Հետ-պատերազմը Անի Գեւորգյանի լուսանկարներում - Mediamax.am

exclusive
4181 դիտում

Հետ-պատերազմը Անի Գեւորգյանի լուսանկարներում


Լուսանկարը` Անի Գեւորգյան

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Անի Գեւորգյանը
Անի Գեւորգյանը

Լուսանկարը` Մանե Հովհաննիսյան

Անի Գեւորգյանը
Անի Գեւորգյանը

Լուսանկարը` Անի Գեւորգյան


Լուսանկարիչ, լրագրող Անի Գեւորգյանի էջում վերջին ամիսներին պարբերաբար հրապարակվում են «Հայր (մայր) ու որդի. պատերազմից մեկ տարի անց» գրությամբ լուսանկարներ: Լուսանկարներում, սակայն, հայրերը, մայրերը, կանայք ու մյուս հարազատները միայնակ են. որդիները կամ ամուսինները ներկա են միայն պատից կախված լուսանկարի, հեռախոսի էկրանից ժպիտի տեսքով: Անին այցելում է զոհվածների ընտանիքներին՝ արձանագրելով նրանց համար այդպես էլ չավարտված, շարունակվող պատերազմը:

 

Վախ անդեմության

 

Երբ սկսվեց պատերազմը, որդիս նոր էր ծնվել, Արցախ մեկնել չէի կարող։ Միաժամանակ, չէի կարող նստել ու պատերազմին հետեւել լրատվամիջոցներով:  Սկսեցի լուսանկարել Երեւանում տեղի ունեցողը`օգնության հավաքագրում, փախստականներ, բողոքի ակցիաներ դեսպանատների առջեւ։ Հիշում եմ՝ օրեր էին լինում, երբ նորածին որդուս հետ գնում էի օրինակ՝ հադրութցի կանանց ակցիան լուսաբանելու ու ինչ–որ պահի ստիպված էի լինում լուսանկար անելու համար նրան թողնել ակցիայի մասնակից կանանց հոգածությանը: Երբ վերադառնում էի, նրանք, ինչպես սովորական, առօրյա իրավիճակում, սկսում էին հարցուփորձ անել երեխայի տարիքից, խորհուրդներ տալ կերակրելու, խնամքի հարցում: Մի պահ, կարծես, կտրվում էինք տեղի ունեցողից:

Անի Գեւորգյանը Անի Գեւորգյանը

Լուսանկարը` Մանե Հովհաննիսյան

Աշխատում եմ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունում, ու մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահել բանակը, զինվորներին: 2016 թ.-ի ու այս պատերազմից հետո հասկացանք՝ զինվորների մասին անհատական, դիմանկարային պատմությունների կարիք կա: Սկսեցինք լուսանկարների, տեքստերի, տեսանյութերի միջոցով պատմել տղաների մասին, ներկայացնել նրանց հարազատների ապրումներն ու կյանքը շարունակելու ձեւերի փնտրտուքը: Դժվար է շաբաթվա մեջ մի քանի անգամ մտնել մեծ, անսահման սուգ ապրող տուն, շփվել այդ մարդկանց հետ:

 

Բայց, մյուս կողմից, սա իմ եւ իմ գործընկերների համար ինչ-որ տեղ իրականության մեջ մնալու տարբերակ է դարձել: Իհարկե, բոլորս պաշտպանական մեխանիզմներ ունենք, բոլորս փորձում ենք ինչ-որ կերպ վերապրել տեղի ունեցածը, մի քիչ ցրվել, եւ սա նորմալ է, բայց անձամբ ինձ մոտ զգացողություն կա, որ փորձելով հաղթահարել տեղի ունեցածը՝ ես միաժամանակ ուզում եմ մնալ իրականության մեջ եւ չկորցնել դրա հետ կապը: Իսկ իրականությունն այն է, ինչ տեսնում ենք այս մարդկանց տներում: Այն մեծ սուգը, որը վեր է եւ դուրս է սովորական, անդեմ վիճակագրությունից: Ամեն մի մահը մի մարդու պատմություն է, որը վերաբերում է բազմաթիվ մարդկանց՝ նրա հարազատներին, սիրած աղջկան, ընկերներին, համադասարանցիներին: Այդ մարդկանց տուն գնալով՝ ինչ-որ տեղ, գուցե, փորձում ենք կիսել նրանց ապրումները, հետեւել՝ ինչպես են մարդիկ փորձում սովորել ապրել անսահման ցավի հետ: Լինում է, երբ նույնիսկ համարձակվում ենք հարցնել ծնողներին կամ զոհվածների կանանց՝ արդյոք այս մեկ տարվա ընթացքում գոնե ինչ-որ չափով չե՞ն կարողացել հաշտվել տեղի ունեցածի հետ ու հիմնականում մեկ պատասխան ենք լսում՝ «դա հնարավոր չէ ու հիմա նույնիսկ ավելի ծանր է», որովհետեւ նրանք սկսել են գիտակցել՝ բաժանումն ընդմիշտ է, իրենց սիրելիներն էլ երբեք չեն վերադառնալու ու դրան գումարվել է նաեւ կարոտը:

 

Վախ մոռացության

 

Ամեն անգամ ապշեցնում է, ինչպես են մարդիկ չհաղթահարելով մեծ ցավը՝ սովորում ապրել դրա հետ: Լինում է՝ այցելում ենք տուն, մեզ դիմավորում են ժպտերես մարդիկ, լուսավոր, գեղեցիկ, փայլուն աչքերով:

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Հյուրասիրում են, հետաքրքիր պատմություններ պատմում, իսկ երբ գալիս է հարցազրույցի պահն, այդ լույսը միանգամից կորում է, նրանք, ասես, իրենց հորինած աշխարհից իրականություն են վերադառնում, ներկայացնում են բոլոր այն դաժանությունները, որոնց միջով անցել է իրենց որդին, կամ ամուսինը: Շատերը հեռախոսներում պահում են զոհվածների դիերի, մասունքների լուսանկարներն ու ապշելու է, բայց դա բացատրում են նրանով, որ չեն ուզում ջնջել, քանի որ «սա որդու վերջին լուսանկարն է»:

 

Ցավի դրսեւորումները շատ տարբեր են: Լինում է՝ ծնողներն այգի են տնկում ի հիշատակ որդու ու այնքան խնամքով են վերաբերվում ամեն ծառին, ասես իրենց որդու համար են անում դա: Ընտանիքներ կան, որ զոհված տղայի լուսանկարներով պատում են ամբողջ սենյակը, անպայման ուզում են հուշաքար կանգնեցնել, դիմում են հնարավոր ամեն տեղ՝ մեդալներ կամ հերոսի կոչումներ ստանալու համար: Դա, որպես այդպիսին, իրենց պետք չէ, նրանք պարզապես փնտրում են ու ուզում են գտնել մի ձեւ որդուն հավերժ իրենց մոտ պահելու, մոռացությունից փախչելու համար:

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Մայրեր կան, որ որդու անունը կամ նկարը դաջում են իրենց վրա, նրա լուսանկարներով տպագրում են հնարավոր ամեն ինչ՝ շապիկներ, ժամացույցներ, փոքրիկ գրքույկներ: Մարդիկ, որոնք իրենց համայնքներում աջակցություն ունեն, նույնիսկ փողոցներ են անվանակոչում:

 

Ընտանիքներից մեկում, օրինակ, պատմեցին, որ չիր են պատրաստում, որպեսզի տանեն Հերացիի վրա գտնվող դիահերձարանի աշխատակիցներին, քանի որ ամիսներ շարունակ որդու դին փնտրելու ընթացքում մտերմացել են ու ուզում են որեւէ կերպ շնորհակալ լինել: Մարդիկ ուզում են խոսել, պատմել իրենց սիրելիի, որդու, հարազատի պատմությունը: Սա սփոփանքի միջոց է: Հաճախ նրանք խոսում են ոչ այնքան պատերազմի օրերի, որքան տղաների մանկության, երազանքների, առօրյա կյանքի մասին:

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Այս մարդիկ ուղղակի վիրավոր թռչնի պես վանդակի մեջ են հայտնվել ու իրենց մի անկյունից մյուսն են նետում: Նրանք իրենց որդու գոյության որեւէ ապացույց ձեռք բերելու կարիք ունեն:

 

Ինձ միշտ ապշեցնում է տղաների ոչ միայն զոհվելու փաստը, այլեւ այն դժոխքը, որով անցել են մինչեւ մահանալը՝ այդ օրերի ընթացքում. կոպիտ կարող է հնչել, բայց հարաբերական է եղել նրանց ողջ լինելը պատերազմի ընթացքում: Չմոռանանք նաեւ այն տղաներին, որոնք ֆիզիկապես վերադարձել են պատերազմից, բայց կյանք չեն կարողանում վերադառնալ:

 

Շատ են նաեւ ծնողները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում խոսել, նույնիսկ արտասանել որդու անունը: Նրանք ասում են, որ ապրելու կարիք չունեն, կյանքին կապող որեւէ բան չունեն, պարզապես ոչինչ չեն անում ու սպասում են իրենց մահվանը: Շատերն արդեն իսկ չեն դիմացել ցավին ու մահացել են:

 

Այս բոլոր մարդիկ մեր, պետության աջակցության կարիքն ունեն: Բազմաթիվ ընտանիքներ ենք մտնում, որտեղ լսում ենք, որ այս մեկ տարվա ընթացքում որեւէ մեկը չի թակել նրանց դուռը, որեւէ կերպ չի աջակցել, իսկ երբ իրենք են դիմել որեւէ կառույց, արհամարհական պատասխան են ստացել՝ «դուք շատ եք, մենք՝ մենակ. գնացեք էլի, մենակ դուք չեք, որ տղա եք կորցրել»: Սա հոգեբանական այսպիսի իրավիճակում հայտնված մարդկանց համար կարող է շատ ցավոտ լինել, կարող է լինել վերջին կաթիլը:

 

Մարդիկ զրկվել են նույնիսկ իրենց որդուն վերջին անգամ հրաժեշտ տալու հնարավորությունից ու մինչեւ հիմա չեն հաշտվում նրա մահվան մտքի հետ: Իրենց համար մի աշխարհ են ստեղծել, որում հավատում են, որ որդին վերադառնալու է: Հաճախ իրենք էլ գիտեն, որ դա հորինվածք է, անհույս սպասում, բայց ի վիճակի չեն հրաժարվել դրանից:

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Երբ խոսում ենք պատերազմի հետեւանքների, կորուստների մասին, պետք է հասկանանք, որ հետեւանքները շարունակվում են առ այսօր ու շարունակվելու են շատ երկար: Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ իրար մասին հոգ տանելով, իրար ինչ-որ ձեւով ջերմացնելով, սփոփելով: Մարդկանց կարելի է սփոփել ուղղակի լսելով նրանց, ուղղակի հարցնելով՝ «ո՞նց ես», մի զանգով, շատ փոքր թվացող բաներով: Կարծում եմ՝ այնքան էլ դժվար չէ:

 

Ի վերջո կյանքը, գուցե, անարդարացիորեն, բայց շարունակվում է՝ իր հետ տանելով նաեւ մարդկանց, որոնք այլեւս չեն ուզում ապրել, բայց ստիպված են ու պետք է կյանքը շարունակելու ինչ-որ ճանապարհներ գտնեն:

 

Վախ անպատժելիության

 

Պատերազմից հետո հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր՝ պատերազմի ընթացքում սխալ հրահանգավորման, կամ ինչ-որ կասկածելի դեպքերի վերաբերյալ, երբ անհասկանալի պայմաններում բազմաթիվ զոհեր ենք ունեցել: Այցելելով զոհվածների ընտանիքներ՝ հասկանում ենք, որ ճշմարտությունը գտնելու, մեղավորներին պատժելու ճանապարհին մարդիկ իրավական աջակցության, առնվազն՝ խորհրդատվության կարիք ունեն: Շատ դեպքերում փորձում ենք տրամադրել այդ խորհրդատվությունը:

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Կարող է թվալ, որ զոհվածներին հնարավոր չէ հետ բերել, էլ ի՞նչ քրեական գործ, բայց իրականում կյանքն ինչ-որ կերպ շարունակելու համար ծնողների համար ամենից կարեւորն է պարզել ճշմարտությունը, իրենց որդու զոհվելու հանգամանքները, պատճառները: Իրենք կարիք ունեն հասկանալու՝ ի՞նչ է տեղի ունեցել, եւ եթե այս հարցի պատասխանը չստանան իրավական ճանապարհով, այլընտրանքն ինքնադատաստանն է լինելու: Կան շատ ծանր դեպքեր, երբ գոնե ծնողների պատմություններից ակնհայտ է դառնում, որ զինվորներին ուղղակի տարել են չճշտված ուղղությամբ, կարելի է ասել՝ դատապարտել են մահվան: Շատ անհասկանալի հրամաններ են տրվել, ուղարկել են չարդարացված վտանգավոր առաջադրանքների, զինվորները չեն ունեցել համապատասխան սպառազինություն, կապի կամ պաշտպանիչ միջոցներ, եւ ծնողները դա իմացել են իրենք իրենց հետաքննությունն անելով, անձամբ այցելելով ականատեսներին, հաճախ՝ դեպքի վայրեր:

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Գիտենք, որ մինչեւ պատերազմի ավարտն էլ շատ ծնողներ անձամբ էին որոնում իրենց տղաներին՝ ողջ կամ զոհված, անձամբ էին բանակցում թշնամու կամ խաղաղապահների հետ:

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Եղել են տղաներ, որոնց վերադասը վերցրել է կապի միջոցներն ու հեռացել՝ նրանց թողնելով անհայտության մեջ, ինչի հետեւանքով բոլորը զոհվել են ու միայն մի տղա է գերի ընկել, որն էլ վերադառնալով՝ պատմել է այս պատմությունը: Եթե այս ամենին իրավական պատասխան չտրվի, անպատժելիությունը շարունակվի, սա կարող է շատ վատ հետեւանքների բերել: Երբ, իբրեւ թե, քննություն է ընթանում, բայց գործը չի բացահայտվում, ծնողներին ինքնադատաստանից բացի՝ այլ ելք չի մնա:

 

Սրա հետ մեկտեղ ուզում եմ նշել, որ մենք մեր հրապարակումներն անելիս շատ վտանգավոր սահմանով ենք քայլում: Երբ սկսում էինք այս նախագիծը՝ շատ անգամ էին մեր հրապարակումները վերցնում ու վերատպում իշխանամետ կամ ընդդիմադիր լրատվամիջոցները՝ մեր պատմությունը մեջբերելով՝ մեղադրելով կա՛մ բանակին, կա՛մ իշխանություններին: Մենք չենք ուզում քաղաքական շահարկումներ, եթե նայեք՝ որեւէ գնահատական մեր հրապարակումներում չկա, պարզապես հարազատների պատմություններն են: Գոնե այս հարցում շահարկումներ պետք չեն, պետք է պարզել ճշմարտությունը:

 

Մենք առանց այդ էլ չափազանց մեծ ցնցումների ենք ենթարկվել՝ անկախ նրանից, թե մեզանից ով, ինչ է կորցրել այս պատերազմում, բոլորս ունենք ճշմարտության կարիքը: Այն պարզելը ճանապարհներից մեկն է, որ, գուցե, մի օր մեզ նորից կյանք կվերադարձնի: Ճշմարտությունը պարզելը պետք է, որ մենք հասկանանք՝ բոլորիս կյանքն ինչ-որ արժեք ունի, եւ զոհվածների կյանքն էլ նշանակություն է ունեցել, ոչ միայն նրանց հարազատների, այլեւ՝ բոլորիս ու առաջին հերթին՝ պետության համար:

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Այսօր այս թեմայով իմ 63-րդ նյութն էի գրում ու հիշեցի այդ զոհված տղայի մոր միտքը՝ «ինձ ասում են, որ պետք է հպարտ լինեմ, որ հերոս որդի եմ ունեցել, բայց ցանկացած ծնողի համար հպարտություն է տեսնել իր զավակին իր կողքին, տեսնել նրա հաջողությունները, երջանկությունն ու ապրած կյանքը»: Մարդկանց պետք չեն հերոսության մասին պատմությունները, պետք չէ նրանց սփոփել այդ խոսքերով: Այո՛, բոլորս գիտենք նրանց որդիների անձնազոհ քայլերի մասին ու շնորհակալ ենք, բայց դա պատասխան չէ:

 

Արձանագրելով հետեւանքը

 

Դժվար է քո երկրի, քեզ հետ տեղի ունեցող պատերազմի մասին խոսել լուսանկարչության տեսության տեսանկյունից: Ինչպես ասացի՝ պատերազմի ընթացքը հենց Արցախում չէի կարող լուսանկարել, քանի որ որդիս նոր էր ծնվել, բայց ինձ համար միշտ կարեւոր է եղել որեւէ իրադարձության ընթացքից բացի՝ հետեւել նաեւ դրա զարգացմանը, հետեւանքներին:

Լուսանկարը` Անի Գեւորգյան

Հաճախ, երբ նախկինում ավելի ներքաղաքական իրադարձություններ էի նկարում՝ ցույցեր, ակցիաներ, լինում էր իրավիճակ, երբ մի քիչ նեղվում էի, որովհետեւ, երբ տեխնիկական աշխատանք ես անում, լինենք անկեղծ՝ լուսանկարչությունը նաեւ  տեխնիկական աշխատանք է, դու իրադարձությանը, կարծես, չես մասնակցում: Լինում էր՝ տուն էի գալիս ու ինքս ինձ մեղադրում՝ «դու մասնակցեցիր քեզ համար կարեւոր այս իրադարձությանը, բայց որպես լուսանկարիչ, ու այն, ասես, քո կողքով անցավ»:

Բայց, գիտես, հիմա հասկանում եմ, որ լուսանկարչությունը երկրի կյանքին մասնակցելու միջոց է, իմ ձեւն է:

Անի Գեւորգյանը Անի Գեւորգյանը

Լուսանկարը` Անի Գեւորգյան

2020 թ.-ը շատ բան փոխեց բոլորիս կյանքում. նախկին ինչ-որ կարեւորություններ դարձան երկրորդական, շատ վախեր՝ ծիծաղելի: Նկատած կլինես՝ մի խոսք կա, երբ ուզում ենք իրար սփոփել ինչ-որ հարցում, հաճախ ասում ենք՝ «դե ոչինչ, կարեւորը բոլորը ողջ են, մնացածը կկարգավորվի»: 2020 թ.-ից հետո մեզ անգամ բառապաշարն է պետք փոխել, սփոփանքի նոր խոսքեր են պետք: Մեզ ծայրաստիճան պետք է փոխել վերաբերմունքը թե՛ կյանքի, թե՛ իրար նկատմամբ: Գուցե, սա հնարավորություն տա կանգնեցնել մինչ այսօր շարունակվող այս պատերազմը:

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին