Մարտահրավեր վախին. առցանց քննարկում COVID-19-ի մասին - Mediamax.am

2482 դիտում

Մարտահրավեր վախին. առցանց քննարկում COVID-19-ի մասին


Լուսանկարը`


Մարտի 28-ին «Ճամփաբաժնին» նախագծի շրջանակում կայացավ «COVID-19. մարտահրավեր վախին» առցանց քննարկումը, որը վարեց սոցիալական ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ 

 

Բանախոսներն էին COVID-19-ի հարցերով Առողջապահության համաշխարհայի կազմակերպության (ԱՀԿ) հատուկ բանագնաց Դէվիդ Նաբարոն, Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ականավոր վիրաբույժ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ McKinsey & Company ընկերության գործադիր տնօրեն Անդրե Անդոնյանը: 

 

Մեդիամաքսն առանձնացրել է առցանց քննարկման ընթացքում հնչած առավել հետաքրքիր մտքերը: 

 

Դէվիդ Նաբարո

 

COVID-19-ը նոր վարակ է, եւ մենք անընդհատ նոր բան ենք սովորում դրա մասին: Օրինակ, մենք հասկացանք, որ խելամիտ չէ այս վարակի մասին վերլուծություններ կամ կանխատեսումներ անել, հիմնվելով այլ համաճարակների վրա, քանի որ COVID-19-ը լիովին այլ կերպ է իրեն դրսեւորում եւ շատ բարձր փոխանցելիություն ունի: 

 

ԱՀԿ-ի ներկայիս ռազմավարությունն է վարակի փոխանցումը ընդհատելու նպատակով վարակակիրների մեկուսացումը, նրանց շփման շրջանակը պարզելը, ֆիզիկական եւ սոցիալական հեռավորության խրախուսումը, ինչպես նաեւ տնտեսական գործունեության մի շարք տեսակների արգելափակումը: ԱՀԿ-ն փորձում է համոզել կառավարություններին օգտագործել հենց այս ռազմավարությունը:

 

Համաշխարհային առաջնորդների միջեւ կան մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն COVID-19-ի հետ եւ խոչընդոտում են մշտական հաղորդակցությունը եւ միասնական գործելաոճը: Այժմ առաջնորդները վերարժեւորում են իրենց մոտեցումը, բայց դեռ վաղ է ասել, որ համավարակի դեմ ունենք միասնական համաշխարհային գործակցություն:

 

Արսեն Թորոսյան

 

Համավարակի դեմ պայքարում մենք որդեգրել ենք ԱՀԿ-ի ռազմավարությունը: Սերտորեն համագործակցում ենք հարեւան երկրների, Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ։ Կարծում եմ,  միջազգային համագործակցությունը կօգնի դիմակայել այս մարտահրավերին ավելի քիչ վնասներով:

 

Ունենք երկու տեսակի կամավորներ՝ պարաբժշկական աջակցություն ցուցաբերող քաղաքացիներ եւ բուժաշխատողներ, որոնք իրենց կարիերայի ընթացքում չեն առնչվել համաճարակաբանության հետ (այս ընթացքում վերապատրաստել ենք ավելի քան 100 բուժքույր եւ բժիշկ): 

 

Արա Դարզի 

 

Այժմ մենք դժվարին ժամանակներ ենք ապրում, եւ վախը այն երեւույթ չէ, որը կարելի է հեշտությամբ հաղթահարել: Այս վարակը չի ճանաչում սահմաններ, ազգություն, դավանանք կամ զբաղեցրած պաշտոն: 

 

Անհրաժեշտ է հավասարակշռել պահանջարկն ու առաջարկը հիվանդանոցային կարողությունների տեսանկյունից: Այժմ համաշխարհային մակարդակով ունենք թոքերի արհեստական օդափոխության սարքերի պակաս: Բայց սա հարցի մի կողմն է: Մյուսն այն է, որ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կարող են գործի դնել այդ սարքերը:

 

Ես այժմ չեմ աշխատում եւ երեկ ամբողջ օրս նվիրեցի անհետաձգելի օգնության կառավարման վերաբերյալ դասընթաց սերտելուն, որն, օրինակ, սովորեցնում է, թե ինչպես գործարկել թոքերի արհեստական օդափոխության սարքերը: Մեծ Բրիտանիայում նման կերպ վերապատրաստվում են շատ բուժաշխատողներ, որոնց հիմնական մասնագիտացումն այս պահին պահանջարկ չունի:

 

Այս օրերին հաճախ է խոսվում մոդելավորման մասին:Ես գիտնական եմ եւ վստահում եմ տվյալներին, վերլուծություններին եւ մոդելներին: Սակայն այս դեպքում մոդելները կարող են անվտանգության սխալական զգացում հարուցել, եթե դրանք հիմնված լինեն բնակչության ոչ ճշգրիտ թվերի կամ այլ սխալ տվյալների վրա: Եթե չգիտեք վարակի տարածման արագությունը, ապա չեք կարող հավատալ մոդելներին:

 

Նուբար Աֆեյան 

 

COVID-19-ի համավարակը կենսաբանական պատերազմ է, բայց ոչ դասական իմաստով: Սա պատերազմ է սոցիալական կենդանիների՝ մարդկանց, եւ զավթիչ վարակի միջեւ, որտեղ մեր սոցիալական կապերը մեր հիմնական խոցելիությունն են: 

Այս ճգնաժամը նաեւ մարդկությանը տրվող երկրորդ շանսի մասին է:Մարդկանց հաճախ է տրվում երկրորդ շանս, եւ հարցն այն է, թե ինչպես ենք օգտագործում այդ շանսը: Մենք՝ աշխարհասփյուռ հայերս, այդ երկրորդ շանսի արդյունք ենք: Մենք հաղթահարել ենք հետեւյալ երեք փուլերը՝ գոյատեւում, վերածնունդ եւ բարգավաճում: Սա մի ճանապարհ է, որը ծանոթ է հայերին եւ այս միտքը առանցքային է մեր մարդասիրական ծրագրերում: Այս մարտում հաղթելու համար նշված երեք փուլերը պետք է հաղթահարի ողջ մարդկությունը:

 

Անդրե Անդոնյան 

 

McKinsey & Company-ում մենք հիմնվում ենք փաստերի վրա, եւ, հետեւաբար, մշակել ենք տարբեր սցենարներ: Այդ սցենարները կախված են նրանից, թե որն ենք համարում առաջնահերթ`փրկել ավելի շատ մարդկային կյանքեր, թե՝ տնտեսությունի: Առաջին դեպքում վարակը կարող է նահանջել 2-3 ամսից, իսկ երկրորդ դեպքում կարող է տեւել 2-3 տարի:

 

Ըստ մեր կանխատեսումների, երկրորդ եռամսյակում  համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 4,9 տոկոսով, իսկ տարեվերջին՝ 9.7 տոկոսով: ԱՄՆ-ի համար սա կլինի ամենամեծ ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

 

Ստեղծված իրավիճակում ոչ բոլոր ոլորտներն են տուժելու: Օրինակ, սննդամթերքի մանրածախ առեւտուրն այժմ բարգավաճում է, քանի որ մարդիկ տանն են, չեն սնվում ռեստորաններում եւ սրճարաններում եւ ստիպված են մթերք գնել եւ պատրաստել տանը: 

 

Ճգնաժամը նաեւ խորացրեց թվայնացումը: Բազմաթիվ գործընթացներ (բանկային գործարքներից մինչեւ քննարկումներ) այժմ կատարվում են թվային տեխնոլոգիաների միջոցով եւ ճգնաժամից հետո այս միտումը կպահպանվի:

 

Գրի առավ Սոնա Միրզոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին