Ալիեւը ներկա չի լինի Մոսկվայի Հաղթանակի շքերթին - Mediamax.am

3281 դիտում

Ալիեւը ներկա չի լինի Մոսկվայի Հաղթանակի շքերթին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինն այսօր քննարկել են երկու երկրների սահմանին տիրող իրավիճակը, հաղորդել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Հունիսի 18-ին Իլհամ Ալիեւը զանգահարել է Վլադիմիր Պուտինին: Ադրբեջանի նախագահը ափսոսանք է հայտնել, որ երկրում գործող կարանտինային միջոցառումների պատճառով չի կարողանա մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, թեպետ իր մասնակցությունն այս միջոցառմանն ի սկզբանե ծրագրված էր: Պուտինն ըմբռնումով է մոտեցել այս որոշմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ադրբեջանը շքերթին մասնակցելու է 75 զինծառայողով, պատվիրակությունը գլխավորելու է պաշտպանության նախարարը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր ներկայությունը հունիսի 24-ի շքերթին։

 

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

«Իլհամ Ալիեւն ասել է, որ մայիսի 18-ին Ռուսաստանի նախագահի հետ զրույցից հետո Սամուր սահմանային անցակետով Ադրբեջան է վերադարձել մոտ 700 մարդ: Ընդհանուր առմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան 1000 Ադրբեջանի քաղաքացի օդային ու ցամաքային ճանապարհով Ռուսաստանից վերադարձել է հանրապետություն»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Նախագահները պայմանավորվել են լրացուցիչ հանձնարարականներ տալ երկու երկրների համապատասխան պետական կառույցներին ՝ սահմանին իրավիճակը կարգավորելու համար:

 

Մեդիամաքսը նշում է, որ Կրեմլի կայքն շատ ավելի հակիրճ հաղորդագրություն է տարածել երկու առաջնորդների զրույցի վերաբերյալ.

 

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակին եւ վարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցներին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին