 

Թոմասը, որն եկավ Ամերիկայից ու ծնվեց Լոռիում

Ամերիկայում միշտ ժամանակացույց էի գրում՝ այսքան անելիք ունեմ,այսքան ժամանակ, պիտի էսպես կազմակերպեմ, որ հասցնեմ։ Իսկ էստեղ չի ստացվում, որովհետեւ ցանկացած րոպե կարող է մի երեխա երեւալ դռան մոտ ու ասել՝ ընկե՛ր Թոմաս, կլինի՞ պարապենք, ուզո՞ւմ եք գնանք դաշտ կամ, ուղղակի, եկել է շփվելու։ Ես ինչպե՞ս էդ երեխային կամ իմ հարեւանին ասեմ, որ շատ զբաղված եմ, չեմ կարող։ Եթե ծայրահեղ զբաղված եմ, կասեմ՝ հարմար չէ, բայց որպես կանոն՝ գնում եմ»։

 

Պատմության էջը ետ շրջելու ու ցամաք հացի արժեքի մասին. սերժանտ Մաթեւոսյան

Մոնթեի խոսքերը հիրավի ճիշտ են: Հիմա մենք շրջել ենք մեր պատմության վերջին էջը, բայց մի կերպ պահել ենք, որ էջը էջին չկպնի: Պիտի մտածենք, թե ոնց այդ էջը հետ շրջենք: Կռիվը լավ բան չի, բայց եթե տարբերակ լինի կռվով մեր հողերը հետ վերցնելու, ուրեմն թող լինի, ես պատրաստ եմ նորից այստեղ կանգնել:

 

Յուրաքանչյուրս էլ կարող էր զոհվել այս պատերազմում, բայց եթե ես չեմ զոհվել, ուրեմն դեռ բան ունեմ անելու, դեռ էդ ժամանակը չէր եկել: Հա´, եղբայրներ ենք կորցրել, մտերիմ հրամանատարներ, ոչ ոք մեզնից լավ չի հասկանա, թե ինչ է նշանակում, երբ գրկումդ մահանում է քո ընկերը կամ աչքերիդ առջեւ մի քանի կես է լինում:

 

Ապրեցնող հիշատակներ՝ նահատակ զինվորներից

«Ասում էր՝ ես գիտեմ՝ ինչի համար եմ եկել, ուր եմ եկել, ինձ թեւաթափ մի արեք, ես չեմ ուզում Մասիսում գլուխս կախ ման գալ։ Ասում էր՝ էստեղի երեխաները քրոջս տղայից ընդամենը 2 տարով են մեծ, ես իրենց ո՞նց թողնեմ։ Չէ՞որ կմտածեն, որ ես հնարավորություն ունեի, գնացի, իսկ իրենք այդ հնարավորությունը չունեն։

 

Դեպքի օրն էլ առավոտյան խոսեցինք, էլի նույն բաներն ասեց, վերջում էլ՝ «թե ինձ հետ  մի բան եղավ, ինչ անենք, իմ ընտրած ճանապարհն է»։ Մոր մոտ չէի ուզում խոսել, բայց առանձին խնդրեցի՝ ժամանակն է, արի, էլի։ Ասեց՝ պա՛պ, երբ սեղանի շուրջ բաժակ եք վերցնում, զինվորի կենացն եք խմում, ձեւականությո՞ւն ա դա։ Չկարողացա ոչինչ պատասխանել»։

 

Հեքիաթի Անին ու Արցախում անէացած փոքրիկ իշխանը

Անին Ալեքից մնացած հուշերն է մեկիկ մեկիկ հավաքում, որ չանհետանան Ալեքի պես։ Հուշերի փոքրիկ մի տուփի ու նոր հուշագիրք-տիեզերքում Ալեքից մնացած նկարներն են, պատառիկները նրա դերերից, նրա երազանքներից ու նույնիսկ Անիի ու Ալեքի գրած հաղորդագրություններն են «փախել» եկել ու արդեն ապրում են Անիի   «Տնակը… Արեւները… Կանաչ երկինքը...» տուփի մեջ։

 

Հետ-պատերազմը Անի Գեւորգյանի լուսանկարներում

Ցավի դրսեւորումները շատ տարբեր են: Լինում է՝ ծնողներն այգի են տնկում ի հիշատակ որդու ու այնքան խնամքով են վերաբերվում ամեն ծառին, ասես իրենց որդու համար են անում դա: Ընտանիքներ կան, որ զոհված տղայի լուսանկարներով պատում են ամբողջ սենյակը, անպայման ուզում են հուշաքար կանգնեցնել, դիմում են հնարավոր ամեն տեղ՝ մեդալներ կամ հերոսի կոչումներ ստանալու համար: Դա, որպես այդպիսին, իրենց պետք չէ, նրանք պարզապես փնտրում են ու ուզում են գտնել մի ձեւ որդուն հավերժ իրենց մոտ պահելու, մոռացությունից փախչելու համար:

 

Լեւոն Սահակյանի կռիվը, որ շարունակվում է «խաղաղ» կյանքում

Հենց հասել ենք Շուշի, ասել եմ, որ գրառումներս տան ինչ-որ մեկին: Ես չէի կարծում, որ Շուշիից ողջ եմ դուրս գալու: Այնտեղ իրավիճակը շատ վատ էր, ամբողջ Շուշին շրջափակման մեջ էր: Ամենասարսափելի օրն էր: Վազում էիր մարդկանց դիակների վրայով՝ հիմնականում հայերի: Նայում էիր, տեսնում, որ ծանոթ տղերքից մեկի դին է, մտածում էիր՝ ինքն էլ է զոհվել, ու պարզապես շրջվում գնում էիր ... մահը սովորական բան էր դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին