Աշխարհը գլոբալ զարթոնքի կարիք ունի - Mediamax.am

4007 դիտում

Աշխարհը գլոբալ զարթոնքի կարիք ունի


Լուսանկարը` REUTERS

Անտոնիու Գուտերիշը
Անտոնիու Գուտերիշը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք հատվածներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հոդվածից, որը հրապարակվել է շվեդական Aftonbladet թերթում:

 

Համավարակը բացահայտեց մեր թույլ կողմերը

 

Համավարակը սրեց անհավասարությունը թե՛ երկրների ներսում, թե՛ պետությունների եւ հասարակությունների միջեւ հարաբերություններում: Ի հայտ եկան մեր աշխարհի թերությունները եւ թույլ կողմերը՝ ոչ միայն առողջությանը սպառնող ռիսկերի ֆոնին, այլեւ կլիմայի ճգնաժամի նկատմամբ մեր թույլ արձագանքի, կիբերանվտանգության հարցերը լուծելու եւ միջուկային էներգիայի տարածման հետ կապված ռիսկերը մեղմելու անկարողության ֆոնին։ 

 

Ամբողջ աշխարհում մարդիկ կորցնում են վստահությունը քաղաքական ինստիտուտների հանդեպ: Իրավիճակը սրվում է բազմաթիվ այլ մարդասիրական ճգնաժամերի պատճառով: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ է մեզ սպասում ապագայում, բայց ես տեսնում եմ երկու հնարավոր սցենար:

 

Լավատեսական սցենար

 

Այն ենթադրում է, որ երկրները կկարողանան հաղթահարել ստեղծված իրավիճակը: Զարգացած երկրները կմշակեն վերականգնման հաջող ծրագիր, իսկ զարգացող երկրները կստանան բավարար օգնություն: Հուսանք, որ մոտավորապես 9 ամսվա ընթացքում կունենանք պատվաստանյութ, որն ազատորեն կտարածվի եւ հասանելի կլինի բոլորին:

Լուսանկարը` REUTERS

Եթե ​​ամեն ինչ այդպես լինի, իսկ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվի, մենք կսկսենք առաջ շարժվել ճիշտ ուղղությամբ, որպեսզի երկու-երեք տարի անց ինչ-որ չափով վերադառնանք նորմալ վիճակին։ 

 

Վատթարագույն սցենարը 

 

Վարակի նոր բռնկումներ կլինեն: Զարգացող երկրներում իրավիճակը կվատթարանա: Պատվաստանյութի վրա աշխատանքը կերկարաձգվի, կամ էլ կատաղի մրցակցություն կսկսվի, եւ այն հասանելի կլինի միայն տնտեսական մեծ հնարավորություններ ունեցող երկրներին:

 

Եթե ​​այս սցենարն իրականանա, մենք պոպուլիզմի ու այլատյացության աճի ականատեսը կդառնանք։ Ի վերջո, աշխարհին չի հաջողվի կազմակերպել միասնական կառավարում, որն անհրաժեշտ է մեր ընդհանուր խնդիրները լուծելու համար:

 

Արդյունքում կարող է գլոբալ դեպրեսիա սկսվել, որը կտեւի առնվազն 5-7 տարի՝ մինչեւ որոշակի նոր նորմալություն ձեւավորվի, որի բնույթը դժվար է կանխատեսել։

Լուսանկարը` REUTERS

Դժվար է ասել, թե որ ուղղությամբ ենք այժմ շարժվում: Մենք պետք է անենք ամեն հնարավորը եւ պատրաստվենք վատթարագույնին:

 

Անհրաժեշտ է զարթոնք

 

Այս սարսափելի համավարակը պետք է դառնա զարթոնք եւ ստիպի քաղաքական առաջնորդներին հասկանալ, որ կյանքի պայմանները եւ պահվածքը պետք է փոխել:

 

Մարդիկ պետք է գիտակցեն, որ գլոբալ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն գլոբալ կառավարման ավելի ուժեղ ինստիտուտների եւ միջազգային համագործակցության շնորհիվ:

Լուսանկարը` REUTERS

Մենք չպետք է պարզապես վերադառնանք ներկայիս ճգնաժամի պատճառ հանդիսացող վարքագծի շաբլոններին: Մենք պետք է վերականգնվենք՝ դարձնելով մեր հասարակություններն ու տնտեսություններն էկոլոգիապես ավելի բարենպաստ, ներառական եւ իրավահավասար։

 

Այսօրվա միջազգային համագործակցությունը զուրկ է հավակնություններից եւ էներգիայից, իսկ որոշ հզոր ինստիտուտներ գործելու շատ քիչ ցանկություն են դրսեւորում, կամ էլ չեն դրսեւորում ընդհանրապես։

 

Մեզ նաեւ ավելի ներառական ու բազմակողմանի համագործակցություն է անհրաժեշտ: Այսօր կառավարություններն ամենեւին էլ միակ խաղացողները չեն միջազգային ասպարեզում: Քաղաքացիական հասարակությունները, բիզնեսը, տեղական իշխանությունները եւ տարածաշրջանային կազմակերպությունները նույնպես ավելի ու ավելի հաճախ ղեկավարող դիրքեր են զբաղեցնում ժամանակակից աշխարհում:

Անտոնիու Գուտերիշը Անտոնիու Գուտերիշը

Լուսանկարը` REUTERS

Նոր, ներառական, արդյունավետ բազմակողմանի համագործակցությունը, որը հիմնված է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար արժեքների վրա, կարող է մեզ դուրս բերել այս կաթվածից եւ օգնել ետ կանգնել այն ճանապարհից, որը տանում է դեպի էլ ավելի մեծ վտանգ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին