Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացումը հետաձգվել է - Mediamax.am

exclusive
2990 դիտում

Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացումը հետաձգվել է


Կլոդ-Արմեն Մութաֆյանը
Կլոդ-Արմեն Մութաֆյանը

Լուսանկարը` Erol Gurian

Ապագա թանգարանի շենքը
Ապագա թանգարանի շենքը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից


Համավարակի պատճառով հետաձգվել է Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացումը։ Այն նախատեսված էր 2020-ի աշնանը։

 

Մոտ 5 տարի առաջ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի առաջարկով՝ ֆրանսահայ պատմաբան, հայագետ Կլոդ-Արմեն Մութաֆյանը եւ պատմաբան Ռայմոնդ (Հարություն) Գեւորգյանը սկսել էին ցուցանմուշների հավաքագրումն ու ցուցադրության պատրաստությունը, իսկ թանգարանագետ Հարութ Պեզճյանը զբաղվում էր շենքը թանգարանին անհրաժեշտ պայմաններով ապահովելով։

 

Կլոդ-Արմեն Մութաֆյանը Մեդիամաքսին ասել է, որ աշխատանքները դադարեցված են, քանի որ ավելի քան մեկ տարի Երուսաղեմ գնալու հնարավորություն չեն ունեցել։

 

«Ամեն 3-4 ամիսը մեկ՝  2 շաբաթով գնում էինք Երուսաղեմ՝ աշխատելու, բայց արդեն մեկ տարի է՝ չենք կարողանում գնալ։ Առայժմ անկարելի է, մեզնից կախված չէ։

Ինչպես բոլոր թանգարանները, մենք էլ պետք է գրքույկ պատրաստենք, որում նշված կլինի, թե ինչ ենք ցուցադրում։ Բայց որպեսզի կարողանանք դա ներկայացնել, մենք ինքներս պետք է իմանանք՝ ինչ ենք ցուցադրելու»։

 

Կլոդ Մութաֆյանն ասել է, որ չնայած դժվարություններին՝ Հարութ Պեզճյանին հաջողվել է հեռավար աշխատել ու լուծել թանգարանի շենքային, ճարտարապետական որոշ հարցեր։ Բայց ցուցադրության կազմակերպման համար անհրաժեշտ է առնվազն մեկ ամսով մեկնել Երուսաղեմ։

Ապագա թանգարանի շենքը Ապագա թանգարանի շենքը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Ֆրանսահայ պատմաբանը հուսով է՝ եթե թռիչքները վերականգնվեն ու համաճարակային վիճակը բարելավվի, այս աշնանը թանգարանը կվերաբացվի։ Եթե ոչ, կհետաձգվի մինչեւ հաջորդ գարուն։

 

Երուսաղեմի թանգարանը չի գործում ավելի քան 20 տարի։ Ըստ Կլոդ Մութաֆյանի՝ Հայաստանից հետո հայագիտական ամենամեծ ու արժեքավոր շտեմարանը Երուսաղեմում է։ Վերաբացված թանգարանում պատրիարքարանին պատկանող նմուշներից բացի ցուցադրվելու են նաեւ այլ թանգարաններից ու գրադարաններից բերված նմուշներ կամ դրանց կրկնօրինակները։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին