6 պատգամ Իոսիֆ Բրոդսկուց - Mediamax.am

9072 դիտում

6 պատգամ Իոսիֆ Բրոդսկուց


Իոսիֆ Բրոդսկին
Իոսիֆ Բրոդսկին
Իոսիֆ Բրոդսկին
Իոսիֆ Բրոդսկին
Իոսիֆ Բրոդսկին
Իոսիֆ Բրոդսկին
Իոսիֆ Բրոդսկին
Իոսիֆ Բրոդսկին

Հատվածներ բանաստեղծի հայտնի ճառից, որը նա կարդացել է 1988-ի դեկտեմբերին՝ Միչիգանի համալսարանի շրջանավարտների համար:

 

1. Կենտրոնացեք ձեր լեզվի ճշգրտության վրա

 

Փորձեք ընդլայնել ձեր բառապաշարը եւ վարվեք նրա հետ այնպես, ինչպես կվարվեիք ձեր բանկային հաշվի հետ: Մեծ ուշադրություն դարձրեք դրան եւ փորձեք ավելացնել ձեր շահույթները։

 

Նպատակը ննջասենյակում ձեր պերճախոսությանը կամ մասնագիտական հաջողությանը նպաստելը եւ ոչ էլ ձեզ «իմաստունների» շարքին դասելը չէ: Նպատակը ձեզ հնարավորինս լիարժեք ու ճշգրիտ արտահայտվելու հնարավորություն տալն է: Մի խոսքով՝ նպատակը ձեր հավասարակշռությունն է, քանզի չասվածի կուտակումը, պատշաճ ձեւով չարտահայտումը կարող է նեւրոզի հանգեցնել։

 

Դրանից խուսափելու համար պարտադիր չէ գիրք կրծող դառնալ։ Պարզապես հարկավոր է բառարան գնել եւ այն կարդալ ամեն օր, երբեմն էլ՝ բանաստեղծությունների գրքեր: Եվ ընդհանրապես, գրքերը շատ ավելի մատչելի

գին ունեն, քան հոգեբանի այցելությունները։

 

2. Աշխատեք բարի լինել ձեր ծնողների հանդեպ

 

Եթե սա շատ նման է հնչում «Պատվի՛ր քո հորն ու քո մորը» արտահայտությանը, ապա ներողություն եմ խնդրում: Ես պարզապես ուզում եմ ասել՝ փորձեք չապստամբել նրանց դեմ, քանզի, ամենայն հավանականությամբ, նրանք ձեզանից շուտ կմահանան, իսկ դուք կկարողանաք ազատել ձեզ մեղքի այդ աղբյուրից, եթե ոչ վշտից:

Իոսիֆ Բրոդսկին Իոսիֆ Բրոդսկին

 

Եթե ձեզ անհրաժեշտ է ընդվզել՝ «ես ձեզանից ոչ մի լումա չեմ վերցնի» ոճով, ապա  ընդվզեք նրանց դեմ, ովքեր այդքան հեշտ խոցելի չեն: Ծնողները չափազանց մոտ թիրախ են (ի դեպ, ինչպես նաեւ եղբայրները, քույրերը, կանայք կամ ամուսինները): Հեռավորությունն այնպիսին է, որ դուք չեք կարող վրիպել։

 

3. Մի ապավինեք քաղաքական գործիչներին

 

Ոչ այնքան այն պատճառով, որ նրանք տգետ կամ անազնիվ են, ինչպես հաճախ լինում է, այլ պայմանավորված նրանց աշխատանքի ծավալով, որը չափազանց մեծ է նույնիսկ նրանցից լավագույնների համար: Նրանք կարող են ինչ-որ չափով նվազեցնել սոցիալական չարիքը, բայց ոչ արմատախիլ անել այն: Որքան էլ նշանակալի լինի բարելավումը, էթիկայի տեսանկյունից այն միշտ էլ աննշան կլինի, քանի որ միշտ կլինեն նրանք՝ թեկուզեւ մեկ անձ, ով այդ բարելավումից օգուտ չի քաղելու։

 

Աշխարհը կատարյալ չէ։ Ոսկե դարաշրջան երբեք չի եղել ու չի էլ լինի: Այս ամենի լույսի կամ ավելի ճիշտ՝ խավարի, ներքո դուք պետք է ապավինեք ձեր «տնական բրդուճներին», այսինքն՝ ինքնուրույն կառավարեք աշխարհը: Բայց, նույնիսկ, ձեր սեփական «կարկանդակի» սահմաններում պետք է պատրաստ լինեք, որ, ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու հավասարապես ճաշակել ե՛ւ երախտագիտություն, ե՛ւ հիասթափություն:

 

4. Փորձեք համեստ լինել

 

Նույնիսկ, այսօր մենք չափազանց շատ ենք, եւ շատ շուտով էլ ավելի կշատանանք: Արեւի տակ սեփական տեղը գտնելու համար այս պայքարը միշտ էլ ուրիշների հաշվին է լինում։ Այն, որ դուք ստիպված եք տրորել ինչ-որ մեկի ոտքը, դեռ չի նշանակում, որ պետք է կանգնեք նրա ուսերին: Այսպիսով՝ եթե ուզում եք հարուստ կամ հայտնի դառնալ, կամ երկուսն էլ մեկտեղ՝ շատ լավ, բայց մի տրվեք դրան ամբողջությամբ։

Իոսիֆ Բրոդսկին Իոսիֆ Բրոդսկին

 

Հիշեք, որ ձեր կողքին միշտ կա ինչ-որ մեկը՝ մտերիմ մարդ: Ոչ ոք ձեզ չի խնդրում սիրել նրան, բայց փորձեք քիչ անհանգստացնել եւ ցավ չպատճառել: Վատագույն դեպքում՝ փորձեք հիշել, թե որ հեռուներից՝ աստղերից, տիեզերքի խորքերից, գուցե դրա հակառակ բեւեռից է ձեզ հասել դա չանելու պատգամը, ինչպես նաեւ «մերձավորիդ քեզ պես» սիրելու գաղափարը։ Ըստ երեւույթին, աստղերն ավելի շատ բան գիտեն ձգողականության ուժի եւ մենության մասին, քան դուք, քանզի նրանք ցանկության աչքերն են:

 

5. Ամեն կերպ խուսափեք ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց

 

Ինչքան էլ այլանդակ լինի ձեր վիճակը, աշխատեք դրանում չմեղադրել արտաքին ուժերին` պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ռասաներին, ծնողներին, Լուսնի ցիկլին, մանկությանը, բույսի՝ ոչ ճիշտ ժամանակին վերատնկմանը՝ ցանկը ծավալուն է ու ձանձրալի: Այն պահին, երբ դուք մեղքը բարդում եք ինչ-որ բանի վրա, խաթարում եք որեւէ բան փոխելու ձեր վճռականությունը եւ մեծացնում անպատասխանատվության վակումը, որն այնքան շատ սիրում են լցնել դեւերն ու դատարկախոսները, քանզի կաթվածահար եղած կամքը հրեշտակներին ուրախություն չի պատճառում։

 

Ընդհանրապես, փորձեք հարգել կյանքը ոչ միայն դրա հմայքների, այլեւ դժվարությունների համար։ Դրանք խաղի մի մասն են, եւ դրանց դրական կողմն այն է, որ դրանք խաբկանք չեն: Ամեն անգամ, երբ հուսահատված կամ հուսահատության եզրին եք, երբ անախորժություններ կամ դժվարություններ ունեք, հիշեք՝ դա կյանքն է ձեզ հետ խոսում:

 

6. Ներել իմացեք

 

Աշխարհը, որտեղ մենք ոտք են դրել, լավ համբավ չունի։ Այն այնքան էլ հաճելի վայր չէ (ինչը դուք շուտով կբացահայտեք), եւ ես կասկածում եմ, որ այն ավելի հաճելի կդառնա այն պահին, երբ դուք այն լքեք։

 

Այնուամենայնիվ, սա մեր միակ աշխարհն է՝ այլընտրանք չկա, իսկ եթե անգամ լիներ էլ, չկա երաշխիք, որ այս աշխարհից շատ ավելի լավը կլիներ: Հետեւաբար` ձգտեք ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր փորձում են ձեր կյանքը դժբախտ դարձնել։ Այդպիսի մարդիկ շատ կլինեն՝ թե՛ ձեր կյանքում ունեցած «պաշտոնական դիրքով», թե՛ ինքնահռչակ։

Իոսիֆ Բրոդսկին Իոսիֆ Բրոդսկին

 

Ձեր հակառակորդների արածն իր կարեւորությունը կամ նշանակությունն է ստանում կախված այն բանից, թե ինչպես եք դուք արձագանքում դրան: Ուստի՝ սլացեք դրանց միջով կամ կողքով այնպես, ասես դրանք դեղին, այլ ոչ թե կարմիր լույս են։ Այդպես դուք կազատեք ձեր ուղեղի բջիջներին անօգուտ գրգռումից: Եվ գուցե, նույնիսկ, կկարողանաք փրկել այդ տխմարներին հենց իրենցից, քանզի մոռացված լինելու հեռանկարն ավելի փոքր է ներված լինելու հեռանկարից։ Փոխեք ալիքը. դուք չեք կարող դադարեցնել այդ ցանցի հեռարձակումը, բայց գոնե կարող եք գցել դրա վարկանիշը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին