Թորոսյան. Համաճարակային իրավիճակը կայուն ծանր է - Mediamax.am

3448 դիտում

Թորոսյան. Համաճարակային իրավիճակը կայուն ծանր է


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կորոնավիրուսով վարակված եւ հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չկան։

«Փոքր է նաեւ այն քաղաքացիների թիվը, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն եւ նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ։ Այսօր առավոտյան 09։00-ի դրությամբ եղել է նման 13 դեպք։ Նշանակում է, որ պատշաճ բուժօգնության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին այն մատուցվում է»,- ասել է նախարարը։

 

Արսեն Թորոսյանը նկատել է, որ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված։

 

«Մոտակա շաբաթների ընթացքում լինելու են հիվանդանոցային նոր ծավալումներ։ Վիճակը մնում է կայուն, բայց ծանր, բացասական միտում չկա, էական դրական միտում՝ եւս։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններում, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում սպասվում է վերակենդանացման բաժանմունքների ծավալում։ Երեկ այցելել եմ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, այն գրեթե պատրաստ է, մեկ շաբաթից կծավալվի։ Դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր հիվանդներին տեղափոխել նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր բաժանմունք՝ մոտ 25 մահճակալով, իսկ այս պահին գործող 50 մահճակալով վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ տրամադրել կորոնավիրուսով հիվանդներին»,- նշել է Արսեն Թորոսյանը։

 

Նախարարն ասել է, որ մյուս երկու բժշկական կենտրոններում ծավալումը շատ արագ չի լինի, այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում։

 

«Նախնական թիրախային ժամկետները օգոստոսի կեսից մինչեւ սեպտեմբեր է։ Եթե ակնկալենք, որ ամբողջ աշխարհում սպասվում է դեպքերի աշնանային աճ, ապա ծավալումը շատ տեղին է»,- ասել է նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին