Ապրեցնող հիշատակներ՝ նահատակ զինվորներից - Mediamax.am

exclusive
4097 դիտում

Ապրեցնող հիշատակներ՝ նահատակ զինվորներից


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արուսյակ Ղազարյանը եւ Սեդա Գալստյանը
Արուսյակ Ղազարյանը եւ Սեդա Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեդա Գալստյանը
Սեդա Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Սողոմոնյանը
Գրիգոր Սողոմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուսիկ Վարդանյանը եւ Գրիգոր Սողոմոնյանը
Հուսիկ Վարդանյանը եւ Գրիգոր Սողոմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուսիկ Վարդանյանը
Հուսիկ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պա՛պ, ես գնում եմ, մամային կասես, որ շատ չանհանգստանա, ամեն ինչ նորմալ է։ Ավտոբուսի մեջ եմ, շարժվում ենք»։

 

Արտակը վերջին վայրկյանին էր ծնողներին ասել, որ Արցախ է գնում։ Հարազատները 1 ամիս 3 օր սպասում էին նրան:   

 

34-ամյա Արտակ Վարդանյանը կամավոր էր։ Ամեն օր զանգում, ծնողների հետ խոսում, հանգստացնում, երբեմն էլ բարկանում էր, երբ ասում էին, թե այսքան մարդ արդեն հետ է եկել, ինքը ե՞րբ է վերադառնալու։

 

«Ասում էր՝ ես գիտեմ՝ ինչի համար եմ եկել, ուր եմ եկել, ինձ թեւաթափ մի արեք, ես չեմ ուզում Մասիսում գլուխս կախ ման գալ։ Ասում էր՝ էստեղի երեխաները քրոջս տղայից ընդամենը 2 տարով են մեծ, ես իրենց ո՞նց թողնեմ։ Չէ՞որ կմտածեն, որ ես հնարավորություն ունեի, գնացի, իսկ իրենք այդ հնարավորությունը չունեն։

Հուսիկ Վարդանյանը Հուսիկ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեպքի օրն էլ առավոտյան խոսեցինք, էլի նույն բաներն ասեց, վերջում էլ՝ «թե ինձ հետ  մի բան եղավ, ինչ անենք, իմ ընտրած ճանապարհն է»։ Մոր մոտ չէի ուզում խոսել, բայց առանձին խնդրեցի՝ ժամանակն է, արի, էլի։ Ասեց՝ պա՛պ, երբ սեղանի շուրջ բաժակ եք վերցնում, զինվորի կենացն եք խմում, ձեւականությո՞ւն ա դա։ Չկարողացա ոչինչ պատասխանել», - տղայի հետ վերջին խոսակցությունն է հիշում Հուսիկ Վարդանյանը։

 

Մինչ Արցախ մեկնելը՝ Արտակը դիմել էր ոստիկանության նոր կազմավորվող պարեկային ծառայություն ընդունվելու համար։ 3 քննություն բարձր միավորներով հանձնել էր, վերջինը հոկտեմբերի 7-ին էր։ «Ասում էր՝մենակ մի բանի համար կուզեմ գնալ, որ թղթերս դասավորեմ, արխային հետ գամ»,- հիշում է հրամանատար Գրիգոր Սողոմոնյանը։

Գրիգոր Սողոմոնյանը Գրիգոր Սողոմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգորն ու Արտակը վերջին 10 օրը միասին են ծառայել՝ Մարտունու թիվ 2 զորամասում։ Ասում է՝ տարածքի ամենաբարձր ու թշնամուն մեծ վնասներ հասցնող դիտակետն էր իրենցը։ Ու այդ պատճառով էլ թիրախում էին։

 

«Օրը երեւի 100-200 սնարյադ էին գցում։ Արդեն սովորական էր դառել, ամեն հարվածից հետո աչքներս փակում ու սկսում էինք խնդալ՝ էս մի անգամ էլ սաղ մնացինք։ Ոչ մի անգամ Արտակի դեմքին նայելով՝ վախ չեմ տեսել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ թուրքերը կողքի սարն էլ գրավեցին, զգացինք, որ հաջորդ օրը թիրախը մենք ենք լինելու։ 5-6 րոպեն մեկ հարվածում էին։ Ես զինվորներին ուղարկեցի սարի հետեւը, որ էդտեղ դիտակետ սարքեմ, բայց Արտակն ինձ մենակ չթողեց։ Նոյեմբերի 1-ին լույսը բացվեց, ու սկսվեց հրետակոծությունը։ Ես վիրավորվեցի։ Արտակը վազելով մոտեցավ, ջուր ուզեցի, տվեց։ Մի անգամ էլ հրետակոծեցին։ Արտակն ինձնից մի մետր հեռու ընկավ։ Հետո եղբայրս եկավ, ինձ ու Արտակին հիվանդանոց հասցրեց։ Երբ աչքերս բացեցի, խոսել չէի կարողանում, եղբորս համարը գրեցի, տվեցի բժշկին, որ զանգի, հարցնի՝ Արտակին ի՞նչ է եղել։ Ասեց, որ փրկել չեն կարողացել»։

Հուսիկ Վարդանյանը եւ Գրիգոր Սողոմոնյանը Հուսիկ Վարդանյանը եւ Գրիգոր Սողոմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակի հայրն ու հրամանատարը ծանոթացել են Արտակի զոհվելուց հետո։ Հիմա նրանց կապող շատ բան կա։ Միասին են եկել Հայաստանի պատմության թանգարան՝ Արտակի մասին հուշեր պատմելու, նրա գոտին, կրակայրիչն ու մի քանի լուսանկարներ թանգարանին հանձնելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատերազմը նոր ավարտված՝ սկսեցինք մեր հերոսների կյանքին ու գործունեությանն առնչվող նյութերի հավաքագրումը, որպեսզի կարողանանք հնարավորինս ճշգրիտ փաստագրել մեր պատմությունը։ Սա մեր թանգարանի առաքելությունն է, իսկ ուսումնասիրությունն ու վերլուծությունը կթողնենք սերունդներին։ Թանգարանին վստահում են այնքան, որ ամենանվիրական իրը, որ ծնողը կամ սիրած աղջիկը կարող էին պահել իրենց մոտ, հանձնում են մեզ»,- ասում է Հայաստանի Պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։

Արուսյակ Ղազարյանը եւ Սեդա Գալստյանը Արուսյակ Ղազարյանը եւ Սեդա Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկզբում հարազատները, ընկերներն էին բերում նյութեր, հիմա նաեւ ծնողներն են ուժ գտնում գալու, պատմելու։

 

- Անձնական իրերից եմ բերել՝ շատ սիրելի գոտին ու թեւնոցը։ Սա էլ պապիկի նվիրած գիրքն է՝ Հին Հունաստանի պատմությունը։ Նոր բացեցի, տեսա, որ մակագրություն կա,- ասում է զոհված զինծառայողի մայրը։

 

- Ինչը ձեզ համար շատ հարազատ է, մի՛ թողեք, վերցրեք,-ասում է թանգարանի Նոր եւ նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն 4 ամիս է՝ տիկին Սեդան ու թանգարանում կամավորող ուսանողներն այսպիսի բազմաթիվ պատմություններ են լսել։ Բայց ամեն անգամ հարազատի հետ նորից կիսում են ցավը, ապրում հերոսի պատմությունը։

 

«Մի քանի բան կարմիր թելի նման անցնում է։ Շատերն ազատված են եղել բանակից, հնարավորություն են ունեցել պատերազմին չմասնակցելու, բայց գնացել են։ Ծնողը պատմում է, որ տղային փորձել է համոզել, որ լավ մտածի, չգնա, տղան պատասխանել է. «Դու հանգիստ ես, որովհետեւ իմ նման մեկը քեզ պաշտպանում է։ Հիմա գնալու իմ հերթն է»։ Տղաներից մեկն էլ հարթաթաթության պատճառով ազատված է եղել, հրաժարվել են տանել։ Ասել է՝ ես չեմ եկել հարցնելու՝ ինձ տանում եք, թե՝ չէ, եկել եմ հայտնեմ, որ գնում եմ։  

Սեդա Գալստյանը Սեդա Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս պատմություններում ընդգծված ընկերասիրություն կա։ Գնացել են արնաքամ ընկերոջը փրկելու, զոհված ընկերոջ մարմինը վերցնելու, ու իրենք էլ զոհվել են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկը պատմում է, որ տղան 3 ժամ օրհասական մարտերի մեջ է եղել, տնից անընդհատ զանգել են, չի պատասխանել։ Երբ եկել է մի փոքր հանգստանա, զանգել է, թե՝ հենց նոր արթնացա։ Ծնողն էլ հանգիստ՝ ինչ լավ է, երեխաս քնած էր։ Դուք պատկերացրեք այդ տեսակը։ Սա մեր սերունդն է, որից զրկվեցինք»,- ասում է Սեդա Գալստյանը։

 

Մոտ 200 նահատակ զինվորի պատմություն ու առարկա թանգարանն արդեն հավաքել է։ Հարազատները երբեմն բերում են իրենց ամենաթանկն ու կարեւորը՝ հավատալով, որ նաեւ այսպես են անմահանալու իրենց սիրելիները։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բերում են մինչեւ իսկ զինվորական հագուստները, որ կրել են վերջին պահին։ Բայց գիտենք, որ դա իրենց շատ հարազատ է, ասում ենք, որ հագուստի որեւէ մաս թողնեն։ Մի քանի հոգի զինվորի գրպանի աղոթագիրքն է բերել։ Վերջինը, որ դրեց սեղանին, ասաց՝ կներեք, արյունոտ է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Փաստաթղթի ստորագրումից 2 ժամ առաջ սպաներից մեկը Շուշիում շրջափակման մեջ է ընկել։ Հնարավորություն ունեցել է դուրս գալու, բայց քանի որ զինվորն իր կողքին է եղել, ասել է՝ աչքերն արդեն փակում է, ես չեմ կարող նրան թողնել։ Ինքն էլ մնացել ու զոհվել է։ Կապիտանի կինը բերել էր նրա գրպանից հանված նամակները, որ մեր երեխաներն ուղարկել էին զինվորներին։ Կարծում եմ՝ պահել էր, որ գար, էստեղ գտներ էդ երեխային, որը սրտառուչ խոսքերով սպասում էր նրա հաղթանակած վերադարձին»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանի գիտաշխատողները մշակում եւ այդ հսկայական նյութը ներկայացնելու տարբերակներ են փնտրում։ Հավանաբար, կենսագրություններից բնաբաններ կընտրեն, կառանձնացնեն բնորոշող տողերը, կիսատ մնացած երազանքները։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դեռ մտածում ենք ձեւաչափի մասին։ Բայց դա նաեւ նյութից է կախված, նյութը մեզ կուղղորդի։ Կարծում եմ՝ առաջիկայում մի քանի ձեւաչափ կմշակենք, որովհետեւ նյութերը տարբեր են՝ բանավոր, իրային, լուսանկարներ։ Դրանք տեղ կգտնեն մեր մշտական ցուցադրության մեջ, գուցե նաեւ ժամանակավոր ցուցադրություններ լինեն, բայց այդ հերոսական պատմությունները, միանշանակ, հասնելու են հանրությանը»,-ասում է Արուսյակ Ղազարյանը։

 

Նյութերի հավաքագրումը կատարվում է ուրբաթ եւ շաբաթ օրերին։ Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 055 52 06 91 հեռախոսահամարով։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին